Հայկական ֆուտբոլ. հիասթափությունների ու հույսերի նոր մրցաշրջան


Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրագրող

Երևան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկարատև ընդմիջումից հետո վերջապես Ազգերի լիգայի շրջանակում անցկացրեց պաշտոնական հանդիպումներ։ Վերջին անգամ հավաքականը մրցասպարեզ էր դուրս եկել Եվրո- 2020-ի ընտրական փուլում և խայտառակ պարտություն կրել Իտալիայից՝ 9-1 հաշվով։ Դրանից հետո հայկական ֆուտբոլում «փոթորիկ» սկսվեց։

Մթնոլորտը հավաքականի շուրջ

Ստորացուցիչ պարտությունից հետո հրաժարական ներկայացրեց գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, ով միայն երկու հանդիպումներում գլխավորեց հավաքականը։ Այնուհետև օրակարգային դարձավ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի հարցը։ Վանեցյանը, ով այլևս ԱԱԾ տնօրեն չէր, արդեն իսկ գործող իշխանությունների դեմ հայտարարություններ էր արել, և պարզ էր, որ նա մուտք է գործելու ընդդիմադիր ճամբար, իսկ Իտալիայի դեմ խաղում գրանցված ամոթալի պարտությունն  էլ հիմք էր տալիս սկսել ՀՖՖ նախագահի հեռացման գործընթաց՝ զրկելով էյֆորիկ տրամադրությունների ֆոնին ֆեդերացիայի նախագահ դարձած Վանեցյանին այդ լծակից։ Նոյեմբերի 21-ին Վանեցյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, ֆուտբոլային հանրությունը դարձյալ ընկղմվեց հայկական ֆուտբոլի նոր ղեկավարության ընտրության գործընթացի մեջ։ ՀՖՖ նոր նախագահ դարձավ Արմեն Մելիքբեկյանը, ով մինչ այդ ֆեդերացիայի գործադիր տնօրենն էր։ ՀՖՖ նախագահի ընտրությունն անցավ ծանր մթնոլորտում, հայկական ֆուտբոլի աստղ, «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մայրը դուրս մնաց ՀՖՖ որոշում կայացնող մարմնից՝ գործկոմից, իսկ հետո տարբեր հայտարարություններով կասկածի տակ դրեց ընտրությունների արդյունքները։ 

Ազգերի լիգայի շրջանակում հավաքականի հանդիպումներից առաջ պարզ դարձավ, որ Մխիթարյանը հայտացուցակում չկա։ Նա դա բացատրել էր իր մարզավիճակով։ Ֆուտբոլային շրջանակները, սակայն, վերապահումով են մոտենում այս հայտարարությանը՝ Մխիթարյանի բացակայությունը կապելով մոր՝ ՀՖՖ գործկոմում չընտրվելու փաստի հետ։ Ամփոփելով` նշենք, որ Հայաստանի հավաքականը հերթական կարևոր հանդիպումներին մոտենում էր «նորացված»՝ նորացված ֆեդերացիայի ղեկավարությամբ, մարզչական շտաբով (գլխավոր մարզիչ դարձավ իսպանացի մասնագետ Խոակին Կապարոսը), նաև՝ նոր հրավիրված ֆուտբոլիստներով և անգամ նոր համազգեստով։ Ու հաշվի առնելով, որ Ազգերի լիգան նոր է մեկնարկում, հույսեր արթնացան, որ մեր հավաքականը կարող է լավ արդյունք ապահովել և դուրս գալ ընտրական խմբից, որտեղ մեր մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիան, Էստոնիան, Վրաստանը։ 

Սպասելիքներն ու վեճերը ՀՖՖ-ի հետ

Հեղափոխությունից հետո  հայ հանրությունն օբյեկտիվորեն, ինչպես բոլոր բնագավառներում, այնպես էլ ֆուտբոլում ակնկալում էր շրջադարձային և արմատական փոփոխություններ։ ՀՖՖ նախկին երկարամյա նախագահ Ռուբեն Հայրապետյանին Արթուր Վանեցյանով փոխարինելուց հետո առաջացած հույսերն ուղղակի փշրվեցին Իտալիայի հետ խաղում, իսկ արդեն հետո Արմեն Մելիքբեկյանի պաշտոնավարումն ուղեկցվեց և ուղեկցվում է ներքին առաջնությունում պարբերաբար արձանագրվող լարումներով ու կոնֆլիկտներով՝ ակումբների հետ։ Պատասխանատվությունն ու ուշադրությունը հայկական ֆուտբոլի շուրջ ձևավորվել է նաև գործադիր իշխանության հրապարակած նպատակների արդյունքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես համազգային նպատակ հայտարարել  էր, որ Հայաստանի ազգային հավաքականը 2050 -ին պիտի մեդալակիր լինի Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում։ 

Թեև ՀՖՖ-ն սկսել է ֆուտբոլային ենթակառուցվածքների հետ կապված մեծ աշխատանքներ իրականացնել, սակայն սրան զուգահեռ հայկական ֆուտբոլի զարգացմանը վերաբերող  մի շարք առանցքային հարցեր ուղղակի չեն լուծվում: Այսպես՝ մրցավարների գործողությունները շարունակում են ազդել առաջնության վերջնական ելքի վրա ( 2018-19 թթ. առաջնությունում «Լոռի»-ի հետ խաղում մրցավարի չնշանակած 11 մետրանոցի հետևանքով «Փյունիկ»-ը դուրս մնաց չեմպիոնական պայքարից, իսկ 2019-2020 թթ. մրցաշարի նախավերջին տուրում վճռորոշ «Նոա»-«Շիրակ» խաղում «Նոա»-ն խիստ կասկածելի պայմաններում գոլի հեղինակ դարձավ, «Շիրակ»-ի դարպասին նշանակվեց կասկածելի 11-մետրանոց, «Շիրակ»-ի երկու ֆուտբոլիստներ կարմիր քարտ ստացան): Բացի այս, չի լուծվում Հայաստանի առաջնությունում լեգեոներների սահմանափակման խնդիրը, և ՀՖՖ-ի կատարած քայլերն այս ուղղությամբ հիշեցնում են ֆորմալ, եղածը պահելուն ուղղված գործողություններ։ 

Թերևս Հայաստանում հանդես եկող հայ  ֆուտբոլիստների ընտրության պակասն էր, որ Կապարոսին ստիպել էր թիմ ընդգրկվել վերջին 5 տարիներին Հայաստանում հանդես եկած երկու կիսապաշտպանների՝ Սոլոմոն Իմե Ուդոյի և Վբեյմար Անգուլոյին։ Նրանցից բացի առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվեցին դարպասապահ Դավիթ Յուրչենկոն՝ Կարագանդայի «Շախտյոր»-ից, կիսապաշտպաններ Խորեն Բայրամյանը՝ ռուսական «Ռոստով»-ից ու 21-ամյա Վահան Բիչախչյանը՝ Սլովակիայի «Ժիլինա»-ից։ Հավաքական էին հրավիրվել նաև «Փյունիկի» սաներ Արթուր և Սերոբ Գրիգորյանները։ Հավաքականի հայտացուցակի հրապարակումից հետո բուռն քննարկումներ էին ընթանում, ֆուտբոլային մեկնաբանները առանձնացնում էին Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում հանդես եկած այնպիսի անուններ, ովքեր առնվազն կարող էին լինել հայտացուցակում։ 

Այնուհանդերձ, ներկա կազմը ամբողջական համարել չի կարելի։ Ինչպես ավագ մարզիչն է իր պարզաբանման մեջ ներկայացրել՝ հոկտեմբերին Ազգերի լիգայի հանդիպումներում հավաքականին կօգնի Հենրիխ Մխիթարյանը, վնասվածքներից ապաքինված կլինեն «ԱԵԼ Լիմասոլ»-ի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ու «Հոֆենհայմ»-ից Սարգիս Ադամյանը։ Սա նշանակում է, որ հոկտեմբերին կայանալիք հանդիպումների հայտացուցակում և նաև մեկնարկային կազմում տեղ գտնելու համար պայքարը սրվելու է, և լավագույնները իրենց շանսն են ստանալու կարևորագույն այդ խաղերում։ 

Խաղերի ընթացքն ու առաջիկա հանդիպումները

Առաջին հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացրեց մրցակցի հարկի տակ՝ Հյուսիսային Մակեդոնիայում։ Մեր թիմը խաղի մեկնարկից ստիպված էր հանդես գալ հետապնդողի դերում, քանի որ մրցավարը արդեն 5-րդ րոպեին 11-մետրանոց էր նշանակել Հայաստանի դարպասին։ Երկրորդ գոլը մեր թիմի դարպասը ևս 11-մետրանոցից էր, և ակնհայտ էր, որ մեր պաշտպանն այդ դրվագում անփույթ գործելով ծանր վիճակի մեջ դրեց թիմին։ Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպման երկրորդ կեսում մեր հավաքականը վերափոխվեց, սկսեց ավելի սուր և ագրեսիվ գործել։ Չնայած դրան՝ 11-մետրանոցից հաշվի տարբերությունը Տիգրան Բարսեղյանը նվազեցրեց խաղավերջում, և այլևս ժամանակ չէր մնում խաղը փրկելու համար։

Երկու օր անց Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Էստոնիայի հավաքականին։ Ընհանուր առմամբ, մեր թիմը ավելի շատ էր վերահսկում գնդակը, և առաջին խաղակեսի վերջնամասում Ալեքսանդր Կարապետյանը գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը։ Երկրորդ խաղակեսը, ինչպես և Հյուսիսային Մակեդոնիայի դեպքում, մեր հավաքականը սկսեց ավելի սուր ու կազմակերպված գործել։ Առաջին անգամ ազգային հավաքականի կազմում փոխարինման դուրս եկավ խոստումնալից կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ով գոլի հեղինակ դառնալու լավ պահ կորցրեց և այդ դրվագից վայրկյաններ անց հեռվից հարվածով գեղեցիկ գոլ հեղինակեց Վբեյմար Անգուլոն։ Մնացած ժամանակահատվածում մեր թիմը գրագետ պաշտպանվեց՝ առաջին հաղթանակը տանելով Ազգերի լիգայի խաղարկության այս մրցաշրջանում։ 

Խմբում այժմ մեր հավաքականը երրորդ տեղում է՝ վաստակած երեք միավորով։ Չորսական միավորով առաջին և երկրորդ տեղերն են կիսում Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանիները։ Հոկտեմբերին կայանալիք հերթական տուրերն այս իմաստով վճռորոշ կարող են լինել։ Երևանում մեր ընտրանին ընդունելու է Վրաստանի հավաքականին, իսկ օրեր անց մեկնելու է Էստոնիայի դեմ խաղի։ Այս երկու խաղերի արդյունքներից է կախված լինելու մեր հնարավոր դիրքը մրցաշարային աղյուսակում։ Ի վերջո, Ազգերի լիգան նաև լավ ստուգատես է ավելի խոշոր «ճակատամարտերից»՝  Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլից առաջ, իսկ անհատական մակարդակում՝ ֆուտբոլիստերի համար դրսևորվելու հարմար հարթակ։ 

Իսկ մինչ այդ ներքին առաջնությունում անհրաժեշտ է հանդարտեցնել կրքերը, ֆուտբոլային ակումբների հետ հաստատել ոչ թե հարկադրված, այլ կառուցողական հարաբերություններ, ինչպես նաև քայլեր ձեռնարկել ու պայմաններ ապահովել հավաքականը որակյալ հայ ֆուտբոլիստներով համալրելու համար։ 

Share

Comments are closed.