Իրանական դիրքորոշումներն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ

 
Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ
Երևան
 
Արցախյան հիմնախնդրի նկատմամբ Հայաստանի և Արցախի հանրապետությունների հարավային հարևան Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումներին անդրադառնալիս հատկանշական և կարևոր ելման կետ պետք է ընդունել այն հանգամանքը, որ այս երկիրը հանդիսանում և նաև իրեն ընկալում է մերձավորարևելյան գերտերություն, ինչից հետևում է, որ Թեհրանի արտաքին քաղաքականությունն ընդհանրապես կառուցվում է հիմնվելով հենց այս՝ նույնիսկ ազգային աշխարհայացքի մակարդակի հասցված առանցքային ընկալման վրա: Այս առումով, պետք է հաշվի առնել, որ Արցախյան հիմնախնդրի հետ տիպաբանական որոշակի աղերսներ, սակայն լիակատար նույնականություն չունեցող Իրաքի Քրդստանի տարածաշրջանի կամ դրանից բոլորովին տարբեր Բահրեյնի շիաների հիմնահարցի և նմանօրինակ այլ հակամարտությունների շարքում Արցախի խնդիրը իրանական աշխարհաքաղաքական հետաքրքրությունների և շահերի տեսանկյունից ընդամենը մի քանիսից մեկն է՝ ընդ որում, ամենևին էլ՝ ոչ ամենաառաջնայինը կամ նշանակալին:

Արցախյան հակամարտության գոտում 1994 թ. հրադադարի հաստատումից ի վեր պաշտոնական Թեհրանը, անկախ Իրանի քաղաքական համակարգի ներսում տարբեր գաղափարական թևերի իշխանության հասնելու հանգամանքից, և դրան ուղեկցող հռետորաբանության վայրիվերումներից, մեծ հաշվով փորձում է լուծել իր շահերի տեսանկյունից առաջնային մի քանի խնդիրներ, որոնցից ամենակարևորները հետևյալ են՝
 
1. Վտանգավոր համարելով Ադրբեջանական Հանրապետության հակաիրանական գաղափարական ազդեցության աճը և հնարավոր թշնամական գործողությունները հատկապես թյուրքալեզու ատրպատականցիներով բնակեցված Իրանի հյուսիսային նահանգների հանդեպ՝ բացառել հայ-իրանական ողջ սահմանագծի հատկապես Արցախ-Իրան հատվածում դե ֆակտո առկա տարածքային ստատուս քվոյի հնարավոր փոփոխությունը հօգուտ ադրբեջանական կողմի։
 
2. Կանխել ցանկացած երրորդ կողմի կամ մի քանի կողմերի նույնիսկ խաղաղապահ ուժերի ձևաչափով ներգրավումը իր հյուսիսային սահմաններին ընթացող գործընթացներում, սեփական անվտանգության համար վտանգավոր դիտարկելով օտարերկրյա ռազմական ներկայության ցանկացած դրսևորում և դրա հնարավոր վերաճումը մշտականի։
 
3․  Հաշվի առնելով ՀՀ, ԼՂՀ և ԱՀ՝ ներառյալ Նախիջևանի ԻՀ հետ ընդհանուր սահման ունենալու բացառիկ հանգամանքը, նպաստել առնվազն պահպանելու հակամարտ կողմերի միջև այժմ գոյություն ունեցող ռազմաքաղաքական հավասարակշռությունը և դրանից բխող հաստատված ստատուս քվոն՝ անցանկալի համարելով զինված հակամարտության «թեժ փուլի» անցումը, ինչը լրացուցիչ անվտանգային ռիսկեր կարող է ի հայտ բերել  հատկապես ԻԻՀ հյուսիս-արևմտյան սահմանային շրջանների համար:

Վերոնշյալ  խնդիրները լուծելու համար Իրանը վարում է ուշագրավ մի քաղաքականություն, համաձայն որի՝ պաշտոնական դիվանագիտական մակարդակում հայտարարվում է բանակցային գործընթացի միջոցով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը կողմնակից լինելու մասին,  սակայն, ըստ էության, լռելյայն համաձայնելով հայկական կողմերի՝ Ադրբեջանին ռազմաքաղաքական միջոցներով զսպման քաղաքականությանը, ինչն իրանական շահերի տեսանկյունից ձեռնտու է նաև սեփական ռեսուրսներն այս հատվածում որոշակիորեն խնայելու և դրանք այլ ուղղություններում վերաբաշխելու տեսանկյունից:
 
Նշվածի համատեքստում Արցախյան հակամարտության շրջանակում ընթացող գործընթացներն ընդհանրապես և մասնավորապես դրանցում առկա հնարավոր ռիսկերը իրանական շահերի առումով ավելի կառավարելի դարձնելու և դրանց վրա ավելի լայն և գործուն ազդեցություն ձեռք բերելու նպատակով ԻԻՀ-ն պարբերաբար ջանքեր է գործադրում ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ձևաչափին զուգահեռ, դրա փոփոխությամբ կամ ի հակադրություն դրա՝ հանդես գալ հակամարտության կարգավորման սեփական միջնորդական առաքելությամբ։

Արցախյան հակամարտության նկատմամբ պաշտոնական Թեհրանի վերոնշյալ քաղաքականության վարմանը նպաստում և խոչընդոտում կամ այդ ուղղությամբ որոշակի դժվարություններ են հարուցում մի շարք ներքին և արտաքին քաղաքական գործոններ:
 
Ներքաղաքական առավել կարևոր գործոններից պետք է առանձնացնել այն, որ չնայած իսլամական հանրապետության քաղաքական համակարգի բավական ուժեղ իշխանական ուղղաձիգի գոյությանը, այսուհանդերձ դրա շրջանակներում առկա են զանազան քաղաքական և գաղափարական խմբավորումներ, որոնց մոտեցումները երբեմն կարող են որոշակի ազդեցություն ունենալ վարվող ընթացիկ քաղաքականության առանձին արտաքին ուղղությունների վրա։
 
Մյուս կողմից՝ Իրանն առաջատար շիայական պետություն կամ գերտերություն է, ինչից բխում է, որ ավանդաբար շիա իսլամ դավանող բնակչության տոկոսային հարաբերությամբ իրենից հետո  երկրորդ երկիրը դիտարկվող Ադրբեջանի հետ պետք է կառուցվեն հատուկ հարաբերություններ, չնայած դրանք միտված են ոչ թե այս պետության հզորացմանը, այլ վերջնարդյունքում դեպի Ադրբեջան Իսլամական հեղափոխության արտահանմանը։
 
Չի կարելի զանց առնել նաև Իրանի էթնիկական յուրահատուկ կառուցվածքը, որի շրջանակներում երկրի 80 միլիոնից ավելի բնակչության մի որոշակի ազդեցիկ հատված կազմում են էթնիկ ադրբեջանցիների հետ միևնույն լեզվով խոսող թյուրքալեզու ատրպատականցիները՝ հիմնականում կենտրոնացած Արցախյան հակամարտության գոտուն հարող կամ դրա մերձակայքում գտնվող Արևմտյան և Արևելյան Ատրպատական, Արդաբիլ և Զանջան նահանգներում, ինչպես նաև մայրաքաղաք Թեհրանում, որոնց շրջանում առկա են տարբեր արտաքին ուժերի կողմից, այդ թվում և Բաքվից հովանավորվող և ուղղորդվող հիմնականում պանթյուրքիստական բնույթի անջատողական խմբեր; Այս խմբերի հանդեպ պաշտոնական Թեհրանի մասնակի զգուշավոր մոտեցումները որոշակիորեն ազդում են նաև հատկապես Արցախյան հակամարտության հարցում իրանական հռետորաբանության վրա։
 
Սրան զուգահեռ, Իրանից արտագաղթի հետևանքով անընդհատ նվազման միտումներ ցույց տվող իրանահայ համայնքի պարբերական թուլացումը և համաիրանական քաղաքական գործընթացների վրա ազդելու հայկական ներուժի տկարացումը թույլ չի տալիս իրանական իշխանություններին այն լիարժեքորեն օգտագործել ոչ միայն Արցախյան հակամարտության, այլ նաև ներիրանական կայունության տեսանկյունից մարտահրավերներ ի հայտ բերող «համաթյուրքականության», կամ ավելի ճիշտ «համաադրբեջանականության» դեմ:
 
 Բացի ներքաղաքական գործոններից՝ Արցախյան հակամարտության նկատմամբ իրանական քաղաքականության վրա զգալի ազդեցություն են թողնում նաև արտաքին քաղաքական զարգացումները, որոնցից ամենակարևորը թերևս ԱՄՆ-ի գլխավորությամբ Իրանի փաստացի մեկուսացմանը միտված գործողություններն են, քաղաքականություն, որի համատեքստում պաշտոնական Թեհրանը խոշոր հաշվով վարում է նաև իր հանդեպ շատ դեպքերում բացահայտ թշնամական դիրքորոշումներով հանդես եկող հարևանների հետ հարաբերությունները հնարավորինս կայուն և լարվածությունից զերծ պահելուն ուղղված երկարաժամկետ արտաքին քաղաքականություն, նաև այդ միջոցով ձգտելով չեզոքացնել կամ առնվազն սահմանափակել Ադրբեջանի տարածքի և հնարավորությունների օգտագործման միջոցով հակաիրանական գործողությունների ռիսկային դաշտը։
 
Հատուկ ուշադրության է արժանի նաև Իրանի անվտանգային շահերի տեսանկյունից լրջագույն վտանգ դիտարկվող ադրբեջանա-իսրայելական և ադրբեջանա-թուրքական բազմակողմ սերտ համագործակցությունը, այդ թվում նաև ռազմական ոլորտում։ Նշված համագործակցությունը լրջագույն վտանգ է դիտարկվում նաև Իրանի ներսում «թյուրքականության» խթանման հարցում, ինչը չեզոքացնելու նպատակով պաշտոնական Թեհրանը ձգտում է Ադրբեջանի հետ  հարաբերությունների նորմալացման եղանակով նվազեցնել առկա ռիսկերը, միևնույն ժամանակ սեփական շիայական լծակը կիրառելով նաև ԱՀ դեմ։ Այս առումով իրանական հսկայական ազդեցության տակ գտնվող Ադրբեջանի հավատացյալ շիաների և վերջիններիս քաղաքական ու կրոնական կառույցների հանդեպ Բաքվի վարչակարգի կողմից բռնաճնշումների քաղաքականությունը, որը մասնակիորեն հենվում է նաև Արցախյան հակամարտության քարոզչական շահարկման վրա, շատ դեպքերում հանգեցնում է նրան, որ իրանական որոշ շրջանակներ ալիևյան կլանի վարած հակաիսլամական կամ հակաշիայական քաղաքականությունը քննադատելիս անդրադարձ կատարեն նաև Արցախյան հակամարտությանը։ Նման անդրադարձները ենթադրում են, մեղն ասած, հայամետ շեշտադրումներ չպարունակող և Արցախյան հիմնախնդրին վերաբերող «ներածական» մաս, որը միտված է Բաքվի վարչակարգի կողմից «հայկական շահերը սպասարկելուն» միտված հնարավոր մեղադրանքի շահարկումից ապահովագրվելուն։
 
Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել, որ ինչպես շատ կոնֆլիկտների, այնպես էլ Արցախյան հակամարտության զարգացումները կարող են ընթանալ տարբեր կորագծերով, ինչը կարող է ազդել նաև արտաքին-քաղաքական դերակատարների դիրքորոշումների մարտավարական որոշումների վրա, սակայն ակնհայտ է, որ երկարաժամկետ ռազմավարական կտրվածքով Իրանի աշխարհաքաղաքական շահերը ենթադրում են հնարավորինս ուժեղ հայկական պետականությունների կամ միացյալ պետականության առկայություն, ինչի շուրջ էլ կառուցվում են իրանական մոտեցումներն Արցախյան հակամարտության համատեքստում:
 
 
Share

Comments are closed.