Հայաստանի տեղեկատվական անվտանգությունը և նրա սպառնալիքների աղբյուրները

Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան
 
Հայաստանի տեղեկատվական անվտանգությունը երկրի ղեկավարության և հայ հասարակության համար շարունակում է անհանգստության լուրջ առիթ լինել։ Գաղտնիք չէ, որ սրընթաց զարգացող և համաշխարհայնացող աշխարհում տեղեկատվական անվտանգության ապահովումը յուրաքանչյուր զարգացող և զարգանալ պատրաստվող պետության գլխավոր առաջնահերթություններից է։ Այս առումով Հայաստանում տիրող դրությունը լավագույնը չէ՝ հաշվի առնելով տեղեկատվական անվտանգության և՛ արտաքին, և՛ ներքին սպառնալիքների առկայությունը։ Սա նախ՝ պայմանավորված է 2018 թ. գարնանը երկրում տեղի ունեցած իշխանափոխությամբ և այդ պահից սկսած նախկին և գործող իշխանությունների կողմնակիցների միջև ծավալված անընդհատ տեղեկատվական պատերազմով։   

«ESET» միջազգային համացանցային հակավիրուսային կազմակերպության անցած տարվա դեկտեմբերին հրապարակած տվյալների համաձայն՝ հայաստանյան կազմակերպությունների համարյա 90 տոկոսը բախվել է արտաքին, իսկ 40 տոկոսը՝ ներքին կիբերսպառնալիքների։ «ESET»-ի փորձագետների գնահատմամբ` տվյալ տեսակի նպատակի հասած կիբերսպառնալիքների հետևանքները կարող են ոչ միայն նյութական լուրջ վնաս պատճառել, այլև խիստ բացասաբար անդրադառնալ հայկական ընկերությունների վարկանիշին։ Ուշագրավ է, որ հարցումների միջոցով կատարված հետաքննության համաձայն այս իրավիճակում են հայտնվել հարցվածների 32 տոկոսը։ Հիշյալ հետաքննությունը թույլ է տվել փակել հայտնաբերված խոցելիությունների հիմնական խողովակները և անգամ կազմել աշխատակիցների հնարավոր վտանգավոր գործողությունների կանխատեսումը՝ DLP տեխնոլոգիաների կիրառմամբ։   Մինչդեռ, օրինակ, Բելառուսում DLP-ն օգտագործում են ընկերությունների ընդամենը 6 տոկոսը, իսկ Ուզբեկստանում և Ադրբեջանում՝ 3 տոկոսը։ Այս օրինակը ցույց է տալիս, որ Հայաստանում ձեռներեցությունը արդյունավետ և համարժեք կերպով է կարգավորում սեփական տեղեկատվական անվտանգության հարցերը։ Ցավոք, պետության պարագայում նույնը պնդել չենք կարող։
 
2020 թ. սկիզբը նշանավորվել է մի աղմկահարույց միջադեպով, որի կենտրոնում են հայտնվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և անգամ հայ-իրանական հարաբերությունները։ Միջադեպի հեղինակը մի պարոն էր, որը «Դիանա Հարությունյան» անունը կրող ֆեյսբուքյան կեղծ էջում «տեղեկություն» է տարածել, թե Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ-ին՝ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության կապակցությամբ։ Կեղծիքը կայծակնային արագությամբ տարածել են ադրբեջանական և անգամ իրանական ԶԼՄ-ները, որից հետո Հայաստանի վարչապետը ստիպված էր անձամբ հերքել «Դիանա Հարությունյանի» տարածած ապատեղեկատվությունը։ Վերջինս երկու օր անց արդեն ձերբակալված էր. կեղծ օգտատերը խոստովանել է, որ իր էջում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին պարբերաբար զետեղել է գործող իշխանությանը վարկաբեկող նյութեր։ «Դիանա Հարությունյանին» առաջադրվել է ազգամիջյան, ռասայական կամ կրոնական ատելության բորբոքման  և համակարգչային տեղեկատվության ապօրինի օգտագործման մեղադրանքը։
 
Բարեբախտաբար, հնարավոր է եղել խուսափել խնդիրներից Հայաստանի բարեկամ- հարևան Իրանի հետ հարաբերություններում։ Իրանում արագ են հասկացել, թե որտեղից է ծլել այդ ապատեղեկատվությունը։ Այսպիսով, տվյալ խնդրի պատճառներն ու հետևանքները հարկ է որոնել ոչ թե Իրանում կամ՝ ապատեղեկատվությունը հնարավորինս տարածել ջանացած Ադրբեջանում։ Խնդրի պատճառները Հայաստանում են, ընդ որում՝ ոչ միայն ի դեմս «Դիանա Հարությունյանի», այլև՝ երկրի կառավարության։ Կառավարությունը և բոլոր համապատասխան պետական կառույցները լավագույնս տեղեկացված էին «Նոր Հայաստան»-ի նկատմամբ անհաշտ թշնամանքով տրամադրված և նրան վնասելուն պատրաստ քաղաքացիների գոյության մասին։ Նախ՝ հենց ՀՀ ԱԳՆ-ն կամ, անհրաժեշտությամբ դեպքում, անձամբ վարչապետը չպետք է ուշացնեին պաշտոնական արձագանքը Սուլեյմանիի սպանության առթիվ՝ չսպասելով քոչարյանական ֆեյքերի սադրիչ մեկնաբանությունների անարգել տարածմանը։ «Դիանա Հարությունյանը» բացահայտել է առկա խորքային խնդիրները՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում Հայաստանի խոցելիությունը։ Մեկ անանուն ֆեյքն իրար է խառնել երկրի ողջ բարձրագույն ղեկավարությունն ու հասարակությունը և սպառնալիք է ստեղծել Հայաստանի և Իրանի միջպետական հարաբերություններին։ Այս ամենը տեղի է ունեցել պետական մարմինների ոչ բավարար ակտիվ աշխատանքի հետևանքով։
 
Հիշյալ իրավիճակի առաջացման մեկ այլ աղբյուրը՝ Հայաստանում անկախ, ուստի և արժանահավատ տեղեկատվության աղբյուրների սակավությունն է։ Հայկական ԶԼՄ-ների ճնշող մեծամասնությունը պատկանում է «նախկիններին»՝ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շրջապատին։ Այս բոլոր այսպես կոչված «ԶԼՄ»-ների գլխավոր առաքելությունը գործող իշխանությանը և անձամբ Նիկոլ Փաշինյանին վարկաբեկող ապատեղեկատվության  տարածումն է։  Օգտագործվում է տառացիորեն ամեն ինչ՝ փաստերը, ճշմարտությունը, կեղծիքն ու սուտը, ավելի հաճախ՝ ծախու աշխատակիցների հիվանդ երևակայության ծնած ստահոդ զազրախոսությունը։ Այդ համակարգված և նպատակուղղված գործունեության հետևանքով Հայաստանի տեղեկատվական դաշտը ողողված է ստով, որի միջից հազիվ են նշմարվում ճշմարտության հատիկները։ Տեղեկատվության սովորական սպառողի համար գործնականում անհնարին է համատարած ստի ծովում նկատել, զանազանել և տարանջատել ճշմարտության այդ հատիկները։ Հենց այդ պատճառով՝ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների արժանահավատ տեղեկատվության բացակայության և ՀՀ ղեկավարության դիրքորոշման մասին պաշտոնական հաղորդագրության հապաղման պայմաններում «դիանա հարությունյանների» ապատեղեկատվության սպառողները հեշտորեն հավատացել և տարածել են ակնհայտ ստահոդ լուրը։ Որպես հետևանք՝ պետությունը տեղեկատվական անվտանգության ոլորտում լուրջ թերությունների և բացթողումների պատճառով կանգնել է ազգային անվտանգության հերթական մարտահրավերի առջև։
 
Այս խորքային խնդիրը հնարավոր չէ լուծել սոսկ քոչարյանական և սարգսյանական ֆեյքերի բացահայտմամբ և կալանավորմամբ։ Այնուամենայնիվ, այդ խնդրի լուծումը գոյություն ունի։ Պետությունը պետք է աջակցի նոր ԶԼՄ-ների ստեղծմանը և գոյություն ունեցող արժանահավատ տեղեկատվության աղբյուրներին։ Դա կարելի է անել պետական՝ ոչ անպայման ֆինանսական աջակցության, այլ  անհրաժեշտ արտոնությունների տրամադրման միջոցով։ ԶԼՄ-ները ձեռներեցության տեսակ դիտող այժմյան մոտեցումը պետք է փոխվի։ Եվ ամենագլխավորը՝ բոլոր պետական գերատեսչությունների և իշխանության մարմինների մամուլի ծառայությունները պետք է ակտիվ և նախաձեռնող լինեն առաջին իսկ հայցով՝ բոլոր ԶԼՄ-ներից առաջ  արժանահավատ տեղեկատվություն տրամադրելու հարցում։ Հենց պաշտոնական տեղեկատվության բացակայությունն է ստիպում օգտատերերին այն այլուր որոնել, ինչն ինքնաբերաբար նպաստում է «դիաննա հարությունյանների» բազմացմանը։ Իրերի այս դրությունը և տեղեկատվական անվտանգության մեջ առկա խոցելիություններն անհատ ֆեյքերին թույլ են տալիս այն ավելի խարխլել։ 100 տոկոսով բացառել՝ այդ թվում և ադրբեջանցի ֆեյքերի գործունեությունը, անհնար է, բայց այն նվազագույնի հասցնելը միանգամայն իրատեսական է։  Առաջնահերթորեն հարկավոր է տեղեկատվական հոսքերի հստակ ու բաց ձևավորման և հասարակության մեդիագրագիտության բարձրացման միջոցով ստեղծել օրենսդրորեն և գործնականորեն նպաստավոր միջավայր ԶԼՄ-ների օպերատիվ աշխատանքի համար։ Այսինքն՝ պետք է պայքարել ոչ թե ֆեյքերի, այլ նրանց ծնող պատճառների դեմ։ Իսկ այդ պատճառներն, ինչպես տեսնում ենք, մակերեսին են։
 
Ստահոդ ապատեղեկատվության աղբյուրների դեմ պետության մյուս հարվածը պետք է լինի ԶԼՄ-ների ֆինանսավորման աղբյուրների և մեդիաշուկայում դրամական միջոցների շրջանառության վրա լիակատար վերահսկողության հաստատումը։ Մեդիաշուկայի աշխատանքը Հայաստանում նույնպես ունի կարգավորման անհրաժեշտություն՝ հաշվի առնելով ապօրինի ճանապարհով կուտակված բավականին մեծ ստվերային միջոցների շրջանառությունը։ Այս գումարները ոչ մի հաշվետվության մեջ չեն արտացոլվում, բայց, այնուամենայնիվ, ապահովում են մի շարք ԶԼՄ-ների գործունեությունը։ Այդ ուղղությամբ ևս մի քայլ է պետք՝ գովազդային շուկայի կարգավորումը՝ շրջանառվող միջոցները «ստվերից» դուրս բերելու և հայկական ԶԼՄ-ների իրական սեփականատերերին բացահայտելու համար։ Ի վերջո, գովազդի համար տասնյակ միլիոնավոր դոլարներ շարունակում են ստանալ բացառապես «ընտրյալ» ԶԼՄ-ները։ Հետևաբար, այս հարցի լուծումը կառավարությունից մի շարք գործնական քայլեր է պահանջում։
 
Անհրաժեշտ է նշել, որ այդ ուղղության առաջին քայլերն արդեն ձեռնարկվում են։ Հունվարի 16-ին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել 26.6 միլիոն դրամ հատկացնել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին՝ «Athmospere Armenia» ընկերության կատարած թվային հեռուստաեթերի մշտադիտարկման և հետաքննության միջազգային աուդիտն անցկացնելու համար։ Աուդիտի նպատակն է ստուգել տվյալ մշտադիտարկման անցկացման մեթոդաբանության՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանությունն ու արժանահավատ լինելը։ Զուգահեռաբար՝ Ազգային ժողովը պատրաստվում է ընդունել «ԶԼՄ-ների մասին» օրենքի մեջ փոփոխություններ մտցնելու նախագիծը, որը նախատեսում է ոլորտում խաղի կանոների զգալի փոփոխություն։ Այս առումով ուշագրավ է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի ղեկավար Գեղամ Գևորգյանի վերջերս հնչեցրած հայտարարությունը, ըստ որի իր ղեկավարած կառույցը 2020 թվականին մտադիր է հայտնաբերել մեդիաշուկայոմ գործող մենաշնորհայիններին։ ՏՄՊՊԿ-ն մշտադիտարկման հինգ առաջնահերթ ուղղությունների թվին է դասում մեդիագովազդի շուկայի՝ գովազդի բաշխման մեխանիզմների և հեռուստաընկերությունների հետ նրանց ունեցած կապի ստուգումը։ Հակամենաշնորհային սույն մարմինը, մասնավորապես, մտադիր է հայտնաբերել մեդիաշուկայում մենաշնորհային կամ գերիշխող դիրք ունեցող ԶԼՄ-ները և դրանց հնարավոր ազդեցային առնչությունները։
 
Ինչպես տեսնում ենք, պետությունն, ի վերջո, սկսել է գործել։ Դրա հիմնական պատճառը երկրի ղեկավարի դիրքորոշումն է։ Նիկոլ Փաշինյանը հրաշալիորեն հասկանում է, թե ինչով կարող է ավարտվել ԶԼՄ-ների այդօրինակ անվերահսկելի ու սանձարձակ ազատությունը։ ՀՀ կառավարության հունվարի 16-ի նիստում վարչապետը հայկական հեռուստաալիքները կոռումպացված, իսկ մեդիաոլորտի գովազդային իրողությունները մենաշնորհային է որակել։ Փաշինյանը նշել է, որ շուկայում առկա են երկու կառույցներ։ Առաջինը հեռուստատեսային գովազդից ստացված միջոցներն է բաշխում, իսկ երկրորդը գնահատում է հեռուստաընկերությունների վարկանիշը, որի հիման վրա տեղի է ունենում հիշյալ միջոցների բաշխումը հեռուստաընկերությունների միջև։ Վարչապետի գնահատմամբ՝ տվյալ մեխանիզմն ամբողջությամբ ավտոմատացված է, իսկ հեռուստաշուկայում գովազդի բաշխման համակարգը մենաշնորհայնացված է, որի հետևանքով այդ երկու կառույցները ձեռք են բերում տեղեկատվական հոսքերը վերահսկելու հստակ գործառույթներ։ Եզրափակելով՝ վարչապետը պատրաստակամություն է հայտնել «շարունակել աշխատել ԶԼՄ-ների վրա նախկին իշխանության հետ ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողությունն արմատախիլ անելու ուղղությամբ»։
 
Բնական է, որ հիշյալ անձինք սկսել են անհանգստանալ։ Դրա լավագույն վկայությունն էր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հերթական ֆեյսբուքյան կոչը։ Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը համատեղության կարգով նաև Հայաստանում տեղեկատվական հոսքերի գլխավոր ձեռնածողն է։ Վերջինս, առանց հիշատակելու իր անհանգստության բուն պատճառները, շտապել է իշխանություններին մեղադրել ամեն հնարավոր մեղքի մեջ՝ այն ամենի մեջ, ինչով նա անձամբ զբաղվում էր տարիներ շարունակ և շարունակում է զբաղվել մինչև օրս։ «Բռնի՛ր գողին» սկզբունքով նա իշխանություններին մեղադրել է, ուշադրությո՛ւն, «Հայաստանում թշնամանքի, անհանդուրժողականության և ատելության մթնոլորտ» ստեղծելու համար։ Գործող իշխանությանը որպես անմարդկային բնութագրելով՝ Մինասյանը մեղադրել է նրան կարեկցանքի իսպառ բացակայության, տոտալ ստի և իշխանության պահպանման համար ամեն սրբություն վաճառելու պատրաստակամության մեջ։ Եվ, ուշադրությո՛ւն, Մինասյանը գործող իշխանությանը մեղադրում է նրա քաղաքականության հետ անհամաձայն անձանց կեղծ՝ ֆեյք օգտատերերին դիմակի տակից բարոյապես ոչնչացնելու մեջ։ Այսքանից հետո նա առաջարկում է «նրանց հետ անգամ չփորձել աշխատել», քանի որ, ըստ իրեն, նման փորձն ավարտվելու է կատարյալ պատվազրկությամբ, ստուգումներով, սպառնալիքներով, քրեական գործերով և ահաբեկչությամբ։ Իր «ուղերձի» ավարտին Մինասյանն «անմարդկային իշխանություններին» մեղադրել է ԶԼՄ-ների միջոցով իր նախկին գործընկերներին սպառնալու, ատելություն սերմանելու, բաժանարար գծեր հաստատելու, երախտամոռության և անգամ կաշառակերության մեջ, որից հետո հասարակությանը «համատեղ ջանքերով նրանց արագ հեռացնելու» կոչ է արել։
 
«Փեսայի» եզրակացությունների և կոչերի մանրամասն թվարկումը վստահորեն թույլ է տալիս ենթադրել, որ կառավարությունը և անձամբ Փաշինյանը ճիշտ ուղու վրա են։ ԶԼՄ-ները սնուցող ֆինանսական հոսքերը վերահսկողության տակ առնելու՝ պետության մտադրությունն առաջնահերթորեն հարվածում է Միքայել Մինասյանին պատկանող մեդիաներին։ Գովազդից ստացվող ֆինանսական միջոցների ապակենտրոնացումը գերազանցապես հարվածելու է հենց նրան պատկանող ԶԼՄ-ներին։ Փաշինյանի մատնանշած «նախկին իշխանությունների հետ ընտանեկան կապեր ունեցող» հասցեատերն ակնհայտ էր։ «Փեսայի» պատասխանի մեջ առատորեն տեղ գտած հիստերիկ երանգների, անտրամաբանական մեղադրանքների և վիրավորանքների առատությունը վկայում է, որ հարվածը ճիշտ նշանակետին է հասցվել։ Զրկելով Մինասյանին գովազդային միջոցների նկատմամբ մենաշնորհից և «ծրարներով» հոնորարներ վճարելու հնարավորությունից՝ իշխանությունը ստիպելու է նրա վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներին ցուցադրել իրենց իսկական դեմքը։ Իսկ ժամանակավոր ֆինանսավորման ռեժիմում գտնվող որոշ ԶԼՄ-ներին, առհասարակ,  կստիպի դեմքը փոխել՝ Հայաստանի տեղեկատվական անվտանգության միջավայրի համար բոլոր դրական, իսկ Մինասյանների համար՝ բացասական հետևանքներով։ 
Share

Comments are closed.