Թավշյա հեղափոխության «հաստատութենականացման» հրամայականը

 
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտի» ռուսական տարբերակի խմբագիր
Երևան
 
 
80-ականների վերջերին Վարշավյան պայմանագրի նախկին անդամ Կենտրոնական Եվրոպայի երկրներում ԽՍՀՄ փլուզումից առաջ (բալթյան երկրների բացառությամբ) և հետխորհրդային երկրներում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունների հիմնարար տարբերությունը մեկն էր. առաջին դեպքում՝ ամբողջատիրական համակարգի լիակատար փլուզումն ուղեկցվում էր ռևանշի ուղին բացառող իրավական պետության ժողովրդավարական հաստատությունների ձևավորմամբ, իսկ երկրորդ դեպքում՝ այդ հաստատությունները չեն կայացել։ Բեռլինից մինչև Կիև և Մոսկվա, Տալլինից մինչև Սոֆիա ու Երևան համարյա միաժամանակ սկսված հեղափոխական գործընթացները խորտակել են խորհրդային ամբողջատիրական համակարգը, բայց նրան փոխարինելու եկած իրողությունները չափազանց տարբեր են։

Շատերը հակված են ամեն ինչ վերագրել «հոգեկերտվածքին», ինչը մի յուրօրինակ աղբարկղ է, որտեղ բոլորը նետում են այն ամենը, ինչ ծուլանում են բացատրել կամ պարզապես ջանում են մոռացության տալ։ Իրականում՝ Կենտրոնական Եվրոպայում հաջողության և խորության տարբեր աստիճանով հաջողվել է ստեղծել մարդու և ժողովրդավարության իրավունքների պաշտպանության ինստիտուտներ՝ որպես հեղափոխական գործընթացի գլխավոր վերջնարդյունք, մինչդեռ հետխորհրդային երկրներում  ամեն ինչ ավարտվել է քրեաօլիգարխիկ ռևանշով։
 
Իսկ մենք ինքներս դեռ չենք պարզել, թե ինչու 1991-1998 թթ. չենք կարողացել նույնը անել, և ինչու Ռուսաստանին համարյա զուգընթաց մեր երկիրը շեղվել է ժողովրդավարական զարգացման ուղուց և բռնազավթվել է «Ղարաբաղը չենք տալու» կարգախոսով հանդես եկող հանցավոր խմբավորման կողմից, թեև ոչ ոք այն մտադիր չէր տալ, և ոչ ոք մտադիր չէր այն խլել, անգամ՝ եթե մեկն ուզենար «տալ»։
 
90-ականների Հայաստանի քաղաքական վերնախավը բանակաշինության, պատերազմը հաջողությամբ ավարտելու, վայրի քաոսը սանձելու գործում ունեցած վաստակով հանդերձ, այնուամենայնիվ, լիովին ձախողվել է կոռուպցիայի դեմ պայքարում, խեղաթյուրել է նոր սահմանդրության և արդարադատության նոր համակարգի ստեղծման գործընթացը, չի իրականացրել անվտանգության ծառայությունների և իրավապահ մարմինների ապախորհրդայնացումը, իսկ տարերային և անարդար սեփականաշնորհման գործընթացը ծնել է օլիգարխիա։ Դրա հետևանքով գոյացել է պայմանական՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կարիքն ունեցող թունավոր մի «կոկտեյլ», որը մարմնավորվել է 1998-1999 թթ.։ Արդյունքում՝ ներխուժած թշնամուն պատերազմում հաղթանակած հայ հասարակությունը պարտվել է խաղաղությանն ու ինքնիրեն։
 
20-ամյա «խորը ցրտահարությունից» հետո Թավշյա հեղափոխությունը հետ է բերել երկիրը ժողովրդավարական զարգացման ուղու վրա, բայց երկու տարի անց ստիպված ենք արձանագրել, որ նոր հեղափոխական թիմը թեպետև, անտարակույս, ցուցադրել է անշրջելի փոփոխություններ իրականացնելու քաղաքական կամք, միևնույն ժամանակ, ի ցույց է դրել դրանց կենսագործման համար անհրաժեշտ կարողությունների (capacity) պակասությունը։ Այս պակասությունը նախ և առաջ դրսևորվում է առկա իրավիճակի վտանգավորության լիարժեք ըմբռնման բացակայության մեջ, որի տարրերն են՝ իրավապահ կառույցներում, անվտանգության ծառայություններում և դատական համակարգում հիմնարար բարեփոխումներ չիրականացնելը, կրթության (ընդհանուր և բարձրագույն) համակարգերում բարեփոխումների ռազմավարության բացակայությունը։ Ցայսօր չկա այն քաղաքական գնահատականը, թե ինչու, ինչի համար և ինչի դեմ է եղել տեղի ունեցած հեղափոխությունը։ Ընդ որում՝ կառավարության դեմ ծավալված հիբրիդային պատերազմի, չկարգավորված հակամարտության և հարևան Ադրբեջանի աճող ագրեսիվության, անհասկանալի առողջապահական ու տնտեսական հեռանկարներով թագաժահրի համավարակի, փլուզվող աշխարհակարգի, տնտեսական հարաբերությունների վերաձևման և ազատական ժողովրդավարության արժեքների համաշխարհային ճգնաժամի խորապատկերին վտանգն էապես աճել է։
 
Սա կառավարող վերնախավին չի ազատում բարեփոխումների հետագա ընթացքի և ճակատագրի համար պատասխանատվությունից, հատկապես, որ սա մեր պետականության ապագայի համար պատասխանատվություն է ենթադրում։ Հեղափոխություն ծնած փոփոխությունների հզոր հանրային հայտը երկու տարի անց դեռ բավարարված չէ։ Անգամ կառավարության ընդունած իրավիճակային, հատվածական, ակներևաբար սակավահաջող որոշումները հասարակությանը պատշաճորեն չեն ներկայացվում, հետադարձ կապը վատ է աշխատում՝ լայն տարածություններ թողնելով ագրեսիվորեն տարածվող ապատեղեկատվությանը։ Սա սպառնում է հանրային հիասթափությամբ, որը կարող է ռևանշի համար պարարտ հող ստեղծել, հատկապես, որ նոր իշխանությունը չի ձևավորել երկրի ժողովրդավարական զարգացման անշրջելիության կայուն երաշխիքներ։ Ցավոք, իշխանության մեջ չի ձևավորվել այն ըմբռնումը, որ հեղափոխական կառավարության առաջին առաքելությունը հենց երկրի ժողովրդավարական զարգացման անշրջելիության կայուն երաշխիքների ստեղծումն է։ 
 
Ընդունվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» կարևորագույն օրենքը, որն անհնար է ի կատար ածել առանց ԱԱԾ, Ոստիկանության և դատական համակարգի խորը բարեփոխման և լիակատար ապաքրեականացման։
Անցել է մեկ տարի այն պահից, երբ վարչապետն անձամբ կոչ է արել շրջափակել դատարանները։ 2019 թ. մայիսի 20-ին նա հայտարարել է դատական համակարգի մեջ վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին.
1. Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:
 
2. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:
 
3. Բոլոր այն դատավորները, ովքեր ներքուստ գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և անկողմնակալ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին:
4. Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, և մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը։
 
5. Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաև նման լուծումների:
 
Ո՞ւր է այդ ամենը։ Ինչո՞ւ մեկ տարի անց դրա մասին մոռացել են պարոն Փաշինյանը և նրա կառավարության Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Այսօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես են դատարաններում «փշրվում» հանրային նշանակություն ունեցող քրեական գործերը, թե ինչպես քրեական գործերում ներառված կարևոր մեղադրյալներն անարգել լքում են երկիրը և Ռուսաստանում ապաստան գտնում։ Մամուլից տեղեկանում ենք, թե ինչպես այս համապատկերում քրեական շատ գործեր միտումնավոր դատարաններ չեն հանձնվում՝ արհեստականորեն «չտապալվելու» համար. կարդում ենք, թե ինչպես նախկին քրեաօլիգարխիկ իշխանությանն աթոռով պարտական շատ դատավորներ ԶԼՄ-ների վրա ազդեցություն են գործում և միացել են պետության դեմ մոլեգնող հիբրիդային պատերազմին՝ ձեռնածելով և ուղղորդելով փողոցային սադրիչների այլևայլ խմբեր։ 
 
Այսօր մենք չենք տեսնում այնպիսի ընդդիմություն, որն իշխանություններին ուղղեր պատշաճ հարցեր և պահանջեր անհրաժեշտ քայլեր։ Դրա փոխարեն տեսնում ենք այն ըննդիմությունը, որը զարմանալիորեն համահունչ է Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի օրակարգին. մի ընդդիմություն, որը ոչ միայն բարեփոխումներ առաջ չի մղում, այլև համառորեն «ականջներից» է կախվում և աղմկելով «ոտքի տակ» է ընկնում։ Սա կրկնակի վնասակար է, որովհետև «ընդդիմությունը» պատրանք է ստեղծում, թե հասարակությունը «դժգոհ» է, իսկ իշխանությունը, հետևելով այդ պատրանքին, ենթադրում է, որ չարժե «աճապարել»։ Այդ ամենի հետևանքն, անկասկած, կառավարության և նրա ղեկավարի «բոստանը» նետված մեծ քարն է։
 
Այս արատավոր օղակը կարող է ճեղքվել միայն հասարակական ինքնակազմակերպմամբ, որը կառավարությանը կհարկադրի գործել ըստ հասարակության առաջադրած փոփոխությունների հայտի։ Մենք անդառնալիորեն կորցրել ենք արդեն քսան տարի, իսկ ժամանակն արդեն հետհաշվարկ է սկսել։ Բնականաբար՝ լինելու են սխալներ, բայց կարևոր է չկրկնել նույն սխալը մի անգամ ևս։ Չէ՞ որ այն արդեն եղել է։ Հասարակության կարճ հիշողությունը կամ կատարյալ մոռացությունը արհավիրքներով են հղի, քանի որ ի վիճակի են կարևորագույն իրադարձություններ հանել ընթացիկ օրվա ըմբռնման գործընթացից։
 
 
 
  
Share

Comments are closed.