Փակ համակարգի պտուղները

Կորոնավիրուսն Իրանում

Գոհար ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դոցենտ
Երևան
 
Վերջին օրերին համաշխարհային մամուլը ողողված է կորոնավիրուսի տարածման մասին տեղեկություններով  և այդ համատեքստում քաղաքականություն կերտողների քննարկման հիմնական թեման ևս այդ վարակն է` ստվերելով մյուս բոլոր խնդիրները։

Փետրվար և մարտ ամիսների ընթացքում Իրանը  Չինաստանից հետո երկրորդ երկիրն է մահացածների թվով, որտեղ արագորեն տարածվեց այդ վարակը։ Կորոնավիրուսի առկայության մասին Իրանի իշխանություններն առաջին անգամ խոսեցին փետրվարի 19-ին, և հենց այդ օրն էլ արձանագրեցին առաջին մահացածության դեպքը։ Սա գալիս է ապացուցելու, որ Իրանի իշխանությունները թերագնահատել են վիրուսի վտանգավորության աստիճանը, թաքցրել են տեղեկատվությունը հանրությունից՝ չցանկանալով ստվերել փետրվարի 21-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները։ Ըստ երևույթին, Իրանի իշխանությունների կարծիքով ամբողջական տեղեկատվության տրամադրումը կառաջացներ խուճապ քաղաքացիների մոտ, ինչը կխաթարեր ընտրությունների բնականոն գործընթացը։ Չնայած իշխանությունների` նման միջոցների ձեռնարկմանը, այնուամենայնիվ, ԻԻՀ վերջին խորհրդարանական ընտրություններն աչքի ընկան խիստ ցածր մասնակցությամբ, որի պատճառ էին հանդիսացել վերջին շրջանում Իրանում տեղի ունեցած մի շարք բացասական իրադարձություններ. բենզինի գնի բարձրացման հետ կապված նոյեմբերին տեղի ունեցած հակակառավարական ցույցերը, որոնք դաժանորեն ճնշվեցին, ուկրաինական ինքնաթիռի խոցումը և դրա մասին արժանահավատ տեղեկատվություն չտրամադրելը, դրան հաջորդած կրկին հակակառավարական ցույցերը, տնտեսության ծանր վիճակը, ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկումը, բենզինի գնի բարձրացումը, ընտրությունների ժամանակ Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից բարեփոխականների թևի ներկայացուցիչների չգրանցումը և պահպանողականների թևի ներկայացուցիչների թվային գերակայությունը։ Բարեփոխականների թևի 7000 ներկայացուցչի արգելվել էր մասնակցել ընտրություններին, այդ թվում նաև գործող Մեջլիսի 90 պատգամավորի հրաժարվել են գրանցել, և այդպիսով նրանց արգելվել է կրկին մասնակցել ընտրություններին։
 
Ըստ պաշտոնական տվյալների՝ փետրվարի 21-ին Մեջլիսի ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը  ռեկորդային ցածր է եղել ՝ 42.57%, սակայն ոչ պաշտոնական տեղեկատվական աղբյուրներն անգամ խոսում էին մասնակցության 30%-ի մասին։ Մեկ բան հստակ է, սա Իսլամական հեղափոխությունից հետո քաղաքացիների ամենացածր մասնակցությունն էր ընտրություններին, ինչը կարծես ժողովրդի պատասխանն էր  ու գնահատականը վերջին շրջանում հոգևորականության իրականացրած քաղաքականությանը։ Ընտրությունների արդյունքում, բնականաբար, հաղթեցին պահպանողական թևի ներկայացուցիչները՝ 290 պատգամավորական տեղերից 220-ը։ 11 ընտրատեղամասերում պետք է անցկացվի երկրորդ փուլ, սակայն կորոնավիրուսի տարածման պատճառով երկրորդ փուլը հետաձգվել է՝ այն կանցկացվի սեպտեմբերի 11-ին։
 
Իրանում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունները կարծես երկրորդվեցին կորոնավիրուսի գլուխ բարձրացնելուց ի վեր։ Առկա վերջին տեղեկությունների համաձայն (մարտի 17-ի տվյալով) Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում  է 16169, որից 988 մահացել են, այդ թվում` 23 պատգամավոր, հոգևոր առաջնորդի խորհրդականը, առողջապահության փոխնախարարը և այլն։ Հիվանդության տարածման պատճառը կրկին կարող ենք համարել փակ համակարգի առկայությունը, երբ տեղեկատվությունն արագ չտարածվեց երկրով մեկ, չդադարեցվեցին ուխտագնացությունները իրանցիների համար սրբազան քաղաք Ղոմում, որն այդ պահին կորոնավիրուսի հիմնական աղբյուրն էր, ճիշտ և գրագետ աշխատանք չտարվեց հանրության հետ։ Երբ արդեն ակնհայտ էր երկրում համաճարակի առկայությունը, փակվեցին կրթական օջախները և մի շարք կառույցներ, կառավարության կողմից կոչ արվեց չճանապարհորդել, քանզի իրանցիները սիրում են ճանապարհորդել շաբաթվա բոլոր օրերին։

Իշխանությունները չկարողացան կանխել այս ճանապարհորդությունների շրջանակը, ինչը պատճառ դարձավ վիրուսի տարածմանն ամբողջ երկրով մեկ։ Փաստացի այս պահին գրեթե բոլոր նահանգներում առկա են կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներ։ Երկրում առկա որոշակի խուճապի մասին էր խոսում նաև այն փաստը, որ Իրանի Բենդեր Աբբաս քաղաքում քաղաքացիները փորձել են հրդեհել այն հիվանդանոցը, որտեղ, ըստ իրենց տեղեկության, կորոնավիրուսով վարակված հիվանդներ են եղել։
 
Իրանի պատկան մարմինները բազմիցս խոսել են, որ ժամանակավորապես դադարեցնում են շփումները Չինաստանի հետ։ Փետրվարի սկզբներին Իրանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել էին, որ դադարեցնում են ուղիղ չվերթները դեպի Չինաստան, ինչը կարող էր նպաստել վարակի տարածման  կանխարգելմանը, սակայն առկա տեղեկատվության համաձայն՝ ԻՀՊԿ-ին պատկանող Mahan Air-ը դեռ շարունակում է իրականացնել թռիչքներ Իրանից Չինաստան։ Սա վկայում է Իրանի իշխանությունների թևերի միջև առկա ճգնաժամի և գործողությունները համաժամանակյա իրականացնելու ունակության բացակայության մասին, որը կրկին նպաստում է վարակի տարածմանը։ Առկա տեղեկության համաձայն, երբ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է իշխանություններին ահագնացող վիրուսի մասին, կոչ է արել ժամանակավորապես փակել մզկիթները և սրբավայրերը, հոգևորականները հրաժարվել են իրականացնել այն։ Համացանցում լայն տարածում գտան նաև  ծայրահեղ հավատացյալների ներկայացուցիչների գործողությունները Ղոմի մզկիթներում, երբ վերջիններս բառացիորեն լիզում էին մզկիթների դռները, ապացուցելու, թե իրենց ոչինչ չի կարող պատահել և դեմ են մզկիթների փակմանը։ Ի դեպ,  մասնագետների փաստարկներով՝ վարակը Իրանում դեռ չի հասել իր գագաթնակետին, թերևս Իրանի իշխանությունները հույսը կապում են ջերմաստիճանի բարձրացման հետ, որի արդյունքում բնական ճանապարհով կլուծվի այս ճգնաժամը։
 
Վերջին օրերին ԻԻՀ իշխանությունները ձեռնարկել են մի շարք քայլեր, որոնք կարող են նպաստել վարակի սանձահարմանը. դադարեցվել են ուրբաթօրյա նամազները, հոգևոր առաջնորդը չեղարկել է Նովրուզի տոնակատարության ժամանակ ավանդական իր ելույթը, որին ավանդաբար մասնակցում է բազմահազարանոց հանրույթ, Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը միացել է կորոնավիրուսի դեմ պայքարին, և արդեն ծրագրվում է մի շարք քաղաքների ամբողջական ախտահանում, ոստիկանությունը կանխարգելում է քաղաքացիների ճանապարհորդական նպատակով տեղաշարժը։ Մեջլիսի պատգամավորներից մեկի առաջարկով Իրանի իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ժամանակավորապես բանտերից ազատել են շուրջ 54000 բանտարկյալների, որոնք դատապարտվել էին մինչև 5 տարվա ազատազրկման, քանի որ բանտում իրար վարակելու հավանականությունը շատ ավելի մեծ է: Կորոնավիրուսի հետ կապված մտահոգությունները պարուրել են արդեն ամենաբարձր շրջանակներին: Պարզվում է, որ վերջին օրերին հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին շփվել էր Նպատակահարմարության խորհրդի անդամ 71 ամյա Մոհամմադ Միրմոհամադիի հետ, ով վերջերս մահացավ կորոնավիրուսի պատճառով:
 
Այսօր Իրանի գրեթե բոլոր սահմանակից երկրները, ելնելով առողջապահական նկատառումներից, ժամանակավորապես փակել են Իրանի հետ սահմանը, կամ մտցրել են վիզային ռեժիմ՝ մինչև կարգավորվի այս խնդիրը։
 
Իրականում կորոնավիրուսը ժամանակավորապես մի կողմ է մղել Իրանի իշխանությունների գլխին կանգնած Դամոկլյան սուրը, սակայն ջերմաստիճանի բարձրացման և բնական ճանապարհով խնդրի լուծումից հետո բնակիչները հաշվետվողականություն են պահանջելու իշխանություններից։ Առկա տնտեսական խնդիրները ստիպելու են ժողովրդին կրկին դուրս գալ փողոց և արտահայտել իրենց դժգոհությունները, ինչպես կառավարության, այնպես էլ ընդհանրապես համակարգի դեմ։ 2019 թ. նոյեմբերին Թավրիզում, Թեհրանում, Շիրազում, Իսլամշահրում և մի շարք այլ քաղաքներում անհնազանդությունների դեպքերը՝ կապված բենզինի գների բարձրացման հետ, դեռ թարմ են թե՛ ժողովրդի, թե՛ իշխանությունների հիշողությունում:  Այդ ժամանակ անգամ հնչեցին ինչպես հակակառավարական, այնպես էլ իսլամական կարգերի դեմ կարգախոսներ: Տեղեկատվական այլընտրանքային աղբյուրները ներկայացրին Իրանի մի շարք շրջաններում շահական երբեմնի իշխանության փառաբանման կարգախոսներ ևս: Իրականում, ԱՄՆ-ն պատժամիջոցների միջոցով դանդաղ, բայց հստակ իրականացնում է իր առջև դրած նպատակները՝ թուլացնել և նպաստել վարչակարգի տապալմանը։
 
Հիշատակության է արժանի նաև մի դեպք, երբ 2020 թ. հունվարի 13-ին Իրանում տեղի ունեցած բողոքի շրջանակում ուսանողները հրաժարվեցին անցնել ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշների վրայով, ինչը ավանդաբար արվում է։ Ըստ էության, Իրանի գործող իշխանությունների համար լուրջ մարտահրավեր է՝ պահել իշխանությունը և դիմագրավել առկա խնդիրներին։ Կարծում եմ, Իրանի իշխանություններն օր առաջ պետք է իրականացնեն էական բարեփոխումեր, լինեն առավել հաշվետվողական ժողովրդի հետ, փորձեն չկոծկել իրականությունը, հրաժարվեն նախկին գործիքակազմից, ինչն էլ կնպաստի կուտակված դժգոհությունների լիցքաթափմանը։  Անհապաղ աշխատանքից պետք է հեռացվեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք առավել ատելի են ժողվրդի կողմից:
 
Ընդհանրապես, ժամանակակից աշխարհում փակ համակարգի երկրները բախվում են լուրջ դժվարությունների հետ, և որոշակի բարեփոխումներ չիրականացնելու պարագայում այդ երկրների իշխանությունները կանգնելու են փլուզման առջև։ Որքան էլ որ Իրանում փակ լինեն սոցիալական ցանցերը, կամ արգելված լինեն արևմտյան արժեհամակարգի ֆիլմերը, միևնույն է՝ Իրանի հասարակության զգալի հատվածը շրջանցում է այդ արգելքները և ազդեցություն է  կրում դրանցից։ Կարծում ենք, որոշակի բարեփոխումներ չանելու պարագայում, վախի մթնոլորտում երկար չեն կարող լռեցնել ժողովրդին։ Միակ ելքն իշխանության անցնցում հանձնումն է առավել երիտասարդ, ժողովրդի կողմից իսկապես ընտրված ներկայացուցիչներին։ Ի դեպ, սա ևս տեղավորվում է ԱՄՆ-ի պատկերացումների մեջ, ինչը թույլ է տալիս կարծել, որ այդ քայլերից հետո փոքր-ինչ կմեղմացվեն Իրանի նկատմամբ ճնշումները։
 
 
Share

Comments are closed.