Հայոց պետականության ամբողջականության վերականգնման անցումային փուլի կաղապարը

Ներածություն. պատմական և ռազմավարական համատեքստեր 

ԽՍՀՄ փլուզումը հանգեցրել է սեփական տրամաբանությունն ու քերականությունն ունեցող հետխորհրդային տարածության ձևավորմանը։ Կայացած քաղաքական վերնախավերի բացակայությունը, ինչպես նաև հետխորհրդային տարածությունը որպես հետկայսերական դիտելու աշխարհում ձևավորված համաձայնությունը փոքր պետություններին հնարավորություն չէին տալիս դուրս գալու ազգային նպատակները, մարտահրավերները և սպառնալիքները գնահատելու համար հաստատված կաղապարից։ Հայոց պետականության խնդիրները՝ ներառյալ Արցախի հիմնախնդիրը, նույնպես նկարագրվում էին հետխորհրդային կաղապարի շրջանակում։

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շուրջ հակամարտությունը ներկա տեսքով ձևավորվել է ԽՍՀՄ ստեղծման փուլում։ Հաղթահարելով միջազգային մեկուսացվածությունը և ձգտելով միջազգային ճանաչման՝ ԽՍՀՄ-ը Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները կառուցելու շրջանակում Արցախն ու Նախիջևանը փոխանցել է Ադրբեջանական ԽՍՀ կազմ։ 1923 թ. Արցախի տարածքի մի մասում ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ)։ Հետխորհրդային շրջանում նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձևավորվել են երկու պետություն՝ միջազգային հանրության ճանաչած և իրեն 1918 թ.Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ հռչակած Ադրբեջանի Հանրապետությունը և չճանաչված Արցախի Հանրապետությունը, որն առաջին իսկ օրերից ստիպված էր լուծել ինքնապաշտպանության խնդիրները գոյաբանական պատերազմում։ Հետխորհրդային տարածության տրամաբանությունն ու քերականությունը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ուժի կենտրոնների ճնշումը հանգեցրել են երկու պետությունների կաղապարի ընտրությանը, որը ստեղծել է հայոց պետականության տարածության խզումից բխող բազմաթիվ խնդիրներ։

Համաշխարհային քաղաքական համակարգում և անվտանգային միջավայրում տեղի ունեցող որակական փոփոխությունները նպաստում են քաղաքական պատմության մաս դարձող հետխորհրդային տարածության լուծարմանը։ 

Ներկայումս Հարավային Կովկասում ծավալվող գործընթացները հնարավոր չէ մեկուսի դիտարկել Մեծ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներից՝ ստիպելով հետխորհրդային պետություններին հարմարեցնել իրենց քաղաքականությունն ու ռազմավարությունը ձևավորվող նոր անվտանգային միջավայրին։ Հետխորհրդային ժամանակաշրջանի ավարտվածությունն ակներևաբար դրսևորվել է Հայաստանի պարագայում, որի, մի կողմից, պաշարների սահմանափակ լինելը և, մյուս կողմից, գոյաբանական մարտահրավերներին արձագանքելու անհրաժեշտությունը հանգեցրել են խորը համակարգային ճգնաժամին և հետխորհրդային կաղապարի սպառվածության և վտանգավորության գիտակցմանը։ 2018 թ. Թավշյա հեղափոխությունը, որը հնարավոր է դարձել 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ հայ ժողովրդի մոբիլիզացման շնորհիվ, դարձել է հայ ժողովրդի արձագանքն իշխանազրկված հետխորհրդային վերնախավի հանդեպ։ Հայաստանում մեկնարկել է համակարգային (հեղափոխական) բարեփոխումների շրջան, որոնց ընդլայնումը պահանջում է ողջ հայ ժողովրդի ներուժի կենտրոնացում։ 

Հայոց պատմության հետխորհրդային փուլի ավարտվածության գիտակցումը հանգեցնում է անցումային փուլի ստեղծման անհրաժեշտությանը, որի շրջանակում  հաղթահարվելու են հետխորհրդային ժամանակաշրջանի բացասական հետևանքները և ստեղծվելու են հետագա զարգացման համար անհրաժեշտ պայմանները։ Անցումային փուլում հայոց պետականության զարգացումը պահանջում է անցումային շրջանի կաղապարի մշակում, որն, ի թիվս այլ խնդիրների, պետք է հաղթահարի հայոց պետականության տարածության խզումը և թույլ տա երկու հայկական պետությունների հիման վրա ստեղծել Միացյալ Հայաստան։ Սույն հոդվածի շրջանակում քննվում են անցումային շրջանի կաղապարի հենց այդ հայեցակետերը։

Միացյալ Հայաստանը՝ որպես անցումային շրջանի կաղապարի տարր 

Անցումային շրջանի կաղապարը պետք է պայմաններ ստեղծի արտաքին և ներքին սահմանափակումների հաղթահարման և հետխորհրդային ժամանակաշրջանի երկու հայկական պետությունների դե-յուրե միացմանը հասնելու համար։ Հաշվի առնելով առկա տարածաշրջանային և աշխարհաքաղաքական մարտահրավերների բարդությունը՝ սույն կաղապարը ենթադրում է հայոց պետականության ճարտարապետության բարդացում, երբ Հայաստանի Հանրապետությունը և Արցախը դիտվում են որպես միացյալ պետության տարրեր։ Կարելի է խոսել պետությունների միավորման երեք հիմնական ձևերի մասին՝ համադաշնություն, դաշնություն և ունիտար պետություն։ Ձևավորվող արդի անվտանգային միջավայրի պայմաններում նախագահական կառավարման ձևի ներքո Միացյալ Հայաստան դաշնային պետության ստեղծումը լավագույն լուծումն է։ 

Միացյալ Հայաստանի կերտման գործընթացում հայոց պետականությունն ունենալու է հիբրիդային բնույթ, որը պայմանավորված կլինի միջազգային ասպարեզում տարբեր կարգավիճակ և պետական իշխանության տարբեր կառուցվածք ունեցող պետությունների դաշնության մեջ ներառման անհրաժեշտությամբ։ Միացյալ Հայաստանը ներառելու է միջազգային հանրության ճանաչած Հայաստանի Հանրապետությունը և դե-ֆակտո գոյություն ունեցող անկախ Արցախը։ Բացի դրանից՝ Հայաստանի Հանրապետությունն այսօր խորհրդարանական, իսկ Արցախը՝ նախագահական կառավարման համակարգով պետություններն են։

Այսպիսով, անցումային շրջանի կաղապարի շրջանակում Միացյալ Հայաստանը հիբրիդ դաշնային պետությունն է, որը զարգանալու կամ վերափոխվելու է ըստ պետականակերտման ռազմավարության և անվտանգային միջավայրի ձևավորվող համատեքստի։ Անցումային շրջանի կաղապարի ներդրումը կպահանջի համապատասխան մարմնի՝ Աշխատանքային խմբի ստեղծում, որը կհամակարգի երկու հայկական պետությունների իշխանության բոլոր ճյուղերի համագործակցությունը։ Ամենաբնական ուղին՝ ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների շրջանակում Աշխատանքային խմբի ստեղծումն է։ Կաղապարի կենսագործման որոշակի փուլում թերևս կպահանջվի Միջպետական հանձնաժողովի ստեղծում։ Հայոց սփյուռքի մասնակցությունը, ինչպես նաև Աշխատանքային խմբի և Միջպետական հանձնաժողովի իրավասություններն ու գործառույթները կներկայացնեն այն քաղաքական խնդիրը, որը պետք է լուծվի կաղապարի մշակման զրոյական բոլորաշրջանում։

Անցումային շրջանի կաղապարի անբաժանելի մասն են սկզբունքները, ռազմավարությունը, ճանապարհային քարտեզը և ընթացակարգերը, որոնց հիման վրա տեղի կունենա կաղապարի կենսագործումը։  Ստորև քննվում են հայոց պետականության սահմանադրական դաշտի վերափոխման սկզբունքները, Միացյալ Հայաստանի իշխանության ճյուղերի հնարավոր կառուցվածքն ու գործառույթները, ինչպես նաև արցախյան կարգավորման սկզբունքները քննարկվող կաղապարի շրջանակում։ 

 Հայոց պետականության սահմանադրական դաշտի վերափոխման սկզբունքները

 Անցումային շրջանի կաղապարի շրջանակում պահանջվելու է այն սկզբունքների ճշգրտումը, որոնց հիման վրա ստեղծվելու է Միացյալ Հայաստանի սահմանադրական դաշտը։   

Սահմանադրական դաշտը զարգանում է ժամանակի մեծ մասշտաբի վրա։ Հետխորհրդային շրջանում Հայաստանում ձևավորվել է մի բացասական միտում, երբ իշխող վերնախավը սահմանադրական դաշտի մեջ փոփոխություն էր մտցնում, ելնելով հանուն իշխանության պայքարի, այլ ոչ թե միջազգային ասպարեզում առաջացող տեղաշարժերին համապատասխանելու տրամաբանությունից։ Առկա միջազգային փորձառությունն աներկբայորեն վկայում է, որ սահմանադրության նկատմամբ այդպիսի վերաբերմունքն, ի վերջո, հանգեցնում է հասարակության և պետության դեգրադացմանը։ Կաղապարի մշակումը կպահանջի պետականակերտման փիլիսոփայության փոփոխություն, երբ սահմանադրական դաշտում փոփոխություններն ու բարեփոխումները ծավալվում են ժամանակի մեծ մասշտաբի վրա։ Հայոց պետականության սահմանադրական դաշտի ամբողջականության վերականգնման համար պայմանների ստեղծում։

Հայոց պետականության սահմանադրական դաշտը հետխորհրդային շրջանում խզված է և նկարագրվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքում գործող երկու սահմանադրություններով։ Անցումային շրջանի կաղապարի շրջանակներում երկու հայկական պետությունների սահմանադրությունները պետք է բերվեն ընդհանուր ճարտարապետության և համաձայնեցվեն։ Այսպիսով՝ կստեղծվեն հայոց պետականության սահմանադրական դաշտի ամբողջականությունը վերականգնող Միացյալ Հայաստանի սահմանադրության մշակման համար անհրաժեշտ պայմաններ։

Սահմանադրական դաշտը Հայաստանի ապագան է։ Սահմանադրական դաշտը պետք է ոչ միայն և ոչ այնքան արձանագրի Հայոց պետականության ընթացիկ վիճակը, որքան ձևավորի նրա ապագան։ Որոշ իմաստով կարելի է խոսել երևակվող ակտիվության և փիլիսոփայության մասին, երբ սահմանադրական ակտիվությունը ոչ թե ձևակերպում է, այլ ձևավորում է հայոց պետականության դաշտը՝ ելնելով 21-րդ դարի Հայաստանի պատկերից։

Հայ ժողովուրդն այսօր համաշխարհային երևույթ է, երբ ժողովրդի մինչև իսկ 80 տոկոսը բնակվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Սահմանադրական դաշտը պետք է հաշվի առնի հայ ժողովրդի տվյալ հատվածի իրավունքներն ու պարտականությունները հայոց պետականության նկատմամբ։ Հայոց սահմանադրական դաշտը պետք է նաև անհրաժեշտ նախադրյալներ ստեղծի հայոց պետականության իրավատիրության վերականգնման ուղղությամբ՝ Ազգերի Լիգայի որոշումների և մինչև ԽՍՀՄ կողմից բռնակցվելն Առաջին Հանրապետության կնքած այլ միջազգային պայմանագրերի հիման վրա։

Այսպիսով՝ հայոց պետականության սահմանադրական դաշտը անցումային կաղապարի շրջանակում պետք է ի զորու լինի նկարագրել Մեծ Մերձավոր Արևելքի ալեկոծյալ միջավայրում Հայաստանի սահմանների և կարգավիճակի հնարավոր փոփոխություններն՝ առանց նրա ճարտարապետության մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտության։ Սահմանադրական դաշտը պետք է ընդունակ լինի ձևակերպել և՛ Հայկական լեռնաշխարհում տեղորոշված հայոց պետականությունը, և՛ Սփյուռքի գոյությունը՝ արտահայտելով հայ ժողովրդի 21-րդ դարի իրողությունները։ Հայոց սահմանադրական դաշտը պետք է լինի ոչ թե բացառող, այլ ներառական՝ խթանելով և սատարելով հայ հասարակության և ժողովրդի բաց լինելուն։

 Միացյալ Հայաստանի իշխանության հիմնական ճյուղերի կառուցվածքն ու գործառույթները

 Ստորև համառոտաբար քննվում են Միացյալ Հայաստանի իշխանության հիմնական ճյուղերի հնարավոր կառուցվածքն ու գործառույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, Արցախի և Միացյալ Հայաստանի փոխգործակցության և իրավասությունների հարցերը՝ անցումային շրջանի կաղապարի շրջանակներում։

Գործադիր իշխանություն. Միացյալ Հայաստանի, Հայաստանի Հանրապետության և Արցախի գործադիր իշխանության մարմինների միջև հարաբերություններն աստիճանակարգային/հիերարխիկ են։ Միացյալ Հայաստանի գործադիր իշխանության ծավալումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան հաստատությունների հիման վրա՝ դրանց գործառույթների բարդացման հաշվին։ Հայոց պետականությունն արդեն ունի համապատասխան փորձը Հայաստանի Միացյալ զինված ուժերի ձևավորման օրինակով՝ Արցախի Պաշտպանության բանակի և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հիման վրա։

Ներկայացուցչական իշխանություն. Դաշնային պետության կայացումը պահանջելու է փոփոխություններ իրականացնել գործադիր իշխանության ճարտարապետության մեջ։ Հայաստանի Հանրապետության և Արցախի գոյություն ունեցող կառուցվածքները պետք է լրացվեն Միացյալ Հայաստանի երկու պալատների՝ Գերագույն ժողովի  (ներքին պալատ) և Ծերակույտի/Սենատի (վերին պալատ) տեսքով կազմակերպված մարմիններով։ Միացյալ Հայաստանի Գերագույն ժողովը կներկայացնի հայկական պետությունների տարածքում բնակվող քաղաքացիների շահերը։ Ծերակույտ/Սենատը թույլ է տալու ապահովել հայ ժողովրդի ամբողջականությունը՝ ներկայացնելով այդ թվում և հայկական Սփյուռքի շահերը, իրավունքներն ու պարտականությունները հայոց պետականության շրջանակում։  

Դատական իշխանություն. Միացյալ Հայաստանի դատական համակարգը պետք է լինի միասնական։ Երկու հայկական պետությունների գոյություն ունեցող դատական համակարգն արմատական բարեփոխության կարիք ունի։ Միացյալ Հայաստանում դատական իշխանության համակարգի ստեղծման նպատակով դատական բարեփոխության մշակումն ու անցկացումը բարդ խնդիր է՝ հաշվի առնելով այդ համակարգի զարգացման ժամանակատարությունը։ Օրինակ, նոր համակարգը պետք է իրականացնի տեղական և վերին դատական ատյանների միջև իրավասությունների վերաբաշխում՝ ապահովելով մի կողմից՝ համակարգի ամբողջականության և աստիճանակարգության/հիերարխիականության միջև հավասարակշռությունը, մյուս կողմից՝ տեղական մակարդակի վրա դատական ատյանների լայն ինքնավարությունն ու անկախությունը։

Արցախյան կարգավորման սկզբունքները՝ անցումային փուլի կաղապարի շրջանակներում 

 Միացյալ Հայաստանի ստեղծումը թույլ է տալիս դյուրացնել արցախյան կարգավորման գործընթացը՝ մոտեցնելով նրա նկարագրությունն ու մեկնաբանությունն առկա իրողությանը։ Արցախի շուրջ հակամարտությունը, լինելով ԽՍՀՄ ժառանգություն, հետխորհրդային շրջանում վերափոխվել է՝ հարմարվելով փոփոխվող անվտանգային միջավայրին։ Միացյալ Հայաստանի ստեղծումը միջազգային հանրությանը թույլ է տալիս հայկական կողմից մեկ ակտորի հետ աշխատել՝ պահպանելով տարբեր սցենարների շրջանակում կարգավորմանը հասնելու հնարավորությունը և ելնելով միջազգային ասպարեզում գործընթացների զարգացման ու արցախյան խնդրի կարգավորման ձևաչափի փոփոխություններից։ Ստորև անցումային շրջանի կաղապարի շրջանակում քննվում են արցախյան կարգավորման երկու հնարավոր սցենարները։

Սցենար Ա. Հակամարտության կողմերը ճանաչում են ստեղծված իրողությունը. Տվյալ սցենարի շրջանակում ճանաչվում է ստեղծված դինամիկ ստատուս-քվոյի երկարաժամկետայնությունը, ձեռնարկվում են քայլեր խեղված բանակցային ձևաչափը վերականգնելու և Արցախի՝ որպես Ադրբեջանի հետ հակամարտության հիմնական կողմերից մեկի բանակցային սեղանին վերադարձն ապահովելու համար։ Հայաստանի Հանրապետությանը վերադարձվում է Արցախի անվտանգության երաշխավորի, բայց ո՛չ հակամարտության մասնակցի կարգավիճակը։ 

Անցումային շրջանի կաղապարի և Միացյալ Հայաստանի ստեղծման շրջանակներում Արցախը մասնակցում է կարգավորմանն առնչվող խնդիրների քննարկմանը և իրեն է վերապահում անհրաժեշտ արտաքին-քաղաքական գործառույթները, որոնք ընդհանուր առմամբ ամբողջովին փոխանցվում են Միացյալ Հայաստանի ԱԳՆ-ին։ Այս դեպքում՝ արցախյան կարգավորումը վերաբերելու է Ադրբեջանի և Արցախի՝ որպես ԽՍՀՄ փլուզման արդյունքում Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձևավորված երկու պետական ակտորների միջև սահմանների ճշգրտմանը։

Տվյալ սցենարի շրջանակում արցախյան կարգավորումը սահմանափակվում է նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքով։ Սա թույլ է տալիս խուսափել խնդրի ընդգրկումից և դրա կարգավորման մեջ ներգրավված ակտորների թվի աճից։ Ընդ որում, միջազգային հանրությունը կարիք չի ունենա որոնել Արցախի՝ որպես միջազգային իրավունքի շրջանակում պետական կազմավորման կարգավիճակը ձևակերպելու միջոցներ՝ Արցախի՝ Միացյալ Հայաստանի կազմ մտնելու և վերջինիս՝ Հայաստանի Հանրապետության իրավահաջորդը լինելու ուժով։ 

Տվյալ սցենարի հիմնական խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը պետք է կրկին համոզի կամ հարկադրի Ադրբեջանին ճանաչել Արցախը որպես հակամարտության կողմ և հիմնական պետական ակտոր, որի հետ նա բանակցություններ է վարել 1992-1994 թթ.։

Սցենար Բ. Հակամարտության կողմերի “status quo ante”-ն վերականգնելու անհրաժեշտության ճանաչում։ Այդ սցենարի շրջանակում ծագում է վերադարձի կետի որոշման և հակամարտության կողմ հանդիսացող ու կարգավորման գործընթացին մասնակցող ակտորների ճշգրտման խնդիր։ Արձանագրելով հետխորհրդային ժամանակաշրջանի ավարտը՝ նպատակահարմար է դիտվում վերադարձ կատարել ԽՍՀՄ ստեղծմանը նախորդող կետին։ Այս դեպքում կարգավորման գործընթացը կառուցվում է Առաջին աշխարհամարտից հետո ստորագրված միջազգային պայմանագրերի և Ազգերի լիգայի որոշումների հիման վրա։ Իրեն Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ հռչակած Ադրբեջանը վկայակոչում է այդ հիմքը։ Միացյալ Հայաստանի՝ միևնույն հիմքին վերադառնալու համաձայնությունը ստեղծելու է տվյալ սցենարի գործարկման համար անհրաժեշտ իրավական նախադրյալներ։

Այս դեպքում՝ ԽՍՀՄ շրջանակներում ընդունված որոշումների հետևանքով առաջացած արցախյան հիմնախնդրի գոյություն ունեցող այժմյան դրությունը կչեղարկվի։ Հակամարտության կողմ կդառնան Միացյալ Հայաստանն ու Ադրբեջանը, իսկ բուն խնդիրը կվերաբերի հիշյալ ակտորների միջև սահմանների ճշգրտմանը և Խաղաղ պայմանագրերի ստորագրմանը։ Արցախի Հանրապետությանը կվերապահվի ակտորների որոշումների վրա վետո դնելու իրավունք՝ արցախյան հասարակության շահերը հաշվի չառնելու պարագայում։ 

Տվյալ սցենարի շրջանակում տեղի է ունենում արցախյան հիմնախնդրի ընդհանրացում՝ որպես միջազգային Հայկական հարցի տարր, երբ պետք է հստակեցվեն ոչ միայն արցախյան ուղղությամբ Միացյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները, այլև, օրինակ, Նախիջևանի կարգավիճակը։ Բացի դրանից, ընդլայնվում է կարգավորման գործընթացի մեջ անմիջականորեն ներգրավված դերակատարների շրջանակը։ Մյուս կողմից՝ տվյալ սցենարի շրջանակում կարգավորմանը հասնելը թույլ է տալու հասնել երկարաժամկետ խաղաղության՝ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ուժի կենտրոնների դերի և տեղի անխուսափելի վերանայմամբ հանդերձ։

Եզրակացություն

 Հայոց պետականության բարեփոխումը պահանջում է անցումային շրջանի կաղապարի մշակման և Միացյալ Հայաստանի ստեղծման համար ի մի բերել և հավաքագրել հայ ժողովրդի ողջ ներուժը։ Այսչափ ծավալուն նախագծի մշակումն ու իրականացումը պահանջելու է համակարգային ամբողջական մոտեցում և համապատասխան հմտություններ ու արհեստավարժություններ։ Այդ ընթացքում ձեռք բերված փորձառությունը նպատակահարմար է պահպանել հայոց պետականության ապագայի պետական և աշխարհաքաղաքական նախագծմամբ զբաղվելու ունակ՝ հայ ժողովրդի և կադրերի կարողությունները կուտակող Համակարգային վերլուծության և նախագծման հայկական ինստիտուտի շրջանակում։

Լուսանկարը՝ Ստեփանակերտի մամուլի ակումբի

Share

Comments are closed.