Նոր Հայաստանի հին քաղաքականությունը 

 

Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լրագրող

Երևան 

Հայաստանում «Թավշյա» հեղափոխությունից համարյա երկուս ու կես տարի անց դարձյալ հարկ է արձանագրել փոփոխությունների բացակայությունը հայաստանյան քաղաքականության արտաքին ուղեգծերում։ Առաջին հերթին դա վերաբերում է Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները բովանդակեցնելուն։ Բացի դրանից՝ հենց Ռուսաստանի հետ հարաբերությունների նախահեղափոխական մակարդակի պահպանումը և Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին պայմանավորում են համատեղ Արևմուտքի՝ ԵՄ երկրների և, հատկապես, ԱՄՆ հետ հարաբերություններում դրական տեղաշարժի բացակայությունը։ Իրերի նման դրությունն ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։ Եվ, վերջապես, ամենագլխավորը՝ Հայաստանն առաջվա պես համառորեն չի կամենում ստանձնել որևէ նոր աշխարհաքաղաքական դեր։ Պատճառների մասին՝ ստորև։  

Սկսենք Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները քննելուց, քանի որ հենց դրանց բովանդակությունն ու օրակարգը հաճախ կանխորոշիչ դեր ունեն Երևանի քաղաքականության այլ ուղեգծերի ձևավորման հարցում։ Կրկին՝ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների բերմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին երկու տասնամյակ գործնականում ընթանում էր Ռուսաստանի քաղաքականության նավարկուղում։ Օբյեկտիվ պատճառը եղել է և մնում է Արցախը և նրա հետ կապված խնդիրները։ Սուբյեկտիվ պատճառը՝ Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան նախագահների ներքին լեգիտիմության բացակայությունն էր։ Ընդ որում՝ նրանց պաշտոնավարման բոլոր ժամկետներում և՛ Քոչարյանը, և՛ Սարգսյանը ստիպված էին այդ լեգիտիմությունը դրսից՝ մասամբ Արևմուտքից և գերազանցապես Ռուսաստանից ստանալ։ 

Այս քաղաքականությունը, որն արտաքին գործերի քոչարյանական նախարար Վարդան Օսկանյանը թյուրիմացաբար «կոմպլեմենտար» էր անվանում, որպես վերջնարդյունք հանգեցրել է Հայաստանի՝ Մոսկվայի ազդեցության գոտում ամբողջապես հայտնվելուն։ Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր օբյեկտները վաճառվել, նվիրաբերվել կամ պարտքի դիմաց հանձնվել Ռուսաստանին։ ՄԱԿ-ում և այլ միջազգային հարթակներում հայկական պատվիրակությունները քվեարկում էին ռուսաստանցի գործընկերներին հետևելով՝ հանդես գալով հակառուսաստանյան բանաձևերի դեմ և այլն։ Տվյալ շարժման գագաթնակետն էր դարձել Հայաստանի՝ շատերի համար անսպասելի մուտքը Մաքսային, ապա նաև Եվրասիական տնտեսական միություն՝ հատկապես Եվրամիության հետ ասոցացման ուղղությամբ եռամյա ընթացքից հետո․․․          

Նիկոլ Փաշինյանի անգամ ամենաանհաշտ ընդդիմախոսներից ոչ ոք չի հանդգնում վիճարկել նրա կառավարության լեգիտիմությունը։ Հայաստանյան իշխանափոխությանն անմիջապես հաջորդած շրջանում թվում էր, որ այս լեգիտիմությունը նոր կառավարությանը թույլ կտա որոշակիորեն վերադասավորել արտաքին քաղաքականությունը՝ գոնե իրական և ոչ օսկանյանական կոմպլեմենտարությանը հասնելու համար։ Այնուամենայնիվ, վերջին երկուս ու կես տարիների ընթացքում այդ վերադասավորումը տեղի չի ունեցել։ Պատգամավորության երկու ժամկետների ընթացքում ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության անհաշտ հակառակորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի խորացնելու իր մտադրության մասին դեռևս «թավշյա» ցույցերի վերջնափուլում, երբ հեղափոխության հաղթանակը տարակուսելի էր թվում թերևս միայն Սերժ Սարգսյանին։ ՀՀ վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը բազմիցս կոնկրետ գործերով վերահաստատել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու վերաբերյալ իր հավաստիացումները, օրինակ՝ հայ զինվորականներին հումանիտար առաքելությամբ Սիրիա ուղարկելով։ Այսպիսով, Հայաստանը Սիրիայում Մոսկվայի գործողությունները սատարած՝ Ռուսաստանի դաշնակից համարվող միակ երկիրն էր։ Սակայն դա չի խանգարում ռուսաստանյան ԶԼՄ-ներին և որոշ քաղաքական գործիչներին անընդհատ պախարակել Փաշինյանի կառավարությունը և նրան բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրել, որոնցից գլխավորը՝ ռուսական շահերն առաջնահերթորեն և անվերապահորեն սպասարկելու վերջինիս չկամությունն է։ 

Այսպիսով՝ ստիպված ենք արձանագրել, որ Մոսկվայի հետ հարաբերություններն ուղղահայաց հարթությունից հորիզոնականը փոխադրելու համար Հայաստանի ղեկավարությանը միայն ներքին լեգիտիմությունը չի բավարարել։  Սուբյեկտիվ պատճառների վերացումը չի վերացրել Ռուսաստանի հանդեպ չափազանցված սեր ցուցադրելուն հարկադրող օբյեկտիվ պատճառները։ Արցախի շուրջ հակամարտության կարգավորման, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Մոսկվայի՝ փաստացի մոդերատորի դերը, հակամարտության երկու կողմերին սպառազինությունների վաճառքը և Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա  ներազդելու կարողությունը պատճառների մի մասն է միայն։ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որոշակի սրբագրումներ մտցնելու մասին ռուսաստանցի գործընկերների հետ համարյա բոլոր խոսակցությունները հանգում են մի անփոփոխ հարցի՝ իսկ Ղարաբա՞ղը․․․ Մեր հակադարձ հարցին, թե Ղարաբաղն այս ամենի հետ ի՞նչ կապ ունի, հետևում է բազմիմաստ ժպիտը։  

Այս լույսի ներքո լիովին անիմաստ է մեկնաբանել կամ, առավել ևս, վերլուծել ԱՄՆ հետ Հայաստանի հարաբերությունների փոփոխությունները։ Հայաստանը դեպի ՆԱՏՕ չի ձգտում, նրան այնտեղ ոչ ոք չի հրավիրում և հրավիրելու մտադրություն չունի։ ԱՄՆ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, սկզբունքային հիմնավորումներով ղարաբաղյան հակամարտության կողմերին զենք չի վաճառում։ Ռոբերտ Քոչարյանի առանձնակի եռանդի շնորհիվ Հայաստանում չի մնացել ամերիկյան ընկերությունների համար փոքր իսկ հետաքրքրություն ունեցող գեթ տնտեսական ոլորտ։ Էներգահամակարգում Ռուսաստանն ԱՄՆ-ով փոխարինելու մտադրությունից Երևանը հրաժարվել է դեռ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։ Հիշենք Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ մեր էներգետիկայի մեջ ութ միլիարդ դոլարի չափով ամերիկյան ներդրումներ բերելու հեռանկարների մասին հայտարարությունը։ Ընդ որում, Հայաստանի նոր ղեկավարության լեգիտիմ լինելու հանգամանքը Վաշինգտոնը նկատել է անմիջապես՝ դեռևս 2018 թ․ գարնանը։ Արդեն 2018 թ․ աշնանը Երևան է ժամանել նախագահ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը, որն այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կոչ է արել միանալ Իրանի դեմ պատժամիջոցներին։ Ամերիկյան դիվանագետն ուղիղ տեքստով հայտարարել է Փաշինյանին, որ նրա լեգիտիմությունը թույլ է տալիս նրան անել այն, ինչ չէին կարող նրա նախնիները։ Սակայն Երևանից Բոլթոնը ձեռնունայն է վերադարձել, ինչն էլ հերթական անգամ թույլ է տալիս արձանագրել արտաքին քաղաքականության մեջ լեգիտիմության հնարավորությունների սահմանափակ եզրագիծը․․․ 

Ռուսաստանի և ԱՄՆ հետ Հայաստանի հարաբերությունների պատկերը միանգամայն հստակ է։ Հասկանալի չէ դրական փոփոխությունների բացակայությունն, օրինակ, մեզ ավանդաբար բարեկամական Ֆրանսիայի հետ հարաբերություններում։ Ֆրանսիայում բնակվում է համեմատաբար համաձույլ կես միլիոնանոց հայկական համայնք, որի հետ՝ մասնավորապես նրա ունեցած ընտրական ներուժի շնորհիվ ավանդաբար հաշվի են նստում Ելիսեյան պալատի համարյա բոլոր տերերը։ Հետևաբար՝ Ֆրանսիայի բոլոր նախագահները միշտ ձգտել են Հայաստանի հետ առնվազն հռչակագրային հարթության վրա լավ հարաբերություններ պահպանել։ Հայաստանում ձեռնսեղմելի ղեկավարության ի հայտ գալը պետք է խթաներ այդ հարաբերությունները իրական գործընկերության մակարդակի տեղափոխվելուն, օրինակ՝ միջուկային էներգետիկայի ոլորտում Ֆրանսիայի լայն հնարավորությունների հարցում։ Առավել ևս, հաշվի անելով Եվրոպայում հակաթուրքական դաշինք ձևավորելու՝ Էմանուել Մակրոնի ջանքերն ու դերը։ Սակայն հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգում շոշափելի փոփոխություններ չկան․ կան լոկ կենացներ և բարի ցանկություններ։

Արժե հիշատակել նաև Կիպրոսի ու Հունաստանի հետ հարաբերությունների զարգացումը՝ դարձյալ հակաթուրքական դաշինքի ձևավորման լույսի ներքո։ Հայաստանը վստահորեն իր տեղն է զբաղեցրել Հունաստանի և Կիպրոսի մասնակցությամբ դաշինքում՝ պաշտպանելով այդ պետությունների դիրքորոշումը Արևելյան Միջերկրականի ծովահատակից բնական պաշարները հետախուզելու և արդյունահանելու՝ Թուրքիայի ոտնձգությունների դեմ։ Հայաստանի ԱԳՆ-ն այդ առնչությամբ տարածել է հայտարարություն, որում Անկարայի գործողություններն ապակայունացնող են որակվել։ 2020 թ․ փետրվարին Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարությունները ստորագրել են եռակողմ գործողությունների ծրագիր։ Ծրագիրը ներառում է ռազմաքաղաքական բնույթի կրթական և խորհրդատվական տասնյակ միջոցառումների անցկացում։ Պաշտպանական համագործակցության խորացմանը նախորդել է Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի ԱԳՆ ղեկավարների առաջին եռակողմ հանդիպումը։ 2019 թ․ հունիսին Նիկոսիայում կողմերը պայմանավորվել են զարգացնել տնտեսական, մշակութային և քաղաքական կապերը՝ փոխշահավետ համագործակցությունը խորացնելու նպատակով։


Հայաստանի հարավային հարևան Իրանի հետ հարաբերություններն առանձին հոդվածի նյութ են։ Այս հարաբերությունները նույնպես պարունակում էին հրաշալի հեռանկար, եթե հավատանք 2019 թ․ փետրվարին վարչապետ Փաշինյանի Իրան կատարած պաշտոնական այցի հրապարակայնացված արդյունքներին։ Հայաստանի վարչապետին Թեհրանում ընդունել են ամենաբարձր մակարդակով՝ ցանկություն հայտնելով մասնակցելու մի շարք ենթակառուցվածքային նախագծերի։ Հիշատակենք դրանցից սոսկ մեկը՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը։ Սակայն մեկ ու կես տարի անց էլ այս ամենը մնում է բարի ցանկությունների փուլում։ Այսուհանդերձ՝ Հայաստանի վարչապետին հաջողվել է Թեհրանում մի իրական ձեռքբերում արձանագրել։ Հայաստանի ԱԳՆ Թել-Ավիվում դեսպանատուն բացելու մտադրության մասին հայտարարել է Իրանից Փաշինյանի վերադառնալուց ընդամենը երկու օր անց, թեև թագաժահրի համաճարակը և իսրայելական ընտրություններն իրենց սրբագրումներ են մտցրել՝ դանդաղեցնելով տվյալ ծրագրերի իրականացումը։ Սակայն այսօրվա դրությամբ Իսրայելում Հայաստանի դեսպան Ամեն Սմբատյանն արդեն գտնվում է իր թելավիվյան նստավայրում՝ ծավալելով բավականին աշխույժ գործունեություն։ Հայաստանն, անտարակույս, Իսրայելից ուսանելու շատ բան ունի և, անկասկած իր կողմից առաջարկելու բաներ ևս՝ հաշվի առնելով Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու իսրայելցիների փոխադարձ ակնհայտ շահագրգռությունը։ Այսպիսով, երևանյան իշխանափոխությունից հետո իսրայելական ուղղությունը դեռևս միակն է, որտեղ կարող ենք զարգացում արձանագրել։            

Ամփոփելով՝ հարկ է նշել, որ վերջին երկու տարիներին, ընդհանուր առմամբ, նկատելի է Հայաստանի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղեգծի աշխուժացումը։ Եվ սա արաբական աշխարհի խոշորագույն երկրներից մեկի՝ Եգիպտոսի հետ հարաբերություններում որակական ճեղքման հասունացող անհրաժեշտության համապատկերում։ Այս իմաստով հարկ է նշել սեպտեմբերի 12-15-ին կայացած ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի այցը Եգիպտոս։ Նախարարի այցը խոստանում է դառնալ կարևոր շրջափուլ արաբական այս  առանցքային երկրի հետ համագործակցության հետագա զարգացման հարցում։ Եգիպտոսի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումը Հայաստանի համար շատ պահանջված և հասունացած գաղափար է՝ մերձավորարևելյան իրավիճակի և Արևելյան Միջերկրականում ստեղծված դրության համապատկերում։ Եգիպտոսն այսօր Արևելյան Միջերկրականում հետևողականորեն ձևավորում է հակաթուրքական դաշինք՝ Հունաստանի և Կիպրոսի հետ ջանալով զսպել Թուրքիայի ախորժակը հարևանների տարածքային ջրերի նկատմամբ։ Կովկասյան ուղղությամբ Անկարան ունի ոչ նվազ հավակնություններ, մասնավորապես՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացում սեփական դերը մեծացնելու նրա ձգտումը, որը հավելյալ արդիականություն է հաղորդում Հայաստանի և Եգիպտոսի դաշինքին։ 

Share

Comments are closed.