«Ականատես» դիտորդական առաքելության տեղեկանքը

 

Մարտի 31։ Ստեփանակերտյան ընտրատեղամաս թատրոնի շենքում։ Լուսանկարը՝ Հայկ Ղազարյանի


Ներածություն

 
 Սույն վերլուծությունը Արցախի Հանրապետությունում (այսուհետ՝ ԱՀ) 2020թ. մարտի 31- ին կայացած Ազգային ժողովի և նախագահի հերթական ընտրությունների քվեարկության ընթացքի և արդյունքների գնահատումն է՝ հիմնված ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալների վրա։ 
 
Վերլուծության հիմնական հիպոթեզն այն է, որ 2020թ. կայացած ԱՀ ընտրություններում ընտրողների մասնակցությունը և թեկնածուների ու կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ստացած ձայները պայմանավորված չեն եղել արտաքին գործոններով, այսինքն` ընտրողների կամարտահայտումը եղել է ազատ և արտաքին ազդեցությունից զերծ: Նման «զրոյական» հիպոթեզը կարող է հաստատվել, եթե պարզվի, որ ընտրողների մասնակցության միտումներում և մասնակցության ու ստացված արդյունքների միջև առկա չեն կորելացիաներ:

Վերլուծության հիմքում այն սկզբունքն է, որ ընտրողների մասնակցությունը և կարծիքները սովորաբար բաշխվում են ըստ որոշակի վիճակագրական կանոնների և օրինաչափությունների: Որպես կանոն, ազատ և արդար ընտրությունների ժամանակ մասնակցության և արդյունքների վերլուծության արդյունքում ստացվում են բացատրելի և կայուն պատկերներ: Ցանկացած արհեստական միջամտություն և ընտրակեղծարարություն, ինչպես օրինակ՝ լցոնում, մարդկանց տեղափոխում, կաշառում և ուղղորդում, բազմակի քվեարկություն, քվեարկության վերահսկում, արդյունքների փոփոխում և այլն հանգեցնում է այդ բաշխվածությունների ու կախվածությունների նկատելի աղավաղումների: 
 
Վերլուծության արդյունքներ 
Ընտրողների մասնակցություն
 
ԱՀ համապետական ընտրություններին կազմավորված 8 ընտրատարածքների 281 ընտրատեղամասերում և Երևան քաղաքում ձևավորված միակ ընտրատեղամասում, 1 քվեարկության արդյունքների արձանագրության համաձայն, քվեարկությանը մասնակցել է 76,001 քաղաքացի (ԱԺ պարագայում՝ 75,989)՝ ընտրողների ընդհանուր թվի (104,866) 72.5%-ը։2 Ընտրողների ընդհանուր թիվը կազմում է ԱՀ-ի բնակչության (148,000) 70.8%-ը։3 
Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը՝ 79%, գրանցվել է 2-րդ ընտրատարածքում (Ասկերանի շրջան), իսկ ամենացածրը՝ 68%՝ 8-րդ ընտրատարածքում (Քաշաթաղի շրջան): Երևանի ընտրատեղամասում գրանցվել է 52% մասնակցություն: 
 
 

Ազատ և արդար ընտրություններին բնորոշ է քվեարկության օրվա ընթացքում ընտրողների համաչափ մասնակցությունը, ինչը գրաֆիկի վրա արտահայտվում է ՝ կորի նորմալ բաշխվածությամբ: Գրաֆիկ 2-ում պատկերված մասնակցության կորերն ակնհայտորեն հեռու են վիճակագրական նորմալ բաշխվածությամբ կորերից: Դրանք սիմետրիկ չեն, ունեն բազմաթիվ գագաթներ և թեքված են դեպի աջ, ինչը կարող է լինել մասնակցության վրա արհեստական գործոնների ազդեցության հետևանք: Ընտրողների մասնակցությունն առավոտից եղել է ակտիվ, և 11:00 դրությամբ13 տեղամասերում արդեն իսկ նկատվել է 50% և բարձր (մեկ դեպքում՝ մինչև 100%) մասնակցություն:

Գրաֆիկ 2․ Ընտրողների մասնակցության դինամիկան քվեարկության օրվա ընթացքում

Ուշադրության է արժանի նաև տեղամասերի մասնակցության վերլուծությունը՝՝ ըստ տեղամասերի քանակի։ Ինչպես արդեն նշվեց, ըստ պաշտոնական տվյալների, Արցախի համապետական ընտրություններին արձանագրվել է 72% մասնակցություն։ Ըստ գրաֆիկ 3-ի՝ ընտրատեղամասերում մասնակցության բաշխվածությունն ամենահաճախը գրանցվել է 73%-ի չափով, որը մոտ է քվեարկության մասնակցության պաշտոնական թվին։ Սովորական իրավիճակում մասնակցության հիստոգրամն ունենում է նորմալ բաշխվածություն, այսինքն՝ կանոնավոր կորի տեսք՝ առանց ավելորդ գագաթների և ձգվածության: 

Համաձայն Կոլմոգորով-Սմիրնով և Շապիրո-Վիլկ4 նորմալության ստուգման թեսթերի արդյունքների՝ ըստ տեղամասերի քանակի մասնակցության բաշխվածությունը նորմալ չէ: Ակնհայտ է, որ ներկայացված հիստոգրամն ունի նորմալությունից շեղվող գագաթներ միջինից աջ ընկած հատվածում, հատկապես՝ 77-78% և 80% մասնակցությամբ տեղամասերում (արձանագրվել է նմանատիպ 48 ընտրատեղամաս)։ Ընտրատեղամասերի միջին մասնակցային թվից ստանդարտ շեղումը մեծ է, ինչը նշանակում է, որ միջինից հեռու և հատկապես բարձր մասնակցությամբ տեղամասերի քանակը մեծ է։ 
 
Այս համատեքստում՝ ուշադրության է արժանի քվեարկության արագության վերաբերյալ պաշտոնական տվյալների վերլուծությունը: Փաստացի, յուրաքանչյուր ընտրատեղամաս միավոր ժամանակահատվածում կարող է ֆիզիկապես ապահովել սահմանափակ թվով ընտրողների քվեարկություն՝ հաշվի առնելով, որ գոյություն ունի մեկ ընտրողի տեղամաս մտնելու և քվեարկելուց հետո տեղամասից դուրս գալու համար ծախսվող միջին նվազագույն ժամանակ: 5 Տեղամասի «թողունակությունը» կախված է մի շարք գործոններից, ինչպիսիք են քվեարկության սենյակի մեծությունը, ստորագրությունների համար հատկացված սեղանները, քվեախցիկների քանակը: Հարկ է նկատել, որ Արցախում 2020թ. մարտի 31-ին քվեարկության նորմալ գործընթացը ընտրատեղամասերում «թողունակության» լրացուցիչ դանդաղում էր երկու տեսակի՝ խորհրդարանական և նախագահական ընտրությունների քվեարկության (քվեաթերթիկ ստանալը, լրացնելը և արկղը գցելը), ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի դեմ նախատեսված միջոցառումների իրականացման (դիմակի, ձեռնոցների, ալկոգելի, գրիչի բաշխում ընտրողներին) բերումով: Այս առումով, բավականին կասկածելի են ըստ ժամերի բարձր մասնակցության հրապարակված թվերը, որտեղ 83 ընտրատեղամասում մեկ անձի քվեարկությունը տեղի է ունեցել ավելի պակաս քան 1.5 րոպեի (90վրկ) ընթացքում, ինչը քիչ հավանական է, իսկ 6 տեղամասում՝ ավելի պակաս քան կես րոպեի (30 վրկ) ընթացքում:  Նման թվերը կարող են նշանակել խմբային քվեարկություն, լցոնում, տվյալների կեղծում: 

Գրաֆիկ 1․ Ընտրողների մասնակցությունն՝ ըստ տեղամասերի քանակի

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներ
 
 Գրաֆիկ 4-ում ներկայացվում են ԱՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն՝ ըստ հանրապետության շրջանների: «Ազատ հայրենիք» դաշինքն առավելագույն ձայները ստացել է Քաշաթաղում և Հադրութում: «Միասնական հայրենիքն» իր ստացած ձայներից առավելագույն տոկոսները ստացել է Ստեփանակերտում և Մարտունու, Մարտակերտի ու Շուշիի շրջաններում, Արցախի «Արդարությունը»՝ Ասկերանի շրջանում, «Հայ հեղափոխական դաշնակցությունը»՝ Մարտունու շրջանում, իսկ «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը»՝ Շահումյանի և Ասկերանի շրջաններում:7 

Գրաֆիկ 4. Կուսակցությունների (դաշինքների) ընտրության արդյունքներն՝ ըստ ընտրատարածքների

Ըստ Սոբյանին-Սուխովոլսկու մեթոդի, որը փորձարկվել է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանի ընտրություններում, արտաքին ազդեցությունների բացակայության դեպքում ընտրությունների մասնակիցների ստացած ձայների և տեղամասերում քվեարկողների մասնակցության մեջ կապը պետք է ունենա «ամպիկների» տեսք, որտեղ կետերը համախմբված են ստացված ձայների տոկոսի ուղիղ գծի շուրջ։ 
 
Գրաֆիկ 5-ում երևում է, որ «Ազատ հայրենիք» դաշինքի դեպքում, ըստ Փիրսոնի կորելացիայի գործակցի8 , առկա է դրական նշանակալի (թեև ոչ ուժգին) կորելացիա կուսակցության ստացած ձայների և մասնակցության միջև, այսինքն՝ ինչքան բարձր է տեղամասերում մասնակցության տոկոսը, այդքան ավելի շատ ձայն է հավաքել տվյալ կուսակցությունը։ Մնացած կուսակցությունների դեպքում նշանակալի դրական կորելացիա չկա։ Գրաֆիկում կապույտ կետերի ցրվածությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ԱՀ Ազգային ժողովի ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած «Ազատ հայրենիք» կուսակցության քվեների համամասնություները, ըստ տեղամասերի, նշանակալի շեղվածություն ունեն միջինից (ուղիղ գծից), այսինքն բնակչության՝ տվյալ թեկնածուի ընտրության համամասնությունը տեղամասից տեղամաս էականորեն տարբեր են։ 

Գրաֆիկ 5․ Կուսակցությունների (դաշինքների) ընտրության արդյունքներն՝ ըստ մասնակցության

Գրաֆիկ 6-ում ներկայացված՝ կուսակցությունների (դաշինքների) ստացած քվեների կորերը ցույց են տալիս, որ առավել քվե ստացած կուսակցությունների՝ «Ազատ հայրենիքի» և «Միասնական հայրենիքի» ստացած ձայների կորերը թեքվում են դեպի աջ տեղամասերում մասնակցության բարձրացմանը զուգընթաց:

Գրաֆիկ 6․ Կուսակցությունների ստացած քվեների թիվն՝ ըստ ընտրողների մասնակցության

Նախագահական ընտրությունների արդյունքներ

Գրաֆիկ 7-ում կետերը ցույց են տալիս նախագահի առաջատար երեք թեկնածուների ստացած ձայների բաշխումն՝ ըստ ընտրատարածքների։ Գրաֆիկից ակնհայտ է, որ Ստեփանակերտի տեղամասերում (ընտրատարածք 1) առավել ձայներ ստացած երեք թեկնածուների դեպքում էլ, հիմնականում, դիտվում է միջինին մոտ մասնակցություն, որից կարելի է եզրակացնել, որ Ստեփանակերտում բնակչության ընտրությունը տեղամասերում ավելի համասեռ է։ Մյուս շրջաններում թեկնածուների ստացած քվեների բաշխումը խիստ ցրված է և հեռու միջինից, ինչը հատկապես ցայտուն է արտահայտված Արայիկ Հարությունյանի պարագայում։ 

Գրաֆիկ 7. Նախագահի թեկնածուների ընտրության արդյունքներն՝ ըստ ընտրատարածքների

Համաձայն նորմալության թեսթերի՝ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուների ստացած քվեներն՝ ըստ տեղամասերի քանակի, նորմալ բաշխված չեն։ Վիտալի Բալասանյանը և Մասիս Մայիլյանը տեղամասերից մեծամասնությունում ստացել են համապատասխանաբար 10%-ին և 20%-ին մոտ ձայներ, ինչը մոտ է պաշտոնական վերջնական արդյունքներին: Առավել թեքված է Արայիկ Հարությունյանի ստացած ձայների կորը: Ընտրողների ձայների պաշտոնապես առավելագույն 47% ստացած թեկնածուն տեղամասերում ամենահաճախը ստացել է 30-35% միջակայքում քվեներ, իսկ ըստ տեղամասերի ստացած ձայների՝ ստանդարտ շեղումը միջինից ամենաբարձրն է՝ մյուս թեկնածուների հետ համեմատած։

Գրաֆիկ 8․ Նախագահի թեկնածուների ստացած քվեներն՝ ըստ տեղամասերի քանակի

Նախագահի թեկնածուների ձայների բաշխումը ցույց է տալիս, որ Արայիկ Հարությունյանն առավելագույն ձայները ստացել է Քաշաթաղի, Շահումյանի և Հադրութի շրջաններում: Մասիս Մայիլյանը իր ստացած ձայների համեմատաբար ավելի մեծ մասը ստացել է Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Շուշիում, իսկ Վիտալի Բալասանյանը՝ Ասկերանում և Շուշիում: 

Գրաֆիկ 9․ Նախագահի թեկնածուների ստացած քվեներն՝ ըստ շրջանների

Ինչպես արդեն նշվեց, ըստ Սոբյանին-Սուխովոլսկու մեթոդի՝ արտաքին միջամտությունից զերծ ընտրություններում մասնակցության և ստացած ձայների միջև փոխկապվածություն չպետք է գրանցվի, սակայն Գրաֆիկ 10-ը փաստում է, որ ամենաշատ ձայներ հավաքած երեք թեկնածուների՝ Արայիկ Հարությունյանի (47%), Մասիս Մայիլյանի (25%) և Վիտալի Բալասանյանի (14%) ստացած ձայների և տեղամասերում մասնակցության տոկոսի միջև կա դրական կորելացիա։ Փիրսոնի կորելացիայի գործակիցը ցույց է տալիս, որ ամենաբարձր կորելացիան ամենաշատ քվե ստացած Արայիկ Հարությունյանի օգտին արձանագրված ձայների և մասնակցության միջև է։ Երկրորդ տեղում է Վիտալի Բալասանյանը: Նրան հաջորդում է Մասիս Մայիլյանը՝ պակաս նշանակալիությամբ և ստացած ձայների համամասնության և տեղամասային մասնակցության միջև համեմատաբար ավելի ցածր կորելացիայով։

Գրաֆիկ 10․ Նախագահի թեկնածուների ընտրության արդյունքներն՝ ըստ մասնակցության

Գրաֆիկ 11-ում ներկայացված է ԱՀ նախագահի թեկնածուների ստացած քվեների թիվն՝ ըստ մասնակցության` 5% քայլով: Ինչպես երևում է, բոլոր թեկնածուների ստացած ձայները ձախ հատվածում՝ ցածր մասնակցությամբ տեղամասերում, մոտ են, սակայն տարբերությունը առաջատար թեկնածուի՝ Արայիկ Հարությունյանի և մյուս թեկնածություների ստացած ձայների միջև մեծանում է հատկապես կորի աջ հատվածում, այսինքն՝ բարձր մասնակցությամբ; 

10 Փիրսոնի կորելացիոն գործակիցներն են՝ Արայիկ Հարությունյան՝ 0.478**, Վիտալի Բալասանյան՝ 0.214**,

Մասիս Մայիլյան՝ 0.138*։

Գրաֆիկ 11․ Նախագահի թեկնածուների ստացած քվեների քանակն՝ ըստ մասնակցության

Ամփոփում

ԱՀ համապետական ընտրությունների քվեարկության և արդյունքների բաց տվյալների վերլուծությունը հերքում է սույն փաստաթղթի սկզբում ձևակերպված «զրոյական» հիպոթեզն՝ ըստ որի ընտրողների մասնակցության և թեկնածուների ու կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ստացած ձայների միջև նշանակալի դրական կորելացիա չկա և դրանք պայմանավորված չեն եղել արտաքին գործոններով:

Թե՛ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (դաշինքների), և թե՛ նախագահի թեկնածուների պարագայում նկատվում են որոշակի անոմալիաներ, որոնք կարող էին ենթադրել արհեստական միջամտություն՝ բարձր մասնակցություն և ձայների անհրաժեշտ քանակ ապահովելու նպատակով:

«Ականատես» դիտորդական առաքելության կողմից Արցախի 2020թ. մարտի 31-ի համապետական ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկման բացահայտումները թույլ են տալիս ենթադրել, որ նկատված անոմալիաները կարող էին լինել «բարեգործության» անվան տակ ընտրողների կաշառման, ուղղորդման և քվեարկության վերահսկողության հետևանք:

Դիտորդական առաքելության մասին

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն  կենտրոն»  (ԹԻՀԿ)  հասարակական   կազմակերպության,

«Ժուռնալիստների  «Ասպարեզ»  ակումբ»  (ԺԱԱ)  հասարակական կազմակերպության, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից: Արցախի Հանրապետությունում դիտորդական առաքելության գործընկերը «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպությունն է։

«Ականատես»-ի նպատակն է նպաստել Հայաստանում և Արցախում ազատ և արդար ընտրությունների անցկացմանը և դրանց նկատմամբ հանրային անկողմնակալ հսկողությանը, ընտրական գործընթացների օրինավորությանը:

«Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (դաշինքի), թեկնածուի օգտին կամ դեմ:

 

 

Share

Comments are closed.