Ադրբեջանը` թագաժահրի ճիրաններում


 
 
 
 


Ավազ ՀԱՍԱՆՈՎ
Փորձագետ
Բաքու
 
Թագաժահրի համավարակը ողջ աշխարհում հանգեցրել է այնպիսի խնդիրների, անվտանգության միջոցառումների և երկարատև խափանումների, որ ներկայիս սերունդը և նրանց այժմ էլ կենդանի ծնողները երբեք չեն տեսել։ Համաշխարհային տնտեսությունը բախվել է մարդու առողջության համար աննախադեպ ռիսկերի՝ ուղևորատար փոխադրամիջոցների աշխատանքի դադարեցման, միջազգային հարաբերությունների առցանց ռեժիմ տեղափոխվելուն, սոցիալական շփումների սահմանափակման։

Ադրբեջանի Հանրապետությունը մեկուսի չի մնացել նոր համավարակի տարածման դեմ աշխարհի պետությունների ձեռնարկած արգելքներից ու սահմանափակումներից։ Երկրի պատմության մեջ մինչ այդ չհանդիպած մեկուսացման միջոցառումների իրականացումը՝ քաղաքացիների առողջության և անվտանգության հանդեպ պետության պատասխանատվության և, փոխադարձաբար, պետության նկատմամբ քաղաքացիների ունեցած վստահության ստուգման փորձաքար է դարձել։ 
 
Թագաժահրի համավարակի ժամանակ կարճ ժամանակահատվածում ստեղծվել է Ադրբեջանի կառավարության ընթացիկ գործունեության համակարգման օպերատիվ շտաբ։ Փաստորեն, նրան է շնորհվել երկրում համավարակի տարածման ժամանակ օպերատիվ կառավարում իրականացնելու և որոշումներ ընդունելու իրավասությունը։
 
Թագաժահրի համավարակի դեմ պայքարը մի ճշմարտություն է բացահայտել. Ադրբեջանի ներքին ֆինանսական պաշարները շատ կարևոր են այդ նորահայտ չարիքի դեմ պայքարելու համար։ Երկրի առջև ծառացած առաջին խնդիրը բնակչության կարիքավոր հատվածին ֆինանսական օգնություն ցուցաբերելն էր. պաշտոնական մակարդակով կատարված քայլերից բացի էական դեր են ստանձնել երկրի ներսում գործող բարեգործական հիմնադրամները և առանձին հասարակական ակտիվիստների ձեռնարկած բարեգործական ակցիաները։
 
Սակայն երկիրը բախվել է համավարակի տարածմամբ պայմանավորված միջազգային շուկաներում նավթի գնի կտրուկ անկման ճգնաժամին։ Թեև երկրի կրած կորուստների մասին վիճակագրական հստակ տվյալներ չկան, որոշ պաշտոնատար անձանց հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ այդ կորուստներն օրական կազմում են 120 միլիոն դոլար։ Այս պայմաններում Ադրբեջանը ձգտում է կանխել իրավիճակի հետագա հնարավոր վատթարացումը մակրոտնտեսական ընդհանուր կայունության ամրապնդմամբ՝ օգտագործելով առկա պաշարները գնաճը սանձելու և ազգային դրամական միավորի կայունությունն ապահովելու համար։ Միաժամանակ՝ բնակչության սոցիալապես խոցելի խավերին ամենօրյա սննդամթերքով ապահովումը նույնպես պետության ստանձնած հոգսերի թվին է պատկանում։ 
 
Քաղաքացիներին համերաշխության կոչ անելով՝ կառավարությունը հայտարարել է զանգվածային միջոցառումների անցկացման ժամկետները մեկ ամսով հետաձգելու և մարտի 14-ից սկսած երկրում սոցիալական մեկուսացման զանգվածային միջոցառումներն իրականացնելու մասին։ Հետագայում խիստ կարանտինային ռեժիմի ժամկետը երկարաձգվել է։ Այսօր, ի հեճուկս կառավարության կողմից խիստ կարանտինային ռեժիմի թուլացման, երկրում վարակվածների աճող թիվն ընդգծում է ավելի խիստ ու հետևողական միջոցառումների որդեգրման անհրաժեշտությունը։
 
Ինչպես և այլ երկրներում՝ Ադրբեջանում նկատվում է բժշկական դիմակների ու սարքավորումների պակաս։ Կան լուրջ մտավախություններ, որոնք շարունակում են աճել, հատկապես այն պահից ի վեր, երբ կառավարությունը հայտարարել է խիստ կարանտինի ժամանակ դիմակներ կրելու կարևորության մասին և զգուշացրել է կարգազանցներին պատժելու մտադրության վերաբերյալ։ Կառավարությունը ծրագրում է կարժ ժամանակահատվածում բավարարել երկրում առկա բժշկական դիմակների պահանջարկը՝ գործարկելով բժշկական դիմակներ ու սարքավորումներ արտադրող նոր գործարան։
 
Թագաժահրի համավարակի տարածումից առաջ ըննդիմության հետ բանակցություններ սկսելու Ադրբեջանի կառավարության փորձերը հասարակության ուշադրությանն են արժանացել։ 2020 թ. փետրվարի վերջին՝ քաղաքական կուսակցությունների և օրենսդիր իշխանության հետ նախագահի աշխատակազմի կապերի բաժնի ղեկավար Ադալյաթ Վելիևն ընդդիմադիր կուսակցությունների հետ հանդիպումների շարք է սկսել։ Ի հեճուկս մի շարք ընդդիմադիր կուսակցությունների առաջադրած այլևայլ նախապայմանների՝ նշված բաժնի պետի մակարդակով համարյա բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ են անցկացվել։
 
Միաժամանակ՝ Ադրբեջանը չի նվազեցրել ուշադրությունը թագաժահրի համավարակի դեմ համաշխարհային և տարածաշրջանային պայքարի նկատմամբ և այդ պայքարին իր բաժին մասնակցությունն է բերել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադխան Գեբրեյուսի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր ղեկավարած պետությունը համաշխարհային մակարդակով համավարակի դեմ պայքարելու նպատակին է հատկացրել 10 միլիոն դոլար։ Թեև երկրում սոցիալական լարվածության և բժշկական սարքավորումների պակասության ֆոնին քաղաքացիներից շատերը դժգոհություն են հայտնել կառավարության այդ առատաձեռնության կապակցությամբ, հանրային գերակա կարծիքը պատշաճ և անխուսափելի է համարել Ադրբեջանի ներդրումը համաշխարհային նոր չարիքի դեմ ընդհանուր պայքարին։ 
 
Կարանտինի ռեժիմի թուլացմանը զուգահեռ մարդիկ իրենց աշխատատեղեր են վերադառնում։ Սակայն նրանք չգիտեն, որ իրենց անակնկալներ են սպասում։ Չէ՞ որ, ի հեճուկս նախահամավարակային շրջանում նոր աշխատատեղերի բացման, ներկա իրավիճակում պատվերների թիվն ու սպասարկման ոլորտում հաճախորդների քանակը աղետալի նվազել է։ Մարդկանց եկամուտները պակասել են և նրանք այժմ դժվարանում են հավելյալ ծախսեր կատարել, քանի որ նրանց ընտանեկան բյուջեն հազիվ է բավարարում ամենօրյա կարիքներն ապահովելու համար։ Հանրային սննդի կետեր, հյուրանոցներ և զբոսաշրջային ոլորտն ամբողջովին հայտնվել են թագաժահրի գերության մեջ։
 
Անհնար է հստակ պատկերացում ունենալ այն մասին, թե ինչպես կարելի է լուծել մասնավոր հատվածում և օրավարձով աշխատող անձանց եկամուտների հարցը։ Բայց մի բան հստակ է. պետությունը դեռ մտադիր չէ իրականացնել հիշյալ ոլորտները վատթար վիճակից դուրս բերելու համակարգային պետական ծրագիր։ Հնարավոր է, որ դրա համար չկան անհրաժեշտ ժամանակ և պաշարներ։
 
Թագաժահրի համավարակի ժամանակ ԶԼՄ-ներն ու քաղաքացիական հասարակությունը կենտրոնացել են երկրում հայտարարված խիստ սահմանափակումներին, ոստիկանության հորդորներին և վերահսկողական կանոններին քաղաքացիների ենթարկվել չկամենալու երևույթի վրա։ Կարանտինի ռեժիմի պահպանությունը ստանձնած ոստիկանության գործունեության դրական և բացասական կողմերը հետզհետե ավելի ցայտուն են դառնում։ Վերահսկողության ուժեղացումից բացի ոստիկանությունը ստանձնել է նաև հանրային իրազեկումն  իրականացնելու պարտավորություն։ Հանրությունը դատապարտել է կարանտինի կանոնները խախտելու համար քաղաքական մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների բռնությամբ ուղեկցված ձերբակալությունները։
 
Երկրում լռության հաստատումը ստիպել է մարդկանց նախ և առաջ մտածել հենց իրենց անձնական անվտանգության մասին։ Տարածաշրջանային որևէ համատեքստի կամ հակամարտության վերաբերող մոտեցումներն այս շրջանում նվազ լսելի էին։ Թեև քաղաքացիների և քաղաքական գործիչների մակարդակով արտահայտված կարծիքները լայն սպեկտրեր էին ներառում, կառավարությունն այս շրջանում նախընտրել է մորատորիում պահպանել։ Ի հեճուկս այն հանգամանքի, որ մայիսին լարվածությունն աճել է, պաշտոնական մակարդակում որոշվել է արծարծվող հարցերի վերաբերյալ լռություն պահպանել։ Միևնույն ժամանակ ակնհայտ է դարձել, որ աշխարհին պատուհասած գլոբալ խնդիրը հաճախ շատ արագ է ներազդում նաև տարածաշրջանում ծավալվող գործընթացների վրա։ Սա ամենաուսուցողական արդյունքն է այն մարդկանց համար, որոնք տարածաշրջանն անմատչելի կղզի էին համարում։ Մեր տարածաշրջանը չափազանց բաց և անօգնական է՝ անկախ այն մեր սեփական կանոններով կառավարելու չափից։
 
 
Share

Comments are closed.