Հայաստան-ԵՄ հարաբերությունները 2020 թվականին



Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

2020 թվականը հարաբերությունների նոր կարգ հաստատեց միջպետական տարբեր հարաբերություններում և ինստիտուցիոնալ համագործակցության ոլորտում: Միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության կառուցման առանցքային գործիքներից մեկը` միջպետական այցերը,   տարեկան գագաթնաժողովները, զանազան կոմիտեների նիստերն իրենց տեղը զիջեցին առցանց քննարկումներին և միջոցառումներին:

Համաշխարհային պանդեմիան իր ուրույն հետագիծը թողեց նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա: Չնայած 2020-ի համար բոլորովին այլ  օրակարգ էր հաստատվել, սակայն ծրագրերը հարմարվեցին ստեղծված իրավիճակին:  Հայաստան-ԵՄ հարաբերությունները և տարվա ամփոփումը հարկ է դիտարկել  նախևառաջ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, որը անկյունաքարային  նշանակություն ունի ինչպես ծրագրում ներառված 5 այլ երկրների, այնպես էլ Հայաստանի համար:

Նույնիսկ համաշխարհային պանդեմիայի պայմաններում Եվրոպական հանձնաժողովն 2020-ի մարտին ընդունեց «Արևելյան գործընկերությունը` 2020 թվականից հետո: Ճկունության ամրապնդում. Արևելյան գործընկերություն, որն ապահովում է բոլորին» փաստաթուղթը:

2020 թվականից հետո ԵՄ-ն, նրա անդամ պետություններն ու գործընկեր երկրները քաղաքականության հինգ նպատակադրումների միջոցով միասին կաշխատեն ճկունության՝ որպես քաղաքականության գերակա շրջանակի ամրապնդման ուղղությամբ.

  • Գործընկերություն, որը ստեղծում է
  • Գործընկերություն, որը պաշտպանում է
  • Գործընկերություն, որ կանաչապատում է
  • Գործընկերություն, որ կապ է ապահովում
  • Գործընկերություն, որը հզորացնում է:

Այս փաստաթղթի հիմնական սկզբունքը  ճկունությունն է, որը վերցված է  2016 թվականին ընդունված «ԵՄ գլոբալ ռազմավարությունից»: Հայեցակարգն ընդունվեց որպես հարևանների հետ հարաբերությունների հիմք:  Հարաբերություններում առանցքային նշանակություն է տրվում տնտեսական հարաբերություններին և ԱլԳ երկրների տնտեսությունների զարգացմանը:

ԵՄ-ն և գործընկեր երկրները միասին աշխատելու են, որպեսզի կառուցեն ճկուն, կայուն և ինտեգրված տնտեսություններ: Փաստաթղթում  մատնանշվում է

  • Առևտրի ծավալների ավելացում և տնտեսությունների հետագա տարածաշրջանային ու երկկողմ ինտեգրում:
  • Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիներով ասոցացման համաձայնագրերի և այլ առևտրային համաձայնագրերի լիարժեք իրականացման վրա կենտրոնացում՝ առավելագույն օգուտներ ստանալու նպատակով:
  • Կառուցվածքային բարեփոխումների համար ավելի ուժեղ ազդակների ապահովում, ֆինանսական միջոցների մատչելիության բարելավում և աջակցություն ՓՄՁ-ներին, մասնավորապես՝ կին և երիտասարդ ձեռներեցներին՝ աճը և ներդրումները խթանելու նպատակով:
  • Փոխադարձ կապերի ամրապնդում՝ ֆիզիկական կապի և ենթակառուցվածքների (տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտներում) ուղղությամբ ավելի շատ ներդրումների միջոցով:
  • Մարդկանց ուղղությամբ ներդրումների իրականացման շարունակում՝ շեշտը դնելով երիտասարդների վրա:
  • Կրթության, գիտության և նորարարությունների ոլորտների ու մասնավոր հատվածի կարիքների միջև կապի բարելավում:

Մատնանշված  նպատակների իրականացումն, անշուշտ, կարող է էապես փոխել ԱլԳ երկրների և Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն, այնուամենայնիվ, հայեցակարգը  բուռն քննադատությունների է արժանացել, քանի որ այն ազդարարում է Եվրոպայում նորմատիվային ուժի ավարտը՝ հօգուտ պրագմատիկ ուժի: Ճկունությունը ԵՄ-ն դիտարկում է որպես հարևանների հետ հարաբերությունների զարգացման կարևոր ուղղություններից մեկը: Սակայն, ի տարբերություն նախկինում առկա պահանջների, ԵՄ-ն չի պահանջում հարևան երկրներից կատարելագործել իրենց ժողովրդավարական ինստիտուտները: Դեռ 2000-ականներին ԵՄ-ին քննադատում էին Լիբիայի նման ավտորիտար պետությունների հետ հարմարավետ հարաբերություններ ունենալու համար: Առաջնահերթություն տալով ճկունությանը` ԵՄ-ն կարողացավ  լեգիտիմացնել սերտ առևտրային հարաբերությունների հաստատումը այն հարևանների հետ, որոնք չեն կիսում եվրոպական արժեքները:  Ակնկալվում էր, որ  ԱլԳ-ի ապագան հնարավորություն կլիներ քննարկել ԱլԳ գագաթնաժողովում, որը պետք է տեղի ունենար 2020-ի հունիսին Բրյուսելում, սակայն հայտնի հանգամանքների բերումով 2020-ից հետո հարաբերությունների ապագայի քննարկումը մնաց  օդում կախված:

COVID19 համաճարակը ԵՄ-ի համար դարձավ  հարևանության գոտում հարաբերությունների ճկունությունը ստուգող կարևոր գործոններից մեկը: Որպես կորոնավիրուսի բռնկման համաշխարհային արձագանքման մաս, Եվրահանձնաժողովը պատրաստեց արտակարգ աջակցության փաթեթ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար: Այն ներառում էր 80 միլիոն եվրո անհապաղ կարիքների համար և 966 միլիոն եվրո`տարածաշրջանի կարճաժամկետ և միջնաժամկետ տնտեսական վերականգնման համար:   Այդ ծրագրի շրջանակում  ԵՄ-ն 30 մլն եվրո օգնություն տրամադրեց Հայաստանին՝ դիմակայելու Covid-19-ի բռնկմանը և մեղմելու առողջապահական, սոցիալ-տնտեսական ոլորտներում համավարակի բացասական հետևանքները: Ծրագրի նպատակներից է առողջապահության համակարգի պատշաճ վերազինումը՝ Covid-19 -ի առաջացրած ճգնաժամին և միջնաժամկետ հեռանկարում առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին դիմակայելու նպատակով։ Նախատեսված էր նաև օգնել կառավարությանը՝ աջակցելու խոցելի խմբերին և մասնավոր հատվածին Covid-19-ի հետևանքների դիմակայման գործընթացում։

2020 թվականի ընթացքում ԵՄ-ն  դրամական օժանդակություն տրամադրեց նաև դատական ոլորտի բարեփոխման առաջին  փուլի համար: 30 մլն եվրո արժողությամբ ծրագիր, որի առաջին 9 մլն արդեն տրվել է:  Ծրագիրն ուղղված է արդարադատության ոլորտում ՀՀ բարեփոխումների իրականացման գործընթացին աջակցելուն։ Ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել արդարադատության ոլորտում օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովումը։ Հատուկ նպատակներն են արդարադատության համակարգում անկախության, բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդումը, ծառայությունների մատուցման և դրա կատարողականի բարելավումը, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ դատական համակարգի հակազդեցության ուժեղացումը։ Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչներից, որոնցից առաջինը դատավորների բարեվարքության և գույքային դրության ստուգման համար է: Երկրորդ բաղադրիչը դատական համակարգում ծառայությունների մատուցման որակի բարձրացումն է: Այսինքն, այստեղ ներառված է նաև էլեկտրոնային գործիքների, այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմների ներդրումը, արբիտրաժային դատավարության հետագա զարգացումը: Եվ, որպես վերջնարդյունք, օրինակ` նշված է, որ մինչև 2025 թվականին վարչական և քաղաքացիական գործերով ծանրաբեռնվածությունը 40 տոկոսով պետք է նվազի: Երրորդ բաղադրիչը վերաբերում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգին:

Ի հեճուկս այս ակտիվությունների ԵՄ-ն բավականին պասիվ դիրքորոշում որդեգրեց Արցախյան պատերազմի նկատմամբ ` սահմանափակվելով միայն հումանիտար օգնությունների տրամադրմամբ: Այն տեմպերով, որով ԵՄ-ն նախկինում ամրապնդում էր իր դիրքերը ԱլԳ գոտում, ենթադրում էր նաև աշխարհաքաղաքական ազդեցության մեծացում: Սակայն ԵՄ-ն ամբողջովին դուրս մնաց գործընթացից` տարածաշրջանը թողնելով Ռուսաստանի և Թուրքիայի մեծացող ազդեցությանը: Հարկ է փաստել, որ ԵՄ-ն նույնիսկ չարձագանքեց տարածաշրջանում  Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սիրիացի  վարձկանների  տեղակայման փաստին, որը հարևանության գոտում անվտանգության նոր մարտահրավերներ է ստեղծում:

Տարվա ավարտին` դեկտեմբերի 17-ին, Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

 Սա տարվա գլխավոր իրադարձություններից էր, որն ուներ քննարկման հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին քաղաքական և ոլորտային երկխոսությանը, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին, ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարներին, Հայաստանի բարեփոխումների օրակարգին:

Նիստի ժամանակ ԵՄ-ն վերահաստատեց իր շարունակական  լիակատար  հանձնառությունը համատեղ օրակարգին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին առկա մարտահրավերները հաղթահարելու գործում:

ԵՄ-ն և Հայաստանը քննարկեցին նաև իրավիճակն Արցախում  2020թ. նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո:

«ԵՄ-ն խիստ հանձնառու է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանը և ներպետական շարունակակական բարեփոխումներին՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների և գործարարության:  COVID-19 համավարակի հետևանքները չեզոքացնելու, արդարադատության և ոստիկանության ոլորտներում կառավարության առաջնահերթ բարեփոխումների ուղղությամբ զգալի աջակցություն ցուցաբերած լինելով  հանդերձ, մենք պատրաստ ենք նաև քննարկել, թե ինչ հետագա աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար։ Մենք պատրաստ ենք նաև տրամադրել 10 միլիոն եվրո՝ ավելացնելով մարդասիրական օգնությունը և աշխատել հակամարտությունների ավելի համապարփակ վերափոխման և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ», ընդգծել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյին:

Այսպիսով, ընդգծվում է հարաբերությունների օրակարգը, որը, կարծես, փոփոխությունների չի ենթարկվել պատերազմից հետո: ԵՄ-ն պատրաստակամ է  օգնել Հայաստանում բարեփոխումների անցկացմանը և հումանիտար իրավիճակի բարելավմանը: Ենթադրվում է, որ ԵՄ-ն մեծ հետաքրքրություն չի ցուցաբերի տարածաշրջանում իր դերի և ազդեցության բարձրացման ուղղությամբ:  Ի տարբերություն Վրաստանի և Ուկրաինայի, ԵՄ-ն կարծես անհանգստացած չէ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմամբ և չի պատրաստվում նոր օրակարգ առաջարկել Հայաստանին:  Իսկ Հայաստանը հետպատերազմյան քաոսի մեջ ի զորու չէ պրոակտիվ արտաքին քաղաքականություն վարել և մտածել հարաբերությունների  բազմազանեցման ուղղությամբ: Այսպիսով, ԵՄ-ն Հայաստանի համար մնում է բարեփոխումների հիմնական առաջնորդը, բայց ոչ երբեք արտաքին քաղաքականության այլընտրանք:

Share

Comments are closed.