Արաբական գարունը Հարավային Կովկասի երկրներում ուժեղացրել է ժողովրդավարական հրամայականը

 

Հարցազրույց Վրաստանի կրթության նախկին նախարար, Կովկասյան հետազոտությունների միջազգային դպրոցի տնօրեն Գիա ՆՈԴԻԱՅԻ հետ

 

 

 

 

Ձեր կարծիքով, ինչպիսի՞ հիմնական իրադարձություններ են տեղի ունեցել նախորդ տարի Հարավային Կովկասի երկրներում: 

– Արմատապես կարեւոր եւ շրջադարձային իրադարձություններ, երեւի թե, տեղի չեն ունեցել: Վրաստանում նկատվում էին ներքաղաքական հանդարտեցում ու տարածաշրջանի երկրների հետ, ընդհանուր առմամբ, բավականին կայուն հարաբերություններ: Կարելի է մատնանշել  որոշակի նյարդայնություն ղարաբաղյան հակամարտության շուրջ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններն անհանգստության հիմքեր էին հանդիսանում: Բացի դրանից, տարածաշրջանային կտրվածքով կարեւոր դեր է ունեցել Հյուսիսային Կովկասի նկատմամբ Վրաստանի քաղաքականությունը: 2011թ. Վրաստանի խորհրդարանը ճանաչել է չերքեզ ժողովրդի ցեղասպանությունը, որը տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից, հավանաբար, բավականին կարեւոր գործոն էր:

– Արդյո՞ք, «արաբական գարունը» որոշակի ազդեցություն ունեցել է Հարավային Կովկասի երկրների վրա: Համենայնդեպս, տարածաշրջանի ընդդիմադիր ուժերը հաճախ վկայակոչում էին իրենց երկրներում այն կրնկնելու մտադրությունը… 

-«Արաբական գարունը» արաբական է այն իմաստով, որ Թունիսում տեղի ունեցած հեղափոխության ցուցադրական ուժը ներգործել է մյուս արաբական երկրների վրա, բայց արաբական աշխարհի սահմաններից դուրս չի տարածվել: Այսինքն, այս իրադարձությունների հետ իրենց նույնացնում են արաբական երկրները եւ նրանց ժողովուրդները: Թեեւ այդ երկրները յուրովի տարբեր են, նրանց միավորում է զարգացման միասնական հետագիծը, մինչդեռ  Հարավային Կովկասի երկրները զարգանում են որոշակիորեն տարբեր ուղղությամբ, եւ մեր երկրների ժողովուրդներն արաբական աշխարհի ժողովուրդների հետ իրենց չեն նույնացնում: Հետեւաբար, «արաբական գարունը» Հարավային Կովկասի վրա ուղղակի ազդեցություն չի գործել: Իհարկե, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ արաբական իրադարձություններն աշխարհի ավտորիտար բոլոր վարչակարգերին մտորումների լուրջ առիթ են տվել:

– Պաշտոնական Թբիլիսին անցած տարի հայտարարել է, որ Վրաստանը կարող է միջնորդի դեր ստանձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Որքանո՞վ է դա իրատեսական:

– Կարծում եմ, որ Վրաստանը չի կարող սույն չափազանց բարդ հարցում որեւէ վճռորոշ դերակատարություն ունենալ: Խնդիրը ոչ թե միջնորդների պակասության, այլ բոլոր կողմերի մոտ հակամարտության լուծման հանդեպ բավարար շահագրգռվածության բացակայության մեջ է:  Իհարկե, այն, որ Ղարաբաղի շուրջ տեղի է ունենում բացասական միտում արձանագրող լարվածության աճ` Վրաստանի համար լուրջ անհանգստության առիթ է: Հակամարտության ցանկացած «թեժ» վերսկսումը ողջ տարածաշրջանի, այդ թվում եւ Վրաստանի համար, ունենալու է աղետալի հետեւանքներ: Եվ եթե Վրաստանը կարող է գոնե նվազագույն մասնակցություն ունենալ բացասական սցենարը բացառելու գործում, ապա դա էլ է շատ կարեւոր: Բայց կարծել, որ Վրաստանն ի վիճակի է լրջորեն ազդել հակամարտության կարգավորման եւ կողմերի միջեւ համաձայնության ձեռքբերման վրա, ինձ համար անիրական է թվում:

– 2008  թվականի ռուս-վրացական պատերազմից մինչեւ 2011թ. ընկած ժամանակաշրջանը համեմատաբար խաղաղ էր: Ձեր կարծիքով, արդյո՞ք, տարածաշրջանային երկրներում 2012-2013թթ. սպասվող ընտրական շրջանը կարող է հանգեցնել հակամարտային գոտիներում լարվածության սրմանը: 

– Ընտրությունները կարող են ունենալ որոշակի ապակայունացնող ազդեցություն այն երկրներում, որտեղ ժողովրդավարությունը դեռեւս կայացած չէ, կամ այնտեղ, ուր վերջինիս մասին առհասարակ վաղաժամ է խոսել: Չի կարելի բացառել, որ ինչ-ինչ երկրներում ընտրությունները կարող են հանգեցնել ապակայունացնող հետեւանքների, զորօրինակ` Ռուսաստանում: Բայց ես իրատեսական չեմ համարում, որ որեւէ երկրում տեղի ունենալիք ընտրությունները կհանգեցնեն տարածաշրջանային ապակայունացման:

-Հնարավո՞ր եք համարում Հարավային Կովկասի երկրների հանդեպ Մոսկվայի քաղաքականության փոփոխությունը` Ռուսաստանի նախագահի մարտյան ընտրություններից հետո: 

– Թեպետեւ Ռուսաստանում բողոքի շարժումն ուժեղացել է, այնուամենայնիվ, Պուտինն առաջատար է մնում: Եվ եթե նա, ըստ համարյա բոլոր կանխատեսումների, կրկին դառնա նախագահ, ապա իր վարչակարգը կլինի էլ ավելի թույլ, քան մինչեւ օրս:

Բացառված չէ, որ նա կկամենա փոխհատուցել Ռուսաստանի ներսում իր ունեցած տկարությունը` երկրի սահմաններից դուրս վարվելիք ավելի հարձակողական եւ կայսերապաշտական քաղաքականությամբ: Այդ մասին է վկայում Եվրասիական միություն ստեղծելու պուտինյան գաղափարը: Սակայն, իմ գնահատմամբ, Ռուսաստանը չունի նոր պաշարներ` հետխորհրդային տարածությունում եւ, մասնավորապես, Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը փոփոխելու համար:  Ես չեմ տեսնում Ռուսաստանի ազդեցության աճի որեւէ իրական միտում:

– Համարյա ողջ անցած տարի խոսվում էր Իրանում հնարավոր պատերազմի մասին: Եթե այն իրականություն դառնա, ապա ինչպիսի՞ն է լինելու վերջինիս ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա: 

-Ինձ թվում է, որ Իրանում պատերազմի բռնկման հեռանկարը տարածաշրջանի համար ամենավտանգավոր գործոնն է: Իրանը հարեւան երկիր է, իսկ Հայաստանը եւ Ադրբեջանը նրան անմիջապես սահմանակցում են: Այդ իսկ պատճառով դեպի այս երկրները կարող են ուղղվել փախստականների մեծ հոսքեր, ինչպես նաեւ ի հայտ գալ այլ հիմքեր` իրավիճակի ընդհանուր ապակայունացման համար: Վրաստանում առկա է մտահոգություն, որ Իրանում պատերազմի բռնկումը կարող է Ռուսաստանի կողմից որպես ներխուժման պատրվակ օգտագործվել` Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի հետ հաղորդակցային միջանցք ստեղծելու համար: Կարծում եմ, որ Հարավային Կովկասի բոլոր երկրները պետք է ունենան անհանգստանալու լուրջ հիմքեր:

-Իսկ որքա՞ն վտանգավոր է Վրաստանի համար Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի գործոնը: 

– Կարծում եմ, որ այն որոշ չափով դանդաղ գործողության ռումբ է, որը կարող է եւ’ այդպիսին մնալ, եւ’ պայթել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման հետեւանքով: Նման բացասական տարբերակներից է հենց Իրանում հնարավոր պատերազմը…

– Ինչի՞ մասին են խոսում պաշտոնական Թբիլիսիի եւ ԱՄՆ հաճախակիացած շփումները: Դրանք Վրաստանի՞ն, թե՞ Մոսկվային ուղղված ազդակներ են:  

– Իհարկե, դրանք թե’ Վրաստանին, եւ թե’ Մոսկվային ուղղված ազդակներն են, թեեւ դրանց բնույթը տարբեր է:

Ինձ թվում է, որ դրանք  2008թ.` բոլորին վախեցրած, բայց տարածաշրջանային քաղաքականության մեջ լուրջ տեղաշարժերի չհանգեցրած պատերազմից հետո իրավիճակի բնականոնացման նշաններ են: Եղել է ԱՄՆ եւ Ռուսաստանի հարաբերությունների այսպես կոչված վերբեռնումը, որը փորձագետների մեծամասնության կարծիքով բարեհաջող կերպով ավարտվել է: «Վերբեռնում» այլաբանությունն ինքնին նշանակում է, որ այն երկար տեւել չի կարող…

Այն շահերն ու շահերի բախումները, որոնք գոյություն ունեին նախքան 2008 թվականը եւ որոշակի չափով հանգեցրել են 2008թ. պատերազմին, այսօր էլ պահպանվում են: Այսպիսով, Վրաստանը մնում է ՆԱՏՕ-ի, Եվրամիության եւ ամբողջ Արեւմուտքի դաշնակիցը եւ իր արտաքին քաղաքական ուղղվածությունը փոխելու որեւէ մտադրություն չունի: Ռուսաստանը դժգոհ է, որ իր հույսերը` Հարավային Կովկասում Արեւմուտքի ազդեցության տարածումը կասեցնելու մասով չեն արդարացել: Այսպիսով, ընդհանուր իրավիճակը եւ շահերի խմբավորումները մոտավորապես նույն են մնացել, ինչպես եւ պատերազմից առաջ:

– Անցած տարին աչքի է ընկել Հարավային Կովկասում ընդդիմության որոշակի ակտիվացմամբ: Արդյո՞ք ընդդիմադիր ուժերը հնարավորություն կունենան խորհրդարանական ընտրությունների ժամանակ առավել թվով տեղեր շահելու եւ իրենց երկրներում քաղաքական գիծը փոխելու հարցերում: 

– Ես չեմ կարող խոսել Վրաստանում ընդդիմության ակտիվացման մասին: Ընդհակառակը, մինչեւ հոկտեմբերի վերջ ընդդիմադիր ճամբարում նկատվում էր որոշակի հուսահատություն: Բիձինա Իվանիշվիլու հայտնությունն ընդդիմադիր ճամբարում ինչ-ինչ հույսեր է արթնացրել: Այսուհանդերձ, ինձ թվում է, որ ընդդիմության հույսերն իրականություն չեն դառնա այն իմաստով, որ Իվանիշվիլին հզոր քաղաքական խաղացող չէ: Թերեւս, ներկա իրավիճակի հետ համեմատած, ընդդիմության ներկայությունը Վրաստանի խորհրդարանում կաճի, բայց որեւէ սկզբունքային փոփոխություն ուժերի դասավորության մեջ ես դեռեւս չեմ տեսնում:  Չեմ կարող ասել, որ ուշադրությամբ եմ հետեւում Ադրբեջանում եւ Հայաստանում ներքաղաքական կյանքի ընթացքին, բայց այնտեղ էլ չկան ընդդիմության շեշտակի հզորացման նշաններ:

-Անցած տարի քննարկվում էր հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման թեման. նախագահ Մեդվեդեւը հանդիպումներ է անցկացրել նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի հետ` ղարաբաղյան կարգավորման հիմնախնդիրը քննարկելու համար, սակայն ոչ մի տեղաշարժ չի արձանագրվել: Արդյո՞ք, կարելի է ակնկալել, որ այս տարի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտություններում արձանագրվի որեւէ առաջընթաց: 

– Ցավոք, ես լավատեսության համար հիմքեր չեմ տեսնում: Աբխազական եւ հարավօսական հակամարտությունները խորապես սառեցված են եւ դրանց առաջընթացն ամբողջապես կախված է ռուս-վրացական հարաբերությունների փոփոխությունից, մինչդեռ դրանց բարելավման համար ոչ մի մերձակա հույս չի նշմարվում: Ղարաբաղյան հակամարտության պարագայում իրավիճակն ինչ-որ չափով վատթար է, քանզի առկա է պատերազմի վերսկսման վտանգը:

Հուսամ, որ դա տեղի չի ունենա, բայց, համենայնդեպս, իրավիճակի սկզբունքային բարելավումն ակնկալելի չէ:

Թուրք-հայկական գործընթացը տալիս էր Հարավային Կովկասում իրավիճակի բարելավման որոշակի հույսեր, սակայն, դարձյալ գլխավոր խոչընդոտը ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածության հանգամանքն էր: Այնուամենայնիվ, այն փաստը, որ կողմերը մերձ էին համաձայնության ձեռքբերմանը, նպաստել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների որոշակի  ջերմացմանը: Բայց դա ունեցել է նաեւ բացասական հետեւանքներ, քանի որ հիմք է ծառայել Ադրբեջանում նյարդայնության առաջացմանը: Այդ իսկ պատճառով, թուրք-հայկական մերձեցման փորձը չի հանգեցրել տարածաշրջանային մթնոլորտի ընդհանուր բարելավման: Ավա՜ղ, դրական տեղաշարժի համար լուրջ նախադրյալներ ես դեռեւս չեմ տեսնում…

– Դուք կարծում եք, որ Պուտինի վարչակարգը Ռուսաստանում շարունակելո՞ւ է թուլանալ: Արդյո՞ք դա կարող է որոշակի խթան դառնալ` Հարավային Կովկասում Արեւմուտքի ակտիվացման համար: 

– Ոչ մի թռիչքային շարժումներ չեն լինելու: 2008թ. պատերազմից հետո կարեւոր միտումներից մեկը դարձել է Հարավային Կովկասում Եվրամիության աճող ակտիվացումը: ԵՄ-ն առհասարակ դանդաղ է գործում, բայց, մյուս կողմից, եթե վերջինիս ազդեցությունը սկսում է տարածվել, ապա այն երկար է տեւում: Այս միտումը շարունակվելու է:

Եթե անդրադառնանք ԱՄՆ-ին, ապա շատ բան է կախված նախագահական ընտրությունների ելքից: Կարծում եմ, որ Վրաստանի եւ ԱՄՆ միջեւ հարաբերությունների բարելավումն արդեն իսկ տեղի է ունեցել, հատկապես, եթե համեմատենք դրանց որակը Բարաք Օբամայի վարչակազմի աշխատանքի սկզբնական փուլի հետ: Դա կարելի է պայմանավորել նաեւ ԱՄՆ-ում նախընտրական շրջանով, քանի որ Օբաման Կոնգրեսի կողմից քննադատվել է նաեւ Վրաստանի հանդեպ վարած քաղաքականության համար:  Եթե ԱՄՆ նախագահը մնա Օբաման, ինչը բավական հավանական է, ապա Վաշինգտոնի լուրջ ակտիվացումն ակնկալել պետք չէ, թեեւ Օբամա-Սաակաշվիլի հանդիպման ժամանակ մեր երկրների միջեւ ազատ առեւտրի եւ պաշտպանական համագործակցության վերաբերյալ կնքված համաձայնությունը վկայում է ԱՄՆ ազդեցության աճի մասին, եւ ո’չ թե ընդհակառակը:

– Արդյո՞ք Եվրոպայում աճող տնտեսական ու ֆինանսական ճգնաժամը կարող է բացասական ազդեցություն գործել մեր տարածաշրջանի վրա:

– Անկասկած: Եթե գոյություն ունեցող մտավախություններն իրականանան, ապա Եվրոպայում եւ եվրագոտում գալիք ճգնաժամն ունենալու է լուրջ քաղաքական հետեւանքներ: Եթե եվրոպական նախագծի վստահելիությունը կասկածի տակ դրվի, ապա դա Վրաստանի վրա կանդրադառնա թե’ քաղաքականապես, եւ թե’ տնտեսապես: Վրաստանի շատ քաղաքացիներ ապրում եւ աշխատում են եվրոպական երկրներում. նրանք տուն են ուղարկում զգալի գումարներ, եւ այդ փոխանցումները Վրաստանի համար տնտեսական կարեւոր գործոն են:

Եթե եվրոպական ներդրողների մոտ կա Վրաստանում ներդրումային ծրագրեր կատարելու մտադրություն, ապա ճգնաժամը, բնականաբար, չի նպաստելու դրանց իրականացմանը: Վրաստանի կառավարությունն, անտարակույս, մտավախությամբ է դիտում Եվրոպայում զարգացող գործընթացները: Կարծում եմ, որ Հարավային Կովկասի այլ երկրների կառավարությունները նույնպես ուշադրությամբ են հետեւում Եվրամիության իրավիճակի զարգացումներին: Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ ընդհանուր զարգացման տեսանկյունից Եվրոպայի հետ հարաբերություններն առավել կարեւոր են հենց Վրաստանի համար:

– Ի՞նչը կբնութագրեիք որպես Հարավային Կովկասի երկրների համար 2011թ. գլխավոր դասը: 

– Իհարկե, եթե հիշատակենք «արաբական գարունը», ապա այդ իրադարձություններն ուժեղացրել են մեր երկրներում ժողովրդավարության զարգացման հրամայականը, թեեւ դրանք ուղղակի կերպով մեր տարածաշրջանի վրա հազիվ թե ազդեցություն գործեն:  Ժամանակակից աշխարհում պետությունների ներքին երկարատեւ կայունությունը հնարավոր է միայն ժողովրդավարական հաստատությունների զարգացման հիման վրա: Ոչ ժողովրդավարական երկրները կարող են համեմատաբար կայուն լինել երկար` անգամ տասնամյակներ: Բայց, ի վերջո, երկարատեւ կայունությունը հիմնված է միայն ժողովրդավարական հիմքի վրա:

 

Հարցազրույցը վարել է Իրակլի Չիխլաձեն

Share

Comments are closed.