Հայաստանի հայրենադարձության քաղաքականությունը. իրողություններ և հեռանկարներ

Ազգային պետությունները, մի կողմից, ներազդում են անդրազգային միգրացիոն հոսքերի վրա՝ սահմանափակելով կամ ուղղորդելով դրանք, մյուս կողմից՝ իրենց վրա են կրում միգրացիայի հետևանքները: Միգրացիոն քաղաքականությամբ, իրավական կարգավորումներով, քաղաքացիության մասին օրենքների միջոցով ազգային պետությունները ներառում կամ բացառում են խմբերին կամ անհատներին պետության կազմի մեջ՝ փոխակերպելով ազգի և ազգային ինքնության սահմանումները: Միգրացիոն հոսքերի այդ կարգավորումներում հատուկ տեղ ունի հայրենադարձությունը, որը պետության կողմից խրախուսվող և աջակցվող ներգաղթի ձևերից է: Հայրենադարձությունը կարելի է սահմանել որպես «ծագման վայր» վերադառնալու գործընթաց: Միջազգային իրավունքում հայրենադարձության քաղաքականությունը դիտարկվում է որպես մարդու հիմնարար իրավունքի՝ «վերադարձի իրավունքի» իրացում, տեղափոխվել այն երկրի տարածք, որը համարում է իր հայրենիքը: Այսօր աշխարհի մի քանի տասնյակ երկրներ իրականացնում են հայրենադարձության քաղաքականություն կամ ունեն այդ գործընթացի օրենսդրական կարգավորումներ: Հայրենադարձության ծրագրերը հաճախ իրականացվում են «տիտղոսակիր ազգի» նկատմամբ և խրախուսում են արտագաղթածների վերադարձը ծագման երկիր:

Հայրենադարձությունը կարևորվում է հատկապես սփյուռք ունեցող զարգացող երկրի տեսանկյունից: Այսպես, Հայաստանի զարգացման համար էական է սփյուռքի մարդկային, սոցիալական և ֆինանսական կապիտալի ներառումը: Եթե այլ երկրների պարագայում հայրենադարձության հիմնական նպատակներից է պետության էթնիկ և/կամ կրոնական կազմում տիտղոսակիր ազգի ներկայացվածության գերակշռումը, քաղաքական նշանակությունը, ապա Հայաստանի համար հայրենադարձության խնդիրը կարող ենք կարևոր համարել հիմնականում ազգային անվտանգության, ժողովրդագրական, տնտեսական և սոցիալ-մշակութային տեսանկյուններից: 

Սակայն հայրենադարձությունը՝ Սփյուռքի ներկայացուցիչների վերադարձը ելքի երկիր կամ էթնիկ հայրենիք, իր բոլոր տարատեսակներով (միայն տիտղոսակիր էթնոսի վերադարձ, քաղաքացիների վերադարձ, կամավոր, իրավիճակային կամ բռնի վերադարձ) ունի քաղաքականության, իրավական հիմքերի և ինտեգրման ծրագրերի անհրաժեշություն: Դրանք հարկ է մշակել՝ հաշվի առնելով բազմազան պայմաններում գտնվող հայկական Սփյուռքից հայրենադարձության հնարավոր բոլոր սցենարները: Հայրենադարձության մշակված քաղաքականությունը հնարավորություն կտա ունենալ համակողմանի վերլուծություն և պատկերացում՝ Հայաստանում հայրենադարձության խնդիրների, դրանց հաղթահարման ուղիների բացահայտման, հայրենադարձության քաղաքականության ուղենիշերի, օրենսդրական, իրավական կարգավորման սկզբունքների, ինտեգրման ծրագրերի և ինստիտուցիոնալ աջակցության մեխանիզմների մշակման վերաբերյալ:

Թավշյա հեղափոխությունը, ի թիվս այլ դիսկուրսների, ակտիվացրեց  հայրենադարձության մասին քննարկումներն ու ակնկալիքները Հայաստանում և Սփյուռքում: Նոր իշխանությունների հանրային ելույթները ցույց են տալիս, որ նրանք լիահույս են ներգաղթի հարցում՝ Հայաստանում տեղի ունեցող ոգևորիչ գործընթացների, փոփոխությունների խորապատկերին: Ավելին, նոր ձևավորված կառավարության առաջին ծրագրում, ինչպես նաև 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ծրագրում հստակ էր հայրենադարձության խթանման և կազմակերպման հանձնառությունը: Սակայն հետագայում Կառավարության գործողությունները այս ուղղությամբ նախաձեռնողական մոտեցման չվերածվեցին՝ մնալով հայտարարությունների, կոչերի ու ցանկությունների մակարդակով:

Այսօր հայրենադարձության գործում պետության հանձնառությունը արտահայտվում է երկու փաստաթղթերում. 1) ՀՀ կառավարության ծրագրում «Սփյուռքի հետ կապերը» ենթաբաժնում սահմանված չորս ուղղություններից մեկը՝  հայրենադարձության խթանում և ՀՀ-ում սփյուռքահայերի ինտեգրման աջակցություն, 2) Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի լիազորություններից մեկը՝ Հայաստան-Սփյուռք գործակցության համար առաջարկություններ ներկայացնել Վարչապետին հայրենադարձության և Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման ուղղությամբ: Իհարկե, էթնիկ հայերի ներգաղթը խթանող կարգավորումներից է նաև երկքաղաքացիության կամ հեշտացված կարգով քաղաքացիության տրամադրումը: Սակայն ներկա բոլոր կարգավորումները Սփյուռքի ներգրավման կրավորական/պասսիվ քաղաքականություն է:

ՀՀ կառավարությունը, մի կողմից, հայտարարում է հայրենադարձության կարևորության, մտադրությունների և հանձնառության մասին, մյուս կողմից դեռևս ակնհայտ չէ հռչակվող մոտեցման հենքը՝ քննարկումների, ծրագրերի,  ռազմավարության, քաղաքականության փաստաթղթերի մշակման և այլ ձևերով: Այդ ուղղությամբ միակ պաշտոնական գործընթացը Ազգային Ժողովում «Հայրենադարձության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքներն են: Սակայն, հարկ է նշել, որ, չնայած օրենքի ընդունման, իրավական կարգավորումների կարևորությանը, այն ինքնին չի կարող հանդիսանալ հայրենադարձության շարժառիթ, խրախուսիչ, գայթակղիչ հանգամանք: Հայրենադարձության նշանակալի հոսքեր կարող են տեղի ունենալ միայն պետական քաղաքականության և մշակած ռազմավարության առկայության պարագայում:

Քաղաքական դիսկուրսում գերշեշտադրելով հեղափոխությունը և դրա հետևանքով առաջացած փոփոխությունները, ժողովրդավարական բարեփոխումների քաղաքական կամքը, ակնկալվող սոցիալ-տնտեսական բարելավումը, ժողովրդագրական աճի տեսլականը (2050 թվականին ունենալ 5 մլն. բնակչություն), կառավարությունը լիահույս է զանգվածային հայրենադարձության հարցում՝ նշելով դրա իրագործման մոտալուտ ժամանակահատված: Չնայած այն հանգամանքին, որ նման հայտարարությունները կարող են լավատեսական սպասումներ առաջացնել Հայաստանում և Սփյուռքում, սակայն լինելով անիրատեսական՝ ժամանակի ընթացքում կարող են վերածվել հիասթափության:

Հայրենադարձության կամ վերադարձի հարցում պետությունը կրում է  իրավական և բարոյական պատասխանատվություն: Հետևաբար, նախ, պետությունն ինքը պետք է պատրաստ լինի ընդունելու ներգաղթի հոսքեր՝ հաղթահարելով խոչընդոտները, ստեղծելով համապատասխան պայմաններ և միջավայր, ապա պետք է թիրախավորված աշխատանքներ իրականացնի Սփյուռքի համապատասխան համայնքների հետ: Նման աշխատանքները հնարավոր չէ համակարգված իրականացնել առանց հատուկ քաղաքականության և ռազմավարության, որոնք կսահմանեն հայրենադարձության գործընթացի ուղենիշերը: Դրանք կարելի է խմբավորել հետևյալ ուղղություններում.

*  Հայեցակարգային մոտեցումների և հասկացությունների սահմանում

*  Գաղափարական հենքի մշակում

*  Կարիքների գնահատում Հայաստանում և Սփյուռքում

*  Սփյուռքի համայնքների դասակարգում՝ ըստ հայրենադարձության հավանականության գործոնների

*  Թիրախավորված ծրագրեր տարբեր համայնքների, ՀՀ տարբեր մարզերի և ներգրավման ոլորտների համար

*  Հայրենադարձների ինտեգրման ծրագրերի կազմում

*  Տարբեր ոլորտներում ինտեգրման խոչընդոտների սահմանում և դրանց հաղթահարման ուղիների որոնում

*  Արտոնությունների շրջանակների սահմանում

*  Օրենսդրական, իրավական կարգավորումների մեխանիզմների հստակեցում

*  Ֆինանսական միջոցների ներգրավման ուղիների մշակում

*  ՀՀ միգրացիոն և ներգաղթի քաղաքականության հետ հարմարեցում

Առանց նման համալիր մոտեցման առանձին-առանձին իրագործված ծրագրերը կամ նախաձեռնությունները դատապարտված են ձախողման կամ անարդյունավետության:

Պետք է նկատի առնել այն իրողությունը, որ Հայաստանը դեռևս շարունակում է մնալ արտագաղթի գերակշռությամբ երկիր և Սփյուռքի հայաշատ համայնքների ընդունող երկրների ճնշող մեծամասնության սոցիալ-տնտեսական պայմանների հետ անմրցունակ դիրքում: Հետևաբար, քիչ հնարավոր է թվում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման հիմքով ներգաղթի հոսքեր ապահովելը: Այստեղ առաջ է գալիս ծրագրային-գաղափարական մոտեցման, Սփյուռքի լայն ներգրավման միջավայրեր և պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը: Ներգաղթի տեսանկյունից գրավիչ երկիր չլինելու հանգամանքը պարտադրում է ունենալ պետական նախաձեռնողական քաղաքականություն: 

Սիրիական հակամարտության հետևանքով 2011 թվականից սիրիահայ փախստականների ներգաղթը Հայաստան և նրանց ինտեգրման փորձը ցույց են տալիս, որ պետությունը պատրաստ չէր ընդունել, տեղավորել և ինտեգրել այդքան ներգաղթյալների (ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստան է ներգաղթել մոտ 22.000 սիրիահայ): Եվ նման անպատրաստությունը ոչ միայն երկրի օբյեկտիվ սոցիալ-տնտեսական և այլ պատճառներով էր, այլև նման իրավիճակների համար ռազմավարության բացակայության:

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման և տնտեսական զարգացման նպատակով սփյուռքի ներգրավումը, սակայն, իրական հայրենադարձության վերածելու համար հարկ է ստեղծել մշակութային բազմազանության ներառական միջավայր: Չնայած էթնիկ ինքնության նույնականությանը, Սփյուռքում առկա է մշակութային ինքնության բազմազանություն՝ կախված ընդունող երկրի առանձնահատկություններից, Սփյուռքի ցրման ելակետից (Արևմտյան Հայաստան, Հայաստանի Հանրապետություն, Խորհրդային Միության նախկին երկրներ և այլն), սերնդափոխությունից, սփյուռքացման փորձառությունից և այլ գործոններից: Սփյուռքի տարբեր խմբերում բազմազան է նաև հայրենիքի ընկալումը: Վերջինս էական նշանակություն ունի հայրենադարձության գործում: Բնակության երկիրը հաճախ նույնացվում է հայրենիքի հետ: Ավանդական, հետցեղասպանական Սփյուռքի ներկայացուցիչների համար հայրենիքը Արևմտյան Հայաստանն է, իրենց նախնիների ծագման լոկալ վայրերը: Առաջին տեղակայման գաղթօջախներից արտագաղթածների համար հաճախ հայրենիքը ելքի երկիրն է (օրինակ, արևմտյան երկրներ ներգաղթած լիբանանահայերի, սիրիահայերի  համար կարող է հայրենիք համարվել Լիբանանը, Սիրիան): Կամ՝ Սփյուռքի սահմանումներում գտնվող համայնքները չեն վերագրում իրենց այդ բնորոշումը՝ համարելով իրենց բնակության երկրի տիտղոսակիր ազգ (օրինակ՝ Վրաստանի, Թուրքիայի հայերը): Իրապես, այսօրվա Հայաստանը երկրից արտագաղթածների համար է միայն իրական հայրենիք:

Սակայն ազգային պետության՝ Հայաստանի Հանրապետության (ներառյալ Արցախը) գոյությունը հնարավորություն է տալիս միավորել հայրենիքի մասին բազմազան պատկերացումները՝ երևակայական կամ  կորուսյալ հայրենիքից դեպի ռացիոնալ հայրենիք, որն ընտրում են ինքնության, քաղաքական, գաղափարական և այլ նկատառումներով: Անհրաժեշտ է ամրապնդել հոգևոր և/կամ ֆիզիկական կապն այս հայրենիքի հետ, աշխատելով երկու ուղղություններով՝ գաղափարական և ծրագրային: 

 

Share

Comments are closed.