Պատրաստվել «6-րդ սերնդի» պատերազմի

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գրող,հրապարակախոս

Երևան

«Անալիտիկոն» հանդեսի նախորդ համարներում «Բարձրագույն կրթություն. միջո՞ց, թե՞ նպատակ» խորագրով մեր հոդվածաշարն ընդհատվեց Արցախի դեմ սանձազերծված պատերազմի  պատճառով։ Այդ շարքի երկրորդ հոդվածն ավարտելիս խոստացել էինք հաջորդիվ խոսել « դասավանդման մեթոդների, դասախոսների և գնահատման մեր պատկերացրած համակարգի մասին»։ Սակայն հետպատերազմյան իրավիճակը ստիպում է այլ թեմա ընտրել։

Ժամանակին գրողներ Ավագ և Վաչե Եփրեմյան եղբայրներն իրենց հիմնադրած «Կապանցիներ» թերթում հրապարակել էին համաշխարհային համառոտ պատմություն.

«Նախապատերազմյան շրջան։

Պատերազմի շրջան:

Հետպատերազմյան շրջան:

Պատերազմի նախապատրաստության շրջան:

Պատերազմի շրջան…»։

Ցիկլն անվերջ է։

Բոլոր պատերազմներն ի վերջո ավարտվում են կամ, ավելի շուտ, դադարում են որոշ ժամանակով: Որևէ պատերազմի ժամանակավոր դադարից հետո կռվող կողմերից ոչ մեկը գոհ չի լինում ձեռք բերածից: Երկրորդ համաշխարհայինից հետո Եվրոպան կարծես թե կանգ է առել հետպատերազմյան շրջանի վրա՝ պայմանավորվելով կռվելու փոխարեն առևտուր անել։ Սակայն այնտեղ էլ 1990-ականներին բալկանյան պատերազմներ եղան։

Մեր տարածաշրջանում, կարծում եմ, տևական կամ կարճաժամկետ պատերազմները պերմանենտ են: Եվ հաղթողն ու պարտվողն էլ պայմանական են: 

Քառասունչորսօրյա պատերազմն էլ դադարեցվեց, ինչպես Առաջին Արցախյանը: Բայց եթե 1994 թվականին Հայաստանն էր հաղթողի դերում, ապա այժմ մենք մեզ պարտված ու նվաստացած ենք զգում՝ նման վիճակում ու նման եռակողմ հայտարարությամբ զինադադարից հետո։ 

Քառասունչորս օր տևած մարտական գործողությունների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն անընդհատ շեշտում էին, որ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիան այսպես կոչված «5-րդ սերնդի» պատերազմ է, որտեղ առաջնային էին տեխնոլոգիաները, և մարդուժը, թեպետ դեռ կարևոր, բայց արդեն ոչ այնքան գլխավոր դերում էր: Ավելի շուտ՝ մարդուժը պատերազմում ներգրավվում էր «տեխնոլոգիական» հարվածներից հետո:

Պետք է նկատի ունենալ, որ այս նվաստացուցիչ զինադադարից մինչ հաշտության մեծ համաձայնագիրը դեռ շատ ժամանակ է հոսելու: Գլխավորն է, որ, հաշվի առնելով առաջին՝ հաղթական զինադադարին հաջորդած 25-26 տարիներին պատերազմին նախապատրաստվելու նկատմամբ մեր դրսևորած, մեղմ ասած, անտարբերությունը, այս հարաբերական դադարն օգտագործենք նոր՝ իմ գնահատմամբ «6-րդ սերնդի» պատերազմին պատրաստվելու համար։ Որովհետև  քանի դեռ մենք և մեր ոխերիմ  հարևանները չենք սովորել եվրոպացիների հանգույն կողք-կողքի, անգամ իրար չսիրելով, առանց կռվելու ապրել, անընդհատ լինելու է  «պատերազմի նախապատրաստության շրջան», որին մի օր հաջորդելու է «պատերազմի շրջանը»։ 

Ինձ ու իմ խաղաղասեր բնավորությունն իմացողները, հավանաբար, զարմացան այս խոսքերից: Բայց ոչինչ անել չես կարող. ես ելնում եմ իրականությունից։

Իսկ պատերազմի պատրաստվելը, իմ պատկերացմամբ, նշանակում է հաշվարկել, կանխատեսել, թե ինչպիսին կարող է լինել հաջորդ՝ «6-րդ սերնդի» պատերազմը ու Հայաստանի և Արցախի տնտեսությունը տեղափոխել ռազմական ռելսերի վրա՝ նախապատրաստվելով այդ պատերազմին: 

Հենց էդպես: 

Բյուջեն սղությո՞ւն է անում: Համաձայն եմ: Իսկ ի՞նչն է խանգարում, որ կառավարությունը սահմանի «պաշտպանության հարկ»։ Կարևորը, որ զինադադարի, ասել է թե՝ հարաբերական խաղաղությունից հետո մենք դարձյալ չթուլանանք ու չտրվենք միայն վայելելուն: Այսինքն, հասկանանք, որ այդ «պաշտպանության հարկը» անհրաժեշտ է այդ վայելքները շարունակելու համար: 

Հարկի դրույքաչափը կարող է լինել շատ փոքր, ասենք՝ աշխատավարձի 1-3 տոկոսը: Այդ գումարը կարող է հավաքվել հատուկ հինմնադրամում, և այդտեղից պետությունը ռազմական պատվերներ կտա հենց հայկական կազմակերպություններին: Սրա էֆեկտը կրկնակի է. պաշտպանունակության բարձրացում և տնտեսական էֆեկտը՝ լրացուցիչ աշխատատեղեր ու տնտեսական աճ: 

Հայ ծրագրավորողները, ինժեներները, տեխնոլոգները բարձր վարկանիշ են ունեցել միշտ և ունեն հիմա էլ։ Եվ նրանց ներուժը խելացի օգտագործելու, նրանց բարձր վարձատրությամբ պետական պատվերներ տալու շնորհիվ հնարավոր կլինի ռազմական ոլորտում տեխնոլոգիական առաջընթաց գրանցել։ 

Ընդսմին՝ ռազմական  կատարելագործումը պետք է կատարվի բացահայտ։ Ավելին, հենց հարևան  թշնամի պետությունների համար ակնհայտ պիտի լինի, որ մենք ունենք հզոր ռազմական համակարգ, ուստի ավելի լավ կլինի մեզ հետ ոչ թե պատերազմեն, այլ ձգտեն խաղաղ հարևանության:

Ուտոպիստական է՞: Գուցե: Բայց համաշխարհային պատմությունը գիտի միշտ պատերազմի պատրաստ ու անընդհատ զարգացող բարեկեցիկ երկրների։ Վեց հարյուր տարի ոչ մեկը չի համարձակվել պատերազմել Շվեյցարիայի հետ, որովհետև բոլորը գիտեն. այդ երկիրը այնպես է պատրաստ պատերազմի, որ նրան հաղթելն անհնար է։ 1940 թվականին ԽՍՀՄ-ը թերագնահատեց Ֆինլանդիային և պատերազմ սանձազերծեց (խորհրդային պատմության մեջ հայտնի է «ֆիննական պատերազմ» անվանումով և ներկայացվում էր, թե ֆիններն էին հարձակվել ԽՍՀՄ-ի վրա. ծիծաղելի է՝ խաղաղ ապրող ֆինների ինչի՞ն էր պետք հարձավել հսկա ԽՍՀՄ-ի վրա), և ֆինները ջախջախեցին Սովետին՝ պաշտպանելով իրենց երկիրը։   

Ամենից դժվարն, իհարկե, լինելու է մարդկանց ներշնչելը, որ կարելի է և՜ լավ ապրել, և՜ ամեն ինչ անել պաշտպանված լինելու համար։ Ես չեմ ասում ամբողջ կյանքում նեղություններ կրել։ Ո՜չ,ընդհակառակը, ապրել լիարժեք կյանքով, վստահ լինելով, որ քո վճարած 1000, 2000 կամ 10 հազար դրամով երաշխավորված է քո անվտանգությունը: Եվ սա ամենից առաջ պետք է հասցնել ապագայի պայմանական հովիկաբրահամյաններին. կարելի է մի քանի միլիոնանոց դղյակի փոխարեն կառուցել կես միլիոնանոցը, իսկ մնացածն ուղղել երկրի պաշտպանությանը: Չէ՞ որ եթե երկիրը պաշտպանված չէ, ապա քո դղյակն էլ վտանգի տակ է։ Եվ եթե թշնամու անօդաչուն հարձակվի, անշունչ քարի մեջ դրված քո միլիոնները չեն փրկի անգամ հաստավիզ «ախրաննիկները»։

«Իսկ կրթությունը՞»,- կհարցնեք դուք։

Կրթությունը տնտեսության սկիզբն է ու շարունակությունը։ Երբ ասում եմ տնտեսությունը տեղափոխել ռազմական ռելսերի վրա, նկատի ունեմ, որ կրթությունն էլ, հատկապես բարձրագույն կրթությունը, մեծ չափով պետք է սպասարկի հենց ռազմականացվող տնտեսությանը։ Ես չեմ ասում, թե պետք է կրճատել հումանիտար մասնագիտությունների ուսուցումը։ Բնավ։ Բայց դրանց զուգահեռ և դրանցից առավել պետք է առաջնահերթություն տալ ժամանակակից տեխնոլոգիական կրթությանը՝ այն հաշվով, որ մի քանի տարում ունենանք ռազմական արդյունաբերությունը սպասարկող մասնագետների բանակ։ Ընդսմին՝ ռազմական արդյունաբերությունում աշխատանքը պետք է հավասարեցվի բանակում ծառայելուն, ինչը կխրախուսի կադրերի հոսքը, որովհետև  իմ պատկերացրած և մեզ դեռ անհայտ «6-րդ սերնդի» պատերազմում, հնարավոր է, հետևակն ու տանկերը քիչ անելիք ունենան, և կռիվը հենց տեխնոլոգիական լինի։ 

Իսկ բանակային համակազմի ռեզերվը միշտ համալրված ունենալու համար, հատկապես տեխնոլոգիական մասնագիտացված բուհերում և ֆակուլտետներում, պետք է վերականգնել ռազմական ամբիոնները. ուսանողներն այդտեղ կսովորեն ռազմական գործի բոլոր հմտությունները, այսինքն ապագայում իրենց տեխնոլոգիական և տեխնիկական հմտությունները ռազմական արդյունաբերությանը ծառայեցնելուց բացի, անհրաժեշտության դեպքում կկարողանան նաև  մարտերում ներգրավվել։

«Վեցերորդ սերնդի» պատերազմն անխուսափելի է։ Մե՞նք կսկսենք դա՝ արդարությունը վերականգնելու համար, թե՞ Ադրբեջանը՝ իր ախորժակին հագուրդ տալու համար, չեմ կարող ասել։ Բայց մենք, կրկնեմ, պիտի առավելագույնս պատրաստ լինենք դրան, որ հաղթելուց հետո մե՛նք խաղաղություն պարտադրենք։ 

Շատ կցանկանայի, որ դա լինի այն սերնդի օրոք, որը երկու երկրներում էլ այդ պատերազմը վերջինը համարեր ու պատրաստ լիներ ապրել կողք-կողքի՝ ձևավորված ստատուս-քվոյի պայմաններում։

Այ, սա, իսկապես, երազանք է…

Share

Comments are closed.