Զսպում՝ առանց խաղաղության. ինչո՞ւ Հայաստանի և Ադրբեջանի միջև կրկին մարտեր են

Պատերազմ և խաղաղություն Կովկասում




Thomas de Waal
 
Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն բավարար գործիքներ ունեն երկու կողմերին զսպելու համար, բայց ո’չ ժամանակ ունեն, ո’չ ուժեր և ո’չ էլ ցանկություն՝ Հայաստանին և Ադրբեջանին ստիպելու խաղաղություն կնքել, էլ չենք խոսում համաձայնագրի կատարումը վերահսկող խաղաղապահներ տարածաշրջան ուղարկելու մասին։

Ողջ Եվրոպայում ցայսօր կա միմյանց դեմ պատերազմող ընդամենը երկու երկիր։ Վերջերս՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կրկին մարտեր են ծավալվել։ Ըստ տարբեր տվյալների՝ մի քանի տասնյակ մարդ, այդ թվում և ադրբեջանցի գեներալ ու խաղաղ բնակիչներն են զոհվել սահմանի հյուսիսային հատվածում՝ Տավուշ և Թովուզ քաղաքների միջև։  Հուլիսի 16-ին, կարճատև ընդմիջումից հետո,կողմերը կրկին կիրառել են ծանր զինատեսակներ։ 

Ցավոք, երկամյա անդորրը, որը կարելի է անվանել «Փաշինյանի մեղրամիս», ավարտվեց, ընդ որում՝ շատ կտրուկ։ Իրավիճակն արագորեն փոփոխվում է, և հետագա թեժացումը միանգամայն հնարավոր է։ Առնվազն՝ Ադրբեջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները լավատեսություն չեն ներշնչում. նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնանկ է արել 2004 թվականից արտաքին գործերի նախարար աշխատած Էլմար Մամեդյարովին, հայտարարելով, որ նա զբաղվում էր «անօգուտ աշխատանքով, անօգուտ բանակցություններով»։ Պաշտոնանկությանը Բաքվում հաջորդել է ցույցը, որի վրդովված մասնակիցներն իշխանություններից պահանջել են Հայաստանի հետ հարաբերություններում ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել։ 

Երևանում 2018 թ. տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունից հետո Ադրբեջանը գոհունակությամբ է արձագանքել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակմանը, որը նոր սերնդի մարդ էր և, ի տարբերություն Հայաստանի նախկին երկու ղեկավարների, ծննդով Ղարաբաղից չէր և 1991-1994 թթ. հակամարտությանը չէր մասնակցել։ 
Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են նվազեցնել լարվածությունը հրադադարի գծում։ Առաջին անգամ երկու երկրների բանակների հրամանատարների միջև գործարկվել է թեժ հեռախոսագիծը։ Միջադեպերի քանակը համարյա զրոյի էր հասել։ Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ նախկինում բախումները բոլորովին պատահական չէին և տեղի էին ունենում վերևների ցուցմամբ։

Երկկողմանի հարաբերություններում այսպիսի դրական տրամադրվածություն երկար տարիներ չէր եղել։ Հույս էր ծագել, որ կողմերը ձեռնամուխ կլինեն բանակցությունների, փույթ չէ, որ դանդաղընթաց ։ 2019 թ. հունվարին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն անգամ պայմանավորվել են «ձեռնարկել հստակ քայլեր բնակչությանը խաղաղությանը պատրաստելու համար»։ Արտաքին իրավիճակը բարելավվել է, բայց ոչ մի էական փոփոխություն տեղի չի ունեցել։ Երկու երկրների առաջնորդներն ու հասարակությունները շարունակում էին հարել փոխբացառող դիրքորոշումների. Ղարաբաղը միայն մեզ է պատկանում և վե՛րջ, իսկ զիջումները պետք է անի մյուս կողմը։

Վերջին մարտերը երկամյա մեղրամսին վերջը տվեցին։ Պարզ չէ, թե ով է առաջինը կրակել։ Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանն ավելի շատ է շահագրգռված ստատուս-քվոյի խախտմամբ, քանի որ այն անարդար է համարում։ Սակայն Տավուշի և Թովուզի միջև ընկած հատվածն ունի որոշ առանձնահատկություններ. այն երկու կողմից էլ խիտ է բնակեցված և երկու կողմերն էլ այնտեղ ծանր սպառազինություններ են կուտակել։ Որևէ միջադեպին կարող է հետևել արագ թեժացում, եթե առ այդ լինեն համապատասխան հրահանգներ։

2018 թվականից սկսած Բաքվում դժգոհություն էր կուտակվում, քանի որ երկու երկրները բաժանող շփման գծի երկայնքով անվտանգությունն ամրապնդելու Հայաստանի պահանջներն, ընդհանուր առմամբ, ի կատար էին ածվում։ Իսկ Ադրբեջանի գլխավոր պահանջի կատարման ուղղությամբ այդ ժամանակահատվածում որևէ առաջընթաց չի եղել. կողմերը քաղաքական կարգավորման շուրջ բովանդակային բանակցություններ չեն սկսել։

Եվ, իրոք, Փաշինյանի հանդեպ ադրբեջանական իշխանությունների սկզբնական ոգևորությունը բավականին միամիտ էր դիտվում։ Այո՛, նա ծննդով Ղարաբաղից չէ, բայց պատկանում է հայերի այն սերնդին, որի համար Ղարաբաղն ինքնաբերաբար հայկական տարածք է, որն էլ երբեք Ադրբեջանի հետ չի կիսվելու։ Ընդհակառակը, ղարաբաղցի հայերի աջակցությունը ստանալու համար երևանցի Փաշինյանը սկսել է ավելի շատ գործածել ազգային-հայրենասիրական հռետորաբանություն։ 2019 թ. նա Ղարաբաղ է այցելել և այնտեղ հանրահավաքին հնչած ելույթում վանկարկել է «Միացում» կարգախոսը՝ ընդգծել տալու համար, որ մարզը Հայաստանից անբաժանելի է։  

Ադրբեջանի ղեկավարությունն, իր հերթին, չի հրաժարվել այնպիսի հռետորաբանությունից, որը Հայաստանում ուղիղ սպառնալիք են համարում։ 2018 թ. նախագահ Ալիևը զգուշացնում էր, որ Ադրբեջանը երբեք իր պահանջներից չի հրաժարվի. «Պատերազմն ավարտված չէ. ավարտված է միայն նրա առաջին փուլը»։

Հայ-ադրբեջանական հակամարտության գլխավոր առանձնահատկություններից է այն, որ երկու երկրների առաջնորդներն, ըստ էության, նրա պատանդներն են։ Հակամարտությունն այնքան խորապես է ներթափանցել ազգային գիտակցության մեջ, որ ոչ մի առաջնորդ չի հրաժարվի կայացած ազգայնական պատմույթից։ Անգամ եթե նրանք հասկանում են խաղաղ կարգավորման ռազմավարական արժեքը՝ խուսափում են այդ ուղղությամբ ընթանալուն զուգակից ռիսկերից։
Միջազգային ճնշումն այստեղ հազիվ թե օգնի։ Չնայած խաղաղ համաձայնագիր մշակելու լավրովյան ջանքերի՝ Ռուսաստանի ղեկավարությունն, ընդհանուր առմամբ, շահագրգռված չէ վտանգել Բաքվի և Երևանի հետ իր հարաբերությունները՝ խաղաղությանը հասնելու համար։ Բացի դրանից՝ երկու կողմերն էլ Ռուսաստանին չեն վստահում. Ադրբեջանը, որովհետև Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված է ռազմական դաշինք, իսկ Հայաստանը, քանի որ Մոսկվան, կարծես թե, չի շտապում կատարել դաշնակցի առջև ստանձնած իր ռազմական պարտավորությունները։ Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակ են. հարկ է հիշել, որ, ի տարբերություն Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի կամ Ուկրաինայի, ղարաբաղյան հակամարտության գոտում չկան ռուսաստանցի զինվորականներ։ 

Թուրքիան սատարում է Ադրբեջանին, բայց ակնհայտորեն չի կամենում, որ իր սահմանների մոտ ծավալվի ևս մի հակամարտություն։ Իրանը որևէ դերակատարում չունեցող շահագրգիռ դիտորդ է։ Ժամանակին որպես ակտիվ միջնորդ հանդես եկած Միացյալ Նահանգները վերջին տասնամյակի ընթացքում՝ հատկապես Թրամփի օրոք, զգալիորեն նվազեցրել են իրենց ներգրավվածությունը տարածաշրջանի գործերին։

Այս ամենը նշանակում է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու ԵՄ-են ունեն բավարար գործիքներ՝ երկու կողմերին զսպելու համար, բայց ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ ուժեր և ո՛չ էլ ցանկություն՝ Հայաստանին և Ադրբեջանին ստիպելու խաղաղություն կնքել, էլ չենք խոսում համաձայնագրի կատարումը վերահսկող խաղաղապահներին տարածաշրջան ուղարկելու մասին։
Հիմա մնում է հուսալ, որ կկնքվի հերթական փխրուն հրադադարը։ Իսկ ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա այսօր, որչափ էլ տխուր լինի խոստովանել, այն ավելի հեռու է, քան երբևէ։

 
 
 
 
 
Share

Comments are closed.