Հայաստանը Ռուսաստան չէ. Ռուսաստանը «վարժվում» է դրան՝ այլ տարբերակ չունենալով

Հայաստանում «Թավշյա հեղափոխությունից» հետո անցած մեկ ու կես տարվա ընթացքում պաշտոնական Երևանը ծանրակշիռ պատճառների բերմամբ առաջնահերթ նշանակություն էր տալիս պաշտոնական Մոսկվայի հետ հարաբերություններին։

Նախ և առաջ՝ ժառանգված հարաբերությունների լիովին արատավորված հենքը դարձել է պետականության դեմ գոյաբանական մակարդակի սպառնալիքների առաջացման և գործադրման մեկնարկային մեխանիզմ։ Նախկին վարչակարգը, որը տարված էր միայն իշխանության մեջ հարատևելուն միտված առօրյա խնդիրների լուծմամբ, բնականաբար, ոչ մի կերպ չէր մտածում անգամ կարճաժամկետ հետևանքների մասին։  Դրա մասին նախ վկայում են Ադրբեջանին ռուսաստանյան հարձակողական սպառազինությունների աննախադեպ մատակարարումների քանակը՝ «ռազմական դաշնակից» կամ «անվտանգության երաշխիքներ» հասկացությունների տրամաբանության աղաղակող ոտնահարման ֆոնին։ Երկրորդը՝ 2013 թ. սեպտեմբերի 3-ի արտաքին-քաղաքական «վթարն» է, երբ Սերժ Սարգսյանի անձնական իսկ խոստովանությամբ «մի գիշերում» Հայաստանին փաստացիորեն «թրաֆիքինգի» են ենթարկել՝ քարշ տալով այդ պահին դեռևս չձևավորված «Եվրասիական Միություն»՝ հարկադրելով հրաժարվել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրից։ Երրորդը՝ 2016 թ. Քառօրյա ապրիլյան պատերազմն է, որը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների յուրատեսակ «գնահատման փորձ» է դարձել։

Դրանով այս «ժառանգությունը» չէր վերջանում։ Մենք շատ լավ հիշում ենք Ռուսաստանի հանդեպ Հայաստանի նախորդ ղեկավարների «երախտագիտությունը» և Մոսկվայի դիրքորոշումը 2003-2004 թթ. և 2008 թ. փետրվար-մարտի ընտրական շրջանների և իրադարձությունների ժամանակ։ Հիշում ենք բոլոր «փոխշահավետ համաձայնությունները», որոնց հետևանքով անհասկանալիորեն ի հայտ եկած «պարտքի» դիմաց Մոսկվային փաստացիորեն նվիրաբերվել են Հայաստանի կենսականորեն կարևոր օբյեկտներն ու ենթակառուցվածքները՝ երկրի ինքնիշխանությունն ուղղակիորեն սահմանափակող ոչ թափանցիկ և իրավաբանորեն ճորտական պայմաններով հանդերձ։

Հայաստանի նոր իշխանությունները հարկադրված էին դուրս գալ այդ «ժառանգության» տակից պետական համակարգի փլուզման, ուղիղ նենգադուլի և Մոսկվայի կիրառած այլ հիբրիդային գործողությունների սպառնալիքի ներքո։  Անկասկած էր, որ Մոսկվան ապշած էր հայկական բողոքի չափերով, ներքուստ այն վրդովմունքով է ընկալել, բայց արձագանքել է մեծ զգուշավորությամբ։ Մի կողմից՝ Հայաստանի աչքի առջև էր 2003-2008 թթ. Վրաստանի և 2013-2014 թթ. Ուկրաինայի փորձը։ Դժվար չէր հաշվարկել բացասական հետևանքների չափերը, եթե գործի դրվեին բռնաճնշելու ռուսական «ավանդական» դեղատոմսերը։ Սակայն, մեծ հաշվով, այդ «ավանդական» արձագանքի բացակայությունը և հայաստանյան իշխանափոխության նկատմամբ Կրեմլի «մեկուսի և արձանագրող» արձագանքը նույնպես սկզբնապես շատերին է զարմացրել։ Ռուսաստանի առջև էր սեփական և, առնվազն, տհաճ ու կորստաբեր վրացական և ուկրաինական փորձը։ Իհարկե, այն դրամատիկ օրերին Նիկոլայ Ռիժկովի, Կոնստանտին Զատուլինի և այլոց մասնակցությամբ ռուսական պատվիրակության այցը Երևան անհաջողության է մատնվել, իսկ ռուսաստանյան քարոզչությունը մոլեգնում էր հայաստանյան իրադարձությունների մասին դավադրամոլական տեսություններով և ապատեղեկատվությամբ, բայց այս ամենը չի անդրադարձել Կրեմլի պաշտոնական դիրքորոշման վրա։

Այնուամենայնիվ, այդ ժամանակահատվածում Մոսկվան պարբերաբար հավասարակշռության եզրագծին էր հայտնվում, հատկապես, երբ առաջանում էր Երևանի ու Ստեփանակերտի միջև փոխըմբռնման խնդիր կամ Ռուսաստանի միջամտությունն աղերսող նախկին իշխանության ներկայացուցիչների հրապարակային աշխուժացումների ժամանակ։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործի, վերջինիս երկանգամյա կալանավորման և ձերբակալության, աշխույժ դատական բանավեճի, նախկին նախագահի քաղաքական հայտարարությունների, ամանորի և ծննդյան օրվա կապակցությամբ Պուտինի կողմից նրան շնորհավորելու, Քոչարյանի տիկնոջ Երևանում Պուտինի հետ հանդիպելու, ղարաբաղյան բանակցություններում Հայաստանի ոճի փոփոխության համատեքստը փոփոխությունների չեն հանգեցրել Երևանի հետ Ռուսաստանի հարաբերություններում, թեև եղել են նաև ՌԴ ԱԳՆ մակարդակով իրադրային հայտատարություններ, թե Հայաստանում «հալածում են քաղաքական ընդդիմախոսներին»։

Երևանյան նոր իշխանությունն, իր կողմից, առաջին իսկ օրվանից արտահայտում և ցուցադրում էր դրական հարաբերությունները պահպանելու մտադրություն՝ առանց փոխադարձ պարտավորությունների ամբողջականությունը փոփոխելու, բայց երկու երկրների միջև փոխհարաբերությունների որակը բարելավելու և դրանք ավելի հստակեցնելու ու ճշգրտելու ձգտմամբ։ Գիտակցելով ռուսաստանյան պետական կառույցների հետ աշխատելու ողջ բարդությունն ու յուրահատկությունը՝ յուրաքանչյուր գերատեսչության նոր կադրերը ռուս գործընկերներին ջանում էին հասցնել այդ միտքը՝ երկրում տեղի ունեցող փոփոխությունների լույսի ներքո։

Ժամանակի ընթացքում Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկներից բացի դարձել է նաև ՌԴ պետական իշխանության զանազան գերատեսչությունների և մարմինների ներկայացուցիչների այցելությունների գլխավոր ուղղությունը։ 2019 թ. նման Երևանն այցելելու այսչափ խիտ օրակարգ վաղուց չի եղել։ Հայաստան են այցելել ՌԴ պաշտպանության նախարարը, Պետդումայի նախագահն ու պատգամավորները և Ռուսաստանի նախագահը։ Ձեռք է բերվել 2020 թ. վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարելիք պաշտոնական առաջին այցի մասին պայմանավորվածություն։ Իսկ հարաբերությունների ջերմացման այս ժամանակահատվածի «պսակը» դարձել է ՌԴ ԱԳՆ ղեկավար՝ Հայաստանի նոր իշխանություններին քննադատելու «մրցանակակիր» Սերգեյ Լավրովի երկօրյա այցը Երևան։

Բովանդակային առումով Լավրովի այցն, իհարկե, հատուկ ուշադրության է արժանի, քանի որ նրա կատարած հայտարարությունները փաստորեն ջնջեցին ոչ միայն տեղի՝ նախկին իշխանական շահագրգիռ շրջանակների, այլև հենց ռուսաստանյան  քարոզչության ողջ «երգացանկը»։ Սա նույն Լավրովն է, որը ոչ շատ վաղուց քննադատում էր Նիկոլ Փաշինյանին Ստեփանակերտում հնչած «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» արտահայտության համար։ Իսկ երևանյան հայտարարություններում Լավրովն արդեն անձամբ մեջբերում էր Փաշինյանի հայտնի բանաձևը, թե հակամարտության վերջնական կարգավորումը պետք է բխի Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից, հավելելով, որ «դրա հետ դժվար է չհամաձայնվել»։ 

Լավրովն ինքն է ընդգծել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են երկկողմանի և բազմակողմանի ձևաչափերում՝ դրանով իսկ հերքելով հակառակը պնդողների բարձրագոչ հայտարարություններն՝ առանց մեկ անգամ իսկ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անունները հիշատակելու։ Լավրովն, ընդհակառակը, անդրադարձել է ղարաբաղյան բանակցային գործընթացի նախորդ փուլերին, մասնավորապես՝ բանակցային ձևաչափ Ստեփանակերտի վերադարձի անհրաժեշտության համատեքստում։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ «Հայաստանի նախկին նախագահներից մեկը» որոշել է, որ ինքն ի զորու է անձամբ ներկայացնել նաև Լեռնային Ղարաբաղը։ Եվ ի՞նչ կարիք կա նրա անունը բարձրաձայնելու, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն իր «Խաղաղություն Ղարաբաղին» գրքում արդեն նշել է այդ անունը՝ Հայաստանում 1998 թ. դրամատիկ իրադարձությունները նկարագրելու ընթացքում։

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանը նույնպես ակտիվորեն ներգրավվել է ռուսաստանյան կողմի հետ հաղորդակցության մեջ, որի շնորհիվ, ըստ առկա բաց տեղեկատվության, հնարավոր են դարձել բազմատեսակ ժամանակակից սպառազինությունների նոր մատակարարումների մասին պայմանավորվածությունները, այդ թվում՝ բազմաթիրախ կործանիչ-ռմբակոծիչ Սու-30-ի ձեռքբերումը ՀՀ Զինված ուժերի համար։

Ամփոփելով՝ հարկ է նշել, որ Հայաստանի նոր քաղաքական թիմն իրապաշտություն է դրսևորել տարածաշրջանային իրավիճակը և սեփական հնարավորությունների առարկայական սահմանները տվյալ փուլում գնահատելու հարցում, ամուր իմունիտետ՝ Մոսկվայի ձեռնարկած հիբրիդային ցավոտ հակադարձումների նկատմամբ և կարողացել է փոխանցել կարևոր ուղերձ՝ Հայաստանը Ռուսաստան չէ։ Միաժամանակ՝ Մոսկվան նույնպես իր կայսերական ռեֆլեքսներին չտրվելու ջանքեր է գործադրել՝ սպասքի կրպակում փղի պես չգործելու և նախկին սխալներից խուսափելու համար։ Մոսկվան սկսել է «վարժվել» այն մտքին, որ իր համար մենք այլ Հայաստան չունենք և չենք ունենա, ուստի պետք է աշխատել գոյություն ունեցող Հայաստանի հետ։

Share

Comments are closed.