Քաղաքականացված Քարահունջը՝ 25 տարի առաջ և հիմա


Արևիկ ԼԱԼԱՅԱՆ

 

Արդեն տարուկեսից ավել է, ինչ ամբողջ աշխարհը խոսում է Հայաստանում իրականացված «թավշյա» հեղափոխության մասին՝ որակելով այն որպես նախադեպը չունեցող երևույթ, բայց  Արցախի Մարտունու շրջանի Քարահունջ գյուղի բնակիչները համոզված են, որ «իսկական թավշյա հեղափոխությունը եղել է իրենց գյուղում սրանից  մոտ 23 տարի առաջ»:

Դա այն ժամանակաշրջանն էր, երբ դեռ նոր էին կազմալուծվել կոլտնտեսությունները․ այնուհետև՝ պատերազմ, խառը քաղաքական, ռազմական ու տնտեսական իրավիճակ,  և այս ամենի ֆոնին անկախ գյուղի կարգավիճակ ստացած Քարահունջ։ 1996-ին Քարահունջ գյուղում տեղի ունեցան գյուղապետի կամ, մերօրյա եզրաբանությամբ ասած, համայնքի ղեկավարի ընտրությունները, չնայած՝ ինչ անվանում էլ դրան տանք, միևնույն է՝  գյուղացիներն օրենքի այդ լիազորված ներկայացուցչին անավանելու են «նախա՜գահ», այն էլ, անպատճառ, Մարտունու բարբառին հատուկ շեշտադրությամբ։ Բայց նորընտիր գյուղապետը երկար չի ղեկավարում, մեկ տարի չանցած ստիպված է լինում հրաժարական տալ՝ ավագանու և գյուղացիների պահանջով, քանի որ ամբողջ գյուղով կազմակերպվել էին ստորագրահավաքներ և սպառնում էին ցույցի դուրս գալ։ Մեր այն հարցին, թե «ինչո՞ւ էիք ուզում, որ նա հրաժարական տա, չէ՞ որ ինքներդ էիք քվեարկել նրա օգտին», գյուղացիները լակոնիկ պատասխան են տալիս. «լավ չէր աշխատում»։

Մինչև օրս Քարահունջ համայնքում 6 գյուղապետ է փոխվել, բայց բողոքներն ու պահանջներն այդպես էլ չեն քչացել։ Այս հարցում մեծ է նաև ավագանու դերը։ Վերջինս գյուղապետի ամեն մի քայլը հսկող և մշտապես բողոքի ձայն բարձրացնող հեղինակավոր մարմին է։ Սա է հիմնական պատճառներից մեկը, որ այս գյուղում բավականին թեժ քաղաքական բախումներ են լինում նաև ավագանու ընտրությունների ժամանակ։ Գյուղի բնակիչներից մեկի խոսքերով ասած․ «լավ է այլևս գոնե գյուղապետին մենք չենք ընտրելու, թե չէ մտավախություն ունեի, որ հաջորդ ընտրությունների ժամանակ կինս ինձանից կբաժանվեր, եթե իմանար, որ իր հոր փոխարեն ստիպված էի եղբորս ձայն տալ»։ Ավագանու նիստեր հրավիրվում են տարեկան 6 անգամ, բայց դե գյուղում ի՞նչ նիստ, բոլոր հարցերը լուծվում են գյուղամիջում՝ ժողովրդի ներկայությամբ։ Եվ եթե ինչ-որ բան նրանց սրտով չէ, դրա «մեղավորը» անկասկած նախագա՜հն է, գյուղի նախագա՜հը, և այդ 30-ամյա երիտասարդի ուսերին է նաև «կոլխոզն ուտելու»  հանցանքի ծանր բեռը։

Մյուս կողմից էլ հեշտ չէ նաև գյուղապետի աշխատանքը։ Գյուղի եկամտի միակ աղբյուրը հողի, գույքի, վարձակալման համար վճարվող հարկերն  ու տեղական տուրքերն են։ Տարվա կտրվածքով այդ գումարը մոտավորապես կազմում է մեկ միլիոն հարյուր երեսուն հազար ՀՀ դրամ։ Բայց սարսափելին ոչ թե այդ գումարի չնչին լինելն է, այլ այն ժողովրդից «պոկելու» անասելի դժվարությունը։ Գյուղացիներից շատերը վստահ են, որ իրենցից գանձվող հարկերի թիվը ուղիղ համեմատական է մեծահարուստների գրպանների պարունակությանը, ուստիև չեն ցանկանում վճարել։  Հաճախ գյուղապետը ստիպված է լինում իր գրպանից մի որոշակի գումար դնել, որպեսզի կարողանա աշխատավարձով ապահովել իր անձնակազմին։

Ինչպես հավաստիացնում է համայնքի ղեկավար Իգնատ Լալայանը՝ գյուղը ֆոնդային բյուջե չունի, և ֆինանսական հարցերը կարգավորում է պետական դոտացիայի օգնությամբ, որը տարվա կտրվածքով կազմում է մոտավորապես չորս միլիոն ութ հարյուր հազար դրամ։ Այս գումարի ահռելի մասը գնում է աշխատավարձերի վճարմանը, մի չնչին հատվածն էլ՝ գյուղական մանր-մունր ծախսերին (լույս, վառելիք, հեռախոսակապ, տրանսպորտային ծախսեր և այլն)։

Ստացվում է, որ  Քարահունջի համայնքը, չունենալով եկամտի հավելյալ աղբյուրներ, ինքնաբավ չէ և չի կարող թեկուզ մի ամիս գոյատևել  առանց պետական միջոցների։ Սրան գումարած՝ գյուղը գնալով դատարկվում է։ Պաշտոնական տվյալներով ունի 209 բնակիչ, բայց դրա ուղիղ կեսն է գյուղում բնակվում։ Դպրոցում էլ իրավիճակն այնպիսին է, որ մի ուսուցչին մի աշակերտ է բաժին ընկնում, դե իսկ որակի մասին գերադասում եմ չխոսել։ Բոլորը պատրաստակամ են ժամ առաջ հեռանալ գյուղից, ավագ սերունդը ցավով է դա տանում, բայց ոչինչ ասել չի կարող։ Ի՞նչ պետք է ասի մի  մարդ, ում երեք  որդիներից և ոչ մեկը այդ գյուղում չի բնակվում։

Share

Comments are closed.