Արցախի խնդիրը և Իրանի դիրքորոշումը

Գոհար ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ

Իրանագետ

Երևան

Ղարաբաղյան առաջին պատերազմից սկսած՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և միշտ կոչ արել խնդիրը լուծել բանակցությունների ճանապարհով, որի ընթացքում մի քանի անգամ հանդես է եկել միջնորդական առաքելությսմբ։ Մինսկի խմբի ձևավորումից ի վեր Իրանի դերակատարումն այս հարցում նվազեց։

Սակայն 2020թ. սեպտեմբերի 27-ին բռնկված ղարաբաղյան երկրորդ պատերազմը երևան բերեց բոլոր այն խնդիրները, որոնց լուծումները տարիներ շարունակ հաջողվել էր հետաձգել։

Հաշվի առնելով համաշխարհային մի շարք զարգացումներ, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական խնդիրները՝ Ադրբեջանը որոշեց հարցը լուծել ռազմական ճանապարհով, ինչին նա անթաքույց պատրաստվում էր այս ողջ տարիներին՝ հաճախ խախտելով ռազմական բալանսի բոլոր թույլատրելի նորմերը: 

 Պատերազմի առաջին օրերին Իրանը կոչ արեց անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ խնդիրը լուծելու բանակցությունների միջոցով։ Այնուհետև,  ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մ. Ջ. Զարիֆը հայտարարեց, որ ունեն բանակցությունների համար մշակած մի տարբերակ, որը կցանկանան ներկայացնել կողմերից յուրաքանչյուրին և Թեհրանի կարծիքով դա կհետաքրքրեր բոլորին էլ։ Օրեր անց ԻԻՀ-ն բավական կոշտ հայտարություններ արեց երկու կողմերին էլ՝ կոչ անելով ցուցաբերել զսպվածություն և կողմերից պահանջելով ռազմական գործողություններն իրականացնեն միայն իրենց սահմաններում և կամա թե ակամա չթիրախավորել ԻԻՀ տարածքը։ Սակայն Արցախի հարավային հատվածում ընթացող մարտերի ժամանակ պարզապես անհնար էր խուսափել այս գործողություններից։ Հոկտեմբերի 13-ին ԻԻՀ օդային տարածք հատած ադրբեջանական երկու ԱԹՍ-ները խոցվեցին, և Իրանը կրկին կոշտ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ չի հանդուրժի իր օդային կամ ցամաքային տարածքի խախտումները, իսկ այդ նույն ընթացքում մեծ թվով ռազմական տեխնիկա էր տեղափոխվում երկրի հյուսիսային հատվածներ: Ակնհայտ էր, որ իսրայելական ԱԹՍ-ները ոչ միայն Արցախի հարավային հատվածներում էին իրականացնում գործողություններ, այլ նաև ինֆորմացիա էին հավաքում ԻԻՀ հյուսիսային նահանգների վերաբերյալ, ինչը նրանց չէր հաջողվել անել վերջին ավելի քան 20 տարվա ընթացքում, քանզի այդ հատվածները հաջողությամբ պաշտպանվում էին հայկական ուժերի կողմից։

Եթե պատերազմի առաջին օրերին թվում էր, թե Ադրբեջանը փորձում է ռևանշի դիմել և հետ վերադարձնել այն, ինչ կորցրել էր 1990-ականների սկզբներին, ապա պատերազմի 15-20-րդ օրերին արդեն ակնհայտ էր, որ այստեղ միայն Արցախի հարց չէր, և որ Թուրքիան, Իսրայելը, Մեծ Բրիտանիան փորձում էին լուծել աշխարհաքաղաքական լուրջ խնդիր՝ հաշվի առնելով Ռուսաստանի դերի թուլացումը, նաև Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամանքը։ Պետք է փաստել նաև, որ այս ամենը տեղի էր ունենում ԱՄՆ-ի լուռ համաձայնությամբ։ Սրա վառ ապացույցն էր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի անթաքույց օգնությունը Ադրբեջանին՝ ինչպես պատերազմի պլանավորման, այնպես էլ իրականացման ժամանակ, Թուրքիայի ուղղորդումը Ադրբեջանին ակնհայտ էր նաև Մինսկի խմբի համանախագահողների հետ բանակցություններում։

Բնականաբար, Թուրքիայի անթաքույց աջակցությունը տեսնում էր նաև Իրանը, ակնհայտորեն նկատում էին նաև Իսրայելի հետաքրքրությունները խնդրի նկատմամբ, ինչը խիստ մտահոգում էր Իրանին, քանզի հստակ հասկանում էր, որ խնդիրը մոտենում է իր սահմաններին և ամեն վայրկյան այն կարող է վերաճել տարածաշրջանային բախման։ Հատկապես Իրանին անհանգստացնում էին իր սահմանների մոտ տեղակայված Սիրիայից, Լիբիայից բերված վարձկանները, որոնք ակնհայտորեն պատերազմի ավարտից հետո խարխլելու  էին տարածաշրջանի անվտանգությունը։ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին իր ելույթներից մեկում շատ հստակ նշեց, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, որը զոհվել էր դեռ հունվար ամսին, պայքարում էր  Սիրիայում հենց այս նույն ահաբեկիչների դեմ, և նրանք որևէ կերպ թույլ չեն տա իրենց սահմանների մոտ ահաբեկիչների կուտակումներ։

Պատերազմի հենց առաջին օրերին ԻԻՀ-ում տեղի էր ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել էր ամրացնել Իրանի հյուսիսային սահմանները: Հաշվի առնելով վերը նշվածը՝ Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի ցամաքային ուժերի մեծ քանակ տեղակայվեց Իրանի հյուսիսային նահանգներում։ 

Այդ օրերին գրանցվեց մեկ այլ խնդիր ևս։ ՌԴ-ն իր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ պարտավորություններից ելնելով ՀՀ-ին հատկացնում էր այն զենքերի ու զինտեխնիկայի տեսակները, որոնց կարիքը կար։ Դրա մասին հետագայում՝ պատերազմի ավարտից հետո, խոսեց նաև ՌԴ նախագահը։ Սակայն պատերազմի առաջին օրերից Վրաստանը փակեց իր օդային և ցամաքային ճանապարհները ՌԴ-ից Հայաստան հասցվող ռազմական նշանակության բեռների համար։ Բնականաբար, իրենց օդային սահմանները փակել էին նաև Ադրբեջանը և Թուրքիան։ ՌԴ-ն որոշում կայացրեց անհրաժեշտ զինատեսակները ՀՀ հասցնել Կասպից ծովի արևելյան ափերի մոտով, մտնելով Իրան, այնտեղից պատերազմի սկզբում ցամաքային ճանապարհով, իսկ հետագայում, կարծում ենք, նաև օդային ճանապարհով հասցվեց ՀՀ։ Ցամաքային ճանապարհով օրեր շարունակ ռազմական բեռների տեղափոխումը խիստ դժգոհություն առաջացրեց Իրանի հյուսիսում բնակվող թյուրքախոս իրանցիների շրջանում, որոնք անգամ Թավրիզում դուրս եկան ցույցերի, իսկ որոշ ժամանակ անց անգամ հարձակվեցին այդ էշելոնների վրա՝ փորձելով խոչընդոտել դրանց շարժը։ Անգամ պահանջում էին փակել Իրան-Հայաստան ցամաքային սահմանը: Այս լարված մթնոլորտը լիցքաթափելու և խնդրին լուծում տալու համար հոկտեմբերի 4-ին Թավրիզ ժամանեց ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Մոհամմադ Փակփուրը։ Ցույցերը ցրվեցին տեղական ոստիկանության միջոցով։

Ակնհայտ էր ևս մի դրվագ, ինչը, կարծում եմ, պետք է մտահոգի Իրանին։ Արցախի հարավային հատվածներով թուրք-ադրբեջանական-ահաբեկիչների շարժերի ընթացքում Իրանի հյուսիսային նահանգների բնակչության մի որոշ հատված արտահայտում էր իրենց անթաքույց ուրախությունը այդ հանգամանքի հետ կապված։ Սա, բնականաբար, անհանգստացրեց Իրանի իշխանություններին, որոնք այդուհետ արգելեցին բնակչությանը հավաքվել սահմանամերձ հատվածներում, իրենց «անվտանգությունից» ելնելով։  

Այս պատերազմի ողջ ընթացքում Իրանը հետևում էր յուրաքանչյուր զարգացման, քանզի հասկանում էր, որ այս նույն սցենարը հետագայում, ամենայն հավանականությամբ, փորձելու են իրականացնել նաև իր նկատմամբ։ Թեպետ կար այս մտահոգությունը, սակայն հաշվի առնելով Իրանի յուրօրինակ պետական կառուցվածքը՝ հստակ զգացվում էր խնդրի նկատմամբ ոչ միասնական մոտեցումը։ Իրանի նախագահը և արտաքին գործերի նախարարությունը փորձում էին այս «խաղից» դուրս չմնալու համար դիվանագիտական նոր «հնարքների» միջոցով մնալ տարածաշրջանային խաղացող, ինչի համար ԻԻՀ փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին իրանական առաջարկով մեկնեց Մոսկվա, Բաքու, այնուհետև Երևան ու Անկարա: Այլ էր հոգևոր առաջնորդի վերաբերմունքը և մոտեցումը խնդրին։ Եթե 1990-ական թվականներին նա Արցախի տարածքը կոչում էր «մուսուլմանական հող» և պահանջում հետ վերադարձնել այդ տարածքները Ադրբեջանին, ապա այս պատերազմի ընթացքում հոգևոր առաջնորդը հայտարարեց, որ Ղարաբաղի պատերազմը պետք է ավարտվի, ինչի համար գլխավոր պայմաններից մեկը համարում էր Հայաստանի կողմից «գրավված տարածքների վերադարձը, իսկ Ադրբեջանի կողմից էլ այնտեղ ապրող հայերի անվտանգության երաշխավոր լինելը»։ Սակայն, մյուս կողմից, ակնհայտորեն թույլ էր տրվում ՀՀ հասցնել բոլոր այն զինատեսակները ԻԻՀ ցամաքային կամ օդային սահմանով, ինչի կարիքը հայկական զինված ուժերն ունեին, որի մասին բացեիբաց խոսել է ՌԴ նախագահը, Ռոսիա հեռուստատեսության տված հարցազրույցի ժամանակ։ Ղարաբաղի պատերազմի նկատմամբ տարբերվող մոտեցում ուներ Իրանում իրական իշխանություն ունեցող ԻՀՊԿ-ն, ինչն արտահայտվում էր ԻՀՊԿ-ին մոտ կանգնած օգտատերերի թվիթերյան լրահոսի տեսքով:

Զինադադարի մասին հայտարարության ստորագրումից, դրա կետերի ուսումնասիրումից հետո Իրանի համար հստակ դարձավ, որ այս պատերազմից հետո իր դիրքերը էականորեն թուլանում են Կովկասում: Նոյեմբերի 17-ին  մեջլիսում պատգամավորներից Մահմուդ Ահմադի Բիղաշը, խիստ քննադատության ենթարկելով Թուրքիայի միջամտությանը Կովկասի երկրների ներքին գործերին և պատերազմի ողջ ընթացքին, հստակ նշեց, որ  երկրի «Հյուսիս-արևմուտքում ստեղծվում են խնդիրներ, որոնք կհանգեցնեն տարածաշրջանային մեծ աղետի, եթե հեղափոխական բնույթի արձագանք չլինի Իրանի կողմից»:

Պատերազմի հենց սկզբում և՜ Էրդողանը, և՜ Ալիևը բազմիցս նշել են, որ պատերազմից հետո տարածաշրջանն էականորեն փոփոխության է ենթարկվելու, և այժմյան քարտեզն էլ հաստատում է, որ սպառնալիքը մոտենում է Իրանի սահմաններին՝ ահաբեկիչների կամ պանթյուրքիստական նկրտումների տեսքով:

Ամփոփելով կարող ենք գալ հետևյալ եզրակացությունների

Թեպետ Իրանը պաշտոնապես միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն նրա շահերից էլ էր բխում Իրանի հյուսիսային հատվածներում հայկական ուժերի գերակայությունը, ինչի մասին բնականաբար նա չէր կարող բարձրաձայնել՝ հաշվի առնելով թե՜ իր տարածքում բնակվող թյուրքախոս բնակչության հույզերը, թե՜ Ադրբեջանի հետ խիստ կարևոր տնտեսական հարաբերությունները, թե՜ Թուրքիայի հետ առկա համատեղ շահերը։

ԻԻՀ-ն իր ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք է համարում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Իրանի հյուսիսային նահանգների մոտ տեղակայած ահաբեկչական խմբերի առկայությունը, ինչը տեղ է գտել ինչպես հոգևոր առաջնորդի, այնպես էլ նախագահի ելույթներում:

 ԻԻՀ-ը խիստ անհանգստացած է ՀՀ տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի կապով ինչպես մենք բազմիցս նշել ենք, նման ծրագրի կյանքի կոչումը նշանակում է Իրանին դուրս թողնել կովկասյան գործողություններից ընդհանրապես։ Եթե նախկինում Նախիջևան բեռներ տեղափոխելու համար Ադրբեջանն օգտվում էր Իրանի տարածքից և այդ հարցում գտնվում էր նրանից կախման մեջ, այս պարագայում նվազեցվում է Իրանի դերակատարությունը ևս։

Ըստ իս, Իրանը պատերազմի ընթացքում չկողմնորոշվեց, թե ինչպես պետք է դրսևորի իրեն և ինչպես պետք է այս պատերազմի ժամանակ դիրքավորվի, այդ իսկ պատճառով որդեգրեց չեզոք գիծը. մի կողմից պաշտոնական մակարդակում հնչեցրեց ադրբեջանամետ տեսակետներ, մյուս կողմից չհետևեց Վրաստանի օրինակին և բաց պահեց սահմանը ռուսական զենքի մատակարարման համար: Պատերազմի ընթացքում Իրանը խոսել է իր կարմիր գծերի մասին, որից հետո ակնկալվում էին նրա էլ ավելի ակտիվ գործողությունները.  մեկը՝ Իրանի սահմանների շարունակական ռմբակոծումն էր և իր քաղաքացիների կյանքի սպառնալիքը, երկրորդը՝ որևէ երկրի տարածքային ամբողջականության խաթարման բացառումը: Կարծում եմ, սա առավելապես ուղղված էր Մեղրիի կամ Սյունիքի մի հատվածի գրավվման հավանական փորձին, ինչը կանխարգելելու համար Իրանը հյուսիսում կուտակել էր մեծ թվով ծանր ռազմական տեխնիկա և երկու անգամ էլ իրականացրեց ռազմական զորավարժանքներ:

Share

Comments are closed.