Մերլին Մոնրոյի դասերը


Զանգվածային լրատվության միջոցների աշխատանքը կարգավորող երեք հիմնական օրենք կա՝  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին»։ Շատ այլ օրենքներ էլ լրատվամիջոցներին առնչվող կետեր ունեն՝ «Գովազդի մասին» օրենքը, «Քաղաքացիական օրենսգիրքը» և այլն։ Լրատվամիջոցների աշխատանքի որոշ բաղադրիչներ կարգավորում է «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքը՝ լրատվամիջոցներում հարցազրույցների մասով։

«Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենք, հոդված 32. հարցազրույցի նկատմամբ հեղինակային իրավունքը: Հարցազրույցի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է հարցազրույց տվող և հարցազրույց անցկացնող անձանց՝ որպես համահեղինակների, եթե նրանց միջև չկա այլ պայմանավորվածություն: Հարցազրույցի հրապարակումը թույլատրվում է հարցազրույց տվող և հարցազրույց անցկացնող անձանց համաձայնությամբ:

Հանրապետականների իշխանության տարիներին այս օրենքի այս հոդվածի մասին չէր խոսվում։ Վերջին մեկուկես տարում խոսվում է ու շատ։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցի համաձայն՝ 2019 թվականի առաջին 9 ամսում արձանագրվել է լրատվամիջոցների դեմ դատական հայցերի աննախադեպ հոսք։ Լրատվամիջոցների դեմ բողոքներ է ստանում նաև լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինը։

Կարելի է ուրախանալ, որ վերանում է լրագրողին ծեծելու մերժելի գործելաոճն, ու մարդիկ նախընտրում են քաղաքակիրթ եղանակով՝ դատարանի միջոցով, կարգավորել վիճելի հարցերը։ Սակայն, իրականությունն այլ է։

Նոր Հայաստանում հանրությանը քիչ թե շատ հայտնի անձինք փորձում են հենվել «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքի 32-րդ հոդվածի վրա և լրագրողին թելադրել հարցազրույցի սեփական տարբերակը։ Իսկ եթե լրագրողը չհամաձայնվի, ապա կարելի է հայտարարել, որ նա հարցազրույցը հրապարակել է առանց համաձայնության և խախտել է օրենքը։ Անգամ այն դեպքում, երբ նման հայտարարություն անողը չի հերքում, որ գիտեր, որ լրագրողի հետ է խոսում, և խոսակցությունն էլ ձայնագրվում է։

Առնվազն զարմանալի է, որ նախորդ իշխանություններին քննադատող և նրանց ընդունած բազմաթիվ օրենքներ և իրավական այլ ակտեր (սկսած կառավարության նիստերը դռնբաց անցկացնելուց) փոխող նոր իշխանությունը չի շտապում փոխել այս մեկը, բայց հաճույքով օգտվում է այդ օրենսդրական անհաջող կարգավորումից։ Եթե լրագրողներն էլ փորձեն օգտվել օրենսդրական անհաջող կարգավորումներից, կստացվի փակ շրջան, որից դուրս չի գա ո՛չ լրատվամիջոցը, ո՛չ լրատվամիջոցին դատի տված անձը։

Մեկ օրինակ։ Անձը ղեկավարվում է «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքի 32-րդ հոդվածով՝ համաձայն որի հարցազրույցի հրապարակումը թույլատրվում է հարցազրույց տվող և հարցազրույց անցկացնող անձանց համաձայնությամբ և փորձում է լրագրողին արգելել հրապարակել այն հարցազրույցը, որտեղ կեղծիք և սուտ չկա, բայց կան ձևակերպումներ, որոնք իր սրտով չեն։ Լրագրողը չի համաձայնում։ Հարցը հասնում է դատարան։ Լրագրողն էլ ղեկավարվում է «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի 4-րդ հոդվածով, համաձայն որի արգելվում են գրաքննությունը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։ Ստացվում է, որ հարցազրույց տվող-հարցազրույց անցկացնող հարաբերությունները տեղափոխվեցին դատարան, որտեղ «Իրավաբանն ընդդեմ իրավաբանի» ձևաչափով վեճը պիտի պարզի, թե արդյո՞ք հարցազրույց տվողը պետք է գոհանա միայն փաստով, որ իր ասածները չեն կեղծվել, թե՞ լրագրողը պիտի ամեն ստորակետ ճշտի նրա հետ։

Նախկին իշխանությունների օրոք շատերը պարզապես նվազագույնի էին հասցրել լրատվամիջոցների հետ շփումները, օրինակ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նոր իշխանությունների օրոք էլ կան հրապարակային դեմքեր, որոնք նվազագույնի են հասցրել լրատվամիջոցների հետ շփումները, օրինակ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Բայց կան պաշտոնյաներ, որոնք չարաշահում են օրենքի հնացած դրույթներն ու խոչընդոտում լրագրողների աշխատանքին։ Օրինակ, երբ մի պաշտոնյայից կարճ մեկնաբանություն ես ուզում, ասենք՝ վարչապետի «Արցախը Հայաստան է ու վե՛րջ» և «Արցախը պետք է մասնակցի խնդրի կարգավորման բանակցություններին» հայտարարությունների հակադրության մասին, պաշտոնյան հիշում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածը՝ բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր՝ հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում և խոստանալով հետո պատասխանել՝ հեռանում։ Իհարկե, լրագրողը կարող է գրել, թե պաշտոնյան հրաժարվեց պատասխանել, բայց ոչ մի լրատվամիջոց իր էջերում չի հրապարակի «Պաշտոնյան հրաժարվեց պատասխանել» ձևակերպմամբ մեկից ավելի հոդված, և դա էլ ոչ ամեն օր։

Խնդիրը երկու լուծում ունի. այնպես աշխատել, այսինքն՝ լավ աշխատել, օրինակ՝ կատարել խոստումները ծառայողական ավտոմեքենաները կրճատելու, Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների հարցը լուծելու և այլնի մասին, որ լրագրողը չկարողանա «նեղը գցել» պաշտոնյային, կամ էլ լրագրողի ամեն հարց չորակել քաղաքական պատվեր, չչարաշահել օրենքների հնացած դրույթները, հասկանալ, որ հրապարակային գործիչը քննադատության թիրախ է, սարի գլխին կանգնածին շատերն են տեսնում։

Այսօրվա Հայաստանում իշխանությունը որդեգրել է մի երրորդ տարբերակ՝ խոստումները չկատարել. չկրճատել ծառայողական ավտոմեքենաները, չլուծել Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների հարցը ու լրագրողի ամեն հարց որակել «հակահեղափոխական»։ Սա արվում է սոցկայքերի կեղծ օգտատերերի՝ ֆեյքերի միջոցով։ Արձանագրենք՝ ֆեյքային հաղթանակներ դեռ կան, իհարկե՝ անհամեմատ քիչ, քան 6 ամիս առաջ, բայց կան։ Նման հաղթանակներ չեն լինի մի 6 ամսից։ Բայց դա մխիթարանք չէ։ Որովհետև այդ ընթացքում այնքան շատ ու մեծ հարվածներ ստացած կլինեն իսկական լրատվությունն ու լրագրությունը, որ ընկած տեղից բարձրանալու և ոտքերի վրա ամուր կանգնելու համար անորոշ երկար ժամանակ անասելի շատ ու մեծ ջանք պիտի թափեն, ու դեռ հարց է՝ կհաջողե՞ն, թե՞ ոչ։ Իսկ նման անցանկալի ապագա չունենալու համար այսօր պետք է մի բան անել՝ առաջին պլան չմղել ֆեյքերին, չեղյալ համարել «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքի 32-րդ հոդվածը։ Կարելի է գոհանալ այլ կարգավորումներով. «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 4-րդ՝ «Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները», 7-րդ՝ «Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները», 8-րդ՝ «Հերքման և պատասխանի իրավունքը» հոդվածներով և այլն։

Ասում են՝ աշխարհի ամենակարճ կտակը չորս բառ է՝ «Ամբողջը թողնում եմ մորս», իսկ Մերլին Մոնրոն ինքնասպանությունից առաջ թողած երկտողում ավելի համառոտ՝ երկու բառով է արտահայտվել՝ «Շատ չբամբասե՛ք»։ Մոնրոյի մահվանից 57 տարի է անցել, երկտողի երկբառանոց բովանդակությունը դեռ հիշվում է։ Առատությունը դեռ որակ չի։ Մի՛ բան գրեք, լա՛վ գրեք, գրածին էլ հետևե՛ք։

Share

Comments are closed.