Բարձրագույն կրթություն. միջո՞ց, թե՞ նպատակ


Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեդիափորձագետ
Երևան
 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 24-ին ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ, ըստ ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության, անդրադարձել է անվճար բուհական կրթության ծրագրին և նշել, որ «…. պետական հավատարմագրված բուհերի բակալավրի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա ուսուցման համակարգի բոլոր ուսանողների համար կրթությունը կլինի անվճար՝ կառավարության կողմից ուսման վարձավճարների փոխհատուցման եղանակով»: Սա, ըստ էության, ամբողջական պետպատվերի համակարգ է ենթադրում: Հայաստանում գործում է խիստ մասնակի պետպատվերի համակարգը. այսինքն՝ պետությունը յուրաքանչյուր բուհի յուրաքանչյուր մասնագիտության համար սահմանում է սահմանափակ թվով անվճար տեղեր: Ի դեպ, պետությունն է սահմանում նաև վճարովի տեղերի քանակը (սրան առանձին կանդրադառնանք):


Սակայն ի՞նչ է այդ պետպատվերի համակարգը, և ո՞րն է գործող համակարգի թերությունը: Եթե պետությունը որևէ մասնագիտության պետպատվերի տեղ է իջեցնում բուհին, նշանակում է, նա պետք է հաշվարկած լինի, որ իրեն 4 տարի հետո հենց այդքան մասնագետ է պետք լինելու: Կրկնենք՝ պետությանը և ոչ թե աշխատաշուկային ընդհանրապես: Ուզում ենք ասել` եթե պետությունը ներդրում է անում, պետք է ստանա փոխհատուցում՝ այդ կադրին աշխատանքով ապահովելու և նրա աշխատանքից օգուտ ստանալու իմաստով: Այլապես, ի՞նչ իմաստ ունի այդ ներդրումը:
 
Որպես օրինակ հիշենք խորհրդային մոդելը. բուհ ավարտող յուրաքանչյուր ոք ստանում էր նշանակում, այսինքն՝ ապահովվում էր աշխատանքով և պարտավոր էր առնվազն երեք տարի աշխատել այդտեղ: Ես չեմ ասում, սա լավ էր, թե վատ: Բայց ամբողջական փակ ցիկլ էր. բուհ-մասնագետ-աշխատատեղ:
 
Բայց հիմա երբևէ եղե՞լ է Հայաստանում, որ պետությունը աշխատանքի տեղավորի պետպատվերով (այսինքն՝ պետական ներդրման հաշվին) սովորած և բուհն ավարտած մասնագետին, կամ գոնե հետաքրքրվի, թե պետպատվերով մասնագիտություն ձեռք բերած տնտեսագետը, ինժեները, գյուղատնտեսը աշխատանքի անցա՞վ իր մասնագիտությամբ, թե՞ ոչ: Այսինքն՝ իր ներդրումը արդյունք ունեցա՞վ, թե ոչ: Չի եղել: Դա նույնն է, որ (հազար ներողություն համեմատության համար) պետությունը փող հատկացնի, ասենք, 100 կիլոմետր ճանապարհ կառուցելու, բայց հետո չհետևի, թե այդ ճանապարհը ինչ որակի է, ապա և՝ շահագործվո՞ւմ է, թե՞ ոչ, դրանով մեքենա երթևեկո՞ւմ է…
 
Այսինքն, իջեցնելով պետպատվեր, պետությունը պետք է նաև հետևի այդ պետպատվերի կատարմանն ու նրա արդյունավետ օգտագործմանը: Այս իմաստով ողջունելի է ԱՀ նախագահի առաջարկած այն տարբերակը, ըստ որի՝ Հայաստանի բուհերում սովորող արցախցի պատանինների ուսման վարձը նույնպես կփոխհատուցվի, պայմանով, որ նրանց հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր՝ ուսումն ավարտելուց հետո Արցախ վերադառնալու և տեղում որոշակի ժամանակահատված պարտադիր աշխատելու մասին: Իհարկե, այստեղ էլ հարց կառաջանա. իսկ եթե վերադառնա՝ ո՞վ է շրջանավարտին ապահովելու աշխատանքով՝ պետությո՞ւնը, թե՞ նա ինքնուրույն պիտի փնտրի:
 
Ի տարբերություն պետպատվերի համակարգի, վճարովի համակարգը ենթադրում է, որ ներդրում կատարողը ուսանողն ինքն է, ավելի ստույգ՝ իր ընտանիքը: Այսինքն՝ ապագայում աշխատանք գտնելու ռիսկը ամբողջովին ներդրողինն է: Մի վերապահումով միայն. դարձյալ եթե պետությունը որոշակի վճարովի տեղեր է իջեցնում բուհերին, պետք է հաշվարկած լինի, թե արդյո՞ք աշխատաշուկան չորս տարի հետո ունենալու է տվյալ մասնագիտության այդքան մասնագետի կարիք: Եթե նման հաշվարկ չի կատարվում, ստացվում է, որ կրթությունը դառնում է ընդամենը ինքնանպատակ: Բուհը ապահովում է եկամուտներ՝ վարձավճարների հաշվին, ուսանողի նպատակն էլ (կարծում եմ՝ մեծամասամբ) դառնում է դիպլոմ ստանալը: Այսինքն, բարձրագույն կրթությունը, ավելի ճիշտ՝ բուհի դիպլոմ ստանալը դառնում է ընդամենը նպատակ: Իսկ կրթությունը միշտ չէ, որ դառնում է հետագայում աշխատանք գտնելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոց:
 
Ի դեպ, «էրեխես անպայման բարձրագույն պիտի ավարտի» մոլուցքը Հայաստանում նոր չէ: Այն բուռն զարգանում էր Խորհրդային Հայաստանում, ու դրա համար ծնողները պատրաստ էին ամեն ինչի՝ ընդհուպ մինչև կաշառքով երեխային բուհ ընդունելը: Այդ մոլուցքն առավել զարգացավ, երբ նվազագույն շեմը հաղթահարելով, այսինքն՝ ըստ էության առանց բավարար գիտելիքների, սակայն վճարունակ լինելով, կարելի դարձավ բուհի դիպլոմ ստանալ: Այո, հենց այսպես, ոչ թե՝ բարձրագույն կրթություն ստանալ, այլ բուհի դիպլոմ: Եվ ստացվում է, որ այդ վճարովի համակարգի դեպքում ընտանիքների մեծ մասը չորս տարում մուծվող որոշակի քանակի դրամով բուհի դիպլոմ է գնում: Ընդ որում՝ չմտածելով, որ դա ներդրում չէ: Որովհետև ներդրումը ենթադրում է հետագայում աշխատանք ու եկամուտ:
 
Սակայն քանի որ այդ վճարովի տեղերի սահմանումը, ենթադրում եմ, չի հիմնվում որևէ հաշվարկի վրա, ուստի ստացվում է, որ փիլիսոփայության ֆակուլտետի շրջանավարտը մատուցող է աշխատում, տնտեսագետը՝ պիցցայի առաքիչ, ինժեների դիպլոմ ստացածը տաքսի է վարում և այսպես շարունակ… Իհարկե, մատուցողը, առաքիչն ու վարորդը վատ մասնագիտություններ չեն, բայց մի՞թե դրա համար արժեր 4 տարի կորցնել, համալսարան այցելել և աստղաբաշխական գումար ծախսել, երբ կարելի էր այդ չորս տարում նույն գործով զբաղվել, այսինքն ժամանակն ավելի արդյունավետ օգտագործել և ծախսելու փոխարեն վաստակել:
 
Չորս թե հինգ տարին մեկ նախարարությունը բուհերում լիցենզավորման նոր գործընթաց է սկսում: Ստուգում են ամեն ինչ՝ մատյանները, ուսումնական պլանները և նման լիքը այլ փաստաթղթեր և կայացնում որոշում: Չի ուսումնասիրվում, համենայն դեպս՝ ինքս չեմ լսել, որ ուսումնասիրվի, թե տվյալ բուհի տվյալ մասնագիտության շրջանավարտները որքանով են մրցունակ աշխատաշուկայում և շրջանավարտների քանի տոկոսն է աշխատանքի անցնում իր մասնագիտությամբ:
 
Ցավոք, այս հարցը բուհերին էլ չի հետաքրքրում: Եթե, օրինակ, վճարովի տեղերի սահմանումը թողնվի բուհի հայեցողությանը, ապա վստահ եմ, նրանք կընդունեն առավելագույն թվով ուսանողներ. դա եկամուտ է ապահովում: Ծնողներն էլ վազելով իրենց երեխեներին կտանեն այդ համալսարաններ («բալես համալսարան է սովորում…»):
 
Ու քանի դեռ ծնողի ու երեխայի համար կարևորը դիպլոմն է (մեծավ մասամբ), իսկ ուսման ընթացքում՝ դասախոսների մի մասի համար՝ իր ասածները թութակի պես կրկնելը, ուսանողի համար՝ գնահատականը, իսկ բուհի համար՝ վարձը ժամանակին մուծելը և վճարովի տեղերի առավելագույն քանակություն պոկելը, մենք դժվար թե կարողանանք մրցունակ մասնագետների բանակ ապահովել:
 
Մինչդեռ ուսման (ցանկացած ուսման) գլխավոր նպատակը պիտի լիներ մասնագիտություն ձեռք բերելը, կարևոր չէ՝ բուհում, քոլեջում, որևէ վարպետի արհեստանոցում, անգամ ինքնուրույն ու ինքնակրթությամբ: Որովհետև ավելի լավ է ինքնակրթությամբ դառնալ վարպետ կոշկակար՝ ունենալով մշտական աշխատանք, քան թե դիպլոմավոր գործազուրկ:
Իսկ լավ ու պահանջված մասնագետ դառնալն ապահովելու համար անհրաժեշտ է, որ բուհերն ունենան՝
 
– ժամանակակից կրթական ծրագրեր,
– դասավանդման ժամանակակից մեթոդներ, որ ուսանողը պարապմունքի ժամանակ ոչ թե հորանջի, այլ ամբողջությամբ ներգրավվի դասին,
– դասախոսներ, որոնց համար առաջնայինը ուսանողի ազատ ու ստեղծարար միտքը զարգացնելն է և ոչ թե ասածները թութակի պես կրկնել տալը,
– գնահատման ամբողջովին նոր համակարգ, որը ենթադրում է գնահատել ոչ թե անգիրը, այլ ուսանողի առաջընթացը:
 
Բայց սա արդեն մի ավելի ընդարձակ հոդվածի թեմա է, և տողերիս հեղինակը առաջիկայում դրանց էլ կանդրադառնա:
 
 
 
 
Share

Comments are closed.