Հիբրիդային հարձակումներ Հայաստանի վրա

Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ
Երևան
 
Ադրբեջանական քարոզչական մեքենան վերջին տարիներին գործում է հիբրիդային պատերազմի տրամաբանությամբ։ Գնալով ավելի հստակ է դառնում, որ բազմազան տեղեկատվական գործողություններն իրականացվում են մեկ ընդհանուր սցենարով, ուր միանգամից ներգրավվում են ինչպես կեղծ նորությունների և քարոզչության տարածումը, այնպես էլ կիբեր հարձակումները։

Նախկին զարգացումները
 
Ինչպիսի՞ն էր ընդհանուր տեղեկատվական հակամարտության տրամաբանությունը մինչև 2020-ի հուլիսի հարձակումը։ Դեռ 2012 թվականին, երբ Ռամիլ Սաֆարովին արտահանձնեցին Հունգարիայից Ադրբեջան, ուր իրեն հերոսի պես ընդունեցին, դրան հաջորդեց դիվանագիտական, իսկ հետո քարոզչական ընդհարում, որը զուգորդվում էր նաև կիբեր-հարձակումներով երկու կողմից։ Այդ ընթացքում փաստացի առաջին անգամ զանգվածային կիրառվեցին DDoS հարձակումներ լրատվական և պետական կայքերի վրա։ Մինչ այդ էլ, բնականաբար, նման հարձակումներ լինում էին, սակայն դրանք եզակի կամ կարճաժամկետ էին։ Այս անգամ երկու կողմից լուրջ ռեսուրսներ էին կիրառվում, որպեսզի լռեցվեն հակառակորդի տեղեկատվական հոսքերը։

Առաջնային հարված հասցրին հայկական հաքերային խմբերը, որոնք, փաստացի, առաջին երկու օրվա ընթացքում DDoS  հարձակումների միջոցով շարքից հանեցին լրատվական կայքերից շատերը։ Հետո արդեն հաքերային հարձակումների ենթարկվեցին մի շարք պետական կայքեր՝ ներառյալ Իլհամ Ալիևի պաշտոնականը։ Դրանց վրա տեղադրվեցին Գուրգեն Մարգարյանի նկարները։ Սրանից հետո արդեն ադրբեջանական կողմը ուշացումով անցավ հակադարձ հաքերային հաձակումների։ Սակայն, հայաստանյան կողմի քարոզչական խնդիրը արդեն լուծված էր, բուն Սաֆարովի շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ առաջին երկու օրը դեպի դուրս գնում էր գրեթե բացառապես հայաստանյան տեղեկատվությունը, քանի որ ադրբեջանական ինտերնետ հատվածը լռեցված էր։ Երբ հակահարվածից տուժեցին հայաստանյան կայքերը, արդեն միջազգային մամուլի կողմից հետաքրքրությունը տվյալ թեմայի վերաբերյալ գրեթե մարել էր։
 
Այս ընդհարումը կիբեր-տիրույթում երկու կողմին էլ ցույց տվեց, որ հաքերային հարձակումները ոչ միայն հոգեբանական ճնշման կամ ցուցադրական տիպի երևույթներ են, այլ հանդիսանում են գործիք, որը թույլ է տալիս քարոզչությունն ու հակաքարոզչությունը ավելի արդյունավետ իրականացնել։ Այդ ժամանակից սկսած կիբեր-հարձակումները դադարեցին ինքնուրույն երևույթ լինել։ Մինչև այս շրջանը հաքերային հարձակումները հիմնականում երիտասարդ հայրենասեր հաքերների գործողություններ էին։ Իսկ 2012-ից հետո դրանք կամաց-կամաց սկսում են դառնալ ընդհանուր հիբրիդային հարձակումների բաղկացուցիչ մասը։

2016 թվականին ապրիլի ընթացքում ադրբեջանական հաքերները նույնպես փորձում էին իրականացնել DDoS հարձակումներ։ Այս անգամ նրանց օժանդակում էին նաև մի շարք թուրք ազգայնական հաքերային խմբեր։ Սակայն այս անգամ գրեթե բոլոր հարձակումներն անհաջող էին, կամ էլ ազդեցությունը կայքերի վրա լինում էր կարճաժամկետ։
 
Դա պայմանավորված էր հենց 2012-ի դեպքերով, քանի որ այդ բացասական փորձը ստիպեց գրեթե բոլոր լրատվականներին կանխարգելիչ անցնել DDoS հարձակումներից պաշտպանող համակարգերի կիրառման։
Նույնը վերաբերում էր պետական ինտերնետ հատվածին։
 
Այս անգամ հիբրիդային պատերազմի նոր միջոց սկսվեց կիրառվել ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմիցգ ստեղծվում էին մեծ քանակով կեղծ հայկական հաշիվներ, հիմնականում Ֆեյսբուքում։ Եվ այդ հաշիվների միջոցով մեկնաբանություններում, ֆեյսբուքյան խմբերում տարածվում էր ապատեղեկատվություն, խուճապ առաջացնող գրառումներ էին արվում և այլն։ Այս անգամ նման գրառումների ազդեցությունը մինիմալ էր, քանի որ շատ հեշտ բացահայտվում էր, որ կիրառվող հաշիվները կեղծ էին, քանի որ դրանք նորաստեղծ էին, առանց բովանդակության։
 
Արդեն 2017 թվականի ձմեռվա սրացման ժամանակ կիրառվեցին ավելի նուրբ տեխնոլոգիաներ։ Հաքերները սկսեցին տիրանալ, «կոտրել» հայկական հաշիվներ ու արդեն դրանց անունից էին տեղադրվում ապատեղեկատվություն կամ խուճապ ստեղծող գրառումներ։ Տվյալ դեպքում արդեն բարդ էր լինում իրականացնել հաշիվների ստուգում և կեղծերի վերհանում։ Բացի դրանից՝ բարելավվել էր կեղծ հաշիվների հայերենը։
 
 Հուլիսյան սրացումը
 
2020 հուլիսին հիբրիդային պատերազմի տեսանկյունից ամենայուրահատուկն այն էր, որ հուլիսի 12-ից սկսած, սահմանին գրեթե անմիջապես առաջին կրակոցներից հետո, սկսվեցին վիրտուալ տիրույթում հարձակումները։ Ընդ որում, կիրառվում էին գրեթե բոլոր հնարավոր մեթոդները։ Ավելին, ադրբեջանական լուրջ կորուստները ստիպեցին գործի դնել գրեթե ողջ հնարավոր գործիքակազմը։ Ամենահետաքրքիրն այն էր, որ, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմը կիրառեց գրեթե բոլոր միջոցները, որն ուներ պահեստում, ներառյալ նրանք, որոնք չէին պլանավորում օգտագործել նման լոկալ մարտական գործողությունների ժամանակ, և դրանք նախատեսում էին լայնամասշտաբ պատերազմի դեպքում։ Ո՞րն էր այն հիմնական հիբրիդային գործիքակազմը, որը կիրառվեց ադրբեջանական կողմից.

ա. Այս անգամ նույնպես առաջնային սկսվեցին DDoS հարձակումներ, կրկին լրատվականների և պետական հատվածի վրա։ Գրեթե բոլոր հարձակումներն անօգուտ էին, քանի որ դրանք կանխատեսված էին։ Բացի դրանից, ի տարբերություն 2012 թվականի, երբ Ադրբեջանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, վարձել էին լուրջ միջազգային հաքերային խումբ, այս անգամ փորձ արվեց օգտագործել սեփական ռեսուրսները։ Մասնավորապես, նկատի ունեմ մեծ քանակի ադրբեջանական IP հասցեներից հարձակումները։

բ. Կոտրվեցին gov.am. Primeminister.am, e-gov.am կայքերը։ Ամենայն հավանականությամբ, ներթափանցումը եղել էր ավելի վաղ, և տվյալ ցուցադրական հարձակումը պլանավորված էր։ Սակայն, հարմար առիթը հարձակվողներն առանձնապես չկարողացան օգտագործել՝ եզրափակվելով կայքերի վրա քարոզչական բնույթի նյութերի տեղադրումով։
 
գ. Կիրառվեցին մեծ քանակի կոտրված հայկական հաշիվներ, որոնց անունից տեղադրվում էին մեծ քանակի ապատեղեկատվություն պարունակող նյութեր, որոնց հիմնական նպատակն էր խուճապ սերմանել։ Սակայն, քանի որ նման գործողություններ գրեթե անընդհատ են արվում, վերջին լայնածավալ հարձակումները եղել էին երկու-երեք ամիս առաջ և ուղղված էին կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելուն, հայաստանյան հասարակությունը հիմնականում արդեն սովոր էր նման գործելաոճի։ Փաստացի, ներդրվեց մեծ ռեսուրս այս տիպի գործողությունների մեջ, բայց արդյունավետությունը շատ ցածր էր։ Նաև այն պատճառով, որ հասարակությունում բարձր է նման դեպքերում պաշտոնական տեղեկատվության հանդեպ վստահությունը։

դ. Հետաքրքիր դեպք էր հայաստանյան միջնորդ կազմակերպության վրա իրականացված հաքերային հարձակումը, որի միջոցով ադրբեջանական կողմին հաջողվել էր ՀՀ պաշտպանության նախարարության անունից կարճ հաղորդագրություններ ուղարկել մի քանի հազար բաժանորդի։ Սա լրջագույն հարված էր Հայաստանին տեղեկատվական անվտանգության տեսանկյունից։ Սակայն կրկին ադրբեջանական կողմը չկարողացավ իրականացնել այնպիսի գործողություն, որը կունենար լուրջ հետևանքներ։ Փաստացի, Ադրբեջանի ձեռքում հայտնվել էր լրջագույն գործիքակազմ, որը կիրառվեց սխալ պահի։ Ամենայն հավանականությամբ, ներքին անորոշության պատճառով։   

ե. Նաև զանգվածայնորեն օգտագործվում էր բջջային հեռախոսների և մի շարք մեսենջերների վրա զանգերի և հաղորդագրությունների մեթոդը, որոնց միջոցով փորձ էր արվում խուճապ սերմանել հայաստանանյան հասարակության շրջանում։ Սակայն դա արվում էր այն պահին, երբ իրական ռազմական գործողությունները անբարենպաստ էին հենց ադրբեջանական կողմի համար, ինչը թույլ չտվեց տրամադրություններ փոխել Հայաստանի ներսում։
 
Կիրառվեցին բազմաթիվ այլ միջոցներ, որոնք թույլ են տալիս ասել, որ այս անգամ Հայաստանի դեմ իրականացվեց լայնածավալ հիբրիդային պատերազմ, որի նպատակն էր օժանդակել Ադրբեջանի ռազմական գործողություններին Տավուշի ուղղությամբ։ Սակայն անկազմակերպ և քաոսային վիճակը հենց իրենց կառավարման օղակներում բերեցին նրան, որ Ադրբեջանը մի կողմից բացահայտեց իր հիմնական հիբրիդային գործիքակազմը, մյուս կողմից՝ չկարողացավ հասնել հաջողության, քանի որ իրականացումը կատարվում էր անկազմակերպ։ Ինչը, իհարկե, Հայաստանին տալիս է մեծ հնարավորություններ՝ պատրաստվելու հաջորդ նման հիբրիդային գործողություններին։
 
Share

Comments are closed.