Նախնական քվեարկության արդյունքներով Ալիևն իշխանափոխության համար ստացել է բավարար մեծամասնություն

Տեղական ընտրական հանձնաժողովի անդամները հաշվում են քվեաթերթիկները` փետրվարի 9-ին Բաքվում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո

Արտահերթ ընտրություններից հետո իշխող «Նոր Ադրբեջան» (ՆԱ) կուսակցությունը մեծամասնություն կկազմի կովկասյան այս երկրի միապալատ պառլամենտում, ինչն էլ, դիտորդների գնահատմամբ, թույլ կտա   նախագահ Իլհամ Ալիևին փոփոխությունների միջոցով իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում և հեռացնել  հոր հետ առնչություն ունեցող էլիտաներին:
 
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) փետրվարի 10-ի տվյալների, որոնք հիմնված են գրեթե բոլոր ընտրատեղամասերի քվեարկության արձանագրությունների վրա, «Նոր Ադրբեջան»-ի թեկնածուները  հաղթել են և ձեռք բերել խորհրդարանական 125 տեղերից 81-ը: ԿԸՀ-ն մասնակցությունը գնահատել է 47,81 տոկոս, ինչը  գրեթե 8 տոկոսով  պակաս է  նախորդ խորհրդարանական ընտրությունների ցուցանիշից:

 Արդյունքում՝ իշխող կուսակցությունը Միլի մեջլիսում 16 տեղ ավել է ստացել, քան  ուներ նախքան արտահերթ ընտրությունները:
 
Իշխանական կուսակցությունները և թվացյալ անկախ թեկնածուները, որոնք «Նոր Ադրբեջան»-ի քաղաքականության կողմնակիցներն են, ձեռք բերեցին մնացած բոլոր տեղերը: Փետրվարի 9-ի ընտրություններն  աչքի ընկան   ընտրողների անտարբերությամբ և  այնպիսի խախտումների մասին զեկույցներով, ինչպիսին են բազմակի քվեարկությունը, ընտրատեղամասերում տեսանկարահանումների արգելքը, անկախ դիտորդների աշխատանքի խոչընդոտումը և բազմաթիվ այլ չարաշահումներ:

Նախնական զեկույցում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) և Եվրոպայի Խորհրդի դիտորդները նշում են, որ «օրենսդրական սահմանափակումները և քաղաքական միջավայրը կանխել են իրական մրցակցությունը», մինչդեռ հենց  ընտրություններն աչքի են ընկել «նշանակալի ընթացակարգային խախտումներով և սխալ հաշվարկներով»,- հաղորդվել է քվեարկության օրը:

«Քվեարկությունը «բացասական գնահատվեց» դիտարկված տեղամասերի 7 տոկոսում,- ասվում է զեկույցում ու հավելվում, որ «վիճակագրորեն բարձր ցուցանիշը» վկայում է «լուրջ  ընթացակարգային թերությունների առկայության մասին»:
Բաքվում  Ամերիկյան դեսպանատան փետրվարի 10-ի հայտարարությունում  կիսվում են  ԵԱՀԿ զեկույցում արտահայտված մտահոգությունները:

«Միացյալ Նահանգները կիսում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտավախությունները, որ փետրվարի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններն անցան օրենսդրական և քաղաքական  կաշկանդող միջավայրում, ինչն էլ կանխեց իրական մրցակցությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

«Ընտրությունները նշանավորվեցին ԶԼՄ-ների և հավաքների ազատության սահմանափակումներով: Մենք հիասթափված ենք ընտրությունների օրը ODIHR-ի կողմից դիտարկված էական ընթացակարգային խախտումներից, ներառյալ` քվեատուփերի լցոնումը, խմբային քվեարկությունը, հաշտեցման ընթացակարգերի անտեսումը և քվեների հաշվարկի ընթացքում թափանցիկության բացակայությունը»,- ասված է զեկույցում:

Քվեարկությունը բոյկոտվել է ընդդիմադիր որոշ կուսակցությունների կողմից՝  որպես լրատվամիջոցների հասանելիության և խաղաղ հավաքների իրավունքի սահմանափակումների  դեմ բողոքի նշան:

1991-ից ի վեր, երբ Ադրբեջանն անկախացավ Խորհրդային Միությունից, այս երկրում անկացվող բոլոր ընտրությունները միջազգային դիտորդների կողմից բազմիցս  գնահատվել են որպես ժողովրդավարական չափանիշներին անհամապատասխան:
 
58-ամյա Ալիևը, որն իր հոր մահվանից անմիջապես հետո շուրջ 17 տարի ղեկավարում է Ադրբեջանը, արտահերթ ընտրություններ նշանակեց դեկտեմբերին` իրական ընտրություններից ինն ամիս առաջ: Իսկ պատճառը դանդաղ տնտեսական զարգացման  հետևանքով առաջացած հանրային դժգոհությունն էր: «Նոր Ադրբեջան» կուսակցությունը հայտարարեց, որ օրենսդիր մարմնի կազմը պետք է փոխվի  Ալիևի «բարեփոխման» ծրագիրն իրականացնելու համար:
Բայց իրական փոփոխություններ իրականացնելու փոխարեն, որոնք կարող են իսկապես  ուժեղացնել երկրի երկարատև նիրհող ընդդիմությանը, վերլուծաբաններն  ու ընդդիմության առաջնորդները  նշում են, որ նախագահը հույս ունի բարձրացնել կառավարության իմիջը՝ փոխարինելով վարկաբեկված անպիտան հին վերնախավը երիտասարդ տեխնոկրատներով:
 
«Turan» անկախ լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ «միակ նպատակը մի շարք թեկնածուների դուրս մղումն է խորհրդարանից և նրանց  նորերով փոխարինելը,  ոչինչ ավելի»:
 
Քննադատներն ասում են, որ Ալիևը և նրա դաշնակիցները պարզապես  ճանապարհ են  հարթում իրավահաջորդության ապահովման համար: Մի սցենար, որը սկսվեց նախագահի հոր՝ Հեյդարի (նա սովետական ժամանակաշրջանում ԿԳԲ ղեկավար և Քաղբյուրոյի անդամ էր) մահվանից անմիջապես հետո, երբ նախագահությունն անցավ իր որդուն: 
 
«Ընդհանուր հիմնանորոգում»
 
 Մինչ Ալիևի բարեփոխումների պլանի կենսագործումը, անցյալ տարվա վերջին իրականացվել են կառավարության և նրա վարչակազմի փոփոխություններ: 62-ամյա տնտեսագետ Ալի Ասադովը նշանակվել է վարչապետի պաշտոնում:
«Սա կարելի է բնութագրել որպես «ավտորիտար արդիականացման» ջանք, ինչպես, օրինակ, նույն խիստ ավտորիտար շրջանակում հանրային ծառայություններն ավելի արդյունավետ դարձնելու փորձն էր: Դա ողջունելի է հասարակության մեծ մասի համար, բայց արդյո՞ք բավարար է: Թոմաս դե Վաալը ՝ Քարնեգի հիմնադրամի Եվրոպայի ավագ գիտաշխատողը, ով մասնագիտացած է Արևելյան Եվրոպայի և կովկասյան տարածաշրջանի հարցերում, հանգստյան օրերի քվեարկությունից առաջ հայտարարել էր.
 
«Հասկանալի է, որ կատարվում է սերնդափոխություն: Արդյո՞ք սա նաև նշանակում է Ադրբեջանում իրականացվող բարեփոխումների մեծ թափ: Կան պատճառներ, որոնք ստիպում են թերահավատ լինել»,- ընդգծել է նա՝ նշելով, որ հին պահակը  փոխարինվում է, և երկիրը վերահսկվելու է բաքվաբնակ քաղաքական էլիտայի կողմից:
Որոշ քննադատներ ասում են, որ խորհրդարանական կազմի փոփոխությամբ Ալիևի կուսակցությունը ճանապարհ է հարթում  Ալիևի կնոջ՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի համար, որպեսզի հետագայում նա ստանձնի նախագահի պաշտոնը:
 
Փաստորեն, Ադրբեջանում խորհրդարանական իշխանությունը սահմանափակ է: Կովկասյան այս երկրի քաղաքական ուժի մեծ մասը կենտրոնացած է նախագահի ձեռքում:
 
Ալիևը, ով վերընտրվել էր 2008, 2013 և 2018 թվականներին, կարողացավ ամրապնդել իր իշխանությունը 2009-ի հանրաքվեի միջոցով, ինչն էլ վերացրեց երկրի ղեկավարի երկու անգամից ավելի վերընտրվելու արգելքը և 2016-ի հանրաքվեով, որի արդյունքում նախագահական ժամկետը երկարացվեց և դարձավ յոթ տարի:
 
Փետրվարի 9-ին՝ ընտրատեղամասերը բացելուց մի քանի ժամ հետո, արդեն իսկ փոքրաթիվ բողոքներ կային:
Որոշ անկախ դիտորդներ ասում են, որ նկատել են կարուսելի քվեարկության դեպքեր, երբ մարդիկ այցելում են բազմաթիվ ընտրատեղամասեր և միանգամից մի քանի քվեաթերթիկներ  գցում քվեատուփ:
 
Թեկնածուներից մեկը հայտնել է, որ տեսել է, թե ինչպես են շտապօգնության ավտոմեքենաները ընտրողներին տեղափոխել տարբեր  ընտրատեղամասեր:
 
Թեկնածուներից մեկի  վստահված անձն ասել է, որ իրեն ծեծի են ենթարկել և դուրս հանել այն ընտրատեղամասից, որը նա փորձում էր դիտարկել: Մյուս դիտորդներն ասում են, որ իրենց թույլ չի տրվել մտնել ընտրատեղամասեր կամ կարգադրվել է մնալ որոշակի տեղերում: «Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտ»-ը կիսվել է մի քանի տեսանյութերով, որտեղ երևում է, թե ինչպես են խոչընդտում ընտրատեղամասերում ձայնագրություն իրականացնող դիտորդներին: Տեսախցիկները արգելափակվել էին քվեարկության ավելի քան 1000 վայրերում, որտեղից պետք է ուղիղ եթեր ապահովվեր:
 
Բլոգեր Բախտիյար Հաջիևը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է, որ սկզբում նրան թույլ չեն տվել քվեարկել Բաքվի ընտրատեղամասում և ասել են, որ ինքը ճիշտ չի գրանցվել: Բայց հետագայում ընտրական մի պաշտոնյա ճշտել է, որ ընտրատեղամաս մուտքը սահմանափակվում է նախագահ Ալիևի ՝ քվեարկության գալուց առաջ:
Մինչդեռ, ակնհայտ է` մայրաքաղաքի հյուսիս-արևելքում գտնվող Սուրախանի և Հովսանի որոշ ընտրատեղամասերում էլեկտրաէներգիայի ավելի քան կես ժամ դադարեցումն ինչի համար է արվել:
 
Ընտրական պաշտոնյաները գրանցել են 1637 թեկնածու: Ընդհանուր 19 քաղաքական կուսակցություններից մասնակցել են 272 թեկնածուներ: Այդ թվում՝ իշխող  «Նոր Ադրբեջան»-ի 123 թեկնածուներ, ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունից` 25 և ընդդիմադիր «Հույս» (UMID) կուսակցությունից` 21:
 
Շուրջ 81 օրենսդիր` ընթացիկ խորհրդարանի մոտ երկու երրորդը, վերընտրվել է:
 
 
 
Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը
 
Սկզբնաղբյուրը` Radio Free Europe
 
 
 
Share

Comments are closed.