Էրդողանը և Պուտինը դեռևս դիմանում են հաշվարկային ամուսնությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինա կատարած իր վիճահարույց այցից հետո փետրվարի 4-ին դիմել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին

 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինա կատարած իր վիճահարույց այցից հետո փետրվարի 4-ին դիմել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ պարզելու Սիրիայի հարցի շուրջ տարաձայնությունները և ցույց տալու, որ նրանց գործընկերությունն ու համագործակցությունը շարունակական են:
 
Այդ քայլը կանխատեսելի էր նրանց համար, ովքեր տեղյակ են թուրք-ռուսական հարաբերությունների բնույթին և կառուցվածքին: Ինչպիսին էլ լինեն եվրասիական աշխարհաքաղաքականության երկու հիմնական դերակատարների հակասական շահերն ու տեսլականները, Էրդողանը չի կարող իրեն թույլ տալ Պուտինին  հակառակվելու շռայլությունը:

Էրդողանի` փետրվար 3-ին Ուկրաինա կատարած այցը նշանավորվեց խորհրդանիշներով և հայտարարություններով, որոնք առաջացրին Ռուսաստանի զայրույթը: Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման  անօրինականության մասին նրա պնդումը չնայած որ առաջինը չէր, սակայն  նշանակալից  էր,  քանի որ համընկավ Ռուսաստանի աջակցությունը վայելող սիրիացի ուժերի Իդլիբում  իրենց դիրքերն ամրապնդելու հետ, ինչը դարձավ նաև  տարածաշրջանում գտնվող թուրք զինծառայողների մահվան պատճառը:
 
Էրդողանը բարևեց ուկրաինական պատվո պահակին «Սլավա Ուկրաինա» (Փառք Ուկրաինային) կարգախոսով, ինչը Երկրորդ աշխարհամարտի տարիներին օգտագործվում էր ազգայնամոլ ուկրաինացիների կողմից: Ներկայումս նման  արտահայտության կիրառումը Մոսկվայի համար ուկրաինական ազգայնականության հակառուսական դրսևորումն է: Թուրքիայի կողմից Կիևին մոտ 34 միլիոն դոլարի ռազմական օգնություն ցուցաբերելու հանձնառությունը թուրք-ռուսական հարաբերություններում ընդլայնվող ճեղքի ևս մեկ նշան է, որն էլ ավելի է խորացել վերջերս Իդլիբում տեղի ունեցած զարգացումների հետևանքով:
 
Կիևում թուրքական ժեստերը հատեցին ռուսական կարմիր գծերը, ապա Թուրքիան հարվածեց Իդլիբի ռուսական պատին: Այսպիսով, Էրդողանն Անկարա վերադառնալուն պես վերցրեց  հեռախոսը և Պուտինին  հավաստիացրեց թուրք- ռուսական գործընկերության նկատմամբ մեծ հավատ ունենալու մասին: Նա գիտեր, որ  հենց Ռուսաստանն էր գլխավորում Իդլիբում կատարված վերջին ռազմական հարձակումը, որը վտանգեց Թուրքիայի ռազմական ներկայությունը, բայց նաև ձևացրեց, թե  Սիրիայի կառավարական ուժերն են խախտում 2018-ի սեպտեմբերին Սոչիում Թուրքիայի և Ռուսաստանի միջև համաձայնեցված սկզբունքները:
 
Ելույթ ունենալով փետրվարի 5-ի առավոտյան` Էրդողանը նախազգուշացրեց, որ Թուրքիան ռազմական գործողություններ կձեռնարկի սիրիական ռեժիմի դեմ, եթե  վերջինս մինչև փետրվարի ավարտը չհեռացնի իր ուժերը թուրքական դիտակետերի մերձակայքից:
 
Նա  փորձում էր նախագահ Բաշար Ասադի ռեժիմը զգուշորեն տարանջատել ռուս աջակիցներից: Նույնիսկ Անկարայի իր ելույթից առաջ` Կիևից վերադառնալու ճանապարհին, որոշ ընտրված լրագրողների հետ զրույցում Էրդողանը միանշանակ ընդգծեց ռուս-թուրքական բազմակողմանի հարաբերությունների կարևորությունը: Նա շեշտեց Թուրքիայի` Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը, ինչպես նաև նրանց բացառիկ հարաբերությունների աշխարհաքաղաքական արժեքը: «Նա, ով բարկությամբ է կանգնում, նստում է կորստով»,- ասել էր նա՝ օգտագործելով թուրքական ասացվածքը ազդարարելու, որ Թուրքիան չի կարող թույլ տալ Ռուսաստանի հետ առճակատում:
 
Այնուամենայնիվ, Սիրիայի շուրջ բարձր լարվածության պայմաններում, որտեղ արդեն սպանվել են ութ թուրք զինծառայողներ, ռուս-թուրքական հարաբերությունները հեռու են միանշանակ լինելուց: Իմ լավ ընկեր և գործընկեր Դեյվիդ Գարդները, Financial Times-ի արտաքին քաղաքականության խմբագիրը, ով երկու տասնամյակ շարունակ Բեյրութից հետևում է մերձավորարևելյան զարգացումներին, փետրվար 4-ի համարում գրել է. «Մերձավոր Արևելքի խճճված աշխարհաքաղաքականությունը կարող է նոր փուլ մտնել: Թուրքիան Սիրիայում բախվել է  Ռուսաստանի` իր տարածաշրջանային դաշնակցի հետ, մի վայր որը հող է նախապատրաստում Ռուսաստանի համար դառնալու  գերտերություն և թույլ է տալիս Անկարային տրվել իր նեոօսմանյան նոստալգիային: Այս պատմությունը վաղուց արդեն ցնցումներ է առաջացրել, որի էպիկենտրոնը Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբն է»:
 
 
Իդլիբում Ռուսաստանի հետ բախումը չի նշանակում, որ ավարտվել է Ռուսաստանի հետ Թուրքիայի սիրիական սագան:  Չնայած Սիրիայում թուրք-ռուսական գործընկերությունն ավելի շատ աշխարհաքաղաքական դասավորություն է,  քան դաշինք, Իդլիբում վերջին զարգացումները ցույց են տալիս, որ իրերի նման դասավորվածությունը դեռ երկար կմնա: Ավելին` Սիրիայում Ռուսաստանի հետ ոչ ֆորմալ աշխարհաքաղաքական դասավորվածությունն ապացուցեց, որ Թուրքիայի համար  Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի գործառնական և գերադասելի են, քան ԱՄՆ-ի հետ պաշտոնական դաշինք ունենալը:
 
Այդ պատճառով էլ, «Daily Sabah» պարբերականի ամենից շատ մեջբերվող խմբագիր Բուրհանեթին Դուրանը, ով  «Էրդողանի խոսափող»-ն է  նշում է, որ Թուրքիան շեղվում է իր արևմտյան քաղաքականությունից :
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դժգոհ լինելով Ռուսաստանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումներից, հրապարակայնորեն արտահայտեց իր հիասթափությունը այն բանից հետո, երբ Մաարեթ ալ-Նումանը տեղի տվեց  Ասադի ռեժիմին»,- գրել է նա: Հոդվածում արտացոլված են Էրդողանի ճամբարի հիասթափությունը և Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ առկա խառնաշփոթը: Միացյալ Նահանգների և Արևմուտքի կողմից  անընդհատ քննադատությունները ստիպում էին Թուրքիային գնահատել  Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Ո՛չ Էրդողանը, ո՛չ Պուտինը չեն կարող իրենց թույլ տալ վերջ դնել ներկայիս աշխարհաքաղաքական դասավորությանը, և ոչ էլ շահագրգռված են դրանով զբաղվել:
 
«Պուտինի համար դժվար է աշխատել Էրդողանի հետ, ով խիստ նյարդայնացնում է նրան, բայց նա այլընտրանք չունի: Ռուսաստանը չի կարող գործել Մերձավոր Արևելքում, եթե դա հակասում է Թուրքիայի  շահերին, հակառակ դեպքում դա կհանգեցնի մեծ խնդիրների»,- «Bloomberg»-ի փոխանցմամբ՝ ասել է Կրեմլի նախկին խորհրդական Գլեբ Պավլովսկին:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 6-ին հայտարարություն է տարածել Իդլիբում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ շեշտելով Ռուսաստանի նվիրվածությունը Թուրքիայի հետ համագործակցությանը: «Մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը Աստանայի ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածություններին և փոխըմբռնումներին, որոնք նախատեսում են Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի անհրաժեշտություն՝ հարգելով երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
 
Նույն հայտարարությունը, սակայն, ակնհայտորեն սատարում է Սիրիայի կառավարական զորքերի հարձակումը Իդլիբում, որն ի վնաս Թուրքիայի ռազմական ներկայության է, և խստորեն քննադատում է  Իդլիբում թուրքական ներկայությունը: «Զինված կազմավորումների մի մասի  տեղափոխումը  քիչ լարված գոտուց դեպի նախ Սիրիայի հյուսիս-արևելք, իսկ հետո՝ Լիբիա, արմատականների կենտրոնացումը հասցրեց կրիտիկական կետի»,- ասված է հայտարարության մեջ: «Այս պայմաններում կառավարական ուժերը ստիպված էին արձագանքել, որպեսզի ահաբեկչական  ցասումից պաշտպանեն հարյուր հազարավոր սիրիացիների կյանքը»:
 
Եթե Պուտինն Էրդողանի հետ գործ ունենալիս լեզուն կծում է, Ռուսաստանը կարծես թե պարտադրում է Էրդողանին կուլ տալ Իդլիբում ռազմական իրավիճակի վերաբերյալ իր սպառնալիքները:
 
Փետրվար 5-ի իր ելույթի ժամանակ Էրդողանն ասել է. «Այս պահի դրությամբ մեր դիտորդական 12 դիտակետերից երկուսը կանգնած են ռեժիմի գծերի հետևում: Հուսով ենք, որ ռեժիմը դուրս կբերի իր զորքերը մեր դիտակետերից մինչև փետրվարի վերջ: Եթե ռեժիմը հետ չքաշվի, Թուրքիան ստիպված կլինի գործի անցնել»:
 
Իրականում, այն բանից հետո, երբ կառավարական ուժերը Մաարեթ ալ-Նումանը գրավելուց հետո Սարաքիբ քաղաքն ընտրեցին որպես հաջորդ թիրախ,  Անկարան Իդլիբ էր ուղարկել հինգ ռազմական ուղեկցորդ, այդ թվում՝ 320 զրահատեխնիկա և ծանր հրետանի: Սարաքիբը գտնվում է Հալեպի հարավային ծայրամասում  և երկու ռազմավարական մայրուղիների հանգույցում է՝ M5-ի և M4-ի, որոնք համապատասխանաբար կապում են Հալեպը մայրաքաղաք Դամասկոսին և Լաթաքիային:
 
Եթե Էրդողանը հավատարիմ մնա իր` փետրվարի 5-ի նախազգուշացմանը, ապա Սարաքիբի պաշարումը և, ի վերջո, գրավումը, ենթադրում է պատերազմի մեկնարկ Ռուսաստանի սիրեցյալ Թուրքիայի և  Ռուսաստանի  աջակցություն վայելող Սիրիայի միջև: Սակայն Էրդողանի հայտարարության ավելի ուշադիր ուսումնասիրությունը կարող է որոշակի թեթևություն բերել: Նա  սպառնալու փոխարեն «հույս» է հայտնել ռեժիմի ուժերը դուրս բերելու վերաբերյալ՝ ասելով, որ «եթե ռեժիմը չհեռանա»: Նա նաև ասաց, որ «Թուրքիան պարտավոր կլինի գործերը վերցնել իր ձեռքը», առանց մանրամասնելու` թողնելով Թուրքիայի արձագանքը երկիմաստ:

Ռազմական դաշտում սիրիական ռեժիմի գործունեությունը կարող է հաստատել այն գնահատականները, որ ռեժիմը շահագրգռված է Իդլիբի խնդրի արագ ռազմական լուծմամբ` կանխելու տարածաշրջանում նոր թուրք-ռուսական գործարքը:

Իդլիբում ռազմական իրավիճակը վերածվում է ժամանակի դեմ կատաղի մրցավազքի: Այն դարձել է փորձաքար ոչ միայն Թուրքիայի, կամ Էրդողանի սիրիական քաղաքականության սահմանների, այլև Պուտինի` որպես Սիրիայում նոր միջնորդ ուժի դերի  համար:
 
 
 
Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը
 
Սկզբնաղբյուրը`Al-Monitor
 
 
 
 
 
 
 
 
Share

Comments are closed.