Այն, ինչ ես տեսա պատերազմից ավերված Արցախի Հանրապետությունում և Հայաստանում. Օլիվիե Ֆոր

 

Stepanakert

Ֆրանսիայի Սոցիալիստական ​​կուսակցության առաջին քարտուղար Օլիվիե Ֆորը այցելեց Հայաստան և Լեռնային Ղարաբաղ, որը ավերվել է Բաքվի սկսած պատերազմի հետևանքով: Նա պատմում է իր տեսածի մասին և մտահոգություն հայտնում հայերի անվտանգության վերաբերյալ: Քաղաքական գործիչը եվրոպացիներին կոչ է անում դադարեցնել վախկոտ լռությունը:

Դժվար է ասել, թե որն է ավելի ուժեղ՝ զայրու՞յթը, թե՞ տխրությունը: Արցախի Հանրապետության յուրաքանչյուր գյուղում անորոշ տարիքի տղամարդիկ և կանայք են  ավելի շատ: Ցավը, Հայաստանի չոր լեռների պես, ուրվագծվում է նրանց դեմքերին: Ձյունածածկ ճանապարհներին փոխարինում են մեքենաների շարքերը, որոնցում կան տակավին պատանի հայ զինվորներ: Նրանց մեջքը կքում է պարտության ծանրության ներքո, և կասկածի մշուշը խամրեցնում է նրանց աչքերը: Նրանք տուն են գնում Լեռնային Ղարաբաղից: Պատերազմն ավարտվեց: Արցախի Հանրապետությունը կորցրել է շուրջ 30 տարի իր վերահսկողության տակ գտնվող տարածքների երեք քառորդը: Նրանց ուղղությամբ են շարժվում ռուսական բանակի զրահամեքենաները, բանակ, որը նոյեմբերի 10-ին հայերի ու ադրբեջանցիների միջև կնքված զինադադարի պայմանագրից հետո հրադադարի պահպանման գլխավոր երաշխավորն  է:

Երևանի գերեզմանատանը թարմ գերեզմանները ձգվում են դեպի անհունություն: Գիշերը վրա է հասնում: Խունկի հոտը ծանրանում է օդում: Գերեզմանները պատմում են մարտիկների կորսված կյանքի մասին, ովքեր շտապ մոբիլիզացվել էին և գնացել  մահվան դեմ-հանդիման: Տասնյակ փոքր խմբեր հոծ բազմություն են կազմում ու տաքանում  ինքնաբուխ կրակների մոտ: 44 օր մարտեր: Մի ամբողջ սերունդ, որը կրում է կամիկաձե անօդաչու թռչող սարքերի, կասետային ռումբերի և սպիտակ ֆոսֆորի արյունոտ հետքը: Կենդանի մնացածները խոսում են անօդաչու թռչող սարքերի իրական անձրևի, զորակոչիկներով լի բեռնատարների գնդակոծման մասին, որոնք մահացան առանց նույնիսկ մարտի մեջ մտնելու: Նրանք վերապրում են խրամատներում գլխատված ու խեղված մարմինների մղձավանջային հիշողությունները: Դիակները մի քանի շաբաթ լքված էին, և այժմ մահացածների ինքնությունը կարելի է պարզել միայն ԴՆԹ անալիզի միջոցով:

Նրանք պատմում են անհավասար պատերազմի մասին, որի ընթացքում Արցախի Հանրապետության 150.000 բնակիչներ և հայկական բանակը դիմակայեցին ադրբեջանական ուժերի կազմում սիրիացի ջիհադիստական ​​վարձկաններին, ինչպես նաև թուրքական և իսրայելական տեխնոլոգիաներին:

Բոլոր նոր հանդիպումներն անցկացվում են Արցախի նախագահի հետ: Աշխատանքը չի կարող կանգ առնել: Մեր ընթրիքի ժամանակ նա միայն մեկ անգամ է դադար տալիս, երբ հարցնում ենք, թե ինչպես է հաջողվում շարունակել հավատալ ապագային: Զինվորական համազգեստով նախագահը ձեռքերով ծածկում է դեմքը, ապա դանդաղ բարձրացնում աչքերը. «Պետք է համակերպվել այն ամենի հետ, ինչ կա»: Թվում է, հայ ժողովուրդը սովոր է ողբերգության: 19-րդ դարի վերջին «կարմիր սուլթանի» կոտորածները, 20-րդ դարի սկզբին երիտթուրքերի ցեղասպանությունը, խորհրդային շրջանում Ստալինի կողմից իրենց հողերի մի մասը ադրբեջանցիներին փոխանցելը, բնական աղետներն ու պատերազմները. ոչինչ չխնայեց հայ ժողովրդին: Ինչպե՞ս նա դեռ չի սպառել իր բոլոր արցունքները:

Մայրաքաղաք Ստեփանակերտում և հարակից գյուղերում տիրում է ցավի մթնոլորտ, չնայած կյանքը բնականոն հունի է վերադառնում: Փախստականները քիչ-քիչ հետ են գալիս: Աղյուսագործերն ու ապակեգործները քրտնաջան աշխատում են պատերազմի սպիները բուժելու համար: Ծնողները սպասում են իրենց երեխաներին, ովքեր մեկնել են ռազմաճակատ և հիմա լիակատար անհայտության մեջ են: Շատերը չկան: Չափազանց շատ զոհերի մարմիններ՝ չպարզված ինքնությամբ:  Կարմիր շուկա գյուղում զինվորներից մեկի հայրը դիմում է մեզ: Նա մեզ հեռախոսով ցույց է տալիս իր որդու լուսանկարը՝ շրջապատված կնոջով և երկու դուստրերով: Ոչ ոք չի կարող նրան պատասխանել: Հուսադրելու համար սպան ասում է նրան, որ իր որդին միգուցե լքել է առաջնագիծը: Անհանգստությունը խառնվում է նվաստացման հետ: Հայրը փլվում է: Նրա որդին երբեք չէր փախչի: Վիշտ ու զայրույթ: Նրանք դեռ կարո՞ղ են ինչ-որ բանի հույս ունենալ: Այս պատերազմում նրանք դարձան անտարբերության և ցինիզմի զոհ:  Ամերիկացիները տարված էին իրենց նախագահական ընտրություններով , իսկ եվրոպացիները կիսվում էին հայերին սատարելու և Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու ձգտման միջև: Հենց այդ անտարբերությունն էլ, փաստացի,  սանձազերծեց Ալիևի նկրտումները:

Ֆրանսիան, որը Մինսկի խմբի անդամ է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ միասին, ցույց տվեց, որ առաջին հերթին ձգտում է պահպանել միջնորդի իր կարգավիճակը: Էմանուել Մակրոնը տուրք չտվեց հայ ժողովրդի հետ ֆրանսիացիների դարավոր կապերին և սեփական չեզոքության պատճառով նույնիսկ չհրավիրվեց հրադադարի շուրջ բանակցություններին:

Մերձավոր Արևելքի այս նոր դրվագն ամրապնդեց Ռուսաստանի և Թուրքիայի դիրքերը: Միջամտությունից առաջ ՌԴ նախագահը թույլ տվեց Էրդողանին առաջ շարժվել սուլթանություն  ստեղծելու  իր պանթուրքական ծրագրի իրագործման մեջ: Պուտինը հույս ունի, որ ՆԱՏՕ-ի ներսում վեճերի թույնը կվերացնի մի կազմակերպություն, որն արդեն «ուղեղի մահ» է ապրում, ինչպես ասել էր նախագահ Մակրոնը: Ի վերջո, հաստատելով իր սեփական խաղաղությունը՝ Պուտինը ռուսական զորքերի ներկայություն ապահովեց Ադրբեջանի սահմանների մոտ: Առանց մեկ կրակոց արձակելու՝ նա ուժեղացրեց իր ներկայությունը Կովկասում և թուլացրեց ՆԱՏՕ-ն: Վարպետին վայել ​​քայլ: Մինչև ո՞ր պահը: Դեկտեմբերի 10-ին Բաքու կատարած այցի ժամանակ Էրդողանը պարզաբանեց իր ծրագրերը: Նա բարձր գնահատեց Էնվեր փաշայի «սուրբ բանակը» (Եռյակ դաշինքի անդամ, որը պատասխանատու էր 1915-ի ցեղասպանության համար) և հայտարարեց, որ իր դաշնակցի պայքարը չպետք է սահմանափակվի միայն Լեռնային Ղարաբաղով, այլ պետք է շարունակվի ընդդեմ Հայաստանի: Իր հերթին, Իլհամ Ալիևը բարձրաձայնել է իր պահանջները Սյունիքի (Հայաստանի հարավային մարզ), Սևանա լճի և Երևանի նկատմամբ:

Եվրոպացիները մեծ սխալ թույլ կտան՝ բավարարվելով լոկ տեկտոնական թիթեղների շարժի դիտարկմամբ: Ժամանակն է վերջ տալ  վախկոտ լռությանը: Ֆրանսիայի Ազգային ժողովը և Սենատը բանաձևեր ընդունեցին, որով կառավարությունից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը: Ֆրանսիան պետք է խոսի: Բազմաբևեռ համակարգի թուլացումը, ԱՄՆ ռազմական ներկայության նվազումը և զայրացած մամուլի հաղորդագրություններից զատ արձագանքի բացակայությունը պայմաններ են ստեղծել հակամարտությունների կարգավորման նոր ձևերի համար: Նոր կայսրություններն իրենց կանոններն են հաստատում շուրջբոլոր և ծաղրում հին ազգերին: Ազդեցության քարտերը կրկին բաժանվում են: Մեր աչքի առաջ գրվում է նոր միջազգային իրավագիտություն: Եվրոպացիները դեռ  երես են դարձնում: Երեկ դա քրդերի հետ էր, այսօր`հայերի: Քանի՞ ազգ ստիպված կլինի վաղն արտահայտել  իր վիշտն ու զայրույթը:

Հատուկ «Անալիտիկոնի» համար ֆրանսերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

 Սկզբնաղբյուրը` Le Figaro

 

 

 

 

 

 

Share

Comments are closed.