Ընտրություններ Արցախում և հանրաքվե Հայաստանում.

նոր մարտահրավերներ լրատվամիջոցների համար

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեդիափորձագետ
Երևան
 
 
Հայկական երկու պետություններում՝ Հայաստանում և Արցախում մեկ շաբաթվա ընթացքում երկու (եթե ավելի մանրամասնենք՝ երեք) կարևոր քաղաքական իրադարձություն է լինելու. 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրություններն են (մանրամասնենք ասելով հենց սա նկատի ունեի՝ նույն օրը երկու ընտրություն է), իսկ դրանից ընդամենը մի քանի օր անց՝ ապրիլի 5-ին, Հայաստանում անց է կացվելու ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու հարցով հանրաքվե:

Բնականաբար, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ամբողջ մարտ ամսին այդ իրադարձություններն են լինելու: Ընդ որում՝ Հայաստանում հանրաքվեի պաշտոնական քարոզարշավը տևելու է, ըստ էության, մեկուկես ամիս` փետրվարի 17-ից մինչև ապրիլի 3-ը ներառյալ, իսկ Արցախում քարոզարշավի պաշտոնական մեկնարկը փետրվարի 26-ին է։ Այն կտևի մեկ ամիս՝ մինչև մարտի 29-ը ներառյալ:
 
Երկու քաղաքական իրադարձություններում էլ կարևոր դեր ունեն լրատվամիջոցները: Ինչպե՞ս կաշխատեն դրանք այս լարված իրավիճակում. փորձենք պատկերացնել և ապա՝ մի ցանկություն հայտնել:
 
Օրենսդրական կարգավորումները և՛ Հայաստանում, և՛ Արցախում, ըստ էության միանման են։ Ընդ որում, ըստ «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի՝  «Զանգվածային լրատվության միջոցներով իրականացվող քարոզչության, ինչպես նաև քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի օգտագործման նկատմամբ կիրառվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզչության համար սահմանված կանոնները, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ: Քարոզչության կողմերին զանգվածային լրատվության միջոցներով անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և ժամերի քանակը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»: Այս օրենքը սահմանում է նաև՝ հանրաքվեի քարոզչության կողմերին Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով անվճար և վճարովի եթերաժամանակ տրամադրելու քանակը:
 
Արցախի «Ընտրական օրենսգիրքը», որն ընդունվել է 2019 թվականի հուլիսի 22-ին, նույնպես սահմանում է նախընտրական քարոզչության կարգն ու պայմանները, ապահովում է նախագահի թեկնածուների  և ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների)՝ Արցախի Հանրային հեռուստատեսությունից և Հանրային ռադիոյից հավասար պայմաններով, վճարովի և անվճար օգտվելու հնարավորություն: ԱՀ Ընտրական օրենսգիրքը հատուկ շեշտում է. «Արցախի Հանրային ռադիոյի և Հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդումներում Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզարշավի վերաբերյալ ներկայացվում է անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն» (հոդված 20): ՀՀ ընտրական օրենսգիրքը անկողմնակալության դրույթը տարածում է նաև մասնավոր հեռուստառադիոընկերությունների վրա: Արցախում այդպիսիք չկան, և պարզ է, որ Հանրային ռադիոյի և Հանրային հեռուստատեսության ազդեցությունը ընտրողների վրա բավականին մեծ է լինելու:

Բացի Հանրային հեռուստատեսությունից ու ռադիոյից` Արցախում գործող լրատվամիջոցներից առավել տարածված են «Ազատ Արցախ» պետական թերթը, կուսակցական «Ապառաժը» (ՀՅԴ) և մի քանի մասնավոր կայքեր, օրինակ՝ «Արցախպրեսն» ու «Արցախինֆոն», ինչպես նաև «Անալիտիկոն» ամսագիրը: Հնարավոր է այդպես լինի նաև Արցախում. ընտրարշավի ընթացքում հայտնվեն այս կամ այն թեկնածուին սատարող առցանց նոր լրատվամիջոցներ: 

Եթե չլիներ նույն ժամանակաշրջանում Հայաստանում կազմակերպվելիք հանրաքվեի քարոզչությունը, ապա հայաստանյան լրատվամիջոցներն ավելի մեծ ուշադրություն կդարձնեին Արցախի ընտրություններին: Ընդ որում՝ կաշկանդված չլինելով ԱՀ Ընտրական օրենսգրքի կարգավորումներով, այս լրատվամիջոցները քարոզչության լուսաբանումը կարող էին իրականացնել ըստ իրենց հայեցողության և քանի որ լայնորեն տարածվում են նաև Արցախում, ազդել ընտրողների վրա:

Սակայն հիմա կարելի է ենթադրել, որ հայաստանյան լրատվամիջոցները, հատկապես հեռուստաընկերությունները, ավելի մեծ ուշադրություն են դարձնելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ հընթացս հետևելով Արցախում տեղի ունեցող ընտրարշավին:
 
Կարելի է ենթադրել, որ այդ ընտրարշավին, հայաստանյան հանրաքվեին զուգահեռ, մեծ ուշադրություն կդարձնեն հատկապես Հայաստանում գործող առցանց լրատվամիջոցները: Եվ քանի որ Արցախում այդպիսիք քիչ են, իսկ մարդիկ սովորել են նաև տեղեկություններ ստանալ համացանցից, ապա հայաստանյան առցանց մեդիան կարող է որոշակի ազդեցություն ունենալ արցախցի ընտրողների վրա:
 
Հայաստանում ընտրարշավների և հանրաքվեների քարոզչության լուսաբանման բավականին հարուստ փորձ կա արդեն, և կարող ենք ենթադրել, որ հիմնականում այն կլինի օրենքի շրջանակներում: Հնարավոր է, որ էթիկական սկզբունքները՝ օրինակ «Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի» 7-րդ բաժնի դրույթները, Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի մշակած «Ընտրությունների և հանրաքվեների լուսաբանման ուղեցույցը» ու ԵՄԱ նախաձեռնությամբ 2018 թվականի խորհրդարանական ընտրություների լուսաբանման հուշագիրը նույնպես դեր կատարեն ընտրությունների էթիկական կողմը ապահովելու համար: Երևանի մամուլի ակումբը հանրաքվեի քարոզչության մոնիտորինգ է իրականացնելու, և արդյունքները ցույց կտան մեդիայի աշխատանքի բնույթը:
 
Ինչ վերաբերում է Արցախին, ապա այստեղ ամեն ինչ ավելի բարդ է, քանի որ առաջին անգամ գործող նախագահը ոչ միայն չի առաջադրվել, այլև չի հայտարարել, (համենայն դեպս՝ հրապարակավ), թե ում է պաշտպանում կամ տեսնում իրեն փոխարինողի դերում: Այսինքն՝ պայքարը, հատկապես նախագահական ընտրություներում, թեժ է լինելու: Եվ Արցախի հանրային հեռարձակողներն ու  պետական թերթը ամեն ինչ պետք է անեն օրենքի կարգավորումների շրջանակում մնալու և որևէ թեկնածուի կամ քաղաքական ուժի առավելություն չտալու համար:
 
Սա, հատկապես Արցախի Հանրային հեռուստատեսության (և ռադիոյի) համար, դժվարին խնդիր է լինելու. նման եզրակացության ենք եկել հեռուստատեսության լուսաբանումների մինչ այժմ եղած փորձին հետևելով:
 
Եվ այսուհանդերձ, նկատի ունենալով Արցախի՝ հատկապես արտաքին քաղաքական մարտահրավերները, շատ կցանկանայինք, որ այստեղ ընտրարշավում պահպանվի կոռեկտությունը, բացառվեն փոխադարձ վիրավորանքները, միմյանց հասցեին «սև» ՓիԱռ-ին բնորոշ մեթոդներով անանուն տեղեկություններ տարածելը, սեփական վարկանիշի մասին, դարձյալ առանց հղման կամ անանուն, կեղծ և ուռճացված արդյունքներ հրապարակելը (այս ամենը նկատվել է մինչ պաշտոնական քարոզարշավի սկիզբը եղած որոշ հրապարակումներում) և ամենակարևորը՝ զերծ մնան Հայաստանի տպագիր և առցանց ԶԼՄ-ներն այդ նպատակներով օգտագործելուց:
 
Արցախում ընտրությունների վերաբերյալ հատկապես արտասահմանյան դիտորդների գնահատականի համար հիմք է ծառայելու նաև լրատվամիջոցների աշխատանքը: Ուստի քարոզչության պաշտոնական ժամանակաշրջանը նորմալ անցկացնելու համար մենք կառաջարկեինք նախագահի թեկնածուներին, ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին և Արցախում գործող լրատվամիջոցներին՝ ստորագրել եռակողմ հուշագիր՝ ընտրարշավի ընթացքում հիշատակածս բացասական երևույթները բացառելու համար: Կարծում եմ, ճիշտ կլինի, որ նման նախաձեռնությունը գա նախագահի թեկնածուներից:
 
Հուշագիրը պետք է ներառի կամավոր ստանձնվող պարտավորություններ նախագահի թեկնածուների, Աժ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի համար՝ հատկապես մրցակիցների նկատմամբ հարգալից լինելու և կոռեկտություն պահպանելու առումով: Իսկ ամենակարևորը՝ քարոզարշավը լուսաբանող արցախյան լրատվամիջոցները այդ հուշագրով կամավոր պետք է ստանձնեն պարտավորություններ, որով Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն կխոստանան մնալ օրենքի կարգավորումների շրջանակում, նրանք և մյուս լրատվամիջոցները՝ բացառել խտրական վերաբերմունքն ու հավասար պայմաններով լուսաբանել բոլոր թեկնածուների և քաղաքական ուժերի ընտրարշավը:
 
Մասնավորապես, «Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի» 7-րդ՝ «Ազնվություն ընտրությունները և հանրաքվեները լուսաբանելիս» բաժինը, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի մշակած՝ «Ընտրությունների և հանրաքվեների լուսաբանման ուղեցույցը»  ու ԵՄԱ նախաձեռնությամբ ընդունված և մի շարք լրատավմիջոցների ստորագրած 2018 թվականի խորհրդարանական ընտրություների լուսաբանման հուշագիրը կարող են Արցախում քարոզչության և ընտրությունների լուսաբանման մեր առաջարկած եռակողմ հուշագրի՝ ԶԼՄ-ներին վերաբերող հատվածի համար օրինակ ծառայել:
 
 
 
Share

Comments are closed.