Աբխազիայում թագաժահրին արդեն ավելի շատ չեն հավատում, քան հավատում են



    Իզիդա ՃԱՆԻԱ
    «Նուժնայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր 
    Սուխում
 
 Աբխազիայում թագաժահրին արդեն ավելի շատ չեն հավատում, քան հավատում են։ Բնակչության չհավատացող մասը խոսում է դավադրության տեսությունների, համաշխարհային կառավարության, էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի տեխնոլոգիաների մշակման, բնակչության թվի նվազեցման, վերահաս բռնապետության, նոր աշխարհակալության և երրորդ համաշխարհային պատերազմի մասին և սոցիալական ցանցերում տարածում է իրենց դիրքորոշումը հաստատող տեղեկատվություն։

 
Թագաժահրի տարածման վտանգին «հավատացյալներն» առանձնապես ակտիվ չեն և նախընտրում են ընդդիմախոսների հետ բանավեճի մեջ չմտնել։ Դրա համար էլ տպավորություն է ստեղծվում, որ նրանք փոքրամասնություն են կազմում։ Թեև «հավատացյալների» ու «անհավատների» երկու խմբերն էլ վարակաբանությանը վերաբերող արտասովոր իրազեկվածություն են ցուցադրում և տիրապետում համաշխարհային վիճակագրությանը, նրանք հավասարապես չեն պահպանում անվտանգության ոչ մի կանոն։ Աբխազիայի բնակչությունը փաստորեն անտեսել է անհատական պաշտպանության միջոցառումները՝ դիմակ և ձեռնոց կրելը համընդհանուր վարքագիծ չի դարձել անգամ երկրի ղեկավարության հայտարարած կարանտինային ռեժիմի խստացման գագաթնակետին։ Իրավիճակի ողջ բարդությունը հասկանալու համար թերևս անհրաժեշտ են վառ ապացույցներ և ողբերգություններ, որոնք հնարավոր է ճաշակել միայն «սեփական մաշկի» վրա։ Փա՜ռք Աստծո, դա մեզ մոտ տեղի չի ունեցել նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբայի ձեռնարկած հետևողական գործողությունների շնորհիվ, որը վճռականորեն երկու կողմից փակել է երկրի պետական սահմանը Վրաստանի, ապա նաև՝ ՌԴ հետ։ Սույն թվականի մարտ ամսին՝ նախագահական ընտրություններից անմիջապես հետո նա արգելել է զանգվածային միջոցառումների անցկացումը, հանրային սննդի օբյեկտների և տրասպորտի աշխատանքը։ Կառավարության որոշմամբ Աբխազիայի սահմանամերձ Գուդաուտայի և Գալիի շրջաններում հաստատվել է պարետային ժամ, փակվել են բոլոր դպրոցական և նախադպրոցական հաստատությունները, տարեց մարդկանց հանձնարարվել է ինքնամեկուսանալ։ Թեև ժողովրդի շրջանում տարածում է գտել ևս մեկ վարկած, ըստ որի բնակչության մեծամասնությունը թագաժահրով հիվանդացել և այն հաղթահարել է նախքան կարանտինային միջոցառումների հայտարարումը։ Իրոք, այս փետրվարին նկատվել էր հիվանդացության կտրուկ աճ, բայց բժիշկները պնդում են, որ այն թագաժահրի հետ առնչություն չունեցած սուր շնչառական վարակ էր։
 
Մարտ ամսին կարանտին հայտարարելուց հետո կառավարությունը ստեղծել է թագաժահրից բնակչության պաշտպանության համակարգող շտաբ, որի մեջ ներառվել են բուժաշխատողներ, խորհրդարանի անդամներ, իրավապահ մարմինների  ու ԱԻՆ-ի ներկայացուցիչներ։ Համավարակի ժամանակաշրջանում վարակվածներին սպասարկելու համար նախապատրաստվել և վերազինվել է Գուդաուտայի կենտրոնական շրջանային հիվանդանոցը։ Ապրիլին շտաբի հաղորդագրությունները ռազմական տեղեկատվություն էին հիշեցնում։ Այս լուրերին սպասում էին Աբխազիայի բոլոր բնակիչները։ Եթե լուրերն ուշանում էին,՝ սկսվում էր խուճապը։ Բոլորը հասկանում էին, որ համավարակի ներթափանցումը երկիր կարող է սոսկալի հետևանքների հանգեցնել, որովհետև առողջապահության ոլորտը պատրաստ չէր առերեսվելու համավարակի հարուցած վերահաս մարտահրավերներին։ Հենց այստեղ էլ մեծ դեր ունեցան բարեգործական կազմակերպությունները, որոնք սոցիալապես անապահով ընտանիքներին մարդասիրական օգնություն էին ցուցաբերում՝ բաժանելով անհատական պաշտպանության միջոցներ։ Աբխազ գործարարների նախաձեռնությամբ ստեղծվել է «Մենք միասին ենք» բարեգործական շարժումը, որը լիովին ապահովել է բոլոր հիվանդանոցներն անհրաժեշտ սարքավորումներով, թեստերով, դեղորայքով, արհեստական շնչառության սարքերով և բուժանձնակազմի պաշտպանության միջոցներով։ Մայիսի վերջերին բարեգործները համավարակի դեմ իրականացված գործունեության վերաբերյալ հաշվետվություն են ներկայացրել՝ նշելով ընդհանուր առմամբ 60 միլիոն ռուբլի կազմած ծախսային հոդվածները։ Արտակարգ իրավիճակի պայմաններում աշխատելու արդյունքների մասին խոսելիս՝ բարեգործների նախաձեռնությունը ղեկավարած «Աբխազիայի գինիներ և ջրեր» գործարանի տնօրեն Նիկոլայ Աչբան նշել է, որ այն բարդ դրության մեջ հայտնված անձանց փոխգործակցության լավ փորձառություն էր, որը զգալի արդյունքներ է արձանագրել։
 
Միջազգային կազմակերպությունները նույնպես անտարբեր չեն մնացել. նրանք օգնում էին Աբխազիային բնակչության համար անհատական պաշտպանության միջոցների ու ախտահանող նյութերի տրամադրմամբ և բժշկանան անձնակազմի գործուղմամբ։ Ռուսաստանյան զորամասերն Աբխազիայի Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ իրականացնում էին և այժմ էլ շարունակում են տարբեր օբյեկտների սանիտարական ախտահանումը երկրի բոլոր շրջաններում։
 
Մայիսի վերջերին Աբխազիայի կառավարությունը որոշում է ընդունել Վրաստանի հետ պետական սահմանը ժամանակավորապես բացելու վերաբերյալ, որպեսզի թագաժահրի տարածումը կանխելու նպատակով սահմանները փակելու պահին հարակից պետության տարածքում մնացած Աբխազիայի քաղաքացիները կարողանան վերադառնալ տուն։ Երեք օրում սահմանը հատել են 532 հոգի՝ գերազանցապես Վրաստանին սահմանակից Գալիի շրջանի բնակիչները։ Սահմանում հերթապահող բուժանձնակազմը թեստավորում էր սահմանը հատող անձանց, իսկ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն իրազեկում էին ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար նախատեսված պատասխանատվության մասին։
 
Այժմ Աբխազիայում գրանցվել է COVID-19 վարակման 38 դեպք. 27 հոգի ապաքինվել է, մեկ հիվանդ՝ մահացել։ Մահացած 95-ամյա տարեց կնոջ հիվանդության ընթացքը զուգակցվել է ծանր քրոնիկական հիվանդություններով։ Թագաժահրի բոլոր դեպքերը ներմուծված էին արտասահմանից։ Մի դեպքը կապված էր ռուս զինծառայողի հետ, որը բուժում էր անցնում իր զորամասի հոսպիտալում։ Մնացած բոլորը՝ հայրենիք վերադարձած ռուսաստանյան բուհերի ուսանողներ են։ Ուսանողներին դիմավորում էին սահմանին, թեստավորում և ուղարկում էին կարանտինի։ Վարակվածներին հոսպիտալացնում էին Գուդաուտայի հիվանդանոցում։ Ներկա դրությամբ այդտեղ բուժում է անցնում 9 հիվանդ. բոլորն էլ ռուսաստանյան զինվորական բուհերի կուրսանտներն են։ Բժիշկների հավաստիացմամբ՝ բոլորը հաջողությամբ ապաքինվում են։
 
Փոքր ինչ պատմությունից. 1921 թ. հենց այսպիսի «ամենամատչելի և պարզ եղանակով» Աբխազիան, մեկուսացնելով իրեն մնացյալ աշխարհից՝ այնպես, որ «մուկն անգամ սահմանը չհատի», կարողացել էր, ըստ Պաուստովսկու ,ըՐՏրՏՍ վՈ Շչե վեպում պահպանված նկարագրության, փրկվել շուրջբոլորը վխտացող տիֆից, խոլերայից և օսպայից։ Այսօր, ինչպես և 100 տարի առաջ, երկրի սահմանները փակելը դրական արդյունքի է հանգեցրել, թեև ներկայիս աշխարհակարգն էապես տարբերվում է այն տարիներին գերիշխածից։ Այսօր Աբխազիայի բյուջեն և մեր երկրի քաղաքացիների բարեկեցությունը զգալի չափով կախված են կուրորտային սեզոնից և ամռանը հանգստյան նպատակով մեզ մոտ ժամանող զբոսաշրջիկների թվից։ Այդ իսկ պատճառով 2020 թ. Աբխազիայի ներկայիս համապարփակ մեկուսացումը չի կարելի համեմատել հարյուրամյա վաղեմության մեկուսացման հետ։
 
Կարանտինային միջոցառումների պատճառով կանգնել է բյուջե ձևավորող շուրջ 30 արտադրությունների, առևտրի և զբոսաշրջության  ոլորտի աշխատանքը. երկիրը նշանակալից տնտեսական կորուստներ է կրել։ Տնտեսագետները մտավախություն են հայտնել, որ կարանտինի երկարաձգումը սպառնում է լուրջ տնտեսական հետևանքներով. պետբյուջե մուտքերի նվազումը անդրադառնալու է բնակչության եկամուտների վրա, ծագելու են բյուջետային աշխատողներին աշխատավարձ վճարելու խնդիրներ, մեծապես տուժելու է գործարար ոլորտը։ Ամենայն հավանականությամբ՝ հենց այս պատճառով է ապրիլի վերջերին կառավարությունը հայտարարել կարանտինային ռեժիմի փուլային թուլացման մասին։

Այսօր արդեն ակնհայտ է, որ տնտեսագետներն իրավացի էին։ Մայիսին առաջին ահազանգը խփեց. թոշակառուները համարյա մեկ ամիս ուշացմամբ թոշակ ստացան։ Իսկ անցած շաբաթ Աբխազիայի վարչապետն անմխիթար մի լուր է հայտնել. հունիսին և հուլիսին բյուջետային աշխատողներն աշխատավարձ չեն ստանա։ Նպատակահարմար չեմ համարում վերարտադրել այն բոլոր գունեղ բնութագրումները, որոնք սոցիալական ցանցերի օգտատերերը հասցեագրել են վարչապետին, նշելով, որ ապրիլի 22-ին կարանտինի պայմաններում իշխանություն ստանձնած երկրի նոր ղեկավարությունը, բարդ տնտեսական իրավիճակից ելքերը որոնելու փոխարեն, հիմնազուրկ ու չարդարացված կերպով որոշել է մեծացնել պետական պաշտոնյաների թիվը։ Դրանից հետո՝ հունիսի 12-ին Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան ստորագրել է թագաժահրի համավարակից Աբխազիայի բնակչության առողջության պահպանության առանձնահատուկ միջոցառումների մասին կարգադրությունը։ Փաստաթղթի համաձայն՝ ռուս-աբխազական սահմանով մուտքի սահմանափակումները երկարաձգվում են մինչև հուլիսի 1-ը։ Համապատասխանաբար՝ արգելքի տակ են մնացել զբոսաշրջային և էքսկուրսիոն գործունեությունը, հյուրանոցներում, առողջարաններում և հանգստյան տներում մարդկանց տեղավորելը։ Այս ամենը նշանակում է, որ երկնքի մանանայի պես ամառային սեզոնին սպասած մարդիկ այս տարի  զրկվելու են իրենց ակնկալած բոլոր եկամուտներից։  
 
Հասկանալի է, որ դժգոհության առաջին նշանները երկար սպասել չտվեցին։ Անցած շաբաթ օրը Ռուսաստանի սահմանին սահմանամերձ շրջանի բնակիչները բողոքի ցույց են արել, որին մասնակցել է շուրջ երկու տասնյակ անձ։ Ցուցարարների գլխավոր պահանջը Ռուսաստանի հետ սահմանի բացումն էր և բոլոր արգելքների ու սահմանափակումների վերացումը։ Սոցիալական ցանցերի մեկնաբանություններից պարզ է դարձել, որ թագաժահրին չհավատացողների թիվը զգալիորեն աճել է այն բանից հետո, երբ վարչապետը հայտարարել է բյուջետային աշխատողներին աշխատավարձ վճարելու խնդրահարույց լինելու մասին։ Կառավարությանը մինչև հունիսի վերջ հավանաբար կհաջողվի զսպել ժողովրդական դժգոհությունը, բայց հուլիսին, երբ բյուջետայիններն աշխատավարձ չեն ստանա, նրանք, ամենայն հավանականությամբ, կաջակցեն զբոսաշրջային ոլորտի աշխատողներին ու գործարարներին, որոնց եկամուտն ուղղակիորեն կախված է զբոսաշրջային սեզոնից։ Դրա համար նոր կառավարությունն արդեն վաղուց պետք է մշակեր բնակչությանը սոցիալապես աջակցելու գործողությունների ծրագիր կամ բացեր ռուս-աբխազական սահմանը։ Վերջին տարբերակը, դատելով Ռուսաստանում և Հյուսիսային Կովկասում առկա համավարակային իրավիճակից, բավականին ռիսկային ձեռնարկ է։
 
 
Share

Comments are closed.