Ջորջ Քենթ. «Լավրովը երբեմն ոչ այնքան օգտակար հայտարարություններ է անում»

 

ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթ

 ԱՄՆ պետդեպարտամենտում վստահ չեն, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները կարող են նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Այս մասին ԱՄՆ-ում գործող գերմանական Մարշալի հիմնադրամի կազմակերպած վեբինարի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետնախարարի օգնականի՝ Եվրոպայի և Եվրասիայի գործերով տեղակալ Ջորջ Քենթը։

«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները։ Միայն կարող եմ ասել, որ նա մի շարք իրավիճակներում բազմաթիվ ոչ այնքան օգտակար հատարարություններ է արել։ Վերջինն, օրինակ, վերաբերում էր Դոնբասում առկա իրավիճակին և հնչեցվել է անցած շաբաթ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո»,- հայտարարել է Քենթը, մեկ անգամ ևս ընդգծելով, որ ղարաբաղյան կարգավորման գործում ամերիկյան դիվանագիտության գլխավոր նպատակներից մեկը հանդիսանում է հակամարտության կողմերի միջև երկխոսության խթանումը։

«Մենք ակտիվորեն մասնակցում ենք այդ գործընթացին` նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև երկխոսության կազմակերպմանը։ Խաղաղ կարգավորման հիմքում դրված են Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները՝ հիմնախնդրի ուժային լուծման բացառումը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։ Լեռնային Ղարաբաղի պարագայում կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում այդ սկզբունքները»,- նշել է ամերիկացի դիվանագետը, հավելելով, որ արդեն մեկ քառորդ դար հակամարտության բոլոր կողմերի շահերի ապահովումը հանդիսանում է բանակցային գործընթացի հիմնական մարտահրավերներից մեկը։

Մարշալի հիմնադրամի կազմակերպած քննարկման ընթացքում Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան բավականին հանգամանորեն արծարծել է նաև Հայաստանի ներքին իրավիճակը, մասնավորապես այն առաջընթացը, որը երկրի կողմից ձեռք է բերվել թավշյա հեղափոխությունից հետո։ «Ես գտնում եմ, որ հայերն իրավամբ կարող են հպարտանալ համակարգային զգալի փոփոխությունների ձեռքբերման ուղղությամբ իրենց խաղաղ ջանքերով։ Երկու տարի է անցել այն ժամանակից, երբ Փաշինյանը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, մեկուկես տարի է անցել խորհրդարանական ընտրություններից, որոնց արդյունքում նրա կուսակցությունը ճնշող մեծամասնություն է կազմել։ Եւ այն, ինչ մենք տեսնում ենք այսօր Հայաստանում, իրական առաջընթաց է համակարգային բարեփոխումների ճանապարհին։ Ներկայումս քննարկումներ են ընթանում ոստիկանության հիմնարար վերակազմավորման և Ներքին գործերի նախարարության ստեղծման մասին, և Միացյալ Նահանգները լրջորեն պաշտպանում են այդ ջանքերը»,- ասել է Քենթը։

Քննարկման ընթացքում Պետական դեպարտամենտի ներկայացուցիչը նաև պատասխանել է նախահամավարակային Հայաստանի ներքաղաքական օրակարգի գլխավոր թեմային՝ դատական համակարգի բարեփոխման և Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակին վերաբերող հարցին։

«Ես կարծում եմ, որ հայերը դատական համակարգի ավելի արմատական փոխակերպում են առաջարկում։ Մենք նրանց առաջարկել ենք դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ որպես խորհրդատվական լավագույն մարմնի։ Վարչապետ Փաշինյանն առաջարկել է հանրաքվե անցկացնել այդ հարցով։ Սակայն այդ հանրաքվեն դարձել է թագավարակի առաջացրած ճգնաժամի պատճառով հետաձգված բազմաթիվ քվեարկություններից մեկը»,- նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջորջ Քենթը։
 
 
 
 
 
Share

Comments are closed.