Խոսքի ազատությունը՝ որպես շարունակական պայքար…


Իրինա
ԱՎԵՏԻՍՅԱՆ

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածով, ինչպես նաև Արցախի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածով ճանաչվում է խոսքի ազատության իրավունքը: Արտահայտվելու կամ մտքի, խոսքի ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից է, առանց որի դժվար է պատկերացնել քաղաքացիական ցանկացած ինքնադրսևորում:

Ազատ խոսքով մտքերն արտահայտելու, ինչպես նաև ազատորեն տեղեկատվություն փնտրելու, ստանալու, տարածելու իրավունքը բոլոր ժամանակներում եղել և մնում է ավտորիտար իշխանությունների «թշնամին»: Դրա համար քաղաքակիրթ երկրներում տեղեկատվության ազատությունը հստակ կարգավորված է օրենսդրությամբ:

Խոսքի ազատությունը որոշ դեպքերում կարող է սահմանափակվել: Ըստ ԱՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի՝  «Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

Արցախի լրագրողների միության նախագահ Կիմ Գաբրիելյանի կարծիքով` «լրագրողները, ունենալով խոսքի ազատության իրավունք, պետք է զերծ մնան կեղծ լուրերից և անպարկեշտ վարքագծից»: Նա խորհրդային տարիներից եկած լրագրող է, լավ գիտի ճշմարտության գինը և բազմիցս հայտնվել է աշխատանքից ազատվելու սպառնալիքի տակ… Նա նշեց, որ լրագրությունը իր տարերքն է, որ լրագրությունը ոչ միայն կենսապահովման միջոց է, այլ ստեղծագործական աշխատանք: Պարոն Գաբրիելյանը կարևորեց լրագրողների կարգավիճակի հարցը, նշելով, որ բազմիցս դիմել են, որ լրագրողին տրվի հանրային պետական կամ քաղաքացիական ծառայողի կարգավիճակ, սակայն լրագրողի իրավունքները պաշտպանված չեն, և  այդ պատճառով ոչ մի արդյունքի չեն հասել:

Այն հարցին, թե քաղաքական դա՞շտն է հիմնականում երկրում ձևավորում ազատ մամուլ, թե՞ լրագրողների միության լիազորությունն է դա, պրն Գաբրիելյանը խորին համոզմամբ ասաց, որ մեծ հաշվով չկա քաղաքական դաշտ, պետք է լինի քաղաքական այնպիսի ընդիմադիր ուժ, որը ձևավորի հասարակական կարծիք, և այդ հասարակական կարծիքը փոխանցվի լրատվամիջոցներին:

Արցախում խոսքի ազատության վիճակի մասին իրենց կարծիքը հայտնեցին նաև հեռուստալրագրող Մարինե Մկրտչյանը, լրագրող Գեղամ Բաղդասարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Ի՞նչ տվեց Ձեզ լրագրողական աշխատանքը և ի՞նչ խորհուրդներ կտայիք ապագա լրագրողներին,– հարցրինք Մարինե Մկրտչյանին…

– Լրագրողական աշխատանքը ինձ տվեց մի շարք խնդիրների մասին բարձրաձայնելու հնարավորություն: Այն որոշակիորեն բավարարում է արդարության հանդեպ իմ բնական մարդկային մղումը: Այն տվեց մի շարք հետաքրքիր հանդիպումներ, որոնք ոչ միայն հաճելի շփումներ էին,այլև իմաստության դասեր: Հիշում եմ մեծ դերասան Սոս Սարգսյանի հետ ունեցած իմ հարցազրույցը, այն բավականությունն ու բավարարվածության զգացումը, որ ստացա: Ուզում եմ, որ յուրաքանչյուրդ իր գրած հոդվածից, ունեցած հարցազրույցից հետո նման զգացում ապրի և կատարած աշխատանքից բավականություն ստանա:
Իսկ սկսնակներին խորհուրդ կտայի լինել ազնիվ, սկզբունքային, չծառայել խմբակային նեղ շահերի, հիշել , որ լրագրող լինելը առաքելություն է ու 4-րդ իշխանության ներկայացուցչի մեր առաքելությունը, թո՛ղ բարձրագոչ չհնչի, ժողովրդին ծառայելն է, թույլին, ճնշվածին օգնելը, ուղեցույց լինելը:

Արդյո՞ք ներկայիս հեռուստատեսությունում խոսքի ազատությունն արժևորված է:

-Արցախի Հանրային հեռուստատեսությունը, լինելով պետական բյուջեից սնվող լրատվամիջոց, որոշակի սահմանափակումներով է աշխատում: Բնականաբար, խոսքի ազատությունն իր բուն իմաստով ոչ միշտ է դրսևորվում: Այստեղ մենք չափազանց զգույշ ենք՝ հանկարծ հուզումներ չլինեն, պատերազմող երկիր ենք և այլ զգուշացումները անընդհատ հետևում են մեզ: Թեև դա խանգարում է մեր աշխատանքին ու խոչընդոտում ազատ կարծիքի ձևավորմանը, քաղաքացիական հասարակության և մեր երազած Արցախի կառուցմանը: Վաղուց ժամանակն է, որ վերանայվեն այդ սկզբունքները, որպեսզի հանրայինը դառնա իսկապես հանրային լրատվամիջոց,-պատասխանեց տիկին Մկրտչյանը:

Իսկ ո՞րն է Գեղամ Բաղդասարյանի տեսակետը տվյալ թեմայի վերաբերյալ:

Ձեր լրագրողական գործունեության ընթացքում ի՞նչն էիք կարևորում, և ո՞րն է խոսքի ազատության Ձեր չափանիշը:

-Որպես լրագրող և լրագրողական կազմակերպության ղեկավար միշտ էլ ամենակարևորը համարել եմ անկախ մամուլի ինստիտուտի կայացումը, այսինքն՝ որպեսզի երկրում լինեն նաև անկախ (գոնե՝ իշխանությունից անկախ) լրատվամիջոցներ: Դասական անկախությունն այն է, երբ լրատվամիջոցը կարողանում է հոգալ իր ծախսերը: Բայց դա ավելի շատ հարուստ ու բարգավաճ երկրներում է լինում: Մեր պարագայում կարող է խոսք լինել գոնե իշխանությունից անկախ լրատվամիջոցների մասին՝ կուսակցական մամուլ, միջազգային դրամաշնորհներով գոյատևող և այլ մամուլ, որպեսզի գոնե չլինի  տեղեկությունների տրամադրման մենաշնորհ, որպեսզի մարդիկ կարողանան տարբեր աղբյուրներից ինֆորմացիա ստանալ, համեմատել և ինքնուրույն եզրակացություն անել,
սեփական կարծիքն ունենալ այս կամ այն հարցի շուրջ:

Ձեր կարծիքով՝ տարիներ առա՞ջ էր Արցախում խոսքի ազատությունը ճիշտ ընկալվում, թե՞ հիմա:

– Խոսքի ազատության ճիշտ ընկալման խնդիրը չէ էականը, այլ խոսքի ազատության լինել-չլինելը: Խոսքի ազատությունը նշանակում է տեղեկատվական բազմազանություն, որը կարող է լինել, եթե առկա է քաղաքական բազմազանություն, իսկ դա էլ կարող է լինել, եթե կա տնտեսական լծակներին տիրացած ուժերի բազմազանություն: Վերջին երկու բազմազանությունները բացակայում են, ուստի և չկա սկզբունքային բազմազանություն տեղեկատվական դաշտում: Մեզ մոտ ամենուր միաբևեռ հասարակություն է : Եթե լինի բազմազանություն, ապա խոսքի ընկալումն էլ բազմագույն կլինի:

Պարո՛ն Բաղդասարյան, իսկ ինչքանո՞վ է կայացած 4-րդ իշխանությունը Արցախում:

– Չի կայացած, քանի որ չկա տեղեկատվական դաշտի բազմազանություն, քանի որ պահպանվում են մենաշնորհները: Օրինակ, հեռահաղորդակցության և հեռարձակվող լրատվամիջոցների դաշտում մենաշնորհներ են ի դեմս ՂՏ-ի և Հանրային հեռուստառադիոընկերության:

Ինչ խոսք, հետաքրքիր կլինի ծանոթանալ նաև ՄԻՊ-ի կարծիքին։

Լուսանկարի աղբյուրը՝ Comments.ua

– Պարո՛ն Բեգլարյան, որպես Մարդու իրավունքների պաշտպան ի՞նչ եք անում, որպեսզի արցախցին իր երկրում իրեն զգա ապահով և պաշտպանված:

-Ես իմ լիազորությունների շրջանակներում, որոնք տրված են Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով, մի քանի ուղղությամբ եմ աշխատում: Առաջին ուղղությունը գլխավորն է. բողոքների քննարկումը։ Երբ քաղաքացիներից ստանում ենք բողոքներ, ուսումնասիրում ենք, և եթե արդյունքում ապացուցվում է, որ իրոք առկա է իրավունքի խախտում, ուրեմն պետական լիազոր մարմնին առաջարկում ենք, որ այդ խախտումները վերացնի:
Երկրորդ՝ օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ ենք աշխատում, կոնկրետ գործերի ուսումնասիրման ընթացքում, նաև ավելի հասցեական ուսումնասիրությունների ժամանակ, երբ բացահայտում ենք իրավական դաշտի և իրավակիրառ պրակտիկայի խնդիրներ ու բացեր, առաջարկում ենք համապատասխան պետական մարմիններին, որպեսզի վերացնեն այդ խնդիրները, բարելավելով մարդու իրավունքների ինստիտուցիոնալ մեխանիզմները:
Երրորդ  ուղղությունը. մեր նախաձեռնությամբ հետազոտություններ ենք կատարում տարբեր ոլորտներում և խոցելի խմբերում ու հաստատություններում, որպեսզի բացահայտենք այնտեղ առկա մարդու իրավունքների խախտումների ինստիտուցիոնալ պատճառները, բացահայտելուց հետո դիմում ենք պետական լիազոր մարմիններին, որպեսզի վերացնեն այդ խախտումները, պատճառները, բարելավեն մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները:

Արդյո՞ք բոլոր պայմանները ստեղծված են, որ մարդիկ կարողանան ազատորեն արտահայտվել և ակնկալեն իրենց արդարացի պահանջին, բողոքին պատշաճ վերաբերմունք և արդարացի լուծում:

-Բոլոր մեխանիզմներն ու պայմանները ստեղծված են, որպեսզի մարդիկ ազատորեն արտահայտվեն և իրենց իրավունքները պաշտպանեն: Արձանագրվող խնդիրներից է իրավագիտակցության ոչ պատշաճ մակարդակը քաղաքացիների մոտ, երբ մարդիկ չգիտեն, թե ինչ իրավունքներ ունեն, թե իրենց իրավունքների պաշտպանության ի՞նչ արդյունավետ մեխանիզմներ կան: Երկրորդ խնդիրը պետական պաշտոնյաների և պետական մարմինների ոչ պատշաճ կարողություններն ու հմտություններն են, ոչ պատշաճ վարքագիծը, որը երբեմն դժվարությունների պատճառ է դառնում։ Երրորդ խնդիրը քաղաքացիական հասարակության և ընդհանրապես լրատվամիջոցների կայացվածության ցածր մակարդակն է, քանի որ դրանք գլխավոր օղակներ են՝ խնդիրների բարձրաձայնման և իրավունքների պաշտպանության համար:

 

Share

Comments are closed.