«Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը հետաձգվել է համավարակի պատճառով


«Օսկար» մրցանակի հանձնման 93-րդ արարողությունը հետաձգվել է այն պատճառով, որ համավարակը ստիպել է ժամանակավորապես դադարեցնել մի քանի  ֆիլմերի պատրաստման աշխատանքները (դրանք պիտի ավարտվեին տարվա վերջին)։ Փետրվարի 28-ի փոխարեն արարողությունը կկազմակերպվի ապրիլի 25-ին։ Կազմակերպիչները երկարաձգել են ֆիլմերի շնորհանդեսների և անվանակարգման համար հայտերի ներկայացման ժամկետները։

Եթե նախկինում ֆիլմերը վարձույթի հանելու վերջնաժամկետ համարվել էր 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, ապա ներկայումս՝ մինչև 2021 թվականի փետրվարի վերջը։ Կազմակերպիչների խոսքերով՝ ընդունված որոշումը «կապահովի ճկունություն, որը կինեմատոգրաֆիստներին անհրաժեշտ է իրենց ֆիլմերի ավարտման և թողարկման (վարձույթի ներկայացնելու) համար՝ առանց որևէ պատժամիջոցի այն բանի համար, ինչն իրենց վերահսկողությունից դուրս է»։
Անվանակարգերը հայտարարվելու են հաջորդ տարվա մարտի 15-ին։ Դեռ որոշված չէ, թե ինչպես է անցկացվելու արարողակարգը՝ օնլա՞յն, թե՞ օֆլայն։
 
Իր պատմության ընթացքում «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը չորրորդ անգամ է հետաձգվում։ Առաջին անգամ արարողությունը հետաձգել են 1938 թվականին Լոս Անջելոսում ջրհեղեղից հետո, երկրորդ անգամ՝ 1968 թվականին Մարտին Լյութեր Կինգ Կրտսերի սպանության պատճառով, և երրորդ անգամ՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի նկատմամբ մահափորձի պատճառով։ Սակայն նախորդ բոլոր դեպքերում արարողությունը հետաձգվել է մեկ շաբաթից ոչ ավել։
 
 
«Ազատություն» ռադիոկայան 
Share

Comments are closed.