Արտակարգ ընտրություններ



Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ


Հունվարի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ: Արցախում համանմանությամբ փետրվարի 18-ին ձևավորվել է համավարակի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի նախագահությամբ:

Նույն զուգադիպությամբ  թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում նախապատրաստվում էին քվեարկության: ՀՀ-ում ապրիլի 5-ին պիտի տեղի ունենար սահմանադրական հանրաքվե, որտեղ կդրվեր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը, իսկ Արցախում մարտի 31-ին պիտի կայանային երկար սպասված համապետական՝ խորհրդարանական և նախագահական ընտրությունները:
 
Համացանցային ԶԼՄ-ներում Արցախում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ առանձնապես շատ նյութեր չկային: Պատկերը  փոխվել է, երբ միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում մարտի 19-ին գործարկվել է տեղեկատվական շտաբ, որը հակամարգում է ԶԼՄ-ներին պաշտոնական տեղեկատվության տրամադրման գործընթացը՝ հանդիսանալով Արցախում միակ տեղեկատվական միասնական հարթակը:

Տեղեկատվական շտաբը Արցախից կորոնավիրուսի թեստավորման նպատակով ՀՀ ուղարկված փորձանմուշների մասին սկսեց հայտնել մարտի 5-ից:
 
Այդ օրերին Արցախում համաճարակային վիճակը կայուն պահպանելու համար տարբեր միջոցառումներ էին ձեռնարկվում, օրինակ՝ սահմանային հսկիչ կետերում ելումուտ անողները  ջերմաչափվում էին, ախտահանվում էին միջպետական և ներպետական տրանսպորտային միջոցները:
 
Վերին շնչուղիների հիվանդությունների աճ
 
Արցախում հունվար-փետրվար ամիսներին վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների աճ էր նկատվում: Օրինակ, հունվարի 30-ի դրությամբ Արցախի բժշկական հաստատություններում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդություններով ստացիոնար բուժում էր ստանում 112 հիվանդ, այդ թվում՝ 48-ը երեխա:

Անգամ փետրվարի 24-ին  շրջանների որոշ, իսկ Ստեփանակերտի բոլոր դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում դադարեցրել են դասապրոցեսները, չնայած որ այդ ժամանակահատվածում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք ո՛չ ՀՀ-ում կար, ո՛չ էլ Արցախում:
 
Ավելի ուշ՝  որոշ շրջանակներում ձևավորվել էր վարկած, որ իբր Արցախում կորոնավիրուսը ավելի վաղ է տարածվել, քան Հայաստանում, և մարդիկ հասցրել են իմունիտետ ձեռք բերել: Այս վարկածը հերքեց ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը:
 
«Այստեղ մինչև ապրիլի 7-ը կորոնավիրուս չկար, կար սեզոնային բարձրացում՝ վերին շնչառական ուղիների սուր վարակների, և արձանագրվում էր գրիպ։ Իսկ կորոնավիրուսի առաջին դեպքը իրականում հաստատվել է ապրիլի 7-ին լաբորատոր հետազոտությունից հետո, այստեղից էլ սկսվում է կորոնավիրուսի մեր վիճակագրությունը։ Այդ դեպքն էլ բերովի էր»,-  «Հետքի» հարցին մայիսի 1-ին կազմակերպված առցանց ասուլիսին պատասխանեց նա: 
 
 «Հետաձգել ընտրությունները»
 
Մարտ 16-ին, երբ Արցախում քարոզարշավը բուռն ընթացքի մեջ էր, ՀՀ-ում հայտարարվեց արտակարգ դրություն:  Արտակարգ դրություն հայտարարելու նախօրեին ՀՀ-ում կար 28 վարակակիր, 300 մեկուսացված, 577 հետազոտված և 1 առողջացած: Արցախում կորոնավիրուսի հաստատված ոչ մի դեպք չկար:
 
Մոտավորապես հենց այս ժամանակահատվածից սկսած ֆեյսբուքյան օգտատերերը պահանջում էին հետաձգել համապետական ընտրությունները: Թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում արտակարգ դրության դեպքում հանրաքվեներ ու ընտրություններ չեն անկացվում: Բայց եթե ՀՀ-ում Հանրաքվեի մասին օրենքը¹ արտակարգ դրության դեպքում թույլ է տալիս հետաձգել հանրաքվեն, ապա ԱՀ Ընտրական օրենսգրքում նման մեխանիզմ չկա: Ըստ ԱՀ Ընտրական օրենսգրքի՝ արտակարգ դրության կամ պատերազմի ավարտից հետո անցկացվում են արտակարգ դրության կամ պատերազմի պատճառով տեղի չունեցած՝ նախագահական նոր հերթական ընտրություններ: Այսինքն՝ ընտրությունները սառեցնելու կամ հետաձգելու փոխարեն գոյություն ունի  չեղարկելու մեխանիզմ: Կարճ՝ արտակարգ դրությունից հետո նորից պիտի մեկնարկեր նոր ընտրական գործընթաց՝ ընտրությունների նշանակում, ընտրատեղամասերի և ընտրական հանձնաժողովների ձևավորում, ընտրացուցակների կազմում, ընտրողների գրանցում և այլն:
 
Կար կարծիք, որ արտակարգ դրության և ընտրությունների չեղարկման դեպքում կստեղծվեր սահմանադրական ճգնաժամ: ԱՀ Սահմանադրությունը ենթադրում է, որ արտակարգ դրության ժամանակ նախագահի ու խորհրդարանի լիազորությունների ժամկետը երկարաձգվում է, այդ դեպքում ԱԺ-ն ու Բակո Սահակյանը պարզապես կերկարաձգեին իրենց լիազորությունները: Կարծես, այստեղ ոչ մի ճգնաժամի նախադրյալ չկա:  Կային նաև այլ փաստարկներ ընտրությունները «հիմա» անցկացնելու վերաբերյալ:  «Այսօր մենք պետք է մտածենք ոչ թե հետաձգելու մասին, որովհետև դրա ժամկետն անհասկանալի է, օրինակ, ԱՄՆ-ի հաշվարկներով՝ վիրուսի հետ կապված վիճակը կտևի 18 ամիս, հիմա մենք որքա՞ն ենք հետաձգելու` 2 տարի՞, 1.5 տարի՞, 1 ամի՞ս»,- 168.am-ի հետ զրույցում ասպիսի հարցադրումներ էր անում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:
 
Խստացում՝ «հետաձգելու» փոխարեն
 
 Մարտի 24-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ, իսկ մարտի 26-ին Սահակյանը հանդիպել է   իշխանությանը սատարող խորհրդարանական ուժերի հետ,  որտեղ քննարկվել են նաև կորոնավիրուսի դեմ պայքարում նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում հնարավոր լրացուցիչ միջոցների ձեռնարկման հետ կապված խնդիրների իրականացման ուղիները:  Այս  հանդիպումներից հետո հույս է առաջացել, որ Երևանի միջամտությամբ արտակարգ դրություն կհայտարարեն: Սակայն մարտի 26-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ  ժամանակավորապես արգելում են բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն, բացառությամբ՝ ԱՀ-ում հաշվառում ունեցողների, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների, դիտորդական առաքելություն իրականացնող անձանց և լրագրողների համար (համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում): Այս հաղորդագրությունից պարզ դարձավ, որ արտակարգ դրություն հայտարարելու փոխարեն կանխարգելիչ  միջոցառումները խստացնում են:
 
Ընտրություններ
 
Մարտի 31-ին կայացան համապետական ընտրությունները: Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով յուրաքանչյուր ընտրողի տրամադրում էին մեկանգամյա օգտագործման ձեռնոց, դիմակ, անհատական գրիչ:
Չնայած այն հանգամանքին, որ մարտի 31-ի դրությամբ ՀՀ-ում  արձանագրվել էր կորոնավիրուսով վարակված 532 մարդ, 449 փաստացի բուժվող և մահացած  3 մարդ, Արցախում, այնուամենայնիվ,  ընտրություններին մասնակցել է ընտրողների 72.7 տոկոսը:
 
Միրիկ
 
Շատ արցախցիներ Քաշաթաղի հյուսիսային թևում գտնվող այս գյուղի մասին առաջին անգամ լսել են ապրիլի 7-ին, կորոնավիրուսի պատճառով: Արցախում առաջին վարակվածը հենց Միրիկ գյուղի բնակիչ էր՝ 1957 թվականին ծնված: Նա ՀՀ-ից ժամանել է Արցախ ընտրությունների նախօրեին՝ մարտի 30-ին, նրան  մեկուսացրել են ապրիլի 2-ին, իսկ փորձանմուշը ՀՀ ուղարկել ապրիլի 6-ին:
 
Բնականաբար, հարց է ծագոււմ՝ մասնակցե՞լ է միրիկցին ընտրություններին: «Անկեղծ ասած, տեղյակ չեմ: Քանի որ վարակվածի շփման ամբողջ շրջանակը պարզվում է, ամբողջական տեղեկություն ունենալու դեպքում՝ ձեզ կասենք: Այս պահին առանձնացրել ենք նրա հարևաններին, ընտանիքի անդամներին»,- այսպես էր պատասխանել Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի համակարգող Տիգրան Աբրահամյանը:
 
Մտավախությունները, որ վարակի տարածման զուգահեռ տեղի  կունենա ընտրությունների երկրորդ փուլ, իրականացան: 
 
Երկրորդ փուլ
 
Միրիկ և ինքնամեկուսացված հարևան Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքներում երկրորդ փուլը կայացավ: «Ընտրատեղամասերն իրենց լիազորության մեջ են: Եթե ընտրողները և տեղամասային հանձնաժողովի պատասխանատուները հնարավորություն ունենան իրենց ընտրական իրավունքը իրացնել, որևէ խնդիր չի լինելու»,- ապրիլի 13-ին «Հետքի» հետ զրույցում ասել էր ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:
 
Ընտրության օրը այդ  ընտրատեղամասերը բնավ էլ ձևական բնույթ չեն կրել: Ճիշտ է, վարակակրի բնակության վայր Միրիկի 118 ընտրողից մասնակցել է  ընդամենը 12 ընտրող, սակայն հարևան Ծիծեռնավանքի 73 ընտրողից  մասնակցել է 50-ը,  Մոշաթաղի 182 ընտրողից՝ 59-ը:
 
Երկրորդ փուլին մասնակցել է ընտրողների 45 տոկոսը, այս արդյունքի վրա մեծապես ազդել է երկրորդ փուլ անցած թեկնածու Մասիս Մայիլյանի՝ ընտրություններին չմասնակցելու կոչը:
 
Արտակարգ ընտրություններ
 
Ապրիլի 12-ին, երբ ընդամենը երկու օր  էր մնում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը, հասարակության ճնշման ներքո նախագահ Սահակյանը արտակարգ դրության փոխարեն հայտարարեց արտակարգ իրավիճակ:  Ապրիլի 12-ին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել էր 6-ի, Քաշաթաղից բացի կար վարակի նոր օջախ՝ Քարվաճառը:
 
Ըստ 2017 թվականին ընդունած Սահմանադրության՝ կա երեք ռեժիմ՝ ռազմական դրություն, արտակարգ դրություն և արտակարգ իրավիճակ: Եթե առաջին երկու դեպքում ընտրություններ ու հանրաքվեներ չեն անցկացվում, ապա երրորդը նման սահմանափակում չի ենթադրում:
 
Պարետատան ղեկավարման համար Բակո Սահակյանը պարետ է նշանակել է ԱՀ պետնախարար, արդեն գոյոթյուն ունեցող նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանին:
 
 Գոյություն չունեցող իրավական ռեժիմը
 
Ստեղծված իրավիճակի առնչությամբ առաջ եկան մի շարք հարցեր. նախ՝ արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի մասին (գործունեության այս կամ այն ոլորտը կարգավորող կանոնների համախումբ) ոչ մի օրենք չկա: Կա արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենք, որը սահմանում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմքերն ու կազմակերպումը, որտեղ ոչ մի խոսք չկա արտակարգ իրավիճակ հայտարարելու կարգի, նախագահի հրամանագրի բովանդակության մասին: Այս հարցերը Ֆեյսբուք սոցիալական ցանցում բարձրացնում էին արցախցի իրավաբաններ Վաղարշ Աղաբեկյանն ու Գագիկ Թավադյանը:
 
Ապրիլի 16-ին առցանց ասուլիսի ժամանակ  ԱՀ պարետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին հարցրել եմ. «Եթե արտակարգ իրավիճակի մասին օրենք չկա, ապա պարետատան ղեկավարումը և պարետի լիազորությունները ո՞ր օրենքով են Ձեզ տրվում: Նախագահը նման լիազորություններ չունի»։
 
 «Այդ օրենքը կա, կոչվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենք: Ե՛վ պարետը, և՛ պարետատունը գործում են՝ առաջնորդվելով այդ օրենքով և նախագահի հրամանագրով սահմանված լիազորությունների շրջանակներում»,- պատասխանել էր պետնախարարը: 
 
Մեկ անգամ ևս փաստենք` սահմանադրական իրավունքները սամանափակելու, կամ էլ պարետի և պարետատան լիազորությունների մասին ոչ մի խոսք չկա  պետնախարարի նշած «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում: Իսկ ըստ  ԱՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
 
 
Իրավիճակը հիմա
 
Վտանգը շրջանցեց մեզ, ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ փուլում վարակի բռնկում տեղի չի ունեցել: Սակայն իրավիճակը ամեն օր փոխվում է, հայտնվում են վարակի նորանոր օջախներ: Պետք չէ մոռանալ, որ Արցախը պորտալարով կապված է Հայաստանի հետ:  
 
«Արևիկ» մանկական բուժմիավորման մանկական վիրաբույժ Մերի Գրիգորյանը Ֆեյսբուքում պարբերաբար գրում է, որ վարակվածների թվի համեմատ մեկուսացվածների թիվը փոքր է: Օրինակ, հունիսի 11-ի տվյալներով կա 68 հաստատված դեպք, որից 43 առողջացած են: Այսինքն 25 վարակվածին հասնում է 79 մեկուսացված:
 
«Եթե հաշվի առնենք, որ Արցախում չկան ազատ տեղաշարժի սահմանափակումներ, համարյա բոլոր հիմնարկ-ձեռնարկություններն աշխատում են ամբողջ ծավալով, ապա գործնականորեն անհնար է, որ վարակակիր անձը շփված լինի 2-3 հոգու հետ»,- ասում է նա:
 
Հունիսի 13-ի դրությամբ, ըստ «Նյու Յորք Թայմսի» կազմած կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) աղյուսակի, 215 երկրների մեջ Հայաստանը 100 հազար բնակչությանն ընկնող մահացության դեպքերով 32-րդն է (100 հազարին՝ 9 մահ հարաբերակցությամբ), վարակակիրների քանակով՝ 16-րդն է (100 հազարին՝ 518 դեպք):
 
Նաև ուշադրության արժանի իրադարձություն է Արցախում հունիսի 15-ից բացված պոլիմերազային շղթայական ռեակցիայի լաբորատորիան, որը հնարավորություն է տալիս կատարել տարբեր մանրէների և վիրուսների,այդ թվում՝ COVID-19 վարակի հայտնաբերման մի շարք հետազոտություններ:
 
Ի դեպ, Արցախում կրկին սպասվում են ընտրություններ՝ հուլիսի 5-ին կկայանան Մարտունի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները:
 

____________
1 https://www.arlis.am, Հոդված 12. Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն, եթե մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ուժը կորցրած չի ճանաչվել, ապա անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: 

 
Share

Comments are closed.