Կովկասյան պատերազմում Ռուսաստանին հաջողվեց դեմոնացնել ժողովրդավարությունը

 

Michael Rubin


The National Interest

ԱՄՆ-ն, ըստ էության, հրաժարվեց Լեռնային Ղարաբաղում հակամարտության վրա ազդելու իր հնարավորությունից և թույլ տվեց Ռուսաստանին ամրապնդելու իշխանությունը տարածաշրջանում:

 Դեկտեմբերի 15, 2020

Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միացավ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին՝ բեմահարթակից դիտելու «Հայրենական պատերազմում հաղթանակը» տոնող շքերթը: Շքերթում տոնում էին Ալիևի վերջին հաջողությունը, որով նա ամրապնդել էր իր պաշտոնավարման ժառանգությունը որպես մարդ, ով Ադրբեջանին վերադարձրեց 1988-1994թթ. Լեռնային Ղարաբաղի պատերազմում Հայաստանին պարտված տարածքները։

Ալիևն անհեռատես է. նա դեռ չի գիտակցում իր հաղթանակի գինը։ Խոսքն Ադրբեջանի ինքնիշխանության մասին է. Թուրքիան և Ռուսաստանն իրենց ուժերն են տեղակայել Ադրբեջանի տարածքում։ Համաձայն տեղեկությունների՝ Թուրքիայի վերահսկողության տակ են գտնվում նաև Սիրիայից, Լիբիայից և այլ արաբական երկրներից Ադրբեջան տեղափոխված հազարավոր վարձկաններ։ Այս ուժերից և ոչ մեկին Ալիևը չի վերահսկում․ և՛ Մոսկվան, և՛ Անկարան կարող են հեշտությամբ օգտագործել դրանք Ալիևի և նրա ընտանիքի դեմ, եթե նա Էրդողանի կամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կամքին դեմ գնա:

Ալիևի ուշադրության կենտրոնում գուցե Լեռնային Ղարաբաղն է, Պուտինի համար, սակայն, խաղը շատ ավելի մեծ է՝ ընդլայնվում է ամբողջ Կովկասի տարածքով և գնում ավելի հեռուն։ Այն ներառում է ոչ միայն տարածքները, այլ նաև՝ կառավարման բնույթը։ Ավաղ, Կովկասյան վերջին պատերազմում Պուտինը կրկին հաղթեց՝ տարածաշրջանին ազդարարելով, որ ռուսական ավտորիտարիզմն առաջարկում է անվտանգություն, մինչդեռ ազատական ժողովրդավարությունը միայն քաոս և տարածքային կորուստներ է բերում:

Ո՛չ Թրամփի վարչակազմը, ո՛չ էլ Օբամայի վարչակազմը մինչ այդ առանձնապես հետաքրքրված չէին Կովկասով: Նրանց ռազմավարական անտեսումը ցավալի էր ոչ միայն տարածաշրջանի ռազմավարական արժեքի, այլև մշակութային կշռի պատճառով:

301 թ.-ին Հայաստանի թագավորությունը քրիստոնեությունը ճանաչեց որպես պետական կրոն՝ այդպիսով դառնալով ամենահին քրիստոնեական երկիրն աշխարհում։ Ավելին, Հարավային Կովկասի մարդիկ դեռ հին ժամանակներից բազմիցս ընդունել են ժողովրդավարությունը որպես մշակութային մոտեցում, ինչը Պուտինին դուր չի գալիս։

Իրանական դեմոկրատները, որոնք մեծամասամբ գործում էին Թավրիզում՝ իրանական Ադրբեջանի մայրաքաղաքում, ծրագրել էին 1905 թվականի իրենց Սահմանադրական Հեղափոխությունը նույն թվականին Ռուսաստանում՝ Ցարին օրենսդրական մարմնին ենթարկելու հաջող փորձից հետո։

Հաջորդող տարիներին Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը անկախություն ձեռք բերեցին Ռուսական կայսրության կազմալուծման ֆոնին՝ այնուհետև այդ անկախությունը կորցնելով խորհրդային ագրեսիայի հետևանքով: Կովկասի երեք անկախ երկրներից յուրաքանչյուրն այժմ ունի ժողովրդական հեղափոխության և ժողովրդավարության փորձ:

Երբ Ադրբեջանն առանձնացավ Խորհրդային Միությունից, Ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Այազ Մութալիբովը պարզապես ստանձնեց նախագահի պաշտոնը, բայց հեռացվեց պաշտոնից մի շարք աղետալի ռազմական և տնտեսական իրադարձություններից հետո: 1992-ի հունիսի 7-ին ադրբեջանցիները մասնակցեցին իրենց առաջին ժողովրդավարական ընտրություններին: Աբուլֆազ Էլչիբեյը 5 թեկնածուների մեջ հավաքեց ձայների 60 տոկոսը, այնուհետև՝ 9 օր անց, ստանձնեց իշխանությունը որպես Ադրբեջանի առաջին ոչ կոմունիստ առաջնորդ:

Էլչիբեյը փորձում էր կառուցել Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը՝ հեռու մնալով Ռուսաստանից, բայց Ադրբեջանը ժողովրդավարական ուղու վրա դնելու նրա ջանքերը ձախողվեցին՝ թե՛ Ռուսաստանի ընդդիմանալու և թե՛ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած աղետալի ռազմական գործողությունների պատճառով։ Էլչիբեյն անկում ապրեց մեկ տարվա ընթացքում, այնուհետև փախուստի դիմեց, երբ նախկին ԿԳԲ-ական և կոմունիստ պաշտոնյա Հեյդար Ալիևն անցավ իշխանության։ Ալիևն ամրապնդեց բռնապետությունը և հետագայում իշխանությունը հանձնեց որդուն՝ ներկայիս ղեկավարին:

Վրաստանը նույնպես գնաց նման ճանապարհով։ Նախկին այլախոհ Զվիադ Գամսախուրդիան առաջնորդեց բողոքի և ընդդիմության ցույցերը, որոնց գագաթնակետը Խորհրդային Միության փլուզման համապատկերում դարձավ Վրաստանի անկախության վերականգնումը։ Գամսախուրդիան, սակայն, նույնպես երկար չմնաց իշխանության գլխին։ Նրա բռնապետական հակումների ֆոնին աճեց ընդդիմությունը։ Նա փորձում էր ճնշել Հարավային Օսիայի ազգայնականությունը, վերջինիս խրախուսման մեջ էլ մեղադրում Կրեմլին: Ի վերջո, Գամսախուրդիայի պաշտոնավարումից մեկ տարի չանցած, Ռուսաստանի աջակցությամբ իրականացվեց հեղաշրջում, այնուհետև, երկու տարի անց, աքսորավայրում Գամսախուրդիան վախճանվեց կասկածելի հանգամանքներում։

Նախագահ դարձավ Խորհրդային Միության նախկին արտգործնախարար Էդուարդ Շևարդնաձեն: Նա քաջ գիտակցում էր Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հավասարակշռելու կարևորությունը, թեև խրախուսում էր ՆԱՏՕ-ի արևելյան ընդլայնումը և ձգտում էր Վրաստանն ավելի շատ տանել արևմտյան ճամբարի ուղղությամբ։ Ի վերջո, 2003 թ.-ին, խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք միջազգային դիտորդները որակեցին կեղծված, այսպես կոչված «Վարդերի հեղափոխության» մասնակիցները պարտադրեցին Շեվարդնաձեին հրաժարական տալ:

Հեղափոխության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին դրան հաջորդած 82 տոկոս մասնակցությամբ ընտրություններում հաղթեց ձայների ավելի քան 96 տոկոսով։  Իր բացառիկ հաջողությունը Սաակաշվիլին մեկնաբանեց որպես Վրաստանը Արևմուտքի հետ առավել սերտորեն կապելու մանդատ։

Պուտինն արհամարհեց Սաակաշվիլիին և 2008 թ.-ին ուղղակիորեն աջակցեց ինչպես Աբխազիայի, այնպես էլ Հարավային Օսիայի անջատման ջանքերին:

Ռուսական օկուպացիան ձախողեց Սաակաշվիլիի նպատակները, և նրա ժողովրդականությունը նվազեց։

2013-ի խորհրդարանական ընտրություններում պարտվելուց հետո Սաակաշվիլին փախավ Վրաստանից և ավելի ուշ տեղափոխվեց Ուկրաինա, որտեղ նա հրաժարվեց իր քաղաքացիությունից՝ կոռուպցիայի և լիազորությունները չարաշահելու մեղադրանքով արտահանձնումից խուսափելու համար:

Հետսաակաշվիլիյան Վրաստանը վերադարձավ ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականության՝ հետևելով Կրեմլի զգայուն կողմերին ու կարմիր գծերին:

Հայաստանը՝ Կովկասում Ռուսաստանին մշակութորեն թերևս ամենամոտ երկիրը, գնաց նույն ճանապարհով։ 2018 թվականին քաղաքական գործիչ դարձած նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն իշխանության հասավ Հայաստանի երկարամյա նախագահ Սերժ Սարգսյանի՝ իր լիազորությունները երկարաձգելու փորձերի դեմ զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին։ Փաշինյանը ձգտում էր հասնել առավել չեզոք արտաքին քաղաքականության: Թեև նա Հայաստանում Ռուսաստանի ազդեցության կամ Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայության դեմ ոչինչ չարեց, Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավումն ու ժողովրդի իշխանության ամրապնդումը Պուտինի համար խիստ վիրավորական էին. վերջինիս համար այսպիսի ընդվզումները մղձավանջ են։

Հայերը կարող են հիասթափված լինել Լեռնային Ղարաբաղի պատերազմում ադրբեջանաթուրքական գրոհից իրենց պաշտպանելու՝ Ռուսաստանի նվազ ջանքերից, սակայն հասկանալի է, որ Հայաստանը, առավել ևս Լեռնային Ղարաբաղում ինքնահռչակված Արցախի Հանրապետությունը պաշտպանելը երկրորդական էր, եթե համեմատենք նախկինում Ադրբեջանին ու Վրաստանին տրված դասը Կրեմլի կողմից հայերին մատուցելու հետ։ Այն է՝ ժողովրդավարական հեղափոխությունները կարող են բերել կարճաժամկետ քաղաքական ազատություն, սակայն տանում են տարածքային կորուստների ու ինքնիշխանության քայքայման։ Եվ հակառակը՝ Պուտինը ցույց տվեց, որ բռնապետություններն ու հակահեղափոխական ռեժիմները հաջողության են հասնում այնտեղ, որտեղ ձախողվում են իրենց ժողովրդավարական նախորդները:

Էլչիբեյը՝ Ադրբեջանում, Սաակաշվիլին՝ Վրաստանում և այժմ էլ Փաշինյանը` Հայաստանում. բոլորը ստանձնեցին իրենց լիազորությունները ժողովրդական աջակցության շնորհիվ: Նրանցից յուրաքանչյուրի ղեկավարության օրոք եղան նշանակալի տարածքային կորուստներ. Էլչիբեյը տարածքներ կորցրեց Հայաստանին, Սաակաշվիլին՝ Ռուսաստանի կողմից աջակցվող ուժերին, իսկ Փաշինյանը՝ Ադրբեջանին: Թե՛ Էլչիբեյը, թե՛ Սահակաշվիլին իրենց քաղաքական կարիերաները ավարտել են արտաքսված և անարգված, և եթե Հայստանում ընդդիմադիր կուսակցությունները հաջողեն, ապա Փաշինյանը նրանցից այնքան էլ հեռու չէ։

Ռուսաստանի այսպիսի հաջողությունը չպետք է կանխորոշված լիներ։ Միացյալ Նահանգները կորցրել էին իրենց ազդեցությունները վերջին ընդհարման առաջին կրակոցներից դեռ շատ առաջ, քանի որ ո՛չ Սպիտակ տունը, ո՛չ էլ Պետդեպարտամենտը ոչինչ չարեցին այն վերականգնելու համար։ Կարծես արդեն հաճախ է պատահում, որ ԱՄՆ պաշտոնյաները բաց են թողնում իրական պատկերը և չեն տեսնում Պուտինի` հեռուն գնացող նպատակները։

Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Ուրսուլա Շիքսը

Սկզբնացբյուրը՝  AEI

 

 

Share

Comments are closed.