Մեր փոքրիկ բարեկամները

 

Տաթև ՀԱԿՈԲՅԱՆ


Հին ժամանակներից ի վեր մարդիկ ընտելացնում են կենդանիներին: Այսօր մեր կյանքի պայմանները բավականին փոխվել են, բայց, չնայած գիտության և տեխնիկայի առաջընթացներին, կենդանիները մեզ պետք են: Կենդանիները այնքան են կապվում մարդու հետ, որ նրանց սերը և հավատարմությունը օրինակ

են դառնում շատերի համար:

Իսկ հիմա ամենահետաքրքիր պահն է. ծանոթացե´ք Ջեկիի հետ:

Նա երեքուկես տարեկան է: Ինտելիգենտ, համբերատար, բավականին դաստիարակված այս շունը Ստեփանակերտի մամուլի ակումբում բոլորիս ուրախություն է պատճառում: Ջեկին բնազդորեն զգում է մարդկանց տրամադրությունը: Ջեկին խելացի է, ուշադիր և ինքնավստահ: Աչքերին նայելիս զգում եմ, որ ամեն բան հասկանում է, որ ինքն էլ ունի կարծիք իմ մասին:

Լուսանկարը՝ Հայկ Ղազարյանի

Ջեկիին ուզում ենք միշտ ուրախ, ակտիվ և առողջ տեսնել: Ինչպես հայտնի է, ֆիզիկական առողջության հիմքը լավ և որակյալ սնունդն է: Հոգ տանելով Ջեկիի առողջության մասին`  մենք արդեն գիտենք, թե նա ինչ է սիրում: Նրա կերակրացանկի մի մասն են կազմում Լոռի պանիրը, ոչ քաղցր թխվածքները,և, որպես կանոն, խորովածի առաջին «թիքյան» պետք է ուտի Ջեկին: Մնում է միայն սուրճ խմելը սովորի, որպեսզի հետ չմնա: Չնայած, այդ հարցում ես ու Ջեկին նման ենք` սուրճի համը ինձ էլ դուր չի գալիս: Չմոռանամ նշել, որ Ջեկիին շատ է դուր գալիս Չարենցի պոեզիան` Մարութ Վանյանի արտասանությամբ: Կա մի լավ նրբերանգ ևս` մեր Ջեկին համոզված է, որ այստեղ իրեն սիրում են: Քայլում է ինքնավստահ, երբեմն խաղում է փոքր երեխայի նման: Գիտի, որ մեզ հաճելի է իր ընկերակցությունը, անսահման հավատարմությունը:

Իսկ հիմա անցնենք մեդալի հակառակ կողմին:

Շատ անգամ հավատարմության և անկեղծ սիրո դիմաց մենք պատասխանում ենք դաժան դավաճանությամբ: Այդպիսի դեպքերը հաճախակի երևույթ են դարձել: Ծնողները, երեխաների խնդրանքով կամ ձանձրույթից ելնելով, կենդանիներ են ընտելացնում` չգիտակցելով պատասխանատվության չափը: Քիչ ժամանակ անց, բախվելով խնդիրների հետ և չուզելով խնամել կենդանիներին, ուղղակի շպրտում են փողոց: Հիվանդ, քաղցած, անտուն, հոգնած, սպառված, նիհար «ջեկիները» դարձել են մեր քաղաքի փողոցային լանդշաֆտի սովորական հավելումները: Նրանք, ովքեր գոնե մի անգամ նայել են անտուն շան աչքերին, լավ գիտեն, թե ինչքան բարի, տխուր, կսկիծով լցված աչքեր կան: «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք»,- աշխարհով մեկ հայտնի այս արտահայտությունը կցանկանայի փակցնել Ստեփանակերտի փողոցների պատերին: Թվում է, թե սա մանրուք է այն ծանրակշիռ խնդիրների համեմատ, որոնք կան այսօր: Բայց ամեն ինչ սկսվում է հենց մանրուքներից: Հենց այդ փոքր մարդկային քայլերն են ձևավորում «Մարդ» տեսակը:

Սա էլ է ի վերուստ տրված պատվիրան, որին պետք է հետևել: Երբ Աստված ստեղծեց կենդանական աշխարհը, բավականություն ստացավ իր գործից: Աստվածաշունչն ասում է` նա տեսավ, որ «դա լավ է» (Ծննդոց 1:21,25): Նրանք ունեն մեր սիրո, հոգատարության, խնամքի կարիքը: Չգիտեմ ով ինչպես է վարվում, իսկ «Արդարը հոգ է տանում իր ընտանի կենդանու հոգու մասին, բայց ամբարիշտների ողորմությունը դաժան է» (Առակներ 12։10)։

 

Share

Comments are closed.