Սիրիական թնջուկն ու թուրք-եվրոպական բանակցությունները

 
Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Փորձագետ
Երևան
 
 
Քանի դեռ Եվրոպան վարակված չէր կորոնավիրուսի տենդով՝ մարտի սկզբի կարևոր աշխարհաքաղաքական իրադարձություններից մեկը Սիրիայի Իդլիբ տարածաշրջանում տեղի ունեցող բախումներն էին, որոնց հետևանքով տասնյակ թուրք զինվորներ զոհվեցին: Աշխարհն ուշի ուշով հետևում էր Սիրիայի տարածքում ռուս-թուրքական պրոքսի պատերազմին: Իդլիբը Սիրիայի միակ տարածաշրջանն է, որը մնում է ընդդիմության վերահսկողության ներքո։ Այնտեղ շուրջ 3,5 մլն փախստական կա Սիրիայի այլ շրջաններից, որոնք չեն ցանկանում ապրել Դամասկոսի ենթակայության տակ:

Չնայած Մերձավոր Արևելքը միշտ եղել է Եվրոպայի համար առանցքային տարածաշրջաններից մեկը, սակայն  հատկապես վերջին տարիներին սիրիական պատերազմում եվրոպական ներգրավվածությունը բավականին ցածր է: Ներկա դրությամբ  առերևույթ այստեղ գործող  հիմնական դերակատարները Ռուսաստանն ու Թուրքիան են, որոնք ունեն շահերի ուղղակի բախում: Մեծ դերակատարություն ունի նաև Իրանը: Քանի որ հոդվածի նպատակը դերակատարներին ներկայացնելը չէ, ապա չենք անդրադառնա այլ կողմերի մասնակցությանը:
 
Սիրիական պատերազմում Եվրոպական Միության  ներգրավվածությունն ավելի մեծ էր 2015-2016 թթ.-ին, երբ  ԵՄ-ն փորձում էր ամեն կերպ կանխել ապօրինի ներգաղթյալների մուտքը դեպի իր սահմաններ: Այս համատեքստում առանցքային նշանակություն ունեին ԵՄ-Թուրքիա բանակցությունները: Այդ օրերին եվրոպա-թուրքական օրակարգը հետևյալն էր`  թարմացնել Թուրքիայի հետ մաքսային պայմանագիրը, մշակել  համատեղ գործողությունների ծրագիր՝ կասեցնելու համար ապօրինի ներգաղթյալների մուտքը Եվրոպա, և հետևել ծրագրի իրականացմանը:
ԵՄ-Թուրքիա համատեղ գործողությունների ծրագիրն ընդունվեց  2015 թ.-ի նոյեմբերի 29-ին: Դրա առանցքային կետերը հետևյալն էին`
 
– ԵՄ-ն պարտավորվում է մեծացնել Թուրքիայի հետ  քաղաքական և ֆինանսական համագործակցությունը, որը պետք է կրի ավելի համակարգային բնույթ` ներառյալ տարեկան երկու անգամ համաժողովների կազմակերպումը:
 
–  ԵՄ-ն հանձնառու է  տրամադրել Թուրքիային  նախնական  3 միլիարդ եվրո լրացուցիչ ռեսուրս` օգնելու  սիրիացի փախստականների հարցում:
 
– Գործողությունների ծրագրի իրագործման համար փախստականների հարցերով երկու կողմերը ակտիվորեն կհամագործակցեն: Նրանք կկանխեն երկկողմանի տեղաշարժերը:
 
– Թուրքիան և ԵՄ-ն  կավարտեն վիզաների ազատականացման  գործընթացը  մինչ 2016 թ.-ի հոկտեմբեր:

– 2015 թ.-ի դեկտեմբերի 14-ին կայանալիք միջկառավարական համաժողովում կբացեն անդամակցության գործընթացի 17-րդ գլուխը:
 
 Ամիսներ շարունակ երկկողմանի բարձրաստիճան բանակցություններ էին տեղի ունենում` գործողությունների ծրագիրը կյանքի կոչելու համար: Ի վերջո  2016 թ.-ի մարտի 18-ին ԵՄ-ն և  Թուրքիան հանդես եկան պաշտոնական հայտարարությամբ,  որի բովանդակությունը հետևյալն էր`
 
– Բոլոր  նոր ապօրինի ներգաղթյալները հունական կղզիներից կվերադարձվեն Թուրքիա:

– Յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալի դիմաց մեկ սիրիացի փախստական կտեղափոխվի ԵՄ:
* Թուրքիան կկանխի ներգաղթյալների նոր հոսքը դեպի Եվրոպա:

– Երբ ապօրինի ներգաղթը կանխվի, կակտիվացվի կամավորական-մարդասիրական ընդունման մեխանիզմը:

– Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի պահանջները կվերանան մինչ 2016 թ.-ի հունվարի վերջ: Թուրքիան բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի` բավարարելու վիզայի ազատականացման ռեժիմի  համար անհրաժեշտ բոլոր պահանջները:

– Մինչ 2018 թ.-ի վերջը ԵՄ-ն մինչև վեց միլիարդ եվրոյի օգնություն կցուցաբերի Թուրքիային՝ փախստականների  համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու գործընթացում:

– Մինչև հունիսի վերջ պետք է վերսկսել Թուրքիայի  անդամակցության բանակցությունների 33-րդ գլուխը:

Որքան էլ Եվրամիության համար դժվար էր Թուրքիայի հետ փոխզիջումների գնալ և խոստանալ վիզայի շուտափույթ ազատականացում ու  անդամակցության բանակցություններում 33-րդ գլուխը բացել, այնուամենայնիվ,  ստիպված էր դիմել այդ քայլին: Սակայն Թուրքիայի ներքաղաքական օրակարգը  միանգամայն այլ բան էր նախատեսել: Հենց 2016 թ.-ի ամռանն էր, որ երկրում պետական հեղաշրջման փորձ կատարվեց և արտակարգ դրություն հայտարարվեց: Թուրքիայում սկսվեց ձերբակալությունների և ոչ ժողովրդավարական մեթոդների կիրառման տեղատարափ, ինչն էլ ԵՄ-ին մանևրելու հնարավորություն ընձեռեց:

 Թուրքիայում սիրիացի փախստականներին  օգնելու նպատակով ԵՄ-ն հետևյալ աջակցության փաթեթն էր նախատեսել.
 
– Ընդհանուր բյուջեն կազմում էր 6 միլիարդ  եվրո: Առաջին  փոխանցումը կատարվեց 2016-2017 թթ.-ին, իսկ երկրորդ 3 միլիարդը նախատեսված էր 2018-2019 թթ.-ին:
 
– 2016-2017 թթ.-ի համար նախատեսված փոխանցումները լիովին իրականացվել են, որի շրջանակում իրագործվել  են 72  նախագծեր:
 
* 2018-2019 թթ.-ին նախատեսված բյուջեից արդեն իսկ խոստացվել է  1.2 միլիարդը և 450 միլիոն եվրոյի պայմանագրեր  կնքվել:

– 2019 թ.-ի տվյալներով՝ ավելի քան  470.000 երեխաներ  ֆինանսական աջակցության այդ ծրագրերի միջոցով դպրոցներ են հաճախել,  400.000 ուսանողներ մասնակցել են թուրքերենի դասերի, 43.000 ուսանողներ  ստացել են լրացուցիչ պարապմունքների իրավունք, 19.000 ուսուցիչներ  վերապատրաստվել են:

– Ավելի քան 1.500.000 ամենախոցելի սիրիացի փախստականներ ամսական կանխիկ փողի տեսքով օգնություն են ստացել:
Իդլիբում  տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո  թուրքական կողմը սկսեց Եվրամիությանը մեղադրել պարտավորությունները չկատարելու մեջ և սպառնաց բացել սահմանը: Այդ կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանն ասաց, թե միգրացիոն ճգնաժամը կարգավորելու հարցում Եվրամիության երկրներն ամբողջությամբ չեն կատարել 2016 թվականի ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունները: Նա նշեց, թե նախկինում ևս զգուշացրել է, որ եթե ԵՄ-ն իր վրա չվերցնի փախստականներին տեղաբաշխելու պատասխանատվության մի մասը, ապա Թուրքիան կբացի սահմանները:

Նման սպառնալիքները պատահական չեն: Իդլիբում կենտրոնացած են հիմնականում Ասադի ռեժիմից դժգոհ ապստամբները, և եթե Իդլիբում սիրիական կառավարական ուժերը հաղթանակ տանեն, հնարավոր է Թուրքիայում փախստականների մեծ հոսք, շուրջ 2.7 միլիոն բնակչություն: Թուրքիան, որն արդեն իսկ 3.7 միլիոն սիրիացի փախստականների հանգրվան է, դժվար թե ցանկանա ավելի շատ փախստականների ընդունել:

Էրդողանը ցանկանում է ստանալ Եվրոպայի  քաղաքական  և ֆինանսական աջակցությունը Իդլիբում անվտանգության գոտի ստեղծելու հարցում: Նա հուսով էր նաև փախստականների շուրջ դիսկուրսի ձևավորմամբ հանրության ուշադրությունը շեղել Սիրիայում թուրք զինվորների սպանության  փաստից:  Թուրքերը միշտ աջակցել են Սիրիայում  հակաասադական ուժերին, սակայն խուսափել են ուղղակի պատերազմի մեջ մտնելուց: Այս անգամ պատերազմի մեջ անմիջական ներգրավվածությունը քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց: Նախկինում, երբ այդ պայքարը Սիրիայի քրդերի դեմ էր, բնակչության համար անհրաժեշտ և ընդունելի փաստարկներ կային, ի տարբերություն վերջին դեպքերի, երբ  թուրքերի  փոքր հատվածն է աջակցում կառավարական գործողություններին:

Բացի այդ, Թուրքիան ցանկանում է  նաև վերաբանակցել 2016 թ.-ի պայմանագիրը փախստականների մասին: Էրդողանը երկար ժամանակ բողոքում էր, որ ԵՄ-ն մինչև վերջ չի վճարել 6 միլարդ եվրոն, սակայն ԵՄ պաշտոնյաները հակափաստարկում են, որ արդեն իսկ պայմանավորվել են, որ մինչ 2022 թ.-ն են վճարելու:  Թուրքիայի և հատկապես Էրդողանի  կառավարության համար այդ օգնությունը կենսական է, քանի որ  փախստականների քաղաքականությունը մեծ ժողովրդականություն չի վայելում թուրքերի շրջանակում: Այս ամենը համընկավ նաև թուրքական տնտեսության անկման հետ, և բնակչությունը հենց սիրիացի փախստականներին է մեղադրում իրենց  տնտեսական դժվարությունների համար: Այդ պատճառով էլ կառավարությունն ստիպված  չափազանցնում է երկիրը լքած փախստականների թիվը,  նշելով մոտ  140.000 հոգի, մինչդեռ եվրոպացի պաշտոնյաների հետ բանակցություններում նշվում է հազարների մասին: Թուրքիան հույս ունի ԵՄ-ի հետ  նոր ֆինանսական համաձայնագիր կնքելու միջոցով  ակտիվացնել տնտեսությունը և մեծացնել Էրդողանի կողմնակիցների թիվը: Մինչդեռ, համաձայն Էրդողանի, ԵՄ-ն ընդամենը մեկ միլիարդ եվրո է առաջարկում,  իսկ  Թուրքիան  պնդում է, որ արդեն իսկ ծախսել է 40 միլիարդ:

Եթե հրադադարը պահպանվի՝ ԵՄ-ն ստիպված կլինի Թուրքիային առաջարկել   ոչ միայն նոր ֆինանսական փաթեթ, այլև վերանայել մարդասիրական օգնության հարցում Սիրիային տրվող աջակցությունը: Իդլիբյան դեպքերով Սիրիայում պատերազմի նոր փուլ է, և եվրոպական առաջնորդները ստիպված են  փոխել իրենց քաղաքականությունը Սիրիայում կայունություն հաստատելու համար:

Բացի  ֆինանսական միջոցներից՝  Թուրքիան ցանկանում է կրկին առաջ մղել վիզաների ազատականացման  և մաքսային միության վերափոխման օրակարգը:

Միության  դիրքորոշումը բավականին տարբեր է: Բրյուսելը ցանկանում է վերաթարմացնել 2016 թ.-ի պայմանագրի միայն ֆինանսական ասպեկտը: ԵՄ-ի համար  բանակցությունների սկսումը օրակարգից դուրս է: Չնայած հակոտյա դիրքորոշումներին` երկու կողմերը պայմանավորվեցին բանակցություններն ավարտին հասցնել, որի համար նախատեսվում է երկու ճակատ: Մեկը Թուրքիայի  արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի և ԵՄ-ի արտաքին և անվտանգային քաղաքականության գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելի  միջոցով է: Այս երկու  դիվանագետները կաշխատեն մինչ մարտի  26-ը, որին կհաջորդի  ԵՄ առաջնորդների  գագաթնաժողովը:
 
 
 
 
Share

Comments are closed.