Հիբրիդային պատերազմի դասերը


Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տեղեկատվական անվտանգության մասնագետ

Երևան

Այսօր պատերազմներն այնքան լայն ճակատով են տեղի ունենում, որ հաճախ դժվար է հասկանալ, թե ինչ գործողություններ են իրականացվում, որտեղ է առաջնագիծը։ Զանազան գործառույթները, որոնք հաճախ անմիջապես ռազմական գործողությունների հետ կապ չունեն, բազմաթիվ կողմերի ներգրավվածությունը և այլ շատ հանգամանքները խոսում են այն մասին, որ այսօրվա հիբրիդային պատերազմներն ամենաբարդ տարածական և  ժամանակային կառուցվածքն ունեն։ Արցախյան պատերազմն իր մեջ պարունակում է բազմաթիվ երևացող և աներևույթ շերտեր, որոնց գիտակցումը և վերլուծումը թույլ կտա ավելի պատրաստված մոտենալ ապագային՝ հաշվի առնելով, որ պատերազմը փաստացի ավարտված չէ։

Այստեղ կանդրադառնամ մի քանի հանգամանքի, որոնք կապ ունեն պատերազմի տեղեկատվական հատվածի հետ, որը ներառում է թե բովանդակային մեդիա հատվածը և թե տեխնիկական, կիբեր-տիրույթում կատարվածը։ 

Ժամկետային ծուղակը

Հայաստանը տարիների ընթացքում սովորել էր կարճաժամկետ սրացումների։ Նույն Ապրիլյան պատերազմը, որը 2020 թվականի համեմատ արդեն պատերազմ էլ չի թվում, մինչև այս մեր տեսած ամենաբարդ զարգացումն էր ճակատում առաջին Արցախյանից հետո։ 2014, 2015 թվականների մարտերը  շատերի կողմից արդեն մոռացված են, բայց դրանք նույնպես լուրջ ընդհարումներ էին։ Մինչև պատերազմը մենք ունեցանք Տավուշի մարտերը, որոնք փաստացի մոտ տաս օր տևեցին։ 

Բոլոր այս դեպքերն իրենցից ենթադրում էին կարճաժամկետ տեղեկատվական հակամարտություն։ Նման իրադարձություններում գրեթե միշտ հայկական կողմին հաջողվում էր անել ավելին տեղեկատվական ուղղությամբ։ Ադրբեջանն ուներ մի քանի թույլ հատված այս հարցում, որն էլ օգտագործում էր հայկական կողմը։ Ադրբեջանում հասարակության մի հատվածը չէր վստահում սեփական պետությանը և մամուլին, քանի որ այդպիսին էր ներքաղաքական իրավիճակը։ Բաքվի իշխանությունները գնում էին դեպի տեղեկատվության մաքսիմալ փակություն, որը ենթադրում էր պատասխանատվություն լրագրողների համար ռազմական բնույթի տեղեկատվության տարածման համար, եթե այն չէր համապատասխանում պետական գծին։ Նաև շատ դժվարությամբ էին թույլ տալիս արտասահմանյան լրագրողներին աշխատել առաջնագծին մոտ, ինչի հետևանքով հիմնական միջազգային լուսաբանումը գրեթե ամբողջությամբ գնում էր հայկական կողմից։ Պաշտոնական Բաքուն ամեն կերպ թաքցնում էր իր կորուստները, ինչը ստեղծում էր ինչ-որ կարգի ներքին լարվածություն։ 

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն իր հետ այլ տրամաբանություն բերեց։ Կարճաժամկետ կտրվածքով կրկին առավելությունը հայկական կողմի մոտ էր։ Այստեղ ավելանում էին նաև այլ գործոններ։ 

Թուրքիայի բացահայտ մասնակցությունը պատերազմին կտրուկ փոխեց միջազգային տեսանկյունից մոտեցումը։ Մինչ այս հայ-ադրբեջանական ընդհարումները շատ կարճ և ոչ շատ մեծ ուշադրություն էին գրավում աշխարհում։ Շատերի համար սա հեռավոր ու ինչ-որ մանր հակամարտություն էր։ Այս անգամ թրքական գործոնը բերեց պատերազմը ուշադրության կենտրոն։ Բազմաթիվ այլ երկրների հասարակություններն այսպես թե այնպես ներգրավվեցին տեղեկատվական հատվածում։ Հասկանալի պատճառներով սոցիալական ցանցերում բազմաթիվ հույներ, քրդեր, տարբեր արաբական երկրների բնակիչներ աջակցում էին հայկական կողմին։ 

Սիրիական և լիբիական վարձկանների մասնակցությունը պատերազմում Ադրբեջանի կողմից էլ ավելի սևեռեց միջազգային հանրության ուշադրությունը Արցախի վրա։ Հասկանալի պատճառներով վարձկանների գործոնը նույնպես շատ ուժեղ աշխատում էր թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ։ 

Այս և բազմաթիվ այլ հանգամանքներ դրդեցին բազմաթիվ լրատվամիջոցների, անտեսելով կորոնավիրուսի գործոնը, գործուղել իրենց լրագրողներին Արցախ։ Սկզբնական փուլում հայկական կողմից աշխատում էին մի քանի հարյուր արտասահմանյան լրագրողներ։ Մինչդեռ Ադրբեջանի կողմից, չհաշված թրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները, ընդամենը մի քանի լրագրող էր աշխատում, այն էլ՝ լրջագույն վերահսկողության տակ։ 

Սակայն, որքան անցնում էր ժամանակը, այնքան հայկական կողմի առավելությունները նվազում էին։ Առաջնայինն ընդհանրապես միջազգային հանրության ուշադրության նվազումն էր։ Յուրաքանչյուր հակամարտության հանդեպ գոյություն ունի հետաքրքրվածության ժամանակահատված, երբ մարդիկ ընկալում են պատերազմի ողբերգությունը, հետևում են դրա տակ ընկած մարդկային ողբերգություններին, մեծ կարեկցանք ունեն, ընդհանրապես՝ պատերազմի մեջ տեսնում են մարդկանց։ Անցնում են օրեր ու շաբաթներ, և պատերազմը մարդկայինից վերածվում է վիճակագրականի։ Արդեն ամեն մի մարդու ողբերգությունը չի ընկալվում, արդեն երևում են միայն թվեր, վիճակագրական տվյալներ։ Ինչից հետո ընդհանրապես հետաքրքրությունը կորչում է, պատերազմից եկող տեղեկատվությունը ընկնում է երկրորդ, իսկ հետո արդեն երրորդ պլան։ Նույնը լինում է բոլոր հակամարտությունների հետ։ Նույն Հայաստանում արդեն շատ քչերն են վերջին տարիներին հետևում Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմին, չնայած որ առաջին փուլում ուշադրությունը շատ մեծ էր, ինչը նաև ուժեղացվում էր Սիրիայում մեծ հայկական համայնքի առկայությամբ։ Հիմա նույնիսկ հայկական գործոնը չի ստեղծում Սիրիայի հանդեպ հետաքրքրություն ոչ հայաստանյան հասարակության մեջ, ոչ էլ նույնիսկ լրատվամիջոցներում։ Նույն բանը տեղի ունեցավ Արցախյան պատերազմի հետ այն սկսեց վերածվել վիճակագրական և հեռավոր հակամարտության միջազգային հանրության համար։ Լրատվամիջոցներից շատերը սկսեցին հետ կանչել իրենց լրագրողներին, քանի որ ընթերցողների մոտ էլ սկսել էր կորչել հետաքրքրությունը։ 

Սրան զուգահեռ Ադրբեջանի եւ Թուրքիայի դեսպանատները տանում էին աշխատանք տեղական մամուլի հետ ամեն մի երկրում։ Բազմաթիվ լրագրողներ, խմբագիրներ կաշառվում էին, ինչ-որ երկրներում ներկայացվում էր քաղաքական և տնտեսական նպատակահարմարությունը թեքվել դեպի ադրբեջանական կարծիքը, կամ գոնե ավելի քիչ գրել պատերազմի մասին։ Բազմաթիվ լրատվականներում մի շարք երկրներում սկսեցին փոխվել ակցենտները, սկսեց ձևավորվել Ադրբեջանին նպաստող դիսկուրս։ Եվ սա աշխատում էր օրեցօր հետաքրքրության նվազման ֆոնի վրա։ 

Փաստացի, երկարարատև պատերազմը բերեց նրան, որ դրա ընկալումը շատ երկրներում անցավ հումանիտար ճգնաժամից մինչև զուտ վիճակագրական հակամարտության, որտեղ պարզապես թվեր են փոխվում։ 

Ընդհանուր առմամբ, բազմաթիվ երկրների տեղեկատվական հոսքերում կար ընկալում, որ Ադրբեջանը ռմբակոծում է խաղաղ բնակչությանը, կար ընկալում, որ Թորքիան ներգրավված է պատերազմի մեջ, որ կիրառվում են սիրիական վարձկաններ։ Կար ընկալում, որ բռնապետները հարձակվել են ազատատենչ և փոքր հանրապետության վրա։ Դա հերիք էր, որպեսզի դեպի հայկական կողմը ինչ-որ հասարակություններում ձևավորվեր բալանսի խախտում, որպեսզի արհեստական հավասարակշռվածությունը և նեյտրալությունը կոտրվեր։ Սակայն, այդ ամենը քիչ էր հասնելու մաքսիմալ նպատակի Արցախի ճանաչմանը։ Նաև չհաջողվեց հասնել լուրջ պատժամիջոցների Ադրբեջանի կամ Թուրքիայի ղեկավարության հանդեպ։ Անկասկած, այս ամենի տակ բազմաթիվ քաղաքական և տնտեսական պատճառներ կային։ Սակայն տեղեկատվական հատվածում փաստացի երկարաժամկետ գործողություններն աշխատեցին հայկական կողմի դեմ։ 

Կիբեր-անհոգության գերիները

Վերջին տարիներին բազմաթիվ աղբյուրներից հայտնի էր դառնում, որ Ադրբեջանը ակտիվորեն ձևավորում է կիբեր-միավորումներ, կարելի է ասել՝ կիբեր-զորքեր։ Սա արդեն պարտիզանական շարժումը չէր, որին Հայաստանը դիմակայում էր մինչ այդ, օրինակ, 2012 թվականի ծավալուն կիբեր-պատերազմի ժամանակ, որը հաջորդել էր Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի հանձնմանը Ադրբեջանին։ Վերջին երկու տարիների ընթացքում արդեն պարզ էր, որ գործում են պրոֆեսիոնալ խմբեր, որոնք վերահսկվում են պետության կողմից։ Արդեն տարիներ շարունակ Ադրբեջանում գործում է պետական միասնական կիբեր-անվտանգության կենտրոն։ Հայաստանում առ այսօր նման բան գոյություն չունի։ 

Հունիսին, տավուշյան դեպքերի ընթացքում, բազմաթիվ կիբեր-հարձակումների հետևանքով տեղի ունեցան ահռելի քանակի տվյալների արտահոսքներ։ Արդեն այն ժամանակ տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ հնարավոր ներթափանցում է եղել նաև պետական համակարգերի մեջ։ Սակայն տվյալ հարցը մնաց այդպես էլ չպարզաբանված։ Ավելին, ոչ մի տվյալների արտահոսք այդպես էլ չբացատրվեց հանրությանը թե ինչպես է այն տեղի ունեցել, ում թերացումն է եղել, ինչ է փոխվել դրանից հետո։ 

Պատերազմի հենց առաջին օրերից Ադրբեջանի կողմից սկսվեցին հարձակումներ կիբեր-տիրությում։ Դրանք լայնածավալ էին և բազմակողմանի, օգտագործվում էին գրեթե բոլոր հնարավոր տեակները և ուղղությունները։ Հարվածի տակ էին ոչ միայն լրատվականները և պետական կայքերը, այլև սոցիալական ցանցերի անհատ  օգտատերերը։ Նաև իրականացվեց ներթափանցում պետական համակարգեր։ Առ այսօր դժվար է գնահատել, թե ինչ քանակի և որակի տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել։ Ամենայն հավանականությամբ, մենք գործ ունենք մեծ քանակի գաղտնի տեղեկատվության արտահոսքերի հետ։ 

Հարձակումներն իրականացվել են ինչպես համակարգերի վրա, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների վրա։ Բազմաթիվ դեպքերում հարձակուները եղել են անհաջող, սակայն նույնիսկ եզակի հաջողված հարձակումներն արդեն իսկ լուրջ հարված էին երկի անվտանգությանը տվյալ ծանր պայմաններում։ 

Տվյալ փորձը հստակ թելադրում է մեզ կիբեր-տիրությում ստեղծել ավելի համակարգված և բազմակողմանի մոտեցումներ, հույսը չդնել իրադարձային խնդիրների լուծման վրա։ Այս անգամ հակառակորդին չհաջողվեց խոցել կրիտիկական ենթակառուցվածքները, օրինակ՝ էներգահամակարգը։ Սակայն, նույնիսկ այսօր հնարավոր է օգտագործել վարձկան հաքերային թիմեր, որոնք ունակ են լուծելու նման խնդիրներ։ Իսկ կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության հարցում Հայաստանը այսօր ընդհանրապես պաշտպանված չէ լուրջ հարձակումներից։

Share

Comments are closed.