Ի՞ նչ է Պուտինը շահում և կորցնում Նավալնու թունավորումից

 Ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ  Նավալնին ողջ է մնացել թունավորումից հետո: Բայց նրա դեմ մահափորձը շատ բան է պատմում այն ​​մասին, թե ինչի է վերածվել Ռուսաստանը:

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու` Մոսկվա վերադառանալու ճանապարհին թունավորվելուց երեք շաբաթ անց պարզ դարձավ, որ դա պետության կողմից պատվիրված մահափորձ է, և ցանկացած հերքում  անհամոզիչ է թվում: Այն բանից հետո, երբ Նավալնին Սիբիրի Օմսկ քաղաքից բուժման նպատակով տեղափոխվեց Բեռլին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ նրան թունավորել են նյարդային համակարգի վրա ազդող «Նովիչոկ» թույնով. ճիշտ նույն քիմիական նյութով, որը ռուսական ռազմական հետախուզության սպաները օգտագործել են 2018 թվականին Անգլիայում Սերգեյ Սկրիպալին թունավորելու համար:

Ռուսաստանն էլ ավելի հեռու է գնացել: Թվում է՝ Նավալնու մահափորձի ժամանակ կիրառվել է նախկինում անհայտ և նյարդերի համար ավելի վտանգավոր նյութ, որը կարող էր պատվիրել միայն Կրեմլը, ասվում է գերմանական «Der Zeit» թերթի զեկույցում:

Ամենայն հավանականությամբ, Նավալնին ողջ կմնա: Բայց կարևոր հարցեր մնում են անպատասխան. թե ինչո՞ւ է որոշում կայացվել թունավորել երկրի ամենահայտնի ընդդիմադիր քաղաքական գործչին, ի՞նչ է դա պատմում Ռուսաստանի ներկայիս քաղաքականության մասին,  և ի՞նչ գին է վճարելու Ռուսաստանը, քանի որ արևմտյան առաջնորդները և առավելապես Մերկելը մտածում են պատասխան գործողությունների մասին:

Ինչու՞ թունավորել Նավալնուն

Կրեմլի քննադատները և Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչները շատ հաճախ են բռնության ենթարկվում և նույնիսկ սպանվում, բայց Նավալնու ողջ մնալու փաստը բավականին հետաքրքիր է թվում: Տոմսկ քաղաքում ընդդիմության հետ կայացած հանդիպումից առաջ, որը թունավորման նախօրեին էր, Նավալնին բարձրացրել էր այդ հարցը: «Եթե նրանք ինձ սպանեն, դա պարզապես լրացուցիչ խնդիրներ կստեղծի իշխանության համար, ինչպես դա եղավ Նեմցովի պարագայում»,- ասել էր նա, հաղորդում է «Der Spiegel» ամսագիրը: Նավալնին նկատի ուներ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին, ով 2015-ին սպանվեց Կրեմլի մերձակայքում:

«Նեմցովի սպանությամբ Ռուսաստանը վերածվեց երկրի, որտեղ ընդդիմադիրները մեռնում են բռնի մահով,- ասում է Լոնդոնի Թագավորական քոլեջի ռուսական ինստիտուտի ղեկավար Սեմ Գրինը։- Եվ եթե դուք կարծում եք, որ Նավալնու թունավորման մեջ նոր բան կա, նշանակում է՝ դուք ուշադիր չեք եղել»:

Բայց ինչո՞ւ հիմա

Նավալնին երկար ժամանակ համարվում էր չափազանց հայտնի և չափազանց սիրված՝ նրա հետ անաղմուկ հաշվեհարդար տեսնելու համար: Երբ հայտնվեցին նրա թունավորման մասին լուրերը, վերլուծաբան Տատյանա Ստանովայան նշեց, որ Կրեմլում նրա մահը համարվել է «մղձավանջային սցենար», որը կարող է զանգվածային բողոքներ առաջացնել ռեժիմի դեմ, քանի որ վերջին տարիներին կառավարությունը դարձել է ավելի քիչ ժողովրդականություն վայելող:

Բայց, ըստ ամենայնի, այս տեսակետը փոփոխություններ է կրել սահմանադրության հանրաքվեից հետո, որը տեղի ունեցավ այս տարի, ինչի արդյունքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հնարավորություն տրվեց առաջադրվել նախագահի պաշտոնում ևս երկու ժամկետ: Սա ազդարարում է նույնիսկ ցուցադրական ժողովրդավարությունից հրաժարման մասին:

«Սահմանադրական բարեփոխումներից հետո մենք գործ ունենք բոլորովին այլ քաղաքական ռեժիմի հետ: Այս ռեժիմը շատ ավելի պահպանողական է, անհանդուրժող և ռեպրեսիվ»,- նկատում է Ստանովայան, որը հիմնադրել է «R. Politik» վերլուծական ընկերությունը: «Այս ամենից հետո մենք կարող ենք ակնկալել բաներ, որոնք նախկինում չէինք սպասում Պուտինի ռեժիմից »:

Սահմանադրության հանրաքվեն Կրեմլին ցույց տվեց, որ ներքին քաղաքականությունն ավելի խնդրահարույց է դառնում: Պուտինի ռեժիմից և նրա կուսակցությունից, ինչպես նաև COVID-19 համաճարակի համատեքստում իշխանությունների չհամակարգված գործողություններից դժգոհություններն աճում են: «Այս պայմաններում սովորական գաղափարական լծակներն ու սեպերն այլևս չեն գործում», – ասում է Գրինը: «Դա դրդեց Կրեմլին մաքրել հրապարակը մրցակիցներից»:

Հանրաքվեից անմիջապես հետո ժողովրդականություն վայելող նահանգապետ Սերգեյ Ֆուրգալը ձերբակալվեց և մեղադրվեց 2000-ականների կեսերին մի քանի սպանություններ կազմակերպելու մեջ: Այդ քայլը դիտարկվեց որպես քաղաքական դրդապատճառ, և երկարատև բողոքներ սկսվեցին Ռուսաստանի Հեռավոր Արևելքում գտնվող Խաբարովսկի տարածքում: Հանրաքվեից հետո Ռուսաստանում ձերբակալվել են ընդդիմության մի քանի այլ քաղաքական գործիչներ, ակտիվիստներ և լրագրողներ,  ինչը խոսում է բռնաճնշումների ակտիվացման մասին:

Ինչու՞ է Նավալնին այդքան նյարդայնացնում Կրեմլին

Նավալնին Ռուսաստանի ամենահայտնի և ամենահաջող ընդդիմադիր քաղաքական գործիչն է, և ժամանակին ասում էին, որ Պուտինն ամենից շատ վախենում է հենց նրանից: Նավալնին և նրա թիմը կենտրոնացել են ռուս ընտրողների համար ամենացավոտ հարցերից մեկի վրա՝ պարբերաբար բացահայտելով ակնառու փաստեր կոռուպցիայի վերաբերյալ, որում ներգրավված են երկրի բարձրաստիճան քաղաքական գործիչները: 2017-ին հետաքննություն անցկացնելուց հետո նրանք հայտարարեցին, որ այն ժամանակվա վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ստանալով 1 միլիարդ դոլար կաշառք, ձեռք էր բերել շքեղ անշարժ գույք: Սա զանգվածային բողոքի ալիք բարձրացրեց Ռուսաստանի կենտրոնական հատվածում, որը միշտ համարվել է Պուտինի աջակցության հիմնական հենակետը:

Մինչ վերջերս Կրեմլը բավականին հանդուրժող էր Մոսկվայի լիբերալների բողոքների նկատմամբ և նույնիսկ դրանք օգտագործում էր հենց իրենց դեմ: «Ընդդիմության վերաբերյալ Կրեմլի քարոզչական կարծրատիպը մինչև 2017 թվականը հետևյալն էր. «Այսպիսով, տղաներ, միգուցե դուք երկրպագուներ ունեք մոսկովյան հիպսթերների և կրթված միջին խավի քաղաքային բնակիչների երկու կամ երեք տոկոսի շրջանում»,- մեկնաբանում է Լեոնիդ Վոլկովը, որը գլխավորում էր Նավալնու շտաբը 2018-ի նախագահական ընտրություններում, որոնց Նավալնուն այդպես էլ թույլ չտվեցին մասնակցել: Նա այս մասին խոսել է նորերս Վիլսոնի կենտրոնի կողմից կազմակերպված առցանց միջոցառման ժամանակ:

«Բայց իրական մայր Ռուսաստանը, որը գտնվում է Մոսկվայի օղակաձև ճանապարհի սահմաններից դուրս, չի սիրում ձեզ, չի ճանաչում ձեզ և չի ուզում որևէ կապ ունենալ ձեզ հետ», – շարունակում է Վոլկովը:

2017-ին Նավալնին միտումնավոր փորձեց ընդլայնել իր աջակցության բազան՝ երկրով մեկ անցկացնելով տասնյակ հանրահավաքներ և բացելով տարածաշրջանային նախընտրական շտաբների ցանց: Ժամանակի ընթացքում նրան արգելվեց մասնակցել ընտրական մրցավազքին և մրցել Պուտինի հետ: Բայց շատ մարզային շտաբներ դարձել են ակտիվիստների և ընդդիմադիր քաղաքական գործիչների աջակցության տեղական կենտրոններ, ինչպես նաև ինքնուրույն զբաղվում են հակակոռուպցիոն հետաքննություններով:

Չնայած Նավալնուն թույլ չտվեցին առաջադրվել և պայքարել իշխանության համար, նա ամեն դեպքում կարողացավ օգտագործել իր հարթակը՝ իրավիճակը փոխելով ընդդիմության այլ քաղաքական գործիչների օգտին: 2018-ին նա սկսեց նոր նախաձեռնություն, որը կոչվում է Smart Voting: Դա քվեարկության մարտավարական համակարգ է, որի նպատակն է միավորել բողոքողների և ընդդիմության ձայները յուրաքանչյուր մրցավազքում մեկ թեկնածուի սատարելու համար, նրան, ով առավելագույն շանսերն ունի հաղթելու պուտինյան «Միասնական Ռուսաստան» կուսակցության քաղաքական գործիչներին: Անցյալ տարի Մոսկվայի ընտրություններում Կրեմլի կողմնակից թեկնածուները լուրջ կորուստներ ունեցան, քանի որ նրանց տեղերը 40-ից նվազեցին 25-ի (հնարավոր 45-ից): Նավալնին այս արդյունքն անվանել է խելացի քվեարկության համակարգի հաջողություն:

Բայց նույնիսկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ իշխանություններն սկսեցին հարձակվել Նավալնու հակակոռուպցիոն հիմնադրամի վրա: Անցյալ սեպտեմբերին երկրի ավելի քան 40 քաղաքներում անվտանգության ուժերը կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի դեմ քրեական հետաքննության շրջանակներում անցկացրել են ակտիվիստների տների և գրասենյակների հարյուրավոր խուզարկումներ: Արդյունքում Նավալնին հուլիսին դադարեցրեց իր գործունեությունը, երբ իր կողմից բացահայտված անհատներն ու կազմակերպությունները, ներառյալ Պուտինի գործընկերների ընկերությունները, դատի տվեցին նրան:

Ռուսական անկախ սոցիոլոգիական ծառայություններ մատուցող «Լևադա» կենտրոնի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքում հարցվածներին խնդրել են հայտնել, թե որ հասարակական գործիչներն են առավել ոգեշնչում իրենց: Ութ տոկոսը նշել է Պուտին, իսկ Նավալնին հայտնվել է երկրորդ տեղում ՝ հավաքելով չորս տոկոս: 40-ից 54 տարեկան մարդկանց շրջանում նա դարձավ առաջինը: «Սրանք ապշեցուցիչ թվեր են ՝ հաշվի առնելով վերջին 10 տարիների ընթացքում ռուսական պաշտոնական լրատվամիջոցների վերաբերմունքը Նավալնու նկատմամբ»,- ասում է Եկատերինա Շուլմանը` Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի «Chatham House»-ի ռուս-եվրասիական ծրագրի գիտաշխատողը: Նա նույնպես խոսել է Վիլսոնի կենտրոնում կայացած միջոցառման ժամանակ:

 

Ի՞նչ գին է վճարելու Ռուսաստանը, և ընդհանրապես՝ կվճարի՞

Դեռ պարզ չէ: Երբ Սկրիպալը թունավորվեց «Նովիչոկ»-ով, ավելի քան 20 երկրներ հետևեցին Բրիտանիայի օրինակին և վտարեցին տասնյակ ռուս դիվանագետների: Այն ժամանակվա վարչապետ Թերեզա Մեյը դա անվանեց պատմության մեջ ռուս լրտես կասկածյալների ամենամեծ հավաքական արտաքսումը: Գերմանիայում շատերը, ներառյալ Մերկելի կուսակցության անդամները, կանցլերին կոչ են արել դադարեցնել Ռուսաստանից դեպի Գերմանիա ձգվող «Հյուսիսային հոսք – 2» գազատարի շինարարությունը, չնայած նախագիծը երկար ժամանակ վայելում էր Բեռլինի աջակցությունը և արդեն ավարտվել էր ավելի քան 90 տոկոսով: Եվ ահա երկուշաբթի օրը Գերմանիայի Բունդեսթագը ներկայացրեց Մագնիտսկու օրենքի մի տարբերակ, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել արտերկրում մարդու իրավունքները խախտողների և կոռումպացված պաշտոնյաների դեմ: Եթե ​​օրենքն ընդունվի, Գերմանիան կունենա ևս մեկ միջոց պատժելու Ռուսաստանին իր հետագա չարագործությունների և խախտումների համար:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չորեքշաբթի օրն ասաց, որ Վաշինգտոնը մտածում է, թե ինչպես արձագանքի տվյալ պայմաններում: Նա նշեց, որ Նավալնուն թունավորելու հրամանը կարող էր գալ Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարների կողմից: Ժամանակը ցույց կտա` արդյո՞ք Նավալնու թունավորումը, ի տարբերություն Ռուսաստանի շատ այլ հանցագործությունների, կհանգեցնի միջազգային ավելի կոշտ արձագանքի:

Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

 Սկզբնաղբյուրը` Foreign Policy





Share

Comments are closed.