ԱՄՆ կողմից հայոց Ցեղասպանության ճանաչումը՝ որպես համաշխարհային աշխարհաքաղաքականության մաս

Օսմանյան Թուրքիայի մայրամուտին և Թուրքիայի Հանրապետության հիմնադրման տարիներին՝ 1915-1923 թթ. հայերի ցեղասպանությունը մարդկության ժամանակակից պատմության առաջին լայնածավալ միջազգային հանցագործությունն է, որն իրականացվել է մի ողջ ժողովրդի քաղաքական և էթնիկական շարժառիթներով ոչնչացնելու համար։ Թուրք կառավարության կանխամտածված գործողություններն արտացոլված են անվիճելի փաստերում և ամենատարբեր աղբյուրների հաղորդած վկայություններում։ Հայերի ցեղասպանության փաստը ճանաչել են աշխարհի 25 պետություններ, մի շարք երկրների առանձին սուբյեկտներ՝ ներառյալ ԱՄՆ 50 նահանգներից 49-ը։   

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 405 կողմ և11 դեմ ձայներով ընդունել է թիվ 296 բանաձևը, որն Օսմանյան Թուրքիայում և Թուրքիայի Հանրապետությունում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանդը ցեղասպանություն է որակել։ Այդ ճանաչմանն ի պատասխան՝ Թուրքիան ԱԳՆ է հրավիրել ԱՄՆ դեսպանին, իսկ նախագահ Էրդողանը հայտարարել է իր` Վաշինգտոն կատարելիք այցը չեղարկելու մասին։ Ընդ որում, թեև համանման նախագիծն արդեն դրված է Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի սեղանին, դրա ընդունման հավանականությունը դեռ մեծապես անորոշ է՝ հաշվի առնելով ԱՄՆ և ՆԱՏՕ-ի շրջանակում նրա առանցքային դաշնակիցներից մեկի՝ Թուրքիայի հետ փոխհարաբերությունների ներկա պահի առանձնահատկությունները։

Անհնար է չնկատել խորհրդանշական կապը Հայոց ցեղասպանության ճանաչման տարեթվի՝ 2019 թ. հոկտեմբերի 29-ի, և Մուսթաֆա Քեմալի հռչակած Թուրքիայի Հանրապետության օրվա՝ 1923 թ. հոկտեմբերի 29-ի միջև։ Հասկանալի է, որ դրանով ամերիկացի կոնգրեսականներն ակնարկել են թուրքերին ներկայիս Թուրքիայի և նրա ստեղծման հիմքում ընկած՝ մարդկայնության դեմ հանցագործությունները։ Ուշագրավ է, որ միևնույն օրը՝ հոկտեմբերի 29-ին, կոնգրեսականներն՝ ի պատասխան հյուսիսային Սիրիայում թուրքական զինված ուժերի գործողությունների, ընդունել են Թուրքիայի ֆինանսական և մասամբ պաշտպանական հատվածի դեմ պատժամիջոցներ հաստատող ևս մի բանաձև։

Սակայն, ստիպված ենք արձանագրել, որ ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ արժեքայինի հանդեպ շարունակում է մշտապես գերիշխող լինել իրապաշտության տրամախոսությունը։ Հայտնի է, որ հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության թեման ԱՄՆ-ում տարիներ շարունակ է բարձրացվում, ընդ որում, համարյա միշտ՝ որպես Թուրքիայի վրա դիվանագիտական ճնշում գործադրելու միջոց։ Անկարան Վաշինգտոնի կողմից ավանդաբար դիտվում է ոչ միայն որպես ՆԱՏՕ-ի շրջանակում կարևոր դաշնակից, այլև՝ որպես ծանրակշիռ ու բավականին հավակնոտ մրցակից Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Ցավոք, հայոց ցեղասպանության փաստի ճանաչման խնդիրը մնում է միջազգային քաղաքական առևտրի մաս, իսկ թիվ 296 բանաձևն՝ այդ առևտրի մի բաղկացուցիչ։   

ԱՄՆ կողմից հայկական հարցի հերթական շահարկումը Թուրքիայի վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով առաջին հերթին ակներև է նրանով, որ թիվ 296 բանաձևը Մերձավոր և Միջին Արևելքում ստատուս-քվոյի հերթական փոփոխության հայելային արտացոլանք էր։ Այդ իրավիճակը 2003 թվականից սկսած բնութագրվում է թուրք-ամերիկյան հարաբերությունների շարունակական սրացմամբ։ Այն ժամանակ Թուրքիան հրաժարվել է թույլատրել Սադամ Հուսեյնի վարչակարգի դեմ պատերազմող ամերիկյան բանակի ստորաբաժանումներին օգտագործել իր տարածքն Իրաք ներխուժելու համար։ Այսպիսով՝ Սիրիայի հյուսիսում թուրքական «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը դարձել է ԱՄՆ հետ հարաբերություններում Էրդողանի չարակամության դրսևորման հերթական զայրացնող դրվագը, որն այս կոնկրետ դեպքում ուղղված էր ԱՄՆ դաշնակից քրդերի դեմ։ Նշենք, որ հենց քրդերի օգնությամբ ամերիկացիները երկար ժամանակ համեմատաբար հաջող ոչնչացնում էին «Իսլամական պետության» գրոհայիններին։ 

Էրդողանը, որն իշխանության գալու ամենասկզբից իսկ ներկայանում էր որպես Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականության կողմնակից, նախաձեռնելով Ռուսաստանի հետ մերձեցման գործընթաց, էլ ավելի է վատթարացրել ԱՄՆ հետ իր երկրի հարաբերությունները։ Իրոք, առնվազն խիստ անսովոր վիճակ է, երբ ՆԱՏՕ-ի շրջանակում ԱՄՆ դաշնակից Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցում է հակաօդային հրթիռային Ս-400 կայանքներն ու Սու-35 կործանիչները ձեռք բերելու համար։ Սառը պատերազմի տարիներին, երբ Անկարան առանց սեփական շահերն անտեսելու հստակորեն ընթանում էր ամերիկյան քաղաքականության նավարկուղով, այդպիսի բան պարզապես անհնարին էր։ Էրդողանի և նրա շրջապատի ամերիկացիների հասցեին հնչող բավականին ազատ արտահայտություններն արդեն հանգեցրել են նախագահ Դոնալդ Թրամփի սիրո խոստովանությանը թուրքերի հերթական հակառակորդներին՝ հույներին։ Հույներն այժմ ԱՄՆ-ից ակնկալում են այդ սիրո շոշափելի դրսևորումը՝ թուրքական Ինջիրլիքից ամերիկյան ռազմակայանը հունական Կրետե կղզի տեղափոխելու տեսքով։ Էրդողանյան Թուրքիայից դժգոհ են նաև ԱՄՆ դաշնակից Իսրայելում, որի քաղաքական հարաբերությունները Թուրքիայի հետ սրված են 2009 թվականի մայիսից՝ իսրայելցիների կողմից թուրքական «Ազատության նավատորմի» գրավումից հետո։

Արդյունքում՝ երկար տարիների ընթացքում Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն արգելափակող Սպիտակ տունը, Պետդեպարտամենտը, ԿՀՎ-ն (CIA), Պենտագոնը և, իհարկե, հրեական լոբբին այս անգամ ճանաչման բանաձևի ընդունումը կանխելու համար տառացիորեն ոչինչ չեն արել։ Այսպիսով՝ ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության մեջ կատարած շտկումներն առավել քան ակներև են։ Թիվ 296 բանաձևն ավելի է մեծացրել Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ ունեցած ճնշման գործիքակազմը, որը մինչ այդ բաղկացած էր այլ՝ ամեն ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահին ուղերձով հանդես գալը պարտավորեցնող բանաձևից։ Այն ստիպում էր թուրքերին ամեն տարի պայքարել այդ ուղերձում ցեղասպանություն բառի օգտագործումը կանխելու համար։ Դրա փոխարեն ամեն տարի ԱՄՆ վարչակազմը Անկարային հակադարձ պահանջներ էր ներկայացնում։

Ընդսմին՝ թիվ 296 բանաձևն, անտարակույս, նշանակալից իրադարձություն էր, որի համար հայ լոբբիստներն ակտիվորեն աշխատում էին համարյա կես դար։ Եվ եթե ԱՄՆ Սենատն ու նախագահ Թրամփն այն հաստատեն, բանաձևը լիարժեք օրենքի կարգավիճակ կունենա։ Բանաձևի ընդունումն իրականություն դարձնելու գործում մեծ դեր են ունեցել հայ լոբբիստական կազմակերպությունները՝ «Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն» և «Ամերիկայի Հայկական համագումարը»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հիացմունքն է արտահայտել հայկական Սփյուռքի ջանքերի հանդեպ, իսկ ընդունված բանաձևը գնահատել է որպես «…հզոր քայլ  պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին»։

Այնուամենայնիվ, անգամ վերոնշյալ գործոնների հանրագումարը՝ թուրք-ամերիկյան հարաբերություններում արմատական փոփոխությունների փաստը թույլ չի տալիս հստակորեն կանխատեսել ԱՄՆ դաշնային կառավարության կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման ժամանակը։ Թուրքիան շարունակում է լինել Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի հենակետը։ Այդ իսկ պատճառով՝ Թրամփի վարչակազմի վճռորոշ ազդեցությունը Կոնգրեսի վերին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ընթացքի վրա ուղղակիորեն կախված է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի՝ Էրդողանի հետ սկսած բանակցությունների արդյունքներից։ Bloomberg-ի մատուցած տեղեկատվությամբ՝ Թրամփի վարչակազմը բացասաբար է վերաբերվում Ներկայացուցիչների պալատի հակաթուրքական նախաձեռնություններին, ուստի առնվազն Սիրիայի և ռուս-թուրքական հարաբերությունների մասով Թրամփի և Էրդողանի միջև փոխզիջման հնարավորություն որոշակիորեն առկա է։

Ավելին՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանության լիակատար ճանաչման հեռանկարներն էլ ավելի են ստվերվել նոյեմբերի սկզբին Դոնալդ Թրամփի՝ թուրք գործընկերոջն առաջարկած՝ Անկարայի համար համեմատաբար շահեկան պայմաններով 100 միլիարդ դոլար արժողությամբ առևտրային գործարքից հետո։ Ըստ «The Washington Post»-ի՝ Թրամփն Էրդողանին աջակցություն է առաջարկել ռուսական ՀՕՀԿ Ս-400 հրթիռային կայանքների ձեռքբերման հետևանքով Վաշինգտոնի նախատեսած պատժամիջոցների շուրջ իրավիճակի կարգավորման հարցում։ Առկա տեղեկատվության համաձայն՝ ամերիկյան վարչակազմը պահանջում է, որ Թուրքիան սառեցնի Ս-400 կայանքների շահագործման մեկնարկը, որպեսզի այդ կայանքները չունենան ծրագրային մատչելիություն ամերիկյան F-35 կործանիչ հաղորդակցության և պաշտպանության համակարգին։ Համաձայնության դեպքում Անկարային կրկին կարտոնվի մասնակցել F-35 բազմանպատակային կործանիչների ստեղծման ծրագրին, իսկ պատժամիջոցային սահմանափակումները կվերացվեն։ Ընդ որում, Վաշինգտոնն ապարդյունաբար Անկարային համանման պայմաններ է առաջարկել դեռևս հոկտեմբերի ամսին՝ Սիրիայի տարածք թուրքական ներխուժումը կանխելու համար։

Այսպիսով, այսօր մի բան շատ հստակ է։ Իրադարձությունների հետագա զարգացումն, ամենայն հավանականությամբ, սրընթաց չի լինելու։ Չկշռադատված սրընթացության համար կողմերի վճարելիք գինը կարող է շատ մեծ լինել։ Եթե Թուրքիայի գործողությունները հանգեցնեն իր հանդեպ վերջին տասնամյակների ընթացքում զսպման քաղաքականություն վարած ԱՄՆ-ի բացահայտ թշնամի դառնալուն, ապա Թուրքիան միայնակ դեմ առ դեմ կհայտնվի իրեն շրջապատող՝ նախկին Օսմանյան կայսրության մաս կազմած երկրների առջև։ Բնականաբար՝ բոլոր հարակից հետևանքներով հանդերձ, քանի որ արաբական աշխարհում Թուրքիային, մեղմ ասած, չեն սիրում։ Իր հերթին՝ ԱՄՆ-ն միանգամայն հասկանալի պատճառներով չի կարող թույլ տալ Թուրքիայի ՆԱՏՕ-ից Ռուսաստանի և, հատկապես, Չինաստանի գիրկն ընկնելը։ Անկյուն մղված Էրդողանը միանգամայն ընդունակ է նաև այդպիսի արմատական վերակողմնորոշիչ քայլի, որն էապես խախտելու է գոյություն ունեցող աշխարհաքաղաքական հավասարակշռությունը ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային մակարդակի վրա։ Հետևաբար՝ Վաշինգտոնն ու Անկարան այս կամ այն կերպ ստիպված են պայմանավորվել։ Իսկ Հայկական հարցն այստեղ սոսկ թուրք-ամերիկյան հակասությունների և պայմանավորվածությունների բարդ համակարգի մեխանիզմներից մեկն է։     

Եվ, վերջապես, հերթականությամբ, բայց ոչ կարևորությամբ վերջին փաստարկը։ Թուրքիայի ներխուժումը Սիրիա իսկապես նպաստել է Թուրքիայից ԱՄՆ դժգոհության մեծ աճին՝ ամերիկյան վերնախավում առաջին անգամ հանգեցնելով Անկարայի հանդեպ քաղաքականության հարցում համաձայնության ձևավորմանը։ Նաև պետք է արձանագրել, որ տվյալ համաձայնությունն առավել ակներևաբար արտահայտվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում թիվ 296 բանաձևի օգտին դեմոկրատների և հանրապետականների համարյա միաձայն քվեարկությամբ։ 405 «կողմ» և «11» դեմ արդյունքով քվեարկությունն ամերիկյան քաղաքականության համար աննախադեպ երևույթ է։  Այնուամենայնիվ, պետք է արձանագրել և այն, որ էրդողանյան Թուրքիայի վրա միջազգային ճնշման անվերջանալի ուժեղացումը կարող է հանգեցնել երկրի կազմաքանդման գործընթացների մեկնարկին՝ անգամ Թուրքիայի փաստացի տրոհմանը։ Առաջին հերթին հարկ է հիշել քրդական գործոնի, ապա նաև բազմաթիվ հարակից գործոնների մասին՝ ներառյալ գրեթե բոլոր հարևան երկրների՝ ժամանակակից Թուրքիայի նկատմամբ ունեցած տարածքային պահանջները։

Այսուհանդերձ՝ Թուրքիայի տրոհումը և, հատկապես, դրան ուղեկցվելիք հետևանքները ոչ մի կերպ չեն համապատասխանում Մեծ Մերձավոր Արևելքում և նրանից դուրս ամերիկյան արտաքին քաղաքականության նպատակներին և առաջնահերթություններին։ Ավելին՝ թուրք գեներալիտետի հեղաշրջման փորձի տապալման և Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենի՝ որպես նախագահի հնարավոր թեկնածուի և Էրդողանին այլընտրանքային քաղաքական դերակատարի գործոնի չեզոքացման ֆոնին՝ ԱՄՆ-ն չունի այլ ինքնուրույն գործչի վրա հենվելու որևէ հնարավորություն։ Այսպիսով, Թուրքիայի՝ անգամ Էրդողանի պես կամակոր և խիստ չարակամ առաջնորդն ԱՄՆ-ի համար՝ որպես Մեծ Մերձավոր Արևելքում և նրանից դուրս ռազմավարական դաշնակից, այլընտրանք չունի։ Թուրքիայի նախագահը, դատելով միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգում նրա վարած հանդուգն և ընդգրկուն քայլերից, փայլուն գիտակցում է իր ժամանակավոր, բայց և լիակատար անայլընտրանքությունը՝ առավելագույնս դրանից օգտվելով։ Հայկական հարցը վաղուց է դարձել համաշխարհային աշխարհաքաղաքականության մաս, հետևաբար, ակնկալել նրա շուտափույթ լուծումը նույնպես, ցավոք, իրատեսական չէ։ 

Share

Comments are closed.