50mg viagra

ԱՐՑԱԽՅԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ (մարտ)

Մարտի սկզբին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում որոշել են ԼՂՀ մի շարք համայնքներում ընտրություններ անցկացնելու օրը` ապրիլի 22-ը. Ասկերանի շրջանի Հովսեփավանի, Սարդարաշենի, Մարտակերտի շրջանի Կուսապատի, Նոր Կարմիրավանի, Չափարի, Մաղավուզի, Կոճողոտի, Մարտունու շրջանի Աշանի, Ճարտարի, Քերթի, Քաշաթաղի շրջանի Կովսականի, Միրիկի, Վուրգավանի համայնքներում անցկացվելու են համայնքների ղեկավարների, իսկ Մարտունու շրջանի Ջիվանի համայնքում` համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների հերթական ընտրություններ:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ստորագրել է հրամանագիր Կարեն Կոստանդյանին նախագահի առաջին օգնական նշանակելու մասին:

Նույն օրը ԼՂՀ նախագահը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին(ՌԴ) եւ Ժակ Ֆորին (Ֆրանսիա). անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին` Բակո Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ`առանց բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնման եւ բանակցային գործընթացի բոլոր փուլերին ԼՂՀ լիիրավ մասնակցության անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորման, միաժամանակ նշելով, որ խոսք անգամ չի կարող լինել Արցախի անկախության եւ անվտանգության չնչին իսկ թուլացման մասին:

Հայաստանում եւ Ադրբեջանում անցկացվելիք ընտրությունները, ըստ համանախագահների, չեն ազդի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վրա. “Ընտրություններ կլինեն ոչ միայն ձեր, այլ նաեւ մեր երկրներում, սակայն դա չի նշանակում, որ մենք կընդհատենք կամ կդադարեցնենք մեր աշխատանքը, այն պետք է շարունակվի”,- Արցախում լրագրողներին հայտնել է ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն:

Լրագրողների խնդրանքով ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն անդրադարձել է Մինսկի խմբի 20-ամյա գործունեությանը. “Ինչի` եք հասել այս 20 տարիներին” հարցին ի պատասխան` նա, մասնավորապես, շեշտել է, որ կարեւոր ձեռքբերումներից մեկն այն է, որ հակամարտությունը չի հասել թեժ փուլի:

Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների` փետրվարի 26-ից  մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան 300 խախտում, որոնց ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1200 կրակոց:

Մարտի 5-ին տեղի ունեցավ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում հանձնաժողովը հաստատեց “Ղարաբաղ Տելեկոմ” ընկերության կողմից հաստատված հեռախոսային եւ ինտերնետ ծառայությունների սակագները. բջջային հեռախոսակապի կանխավճարային քարտերից օգտվողները գիշերային ժամերին 1 րոպեի համար կվճարեն 15 դրամ` նախկին 33-ի փոխարեն:

Մարտի 6-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպմանն առնչվող խնդիրներիվերաբերյալ. նախագահը հանձնաժողովի անդամներին հանձնարարել է մանրամասն մշակել բոլոր նախատեսված միջոցառումները եւ  ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` դրանք կազմակերպված ու բարձր մակարդակով անցկացնելու համար:

Մարտի 7-ին, ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի մերձակայքում. դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետեւանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:

Արցախի քաղաքական դաշտում գործունեություն է ծավալելու նոր` Աշխատանքի եւ արդարության կուսակցությունը` այս մասին մարտի սկզբներին հայտարարել էր նախաձեռնող խումբը, որը գլխավորում է Մարսել Պետրոսյանը, ով ներկայումս ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության պետն է:

Մարտի 3-ից 10-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան 150 խախտում, որոնց ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ  700  կրակոց:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին ընդունել է իտալահայ միության նախագահ Պայքար Սվազյանին եւ իտալահայ բարերար Սարո Խոդավերդիին.  քննարկվել են տարբեր ոլորտներում Արցախի հետ սերտ համագործակցության հաստատմանն առնչվող հարցեր:

Նույն օրը Արցախի ներդրումային հիմնադրամի նախագահ Արտակ Միրզոյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ, ամփոփելով 2011թ. արդյունքները, տեղեկացել է , որ նախորդ տարվա ընթացքում հիմնադրամի սեփական կապիտալն աճել է 600 մլն դրամով:

Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունը, ինչպես նախորդ տարի, եղել է ՓՄՁ ոլորտը, որի աջակցության ծրագրի շրջանակներում հիմնադրամը մասնակի սուբսիդավորել է նաեւ իր հավանությանն արժանացած ծրագրերի տոկոսադրույքները` այս անգամ 115 տնտեսվարող սուբյեկտների կողմից առեւտրային բանկերից վերցված վարկերի տոկոսադրույքները` տեղեկացրել է Արցախի ներդրումային հիմնադրամի նախագահը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ. խորհրդակցության ընթացքում քննարկվել են շրջաններում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի, իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների եւ գյուղատնտեսության զարգացման պետական աջակցության հետ կապված հարցեր:

Մարտի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 350 խախտում, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց:

Մարտի 17-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հանդես է եկել կոչով` խնդրելով քաղաքացիներին աջակցել Ստեփանակերտի մայր տաճարի շինարարությանը:

ԼՂՀ գլխավոր դատախազության կայքից տեղեկանում ենք, որ ԼՂՀ ոստիկանության Ասկերանի շրջբաժնի հերթապահ մասի վարորդ, ոստիկանության ավագ սերժանտ Արսեն Մինասյանը ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու նպատակով 2011թ. հունիս-հուլիս ամիսներին Ասկերանի շրջանի բնակիչներ Դավիթ Գրիգորյանի եւ Արմեն Գեւորգյանի միջոցով  ՀՀ Աբովյան քաղաքի “Գրիգոր Նարեկացի” ոչ պետական համալսարանի նախկին ռեկտոր Իսաբեկ Ալեքսանյանից, առանց կրթություն ստանալու, 500. 000 դրամով ձեռք է բերել նշված համալսարանի ֆիզկուլտուրայի ուսուցչի որակավորմամբ, նախազորակոչային մասնագիտությամբ կեղծ դիպլոմ, որն 2011թ. դեկտեմբերին ներկայացրել է ԼՂՀ ոստիկանության կադրերի բաժին. գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում, քննարկելով ԼՂՀ ոստիկանության ՏՊՀԴՊ բաժնից ստացած նյութերը, հարուցվել է քրեական գործ ԼՂՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով  (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):

Մարտի 19-ին ԼՂՀ կառավարության եւ «Վալեքսե խմբի միջեւ համաձայնագիր է ստորագրվել Կաշենի հանքավայրի (Մարտակերտի շրջան) շահագործման վերաբերյալ. արցախյան հանքարդյունաբերության նոր փուլը նշանավորող այդ ծրագրի` կառավարությունում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ մեկնարկում է ԼՂՀ` վերջին տասնամյակի ամենախոշոր տնտեսական ծրագիրը, որի հաջող իրագործումը կուղեկցվի հարկային խոշոր մուտքերի եւ սոցիալական առանձին խնդիրների լուծմամբ:

Հանքավայրի շահագործումը նախատեսվում է սկսել մինչեւ 2015 թվականը, կարդյունահանվի հիմնականում պղինձ եւ մոլիբդեն. ըստ ծրագրի` առաջիկա 10 տարիներին կմշակվի մոտ 17 մլն տոննա հանքանյութ, եւ «Վալեքսե խմբի կողմից Կաշենում կկատարվեն մոտ 80 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ:

Մարտի երկրորդ կեսին ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն` այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Արցախում ծնվել է 390 երեխա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 20-ով ավելի:

Ամուսնությունների թիվը այս տարվա առաջին  2 ամիսներին նույնպես ավելացել է` կազմելով 157? նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 136-ի դիմաց, իսկ ամուսնալուծությունների թիվը նվազել է. անցյալ տարվա նույն ժամանակահատվածւմ գրանցվել էր 23 ամուսնալուծություն, այս տարի` 19:

ԼՂՀ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի հաշվետվության համաձայն` այս տարվա փետրվարին շրջանում բնակություն է հաստատել 4 նոր ընտանիք` 11 անդամով. 1-ական  ընտանիք վերաբնակվել է Մամարք, Դիցմայրի, 2 ընտանիք` Եզնագոմեր գյուղերում:

Մարտի 21-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ “Հարավային Կովկաս” ալմանախի երկրորդ համարի շնորհանդեսը, որին ներկա էին Հարավային Կովկասի երկրների, ալմանախի խմբագրակազմի ներկայացուցիչներ. գրական-հրապարակախոսական ալմանախի այս համարում զետեղված են շուրջ երեք տասնյակ գրողների եւ լուսանկարիչների ստեղծագործություններ, որոնցից երեքը արցախցիներ են` գրողներ Ռոբերտ Եսայանը, Համլետ Մարտիրոսյանը եւ երիտասարդ լուսանկարչուհի Արեւիկ Դանիելյանը:

Մարտի 22-ին  տեղի է ունեցել ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկված հարցերը հիմնականում վերաբերել են նախագահական ընտրություններին. ԿԸՀ-ն հաստատել է հանրապետության նախագահի ընտրություններին ինքնաառաջադրման մասին դիմումի նոր ձեւը, որի համաձայն` ի տարբերություն նախկինի, երբ նախաձեռնող խումբն էր դիմում, իսկ թեկնածուն տալիս էր իր համաձայնությունը, այժմ արդեն թեկնածուն կարող է առաջադրվել կուսակցության կողմից կամ էլ ինքնաառաջադրվել:

Նույն օրը Արցախից երեք հոգանոց դիտորդական պատվիրակություն է մեկնել Հարավային Օսիա, որտեղ մարտի 25-ին հետեւել է նախագահական ընտրություններին. Հարավային Օսիա էին մեկնել ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը, ԼՂՀ արտգործնախարարության գլխավոր քարտուղար, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սեմյոն Աֆյանը եւ ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Գարի Ջհանգիրյանը:

Մարտի երկրորդ կեսին Արցախի Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում, ձեռամբ թեմակալ առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս  Մարտիրոսյանի, կատարվեց Ս. Գեւորգ եկեղեցու հիմնարկեքը:

Մարտի 17-ից 24-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան 250 խախտում, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին խորհրդակցություն է հրավիրել` նվիրված Հադրութի շրջանի հարավային թեւի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին. հատուկ ուշադրություն է դարձվել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, գյուղատնտեսության եւ ոռոգման ոլորտների զարգացմանը:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն` 2011 թ. ԼՂՀ այցելել են 11362 օտարերկրյա քաղաքացիներ, ինչն ավելի քան 3 հազարով գերազանցում է 2010 թ. ցուցանիշները:

Զբոսաշրջիկների աշխարհագրությունը չափազանց լայն է եւ տարեցտարի ավելի է ընդլայնվում. 2011 թ. ԼՂՀ են այցելել ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Իրանի, Կանադայի, Գերմանիայի, Ուկրաինայի, Մալայզիայի, Բանգլադեշի, Կամբոջայի, Գաբոնի, Քենիայի, Կոտ դ’Իվուարի, ՀԱՀ-ի, Կուբայի, Սինգապուրի, Չինաստանի, Ինդոնեզիայի եւ այլ երկրների քաղաքացիներ:

Մարտի 29-ին ԼՂՀ Ազգային ժողովի հերթական նիստում խորհրդարանը հանդես եկավ ԼՂՀ նախագահի հերթական ընտրության օրվա մասին հայտարարությամբ` ընտրությունները կկայանան հուլիսի 19-ին:

Նույն նիստում “Դաշնակցություն” խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է . “Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը թեւակոխել է նոր հանգրվան եւ այդ խորապատկերին Ադրբեջանի նախագահի շարունակվող ագրեսիվ կեցվածքը, մասնավորապես` համայն հայությանը որպես Ադրբեջանի թշնամի դիտելը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցությունե խմբակցությունը գտնում է, որ հույժ կարեւոր է ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ միջպետական պայմանագրի կնքումը, ինչն առավել կապահովվի արցախահայության անվտանգությունը, երկրորդ` նոր մակարդակի կհասնեն ԼՂՀ  եւ ՀՀ դե յուրե միջպետական հարաբերությունները, եւ երրորդ` այն լուրջ խթան կհանդիսանա ԼՂՀ ճանաչման գործընթացի համար”:

Նույն օրը, ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու ուղղությամբ` Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում. դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դարձյալ դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետը, ինչի պատճառով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:

Մարտի 29-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին, ում հետ քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ առաքելության իրականացրած դիտարկման արդյունքները:

Նույն օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է “Ռուսական խոսքի օրերի” շրջանակներում Ռուսաստանից եւ Հայաստանից Արցախ ժամանած մի խումբ մտավորականների. Բակո Սահակյանը ողջունել է նման միջոցառումների կազմակերպումը` ընդգծելով, որ Արցախում մեծ տեղ է հատկացվում ռուսաց լեզվին` այն դիտարկելով ինչպես մշակույթի զարգացման, այնպես էլ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի հետագա խորացման տեսանկյունից:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ մարտի 29-ից ապրիլի 29-ը Արցախում ծառատնկման, սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքների միամսյակ է հայտարարվել: