Թուրքիայի նեոօսմանիզմի քաղաքականությունը և Հարավային Կովկասի անվտանգության հիմնահարցը

Ալեն ՂԵՎՈՆԴՅԱՆ
Փորձագետ, ք.գ.թ., դոցենտ
Երևան
 
Հարավային Կովկասը Մեծ Մերձավոր Արևելքի օրգանական մասն է և իր վրա կրում է մակրոտարածաշրջանային տուրբուլենտության ու անվտանգային գործընթացների ցիկլիկ ազդեցությունը: Այսօր, իր ներսում ունենալով անվտանգային դեֆիցիտ ու ներքին անկայունության որոշակի աղբյուրներ, ներտարածաշրջանային սուբյեկտները գտնվում են քաղաքական կողմնորոշումների ճշգրտման, ինքնաբավ անվտանգության որոշակի հասանելի շեմեր ձևավորելու, գործընկեր երկրների հետ հարաբերությունների վերարժևորման,  մարտահրավերներին ու ռիսկերին համարժեք արձագանքելու գործընթացներում:

Վերջին տարիները տարածաշրջանի համար լի էին փոխակերպումներով և անկայունությամբ: Դրանց մեկնարկը տրվեց 2018թ. Հայաստանում «թավշյա հեղափոխությամբ», երբ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու արդյունքում տեղի ունեցան քաղաքական անհնազանդության զանգվածային ակցիաներ, որոնց արդյունքում իշխանության եկավ ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Ն.Փաշինյանը: Վրաստանում իրավիճակը քիչ այլ էր. «վրացական երազանքից» ընդհանուր դժգոհություններն էականորեն սրվեցին հասարակության ու քաղաքական ուժերի մի մասի մոտ հակառուսականության քաղաքական «փսիխոզի» արդյունքում, երբ պարզվեց, որ ընդդիմության մի մասը իբրև թե Մոսկվայի հետ «քաղաքական սիրախաղի» մեջ է: Ընդհանուր ներքաղաքական անկայունությունը հանգեցրեց նրան, որ քաղաքական անհնազանդության ակցիաները սկսեցին կաթվածահար անել պետական իշխանության մարմինների գործունեությունը: Ադրբեջանում, ուր առկա են խորը ավտորիտարիզմի «բարի ավանդույթներ» , և անձի պաշտամունքը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա, հասկանալով, որ ռեգիոնալ փոփոխությունների «քաղաքական քամին» իրենց կողմ է փչում, նախաձեռնեցին մի քանի փուլ ենթադրող ինստիտուցիոնալ-կառավարչական տրանսֆորմացիաներ և սերնդափոխություն: Արդյունքում 2020 թ. փետրվարի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հերթական անգամ հաղթեց «Յենի Ազերբայջան» կառավարող կուսակցությունը, և Ադրբեջանի քաղաքական ապագան հերթական անգամ դրվեց կանխատեսելիության ռելսերի վրա:
 
Նշենք, որ հարավկովկասյան երկրների ներքաղաքական նման փոխակերպումները զուգահեռվեցին այստեղ ռեգիոնալ ու մակրոռեգիոնալ խաղացողների միջև սուր մրցապայքարով: Մասնավորապես, դա մի կողմից դրսևորվեց ՌԴ-ի ու Թուրքիայի՝ հարավկովկասյան իրենց գործընկերների հետ հարաբերություններում ռազմաքաղաքական բաղադրիչի խորացմամբ, մյուս կողմից՝ Մեծ Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայի շուրջ՝ արդեն նաև Իրանի ակտիվ մասնակցությամբ, ուժային հարաբերակցության փոփոխման փորձերով: Հենց այս համատեքստում Թուրքիայի նախագահ Ռ.Թ.Էրդողանի՝ նեոօսմանիզմի գաղափարախոսության և 1920 թ. «Ազգային ուխտ»-ի ոգով նպատակադրումը և ռազմաքաղաքական դերակատարման, ինքնուրույնության աճն ինչպես Մեծ Մերձավոր Արևելքում, այնպես էլ Հարավային Կովկասում օբյեկտիվ լարվածություն առաջ բերեց հատկապես պաշտոնական Երևանի մոտ: Ասվածն առավել մեծ արդիականություն ստացավ ԼՂ-ի հարցի՝ 2019-ից ակտիվացած բանակցային օրակարգի և դրա վրա Անկարայի՝ թեկուզ հրապարակային-սիմվոլիկ ազդեցություն գործելու ուղղությամբ հնարավոր քայլերի համատեքստում:
 
Վերջին տարիներին (սկսած 2014-ից և առավել ակտիվ 2016-ից) Հարավային Կովկասում Անկարայի գլխավոր գործընկեր Բաքվի հետ համատեղ զորավարժանքների բնույթն ու պարբերականությունը1 ցուցիչ են, որ Թուրքիան, ակտիվացնելով ռազմաքաղաքական գործակցության ոլորտը, ինչ-որ մի փուլում փորձելու է ոչ այնքան Ադրբեջանի, որքան առավելապես սեփական ռազմաքաղաքական ներկայության ապահովման շահերից դրդված, քայլեր ձեռնարկել այդ թվում նաև «նախիջևանյան» ուղղությամբ: Նման սցենարն, իհարկե, բարդ իրագործելի է, սակայն հաշվի առնելով ՌԴ-ի վրա տնտեսական պատժամիջոցների ազդեցության, նավթի գնանկման, ՌԴ-ում իշխանության գերկենտրոնացման ներկա գործընթացների, դրանով պայմանավորված հանրային դժգոհությունների հնարավորությունները և Սիրիայում ռուս-թուրքական սուր մրցակցության իրողությունների ներկա պատկերը՝ Անկարան կարող է  գնալ տարածաշրջանում ԼՂ-ի շուրջ ռազմական իրավիճակի՝ Ադրբեջանի մասնակցությամբ սրմանը:
 
Ակնհայտ է, որ Անկարայի նմանօրինակ մոտեցումները տեսանելի ու ինչ-որ առումով հաշվարկելի են ինչպես Մոսկվայի, այնպես էլ Երևանի համար: Հենց այս համատեքստում պետք է դիտարկել մի կողմից՝ ՀՀ-ում ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի կարողությունների գրեթե կրկնապատկումը, որի մասին հայտարարվեց ՌԴ ՊՆ նախարար Ս.Շոյգուի՝ 2019 թ. հոկտեմբերի երևանյան այցի ժամանակ: Մյուս կողմից՝ Անկարայի և Բաքվի նպատակադրումը պարզ է նաև Երևանի համար: Գիտակցելով Թուրքիային ռազմաքաղաքական առումով հավասարակշռելու իր սահմանափակ հնարավորություները՝ Հայաստանն այդ ճակատը «թողնում» է ՌԴ-ին՝ կենտրոնանալով Արցախի շուրջ ռազմական հավասարակշռության ապահովման վրա, ընտրելով նոր՝ առավել հավակնոտ՝ «նախահարձակ ինքնապաշտպանության» ռազմավարություն: Հիշեցնենք, որ վերջինս արտացոլվեց ՀՀ ՊՆ նախարար Դ.Տոնոյանի՝ 2019 թ. ապրիլին ԱՄՆ-ում հնչեցված «նոր պատերազմ, նոր հողերի դիմաց» թեզում [2]: Հենց այս համատեքստում է պետք դիտարկել պաշտոնական Երևանի՝ Ռուսաստանից գնված և 2019-ի դեկտեմբերին ՀՀ-ն մատակարարված Սու–30 ՍՄ կործանիչները, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» ՀՕՊ համալիրները [3]:
 
Անկարան, որ արդեն տևական ժամանակ ինքնուրույն քաղաքական վարք է ցուցաբերում ինչպես իր դաշնակիցների՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ձևաչափում, զուգահեռաբար սիրիացի փախստականներին գործոն է սարքում ԵՄ-ի և հատկապես՝ Գերմանիայի հետ իր շփումներում,  զորաբանակ է ուղարկում Լիբիա՝ աջակցելու Ազգային համաձայնության կառավարությանը, ռազմական օգնություն է ցուցաբերում Քաթարին Սաուդյան Արաբիայի հետ նրա հակադրության գործում, փաստացիորեն առաջնորդվում է նեոօսմանիզմի դրույթներով և 1920թ. «Ազգային ուխտ»-ից բխող իր շահերով: Հենց այս համատեքստում է պետք դիտարկել Թուրքիայի մոտեցումները Սիրիայի նկատմամբ, երբ նրա հետ սահմանին, վերջինիս տարածքի հաշվին, անվտանգության գոտի է հաստատում, ինչպես նաև Իդլիբի նկատմամբ վերահսկողության հարցում ՌԴ-ի հետ հարաբերությունների նմանօրինակ սրումը:
 
Անկարայի այսպիսի հավակնոտ մոտեցումներն ազդանշան են, որ մակրոտարածաշրջանային քաղաքականության՝ «մերձավորարևելյան» ու «հարավկովկասյան» ուղղությունները համադրել-զուգադրելով փորձ է արվելու հատկապես ՌԴ-ի հետ մրցակցային ամեն հնարավոր հանգրվանում հասնել Թուրքիայի համար շահեկան վիճակի:
 
Այս համատեքստում պարզ է, որ Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ  տարածաշրջանում ռազմավարական շահեր ունեցող Իրանի համար անընդունելի է, քանզի ԴՈՂՍ-ի ղեկավար Ք.Սլեյմանիի սպանությունից հետո և Իրանում կորոնավիրուսի տարածման արդյունքում առաջ եկած դժվարությունների պարագայում պաշտոնական Թեհրանը  հասկանում է, որ անհաջողությունը Սիրիայում և Բ.Ասադի անկումը պայմաններ են ստեղծելու, որ նախ՝ Մեծ Մերձավոր Արևելքում ձևավորի իրեն ոչ շահեկան ուժային հարաբերակցություն, մյուս կողմից՝ դա կարող է հաջողության նախադրյալներ ստեղծել իր դեմ հակառակորդ երկրների որդեգրած մոտեցումներում: Իրանում լավ գիտակցում են, որ եթե ռազմավարական հավասարակշռությունը Մեծ Մերձավոր Արևելքում խախտվի ոչ հօգուտ իրեն, ապա Անկարայի ռազմավարական գործընկեր ու Իսրայելի հետ խորացված ռազմատեխնիկական գործակցություն ունեցող իր հյուսիսային հարևանի կողմից կարելի է անկանխատեսելի վարք սպասել, այդ թվում՝ հավանաբար Թուրքիայի դրդմամբ ԼՂ շուրջ ռազմական գործողությունների վերսկսման սցենարի տեսքով: Իրանը լավ գիտակցում է, որ իր անմիջական սահմանների հարևանությամբ այս փուլում անկայունության օջախն սպառնալիք է: Հետևաբար, Թեհրանի համար կարևոր է, որ ՀՀ-ն ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական առումով լինի մրցունակ, որպեսզի կարողանա հավասարակշռել և զսպել Ադրբեջանին: Միաժամանակ՝ Իրանում անհանգստություն ունեն, թե ՀՀ-ում «թավշյա հեղափոխությունից» հետո Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապված ինչ փոխակերպումներ են տեղի ունեցել՝ հաշվի առնելով, որ պաշտոնական Երևանը հաստատել է Իսրայելում դեսպանություն բացելու իր նպատակադրումը:

Վերոնշյալ գործընթացներում Անկարայի հավակնոտ քաղաքականությունը, որը բավական ագրեսիվ է և տարբեր ճակատներում տարբեր արդյունքներ է արձանագրում, կարող է հանգեցնել Հարավային Կովկասում իրավիճակի սրմանը: Մի կողմից՝ դա կարող է լինել մերձավորարևելյան անկայունության տրամաբանական արդյունքը, մյուս կողմից՝ պայմանավորված լինել շատ այլ՝ Ադրբեջանում նավթի գնանկման և հնարավոր սոցիալական դժգոհություններից հանրային ուշադրությունը շեղելու գործոններով: Ամեն պարագայում հարկ է նշել, որ Հարավային Կովկասում պետությունները, հաշվի առնելով ինչպես պատմաքաղաքական փորձառությունը և աշխարհաքաղաքական առկա իրողությունները, պետք է ինչ-որ մի հանգրվանում հստակ գիտակցեն, որ միմյանց միջև առկա չլուծված խնդիրները գլոբալ բնույթի տեղաշարժերի պայմաններում անգամ իրենց դաշնակից երկրների կողմից օգտագործվելու են վերջիններիս համար առավել շահեկան ուժային հարաբերակցություն հաստատելու նպատակով, ինչն էլ անդրադառնալու է ներտարածաշրջանային կայունության ու անվտանգության մթնոլորտի ապագայի վրա: 
 
 
_________________
1 2016թ և 2019թ. նույնչափ համատեղ զորավարժություններ են իրականացվել, այդ թվում՝ ներգրավելով ադրբեջանական բանակի նախիջևանյան զորաբանակը:
2 «Տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ «Նոր պատերազմ նոր տարածքների դիմաց» Դ.Տոնոյան, https://www.youtube.com/watch?v=Ym88Qk9IHWs
3 Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք, https://www.aravot.am/2020/02/20/1095370/
 
Share

Comments are closed.