Պայքար զրպարտության և վիրավորանքի դեմ՝ ձեռքի թեթև շարժումով

 


Սուրեն ԴԵՀԵՐՅԱՆ

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ

Երևան

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է վիրավորանքի և զրպարտության դրամական փոխհատուցման ներկայիս շեմը բարձրացնել 5 անգամ։

Նախագծի հեղինակը համոզված է, որ վիրավորանքի և զրպարտանքի արդյունքում նյութական վնասի հատուցման համար նախատեսված չափը բարձրացնելով մինչև 5 միլիոն դրամ՝ վիրավորանքի դեպքում, և մինչև 10 միլիոն դրամ՝ զրպարտության դեպքում, տուժված անձանց համար կապահովվեն «լրացուցիչ երաշխիքներ արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ միայն ֆիզիկական անձի, այլև զանգվածային լրատվական միջոցների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից պաշտպանելու համար»:

Քաղաքացիական օրենսգրքում կատարվող փոփոխությունների նման մտադրության մասին տեղեկանքը, որը հեղինակի կողմից Ազգային ժողով էր ներկայացվել դեռևս այս տարվա հունիսին, հիշեցրեց խորհրդային ժամանակներին նկարահանված հայտնի «Ադամանդե ձեռքը» ֆիլմից մի դրվագ, որտեղ ֆիլմի գլխավոր հերոս Գեշան, ում մարմնավորում է երիտասարդ Անդրեյ Միրոնովը, նորաձևության ցուցադրության հարթակ էր դուրս եկել՝ ներկայացնելու մի տաբատ։ Ինչպես միջոցառման վարողն էր ասում՝ «տաբատը ձեռքի թեթև շարժումով վերածվում է էլեգանտ շորտի»։ Թե ինչ եղավ հետո, վերհիշեք այստեղ։  

Եվ հիմա երիտասարդ փոխխոսնակն էլ կարծես գտել է տարիներով արմատացած այս խնդրի լուծումը՝ ձեռքի թեթև շարժումով ջնջելով օրենսգրքում գրված 1000-ն ու 2000-ը, դրանց հարևանությամբ ավելացնելով 5000-ն ու 10000-ը և ընգծելով դրանք երկնագույնով՝ 

մինչև 1000-ապատիկի 5000- ապատիկի չափով

մինչև 2000-ապատիկի 10000-ապատիկի չափով

Տեղեկանքը հասանելի է այստեղ։

Այս առաջարկին անդրադառնալու կարիք չէր լինի, եթե սեպտեմբերի սկզբին Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովն իր դրական եզրակացությունը չտար սույն օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ-ի աշնանային նստաշրջանի օրակարգում ընգրկելուն։ Սակայն…

Ո՞րն է իրական խնդիրը

Դժվար գտնվի մեկը, ով չհամաձայնվի, որ մեդիաոլորտում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում, վերջին տարիներին կտրուկ աճել է ատելության խոսքի տարածումը։ Սակայն դժվար նաև գտնվի մեկը, ով կպնդի, որ այսպիսի խնդիր չի եղել նախկինում, օրինակ՝ 2018 թ. ապրիլից առաջ։ Հետևաբար, նախ արձանագրենք, որ խնդիրը վերջին երկու տարիներին չի առաջացել, և դրա դեմ օրենսդրական լուծումներն էլ տարիների փորձով են ձևավորվել՝ սկսած 1998 թ.-ից։ 

Այսինքն, խնդիրը նախ տեղեկատվության մասշտաբների ծավալման մեջ է, որը տեղի է ունեցել երկու կարևոր պայմանների արդյունքում. առաջինը՝ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումն ու հասանելությունը ՀՀ բոլոր բնակավայրերում, երկրորդ՝ խոսքի ազատության նկատմամբ սահմանափակումների վերացումը։

Վերջինի վերաբերյալ, «Ֆրիդըմ Հաուս» (Freedom House) հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության 2019 թ.-ի նոյեմբերին հրապարակված «Համացանցի ազատություն» զեկույցում ասվում է, որ Հայաստանում վերջին երկու տարիներին առցանց լրատվամիջոցներն ազատվել են տնտեսական և քաղաքական ճնշումներից, իսկ համացանցը երկրում գնահատվել է ազատ՝ ի տարբերություն Հայաստանի հարևաններից երեքի՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի, որոնց վերաբերյալ զեկույցում նշվում է, որ համացանցը ազատ չէ: 

Այս համատեքստում կարևոր է անդրադառնալ նաև սոցիալական ցանցերի,  մասնավորապես՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ակտիվ կիրառությանը Հայաստանում, որը վերջին տարիներին լուրջ հարթակ է դարձել հասարակական-քաղաքական տարբեր դիսկուրսներ ծավալելու տեսանկյունից։ Հենց այստեղ էլ տեղ գտած գրառումները շատ հաճախ ցիտվում են գոյություն ունեցող տասնյակ առցանց պարբերականների կողմից։ 

Այս փոփոխությունները բերել են նրան, որ մեդիամիջավայրն այսօր դարձել է անսահման, դրանում առկա հնարավորությունները ևս։ Բայց այն նաև շարունակում է անդադար փոխակերպվել՝ նոր հնարավորություններ ստեղծելով օգտատերերի ակտիվ և բարենպաստ հանրային հաղորդակցման համար։ 

Իսկ այդ բարենպաստ միջավայրը, որտեղ իրենց ակտիվ դիսկուրսն են ծավալում նաև ՀՀ օգտատերերը (ներառյալ՝ ֆեյքերը), էլ ավելի է դժվարացնում առցանց միջավայրին առնչվող խնդիրների իրավական լուծումները։ Շատ հաճախ բարդ է նաև հասկանալ, թե ովքեր են համակարգում կամ ստեղծում հայկական ինտերնետ տիրույթում հասանելի առցանց հայալեզու լրատվամիջոցների (հատուկ չենք նշում՝ հայկական լրատվամիջոցների) բովանդակությունը։

Սույն խնդրին սեպտեմբերին անդրադարձավ նաև «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը` հրապարակելով «Հայաստանյան օնլայն ԶԼՄ-ների նույնականացման վկայականները» հետազոտությունը: Այստեղ նշվում է, որ ուսումնասիրության ընթացքում առցանց տիրույթում առանձնացված 60 լրատվամիջոցներից միայն 9-ն են հրապարակել թողարկային ամբողջական տվյալներ, որոնք ներառում են տվյալ կայքի մեդիա գործունեության մեկնարկի, խմբագրի և թիմի անունները, հիմնադիր մարմնի կամ անձի անունը, խմբագրության կոնտակտային տվյալները:

Իսկ ԱԺ փոխխոսնակ Սիմոնյանի հիմնավորումներից երևում է, որ նման նախաձեռնության թիրախում հենց առցանց լրատվամիջոցներն են։ Գուցե նպատակը բարի է՝ հաշվի առնելով նախկինում լրատվական դաշտում նրա ունեցած անմիջական դերակատարումը։ Սակայն ֆինանսական փոխհատուցման շեմի բարձրացումը կարող է հանգեցնել կոնկրետ լրատվամիջոցների դեմ արշավ սկսելուն և նրանց սնանկացմանը՝ այսպիսով լրջագույն վնաս հասցնելով երկրում ձևավորված խոսքի ազատ արտահայտմանը։ 

 Ուստի, նախ պետք է սկսել այս անսահման միջավայրն ուսումնասիրելուց և դրանում մեր բոլորի գոյության իրավական գնահատականը տալուց՝ ո՞վ է անձը, և ո՞րն է զանգվածային լրատվամիջոցը առցանց միջավայրում։ Չունենալով իրավական հստակ սահմանումներ առցանց մեդիա տիրույթում տեղի ունեցող բազմաթիվ գործողությունների վերաբերյալ՝ չենք կարող տույժ ու տուգանքներ սահմանել մի բանի համար, որը հավասարազոր կիրառություն չի ունենալու մեդիա դաշտի բոլոր դերակատարների նկատմամբ։ 

Share

Comments are closed.