Ո՜վ զարմանահրաշ վրացական կարանտին


   Իրակլի ՃԻԽԼԱՁԵ
   Լրագրող
   Թբիլիսի
 
«Նոր թագաժահրի» ժամանակաշրջանը Վրաստանում սկիզբ է առել փետրվարի 26-ից։ Հենց այդ օրը Վրաստանում հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը։
 
Թեպետև ոչ աղետաչափ, բայց ամեն օր հիվանդների թիվն աճում էր։ Իշխանությունները հայտարարեցին համավարակի դեմ պայքարի 24-ժամյա արտակարգ ռեժիմ և փակեցին սահմանները բոլոր հարևանների հետ։ Մարտի 21-ից դադարել են ողջ աշխարհի հետ Վրաստանի կանոնավոր ավիափոխադրումները։ Վրաստանն ինքնամեկուսացել է և անցել ներքին սահմանափակումների խստացման։ 

Գրեթե անմիջապես Վրաց Ուղղափառ Եկեղեցին անհամաձայնություն է հայտնել կառավարության որդեգրած սահմանափակումներին և հրաժարվել է փոխել Սբ. Հաղորդության կարգը։
 
Հասարակության մի մասի մոտ մեծ մտավախություն է առաջացրել ապրիլի 19-ին ուղղափառ Զատկի տոնակատարությունը։ Շատերը համոզված էին, որ հավատացյալներն ավանդաբար կմասնակցեն գիշերային պատարագին, որի հետևանքով համավարակը նոր բռնկման հնարավորություն կստանա։ Ի հեճուկս բոլոր ջանքերի՝ կառավարությանը չի հաջողվել պայմանավորվել պատրիարք Իլիա Բ-ի հետ, որը փաստորեն հրաժարվել է ենթարկվել կարանտինի և պարետային ժամի պահանջներին։ Իշխանություններն այլ միջոցի են դիմել. քաղաքների և գյուղական բնակավայրերի միջև ճանապարհները փակել են և հավատացյալներին թույլատրել պարետային ժամի տևողության շրջանակներում գիշերը եկեղեցիներում անցկացնել։ 10-օրյա ժամկետով արգելվել է բոլոր մասնավոր մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը։ Ընդսմին, հավատացյալների զգալի մասը Զատիկը տներում է տոնել։

Հոգևորականները ևս համավարակի դեմ պայքարին յուրովի մասնակցություն են բերել՝ որոշ քաղաքների փողոցներն օրհնված ջրով ցողելով…
 
Մարտի 21-ին խորհրդարանը (առանց գեթ մեկ «դեմ» ձայնի) հավանություն է տվել երկրի ողջ տարածքում արտակարգ դրության հաստատմանը։ Մարտի 31-ից հաստատվել է նաև պարետային ժամը, որը հասարակության կողմից միանշանակ չի ընդունվել։ Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ ընդհանրապես չի հասկանում պարետային ժամի դեմ հասարակության մի հատվածում առկա դժգոհությունը։
 
«Պարետային ժամը չեղարկելու պարագայում մարդիկ գայթակղություն կունենան հարևանների մոտ գնալ, հյուրընկալվել ծանոթների և ազգականների մոտ, ճաշի սեղան գցել և ուրախ ժամանակ անցկացնել։ Մինչդեռ պարետային ժամի բուն նպատակը հենց սոցիալական տարածության մեծացումն է և միջանձնային ֆիզիկական շփման կանխումը, քանի որ սրճարանները, ռեստորաններն ու փաբերը փակելուց հետո, որպես կանոն, նմանատիպ ակտիվությունն անցնում է տներին՝ ընտանիքներին, որտեղ սոցիալական տարածության պահպանման կանոններին հետևելն էապես ավելի դժվար է»,- պարզաբանել է նա։
 
Երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան ժամը 6-ը գործած պարետային ժամը բնակչության համար ամենամեծ փորձություն էր։ Չէ՞ որ կյանքը հենց երեկոյան էր սկսվում. ռեստորանները լցվում էին, մարդիկ միմյանց հյուր էին գնում կամ պարզապես զբոսնում պարտեզներում ու այգիներում։ 
 
Ինչպես և նախակարանտինային ժամանակներում՝ ժողովուրդը, փաստորեն, երեք ճամբարի է բաժանվել։ Բայց եթե ժամանակին բաժանման հիմքը քաղաքական էր՝ իշխանության, ընդդիմության կամ բոլորի դեմ քաղաքացիների կողմնորոշումը, ապա այժմ բաժանարար գծերը սկսել են տարանջատել համավարակին «հավատացյալներին» «անհավատներին» և «ճակատագրապաշտներին»։
 
«Հավատացյալները» վախենում էին վարակվել և կատարում էին բժշիկների բոլոր հանձարարություններն ու հավատարմորեն պահպանում կարանտինի պահանջները։ «Անհավատներն» անիծում էին արտակարգ դրությունը, կարանտինը և այլ սահմանափակումները, ինչպես նաև՝ համաշխարհային «համավարակային դավադրությունը»։ Իսկ «ճակատագրապաշտները հնարավորինս պահպանում էին կարանտինն ու ապրում «ինչ լինում է՝ թող լինի» սկզբունքով…

Ընդ որում՝ բուն Վրաստանում շատերը զարմացած էին, որ բնակչությունն, ընդհանուր առմամբ, ի հեճուկս բյուր անհարմարությունների, համավարակի դեմ պայքարն ու «ագրեսիվ» կարանտինը բավականաչափ հանգիստ է ընդունել։ Եվ երկիրն իր անմիջական հարևանների համեմատ առայժմ բավական հեշտ է դիմագրավում համավարակի մարտահրավերներին։ Երևի սա տեղի է ունեցել մի շարք գործոնների շնորհիվ։ Հաջողությունն առաջնահերթորեն արձանագրվել է օպերատիվորեն հաստատված կոշտ սահմանափակումների շնորհիվ. արտերկրից բոլոր ժամանողներն անմիջապես մեկուսացվում և պետության հաշվին անմիջապես կարանտինային վայրեր էին փոխադրվում, երկրի ներսում համարյա ամբողջությամբ դադարել է տրանսպորտային հաղորդակցությունը, փակվել են բոլոր առևտրային համալիրները, ռեստորաններն ու սրճարանները, մարզական և ժամանցային վայրերը և այլն։ Կարանտինը խախտելու համար սահմանվել են համարյա 1000 դոլարին համարժեք ահռելի տուգանքներ։
 
Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար տուգանվել են շուրջ 7.5 հազար քաղաքացի և 18 կազմակերպություններ։ Տուգանքների ընդհանուր չափը կազմել է ավելի քան 7 միլիոն դոլար։
 
Միաժամանակ՝ Վրաստանի կառավարությունը ծախսել է շուրջ 10 միլիոն դոլար՝ կարանտինային գոտիներ ստեղծելու համար. երկրի տարբեր հատվածներում գտնվող 84 հյուրանոցներում գործած կարանտինային մեկուսացման վայրերով անցել է ավելի քան 20 000 մարդ։ 
 
Կարելի է ասել, որ կարանտինի հաստատումից ի վեր երկրում գրանցվել է բողոքի միայն երկու աղմկահարույց դեպք։ Այսպես՝ ապրիլի 22-ին կարանտինի ռեժիմի խստության դեմ բողոք է ծագել Մառնեուլի շրջանի մի քանի գյուղերում։ Բնակիչները ճանապարհներ են փակել և պահանջել թույլատրել գյուղատնտեսական մթերքը վաճառքի տանել։

Երկրորդ դեպքը տեղի է ունեցել Մուշևանի գյուղում, որի բնակիչները քարեր են նետել վարակվածներին հոսպիտալացնելու եկած շտապ օգնության և ոստիկանության մեքենաների ուղղությամբ։
 
Ընդ որում՝ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների դաշինք» ոչ կառավարական կազմակերպությունը Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել՝ «Հանրային առողջապահության» օրենքի մեջ մտցված փոփոխությունների օրինականությունը վիճարկելու համար։
 
Իրավաբանները մտահոգված են նրանով, որ հիշյալ փոփոխությունները կառավարությանը հնարավորություն են տալու սահմանափակումներ հաստատել անգամ արտակարգ իրավիճակի չեղարկումից հետո։

Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է փոփոխություններն ընդունելու քվեարկությունը, հիմնավորելով իր կեցվածքն այն մտավախություններով, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն իր ընդլայնված լիազորությունները սույն թվականի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական նպատակներով է օգտագործում։
 
Այս մտավախությունները հիմնազուրկ չեն։ Առավել ևս, որ «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար և պատգամավոր Իրակլի Կոբախիձեի խոսքերով՝ Վրաստանում համավարակի երկրորդ ալիքի առաջացման դեպքում խորհրդարանական ընտրությունները կարող են հետաձգվել մինչև դեկտեմբեր ամիսը։

Որչափ էլ ներկա համավարակը վտանգավոր լինի, եթե մի պահ վերանանք զուտ բժշկական հարթությունից, ապա ստիպված կլինենք արձանագրել, որ թագաժահրը երկրի տնտեսությանը շատ ցավալի հարված է հասցրել։ Հատկապես շատ է տուժել վերջին տարիներին բուռն աճ ունեցած զբոսաշրջային ոլորտը։ Լուրջ հարված են ստացել տրանսպորտի, հանրային սննդի և առևտրի ոլորտները. նվազել են արտահանումից ստացվող եկամուտները և այլն։

Համավարակն ու կարանտինը շատերի գրպանին են հարվածել։ Ցավոք, հորիզոնում լուսավոր հեռանկարը դեռ չի նշմարվում։
 
Ամենավատը որոշակիության իսպառ բացակայությունն է. ոչ ոք չգիտի, թե ինչպես են ճգնաժամից ոտքի հառնելու բիզնեսն ու տնտեսությունը։ Այս տարի կառավարությունը մտադիր է ավելի քան 2 միլիարդ եվրո պարտք վերցնել, որի մի մասն ուղղվելու է գործարար ոլորտի հետհամավարակային աջակցությանը։
 
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն խուսափել է խոսել համավարակի երկրորդ ալիքի մասին, քանի որ առաջինը դեռ չի ավարտվել։ Ըստ իրեն՝ միանգամայն հավանական է, որ առաջին և երկրորդ ալիքները միմյանց անմիջապես են հաջորդելու և դրանց միջև ժամանակային տարանջատում չի լինելու։ Նա բնակչությանը հորդորում է համակարպվել թագաժահրի հետ երկար համակեցութուն ունենալու հեռանկարին…
 
 
Share

Comments are closed.