Մամուլը Թուրքիայում. դժվար երեկ, դժվար այսօր



Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան
 
Թուրքիայի մամուլին վերաբերող այս հոդվածում խոսելու ենք թուրքական մամուլի ընդհանուր պատկերի, առկա խնդիրների և մարտահրավերների, ինչպես նաև առանձնահատկությունների մասին։ Ինչո՞ւ։ Քանի որ մեր անմիջական հարևանին ավելի լավ ճանաչելու միջոցներից մեկն էլ այդ երկրի մամուլն ու նրա աշխատելաոճը ճանաչելն է։ Եվ հասկանալ այն, թե ինչ պայմաններում և ինչպես է տեղի մամուլը ներկայացնում այդ երկիրն ու այդ երկրի իրադարձությունները, երևույթները, գործընթացները։ Մեր կարծիքով՝ այս կամ այն երկրում մամուլի վիճակը ոչ միայն արտացոլում է տվյալ երկրում խոսքի ազատության մակարդակը, քաղաքական և սոցիալական վիճակը, այլ նաև հենց մամուլն էլ կոչված է վերը թվարկվածը ներկայացնել մարդկանց։

Թուրքիայում մամուլի ներկա վիճակը նախանձելի չէ։ Ընդհանրապես, մեր հարևան երկրում մամուլն իր ստեղծման առաջին իսկ պահից շատ քիչ նախանձելի օրեր է ապրել։ Տասնամյակներ շարունակ թուրքական մամուլը ենթարկվել է գրաքննության, ընդդիմադիր լրագրողներն ու մամուլի աշխատակիցները ենթարկվել են հետապնդումների, բռնությունների, ձերբակալությունների, մասնագիտական աշխատանքի համար հատուցել են անգամ սեփական կյանքով։ 20-րդ դարում և 21-րդ դարի առաջին քսանամյակում Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում սպանվել է 110-ից ավել լրագրող. նրանց թվում են նաև Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ լրագրողներն ու 2007-ին Ստամբուլում Ակօսի խմբագրատան առջև սպանված Հրանտ Դինքը։ Լրագրողի վերջին սպանությունը Թուրքիայում թվագրվում է 2016 թվականին։

Բացի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգներից, Թուրքիայում լրագրողները հաճախ են խնդիր ունենում երկրի իրավական համակարգի հետ։ Մեր օրերում ևս ճնշման այս գործիքը խիստ արդիական և կիրառական է։ Իզուր չեն նշում, որ Թուրքիան լրագրողների համար ամենամեծ բանտն է աշխարհում։ 2020 թվականի սկզբի դրությամբ թուրքական բանտերում է պահվում հարյուրից ավել լրագրող և մամուլի աշխատակից։

Թուրքական մամուլի և խոսքի ազատության ոչ լավ վիճակը մշտապես մատնանշում են այդ ուղղությամբ աշխատող միջազգային հեղինակավոր կազմակերպություններն իրենց զեկույցներում։ «Freedom House» հեղինակավոր կազմակերպությունը 2019 թվականի իր ամենամյա զեկույցում Թուրքիայում խոսքի և համացանցի ազատության կարգավիճակը որակում է որպես «ոչ ազատ», ինչն անփոփոխ է վերջին տարիների համար: Ըստ կազմակերպության՝ 2019 թվականին Թուրքիայում համացանցի ազատությունը խիստ սահմանափակ է, թեև ինտերնետ կապի երկարաժամկետ անջատումներ չեն եղել, բայց պետությունը շարունակել է արգելափակել տարբեր կայքեր, այդ թվում՝ նաև առանձին հոդվածների հղումներ, դատական հետապնդումներ է սկսել օգտատերերի դեմ։ Նշվում է, որ թեև 2018-ին և 2019-ին Թուրքիայի տարածքում չեն արգելափակվել սոցիալական ցանցեր, սակայն միայն 2018-ին 3000-ից ավել կայք է արգելափակվել պետության որոշմամբ։ Reporters Without Borders հեղինակավոր կազմակերպության կազմած «Աշխարհում մամուլի ազատության ինդեքսում» (2019 World Press Freedom Index) Թուրքիան 2019 թվականի դրությամբ 180 երկրների ցանկում 157-րդն է (2018-ին՝ նույնպես 157-րդը): Human Rights Watch-ը ևս իր զեկույցներում նշում է, որ Թուրքիայում իշխանությունները թիրախավորում են հատկապես ընդդիմադիր լրագրողներին ու քրդական լրատվամիջոցներին։ Amnesty International-ն իր 2017/2018 թվականների՝ Թուրքիային նվիրված զեկույցում բացասական է ներկայացնում երկրում խոսքի ազատության վիճակը՝ օրինակ բերելով իշխանությանը քննադատող լրագրողների ձերբակալություններն ու ճնշումները, ինչպես և ընդդիմադիր լրատվամիջոցների (այդ թվում՝ առցանց լրատվամիջոցների) փակումը (արգելափակումը):

Թուրքիան մամուլը վերահսկելու և պաշտոնական գրաքննության համար հատուկ մարմին ունի՝ RTUK-ը (Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդ), որն իրավասություն ունի արգելափակելու լրատվամիջոցների կայքերը, այս կամ այն հոդվածի հասանելիությունը։ RTUK-ի կողմից արգելափակվող կայքերը տարեկան չափվում են ոչ թե հարյուրներով, այլ հազարներով։ Դրանց թվում քիչ չեն նաև լրատվական կամ վերլուծական կայքերը։ Բացի այդ, թուրքական օրենսդրությունը թույլատրում է դատարաններին ևս տարատիպ կայքեր արգելափակելու որոշումներ կայացնել։ Թուրքիան վերջին տարիներին ուշադրության կենտրոնում էր YouTube-ի ու Wikipedia-ի նման կարևոր ռեսուրսների ժամանակավոր արգելափակումներով։

Թուրքիայի մամուլի համար վերջին տարիների մեծագույն փորձությունը 2016 թվականի հեղաշրջման փորձին հաջորդած ժամանակահատվածն էր, երբ այդ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում երկրի իշխանություններն զանգվածային որս սկսեցին այլախոհ լրագրողների և ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ՝ թիրախավորելով հիմնականում նախագահ Էրդողանի անձնական և սկզբունքային հակառակորդ, կրոնական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապ ունեցող անձանց ու լրատվամիջոցներին։ Իհարկե, թուրքական իշխանություններն առիթը բաց չթողեցին հաշիվներ պարզելու նաև ոչ գյուլենական լրատվամիջոցների հետ, որոնք քննադատում էին Էրդողանին և նրա թիմին։

Թեև Թուրքիայում արտակարգ դրությունը 2 տարի անց ավարտվեց և որոշակիորեն մեղմվեցին ճնշումները, բայց և այնպես թուրքական մամուլը շարունակում է դժվար վիճակում լինել՝ բազմաթիվ լրատվակայքեր ու թերթեր փակված են, իսկ շատ լրագրողներ մնում են անազատության մեջ։

Թուրքական մամուլի վերջին վերադասավորումներից հետո հայտնի տպագիր թերթերի, լրատվակայքերի և հեռուստատեսության ճնշող մեծամասնությունն անցել է իշխանական կամ մերձիշխանական խմբերին, որոնք էլ ձևավորում են խոշոր մեդիա խմբեր։ Նախկինում ընդդիմադիր կամ ոչ իշխանամետ լրատվամիջոցները կա՛մ փակվում են, կա՛մ փոխում սեփականատերերին։ Օրինակ, «Զաման» (Zaman) պարբերականը, որը 2010-ականների առաջին կեսին Թուրքիայի ամենամեծ տպաքանակով թերթն էր, փակվեց Գյուլենի համայնքին հարելու մեղադրանքով։ Առավել չեզոք, բայց հեղինակավոր «Հյուրիյեթ» (HՖrriyet) և «Միլլիյեթ» (Miliiyet) թերթերն անցան իշխանությանը մոտ «Դեմիրորեն» ընկերությանը։ Նման դեպքերը եզակի չեն։

Ընդդիմադիր մամուլը չունի նյութական և այլ տեսակի մեծ հնարավորություններ, որոնք ունեն իշխանամերձ մեդիա ռեսուրսները։ Իշխանությանը մոտ կանգնած մեդիա խմբերն ունեն անգլերենով լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Հյուրիյեթ Դեյլի Նյուզը» (HՖrriyet Daily News), «Դեյլի Սաբահը» (Daily Sabah), «Անադոլու» (Anadolu Ajansi) գործակալությունը, իսկ ընդդիմադիր մամուլը գերազանցապես ներկայանում է թուրքերեն ու թիրախավորում է ներքին լսարանը։ Ասել է թե, եթե Հայաստանում Թուրքիայի մասին տեղեկություններ ստանալ ցանկացող մարդը, որը չի տիրապետում թուրքերենին, սակայն գիտի անգլերեն, ինքնաբերաբար կարդալու է իշխանամերձ անգլալեզու լրատվամիջոցների նյութերը։

Թուրքիայի տպագիր և առցանց լրատվամիջոցների կարևոր առանձնահատկություններից է սյունակագիրների զարգացած դպրոցը։ Թուրքիայում ամենատարբեր գաղափարական և քաղաքական ուղղություն ունեցող լրատվամիջոցներում կարելի է տեսնել գրեթե նույն լրահոսը, սակայն լրատվամիջոցների հոդվածագիրների, սյունակագիրների և հետաքննող լրագրողների հոդվածներով արդեն հստակ ձևավորվում է տվյալ լրատվամիջոցի քաղաքական և գաղափարական դիմագիծն ու ուղղվածությունը։

Հայկական թեմատիկան ուշադրության արժանացնում է հիմնականում ձախաթևյան գաղափարական կողմնորոշում ունեցող մեդիան, որը համարվում է նաև Թուրքիայում առավել առաջադեմն ու պակաս կողմնապահը։ Սակայն թուրքական մամուլի այս կարևոր կղզյակը ևս ներկայում իր լավագույն օրերը չի ապրում, ինչն ազդում է նաև հայկական թեմատիկայի ավելի խորքային ու անկաշկանդ արծարծմանը։ Թուրքիայի համար հետաքրքրություն ներկայացնող թեմաներից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Արցախի հարցը, մասամբ նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները գերազանցապես ներկայացվում են իշխանական և պետական մոտեցումները կրող մեդիա ռեսուրսները։ Որպես թարմ օրինակ կարելի է նշել Արցախում 2020 թվականի ապրիլի ընտրությունները, որին գրեթե բոլոր թուրքական լրատվամիջոցներն անդրադարձան Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը տարածելով, որում նշված էր՝ Թուրքիան չի ճանաչում, ինչպես նաև «ոչ օրինական» է որակում ընտրությունները։ Ընդ որում, այս որակումները շատ դեպքերում տեղ գտան հենց լրատվամիջոցների վերնագրերում։

Այսպիսով, մեր օրերում Թուրքիայում հայտնի լրատվամիջոցները հիմնականում թուրքական իշխանական հայացքների տարածողներ են, ինչպես նաև հայկական հարցում պետական (ասել է թե կարծրատիպային, պիտակավորող, քարոզչական) մոտեցումների ազդեցության տակ են։ Թուրքիան եղել և հիմա էլ շարունակում է մնալ ոչ ամենահանգիստ վայրը լրագրությամբ զբաղվելու համար։ Եվ մեր հարևան երկրում ազատ և ընդդիմադիր ուղեգիծը պահելու համար լրագրողներից և լրատվամիջոցներից պահանջվում է ոչ միայն մեծ արհեստավարժություն, այլ նաև մասնագիտական խիզախություն և համառություն։
 
Share

Comments are closed.