Ինչպե՞ս է Հայաստանը սխալ աշխարհաքաղաքական հաշվարկ կատարել


Եղիա ԹԱՇՃԵԱՆ

Քաղաքական փորձագետ

Բեյրութ

Հարցը, որի պատասխանը ՀՀ իշխանությունները պետք է տան, այն չէ, թե արդյոք սխալ էին հաշվարկել տարածաշրջանում աշխարհաքաղաքական տեղաշարժերը, այլ այն, թե ինչպես են սխալ հաշվարկել և անտեսել Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս ուժերի փոխհարաբերությունների փոփոխությունը:

Աշխարհաքաղաքականությունն  ուսումնասիրում է, թե ինչպես են աշխարհագրական պայմանավորվածությունները (սահմաններ, դաշինքներ, բնական ռեսուրսներ) ամրապնդում կամ խարխլում քաղաքական իշխանությունը: 2011 թվականից Մերձավոր Արևելքը պայթեց անդրազգային բողոքի ցույցերից, ինչը տարածաշրջանային քաոսի պատճառ դարձավ:

Մերձավոր Արևելքում տեղի ունեցան հեղափոխություններ և հակահեղափոխություններ, պետության փլուզում, քաղաքական վակուումներ, քաղաքացիական պատերազմներ, ֆինանսական ճգնաժամեր և ինստիտուցիոնալ փլուզում: Այս բոլոր գործոններն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պայմանավորված էին աշխարհաքաղաքական և էներգետիկ անվտանգության շահերով:

Դրանք դե ֆակտո ամրագրեցին նոր պետական սահմաններ: Երեք հիմնական դերակատարներ՝ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը, գործընթացի անմիջական մասնակիցներն էին:

Թուրքական ռազմական արկածները Հյուսիսային Սիրիայում սկսվեցին 2016-ի ամռանը՝ «Եփրատի վահան» ծածկագրի ներքո: Մինչ 2019-ի հոկտեմբերը ռազմական գործողությունները հաջող էին ընթանում: 2019-ին Իդլիբի պատերազմի ժամանակ թուրքական Բայրաքթար անօդաչու թռչող սարքերն օգտագործվում էին ռուսական արտադրության պաշտպանական համակարգերի դեմ և բավականին արդյունավետ էին: Նկատելի էր, որ Թուրքիան իր արտաքին քաղաքականության մեջ աշխարհաքաղաքական  հաշվարկներում որոշակի միավորներ ստանալու համար ուժի կիրառության է դիմում: Անկարայի հիմնական մտահոգությունը այլևս ոչ միայն Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի իշխանությունն էր, այլ նաև Հյուսիսային Սիրիայում քրդական ռազմական ներկայության վերացումը: Թուրքիան Սիրիայի քրդական աշխարհազորային YPG-ն համարում է PKK- ի սերունդ, ուստի նրա ներկայությունն իր սահմանին մոտ դիտարկում է որպես սպառնալիք իր տարածքային ամբողջականությանը: Այդ պատճառով, Թուրքիան Վաշինգտոնի և Մոսկվայի միջև վերականգնեց հավասարակշռությունը և փորձեց առաջ մղել իր հակաքրդական օրակարգը: Էրդողանը հաջողությամբ ոչնչացրեց Սիրիայում քրդական երեք կանտոնների միջև առկա ցամաքային կամուրջը և գրավեց Աֆրինը՝ սկիզբ դնելով թուրքացման գործընթացին: Թուրքիան ոչ միայն ամրապնդեց իր ներկայությունն այնտեղ, այլև գրեթե անհնար դարձրեց այդ տարածքների վերամիացումը Սիրիային: Անկարան սկսեց իր մկանները ցույց տալ նաև Արևելյան Միջերկրական ծովում,  ռազմական հաղթանակներ տարավ  Լիբիայում գեներալ Հաֆթարի դեմ, որին աջակցում էին Ռուսաստանը, Եգիպտոսը և ԱՄԷ-ն: Թուրքիան դարձավ կարևոր դերակատար Արևելյան Միջերկրական ծովում՝ դեմ դուրս գալով ֆրանս-հունա-եգիպտական ​​առանցքին և միակողմանի որոշում կայացնելով՝ ուսումնասիրել Հյուսիսային Կիպրոսի գազի հանքերը: Միաժամանակ, Անկարան կրճատեց իր կախվածությունը ռուսական գազի ներկրումից: 2020 թ.-ի ապրիլին առաջին անգամ Ադրբեջանը դեպի Թուրքիա գազի մատակարարման ծավալներով գերազանցեց Ռուսաստանին: Այսպիսով, Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը դարձավ Անկարայի աշխարհաքաղաքական հաշվարկների մի մասը, որը հետագայում պետք է օգտագործվեր Ռուսաստանի հետ գործարքներ կնքելու համար:

Չնայած այն հանգամանքին, որ իրանական շատ հոգևորականներ, այդ թվում ՝ գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարություններ արեցին, որ «Ղարաբաղը իսլամական երկիր է» և շնորհավորեցին Ադրբեջանին «իր տարածքները բռնազավթումից ազատելու կապակցությամբ», սխալ է ակնկալել, որ Իրանը փոխում է տարածաշրջանային չեզոքության քաղաքականությունը և Ադրբեջանին ավելի բացահայտ աջակցություն է ցուցաբերելու: Քաղաքական վերլուծաբան Էլդար Մամեդովի խոսքով՝ «Իրանի արտաքին քաղաքականության ձևավորումը բարդ գործընթաց է, որում ներգրավված են ​​տարբեր դիվանագիտական ​​և անվտանգության հաստատությունների շահագրգիռ կողմեր»: Մամեդովը պնդում է, որ Խամենին կարող է հանդես գալ որպես որոշում կայացնող, բայց ոչ որպես վերջնական իրագործող: Այն, ինչ շատ հայեր անտեսում էին, Իրանի ռազմական առաջնորդների հայտարարություններն ու մեկնաբանություններն էին, Արցախի և Ադրբեջանի սահմանի երկայնքով իրանական բանակի մոբիլիզացումը: Իրանի բարձրաստիճան զինվորականներից շատերը նախազգուշացնում էին իսլամիստ մարտիկների ներկայության և Իսրայելի դերակատարության մասին այս պատերազմում: Թեհրանը շատ լավ գիտի, որ Բաքուն այժմ ընդմիշտ գտնվում է Իսրայելի ճիրաններում: Սակայն Իրանը պատրաստ չէ առերեսվել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Վերջինս կարևոր տարանցիկ միջանցք է` իր գազն ու նավթը եվրոպական շուկաներ արտահանելու համար, և երկուսն էլ համագործակցում են տարածաշրջանում քրդական ապստամբության դեմ: 

Երկու պատճառ կա, որոնք դրդում են Թեհրանին այս պահին չմրցակցել Անկարայի հետ: Առաջինն այն է, որ Թուրքիան կարող է բորբոքել ադրբեջանական ազգայնականության զգացումը Իրանի հյուսիս-արևմուտքում, որտեղ շուրջ 20 միլիոն մարդ էթնիկ ադրբեջանական ծագում ունի: Ամերիկյան և իսրայելական շատ հետազոտական ​​կենտրոններ կոչ էին անում օգտագործել «Հարավային Ադրբեջան» քարտը Իրանը մասնատելու համար: Այլ կերպ ասած, Իրանի իշխանությունները վախենում էին հայ-ադրբեջանական պատերազմում  Թեհրանի ակամա ներգրավվումից: Երկրորդ գործոնը, որն ի սկզբանե մտահոգում էր Իրանին, հավանականությունն էր, որ Թուրքիայի՝ Ադրբեջանին սատարելու նախաձեռնողական քաղաքականությունն Անկարային ավելի մեծ մասնաբաժին կարող է տալ Հարավային Կովկասի ապագայի հարցում: Թեհրանը տեղյակ է, որ իր հյուսիսային սահմանում սիրիացի վարձկանների ներկայությունն այլ առաքելություն ևս ունի, քանի որ նրանցից շատերը կարող են  վերաբնակեցվել Իրանի հյուսիսին սահմանակից նոր գրավված տարածքներում: Այդ պատճառով Իրանը չի կարող դիմակայել Թուրքիային, սակայն իր հյուսիսային սահմանում գտնվող վարձկանների և իսրայելական գործակալությունների առկայության պարագայում Թեհրանը ապագայում գործելու է ճնշման ներքո:  

 Հայկական կողմը սպասում էր, որ Ռուսաստանն ուղղակիորեն կմիջամտի Արցախյան պատերազմին և կկանգնի հայերի կողքին: Սա շատ սխալ հաշվարկ էր: Ռուսաստանը՝ որպես գերտերություն, ունի տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հաշվարկներ: Ռուսաստանը չի կարող ռիսկի դիմել և Թուրքիայի դեմ մեծ պատերազմ սկսել Հարավային Կովկասում: Մոսկվան Թուրքիայի հետ «բախման և համագործակցության» մեջ է գտնվում ինչպես Սիրիայում, այնպես էլ Լիբիայում: Ըստ Անդրեյ Սուշենցովի, Ռուսաստանի տարածաշրջանային մտահոգություններից է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնման սպառնալիքը. Վրաստանն արևմտյան ազդեցության ներքո է, իսկ Ադրբեջանը՝ թուրքական, ուստի Մոսկվան չէր կարող ռիսկի դիմել և տարածաշրջանում իր միակ դաշնակցին  գցեր օտար ազդեցության տակ: Երևանի սխալ հաշվարկն այն էր, որ «Թավշյա հեղափոխությունից» հետո Երևանի նկատմամբ ռուսական սկեպտիցիմն էլ ավելի ուժեղացավ: Արցախի վերաբերյալ պետք է նշել, որ դա այն օրինակներից մեկն է, երբ Ռուսաստանի դիրքերը կապված էին տարածաշրջանային դերակատարների շրջանում առկա բազմաթիվ շահերի հետ, ինչը նրան ստիպեց հավասարակշռված մոտեցում որդեգրել: Օրինակ ՝ Ռուսաստանի տեսանկյունից Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը նպատակ ուներ չեզոքացնել իսրայելական և արևմտյան ռազմական համագործակցությունը և կանխել ՆԱՏՕ-ի կողմից հակամարտության հալոցքը, բայց Մոսկվան ի վերջո ձախողվեց այստեղ: Արևմուտքի ազդեցությունը կանխելու և հակամարտությունը լուծելու համար Ռուսաստանը հասկացավ, որ պետք է համագործակցի Թուրքիայի հետ, քանի որ Անկարայի ազդեցությունն աճում էր Բաքվի վրա: Այդ պատճառով Ռուսաստանը փնտրում էր փոխզիջումային գործարք, և հենց հասկացավ, որ Հայաստանը տանուլ է տալիս մարտը, ստիպված էր միջամտել, որի համար բարձր գին վճարեց  հայկական կողմը:

Ամփոփելու համար նշենք, որ վերջին մի քանի տարիներին տարածաշրջանում տեղի են ունեցել հստակ աշխարհաքաղաքական տեղաշարժեր, և ուժերի հավասարակշռությունը փոխվել է դեպի Թուրքիա: Երբ Թուրքիայի կողմից սահմանները վերափոխվում և վերագծվում էին ինչպես Լիբիայում, այնպես էլ Սիրիայում, միջազգային հանրությունը լռում էր, մինչդեռ Ռուսաստանը փորձում էր համագործակցել և երբեմն ընդհարվել Թուրքիայի հետ Հյուսիսային Սիրիայում: Դա ընդամենը ժամանակի հարց էր. Անկարան պատրաստվում էր ձեռքերը երկարացնել դեպի Հարավային Կովկաս: Այսօր Ադրբեջանում թուրքական ռազմական ներկայությունը փաստ է դարձել, և Հայաստանը դա կարող է զսպել միայն մերձենալով Ռուսաստանին և Իրանին ՝ հույս ունենալով, որ Անկարայի և Մոսկվայի միջև ցանկացած ապագա դիմակայության արդյունքը կլինի Երևանի շահը:

 

Share

Comments are closed.