Թրամփն իր մերձավորարևելյան գործարքով խաղաղություն է հաստատում այնտեղ, որտեղ պատերազմ չկար

 

Առաջին անգամ ավելի քան քառորդ դարի ընթացքում Սպիտակ տանը ԱՄՆ նախագահը կհյուրընկալի ստորագրման պատմական արարողություն իսրայելական և արաբական կողմերի միջև: Սպիտակ տունն իրադարձությունն անվանել է «պատմական բեկում»  մի տարածաշրջանում, որը վաղուց հայտնի է իր անզիջում հակամարտություններով: Չնայած, առաջին հայացքից, իրադարձությունը սկիզբ կդնի շրջադարձային համաձայնագրերի, որոնք վերջ կդնեն Իսրայելի, հարևան Եգիպտոսի և Հորդանանի միջև տասնամյակների հակամարտություններին և խաղաղության սկիզբը կդառնան Պաղեստինի միջև, իրականությունն այլ է: Արաբական Միացյալ Էմիրությունները դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Իսրայելի՝ ԱՄՆ այն դաշնակցի հետ, որի հետ նախկինում երբևէ հակամարտություն չի եղել` այսպիսով պաշտոնականացնելով արդեն տարիներ առաջ հաստատված կապերը:  Համաձայնագիրը Իրանի դեմ ոչ պաշտոնական դաշինք է հաստատում  և կարող է  ԱՄԷ-ի համար ԱՄՆ-ից առաջնակարգ զինամթերք ձեռք բերելու ճանապարհ հարթել. մինչդեռ առավել վիճելի իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը շարունակում է մնալ անլուծելի: Այս հանգամանքը հետ չի պահել նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄԷ-ի հետ նախորդ ամսում հայտարարված գործարքը որակելու որպես «նախկինում աներևակայելի տարածաշրջանային վերափոխում»: 

Ուրբաթ օրը հայտարարվել էր մեկ այլ նման համաձայնագրի մասին, այս անգամ Բահրեյինի և Իսրայելի միջև, որը նույնպես պաշտոնականացնում էր արդեն արմատացած կապերը: 

Բահրեյինի հետ համաձայնագիրը մեծացնում է հավանականությունը, որ Իսրայելի կարգավորման գործընթացի վերջնական «մրցանակը»` Սաուդյան Արաբիան, կհետևի այդ օրինակին։ Բահրեյնի սուննիական թագավորությունը Սաուդյան Արաբիայի մտերիմ դաշնակիցն է։ Վերջինս 2011-ին օգնել է ճնշել կղզու բնակչության շիա մեծամասնության մեջ սկսված ապստամբությունը։

Սաուդյան Արաբիան լուռ համակերպվել է Արաբական Միացյալ Էմիրությունների գործարքի հետ՝ բացելով իր օդային տարածքները Իսրայելի և Էմիրությունների միջև առևտրային թռիչքների համար:

Սակայն վիճելի է, թե որքանով են  նման համաձայնագրերը արդեն իսկ բարեկամ երկրների միջև նպաստում տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը:  

Տարածաշրջանի հիմնական հակամարտությունը Իսրայելին և Պարսից ծոցի  երկրներին տրամադրում է Իրանի և նրա դաշնակիցների դեմ: 

Երկարաժամկետ հեռանկարում շատերը համոզված են, որ Իսրայելի` որպես հրեա մեծամասնությամբ ժողովրդավարական երկրի գոյության գլխավոր սպառնալիքը հանդիսանում է պաղեստինցիների հետ հակամարտությունը, որոնք շուտով թվով կգերազանցեն հրեաներին Միջերկրական ծովի և Հորդանան գետի միջև ընկած տարածքում:  

Թրամփի վարչակազմը հույս ունի, որ Իսրայելի հետ կարգավորված հարաբերություններ ունեցող արաբական երկրների քանակի ավելացումը  կդրդի պաղեստինցիներին վերադառնալ խաղաղ բանակցություններին, որոնք դադարեցվել են ավելի քան մեկ տասնամյակ առաջ:

Վերջին երեք տարիների ընթացքում Թրամփը պաղեստինցիներին զրկել է աջակցությունից, վիճարկվող Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք, վերացրել է ԱՄՆ երկար տարիների հակազդեցությունը իսրայելական նոր բնակավայրերի նկատմամբ  և գործարկել է Իսրայելին գերակայորեն հարող Մերձավոր Արևելքի ծրագիրը:

Արաբական երկարամյա համաձայնության մեխն այն է, որ ճանաչումը կտրվի միայն տարածքային զիջումների փոխարեն, ինչը պաղեստինցիներին թողել է ավելի թույլ, մեկուսացված և բարոյալքված վիճակում, քան նրանք երբևէ եղել են իրենց պատմության ընթացքում։ Սակայն, պաղեստինցի առաջնորդներին ծնկի բերելու փոխարեն այս գործողությունները նրանց դարձրել են ավելի ընդվզող, քան երբևէ: 

Նախագահ Մահմուդ Աբասը մայիսին պաշտոնապես կասեցրեց բոլոր հարաբերությունները Իսրայելի և ԱՄՆ-ի հետ և հայտարարեց, որ պաղեստինցիներն այլևս կապված չեն նախկին համաձայնագրերով: 

Պաղեստինցիները որակել են ԱՄԷ-ի և Բահրեյինի գործարքները որպես դավաճանություն և պնդում են, որ ոչ մի այլ երկիր իրավունք չունի իրենց անունից բանակցելու: 

«Իսրայելի հետ հարևան երկրների հարաբերությունների կարգավորումը չի փոխի եղած հակասությունների էությունը, որը պաղեստինցի ժողովրդի ազատության և ինքնիշխանության անքակտելի իրավունքն է»,- ասել է պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյա Հանան Աշրավին:

Դանիել Շապիրոն, ով Օբամայի վարչակազմի օրոք Իսրայելում ԱՄՆ դեսպանն էր, ասում է, որ կարգավորումը դրական քայլ է և կարող է բարելավել խաղաղության հեռանկարները: «Արդյունավետ օգտագործվելու դեպքում այն կարող է երկու երկրներին նոր փորձի դրդել»,- գտնում է Շապիրոն, որը ներկայումս Իսրայելի ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի հոգաբարձուն է: «Բայց այն պետք է գլխավորի ԱՄՆ-ի այնպիսի վարչակազմ, որը  երկպետական լուծում է փնտրում, ինչը, սակայն, չի համապատասխանում Թրամփի ներկայիս ծրագրին:» 

Խաղաղության բանակցությունների ամերիկացի վետերան Ահարոն Դեյվիդ Միլլերն ասում է, որ ցանկացած մարդ, ով հույս ունի լուծելու իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, «չէր վարվի այնպես, ինչպես վարվել է ներկայիս վարչակազմը վերջին չորս տարիների ընթացքում»: «Չեմ կարծում, որ սա որևէ կերպ հեշտացնելու է կամ խելամիտ ժամանակում հանգեցնելու է լուրջ բանակցությունների, սակայն մինչև ԱՄԷ-Իսրայել գործարքը այս հարցի շուրջ կարծիքս այլ կլիներ»,- հավելում է Միլլերը, ով ներկայումս Քարնեգիի հանուն միջազգային խաղաղության  հիմնադրամում է: Չնայած Թրամփի մոտեցումը պաղեստինցիներին անկյուն է մղել, այն նաև հաստատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վաղեմի համոզմունքը, որ իր երկիրը կարող է ապահովել իր ապագան և խուսափել միջազգային մեկուսացումից՝ առանց պաղեստինցիներին զիջելու:

Ավելի քան երեք տասնամյակ պաղեստինցիներն անկախ պետություն են փորձում հաստատել Երուսաղեմի արևելյան հատվածում, Արևմտյան ափին և Գազայի շրջանում. տարածքներ, որոնք Իսրայելը գրավել էր 1996 թվականին արաբական երկրների հետ պատերազմի ժամանակ: Իսրայելը դուրս եկավ Գազայից 2005-ին, բայց շրջափակեց այդ տարածքները երկու տարի անց, երբ այդ տարածքում իշխանության անցավ Համաս զինյալ խմբավորումը:  

Թրամփի ծրագիրը Իսրայելին հնարավորություն կընձեռի  յուրացնելու Արևմտյան ափի մոտավորապես 30%-ը, ներառյալ բոլոր հեռավոր հրեական բնակավայրերը:   

Պաղեստինցիներին թողնվում են Իսրայելով շրջապատված, ցրված անկլավներ, որոնք կշարունակեն լինել ընդհանուր անվտանգության վերահսկողության ներքո, և սա նախագահ Թրամփը սահմանում է որպես «պետություն»: 

Արաբական Միացյալ Էմիրությունները նշում են, որ համաձայնագրում տարածքների անեքսացիայի մասին խոսք չկա, սակայն Նեթանյահուն նշում է, որ դադարը ժամանակավոր բնույթ է կրում, և Իսրայելը շարունակելու է հետևել Թրամփի ծրագրին:  

  «Համաձայն նախագծի` Պաղեստինն անգամ մոտավորապես ինքնիշխան պետություն չի լինի,- ասում է Շափիրոն և շարունակում։ – Բարեբախտաբար, ԱՄԷ-ի գործարքը տարածքների անեքսացիայի հարցը հանել է բանակցությունների սեղանից. հիմա ժամանակն է Թրամփի նախագծի մյուս հայեցակետերի վրա կանգ առնել»:

Նախկին փոխնախագահ Զո Բայդենը խոստացել է, որ նոյեմբերին ընտրվելու դեպքում առավել անաչառ մոտեցում կցուցաբերի: Նա դեմ է անեքսացիային և գրեթե վստահաբար կչեղարկի Թրամփի ծրագիրը: 

Թրամփի վերընտրությունը պաղեստինցիներին ավելի մեծ ճնշման կենթարկի` հավանաբար ստիպելով նրանց հետ կանգնել երկպետության տեսլականից և համակերպվել մեկ իրավահավասար երկազգ պետության տեսլականին:  

Ներկայիս պաղեստինցի առաջնորդները, ինչպես նաև պաղեստինցի և իսրայելցի քաղաքացիների մեծ մասը դեմ են իրադարձությունների նման զարգացմանը, բայց ամեն ինչ կարող է փոխվել, եթե Թրամփն ու Նեթանյահուն հաջողությամբ մարեն պաղեստինցիների ինքնիշխանության հույսերը: 

«Ենթադրությունս այն է, որ պաղեստինցիներին այս պայմաններն ընդունելուց բացի ոչինչ չի մնում»,- ասում է Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի քաղաքական փորձագետ Հյու Լովատը:  

«Իրականում պաղեստինցիներն ունեն ընտրություն, և նրանք կարող են պահանջել իրավահավասարություն մեկ պետության սահմաններում, և սա էլ հենց Թրամփի ծրագրի գլխավոր թերությունն է. այն հաշվի չի առնում հավանական հեռանկարային զարգացումները»,- կարծում է նա:  

Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Ուրսուլա Շիքսը

  Սկզբնաղբյուրը` https://www.washingtonpost.com/world/middle_east/trumps-mideast-deals-tout-peace-where-there-was-never-war/2020/09/14/3b596a50-f650-11ea-85f7-5941188a98cd_story.html 



Share

Comments are closed.