Ներքաղաքական լարվածության հաղթահարումը կարևոր է նաև արցախյան կարգավորման համատեքստում


Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Լրագրող
Երևան

Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում սկսված ծայրահեղ լարվածությունը թեև արտաքինից թուլանալու նշաններ է ցույց տալիս, սակայն իրականում նոյեմբերի 9-ի հայտնի համաձայնությանը հաջորդած զարգացումները երկրի ներքաղաքական կյանքը կարող են վերածել չդադարող մղձավանջի։

Երկրում պետական ինստիտուտների թերի աշխատանքին  գումարվում են իշխանությունը պահելու կամ սեփական ձեռքը վերցնելու՝ իշխանությունների ու ընդդիմության փորձերը, ինչն էլ խորը անորոշություն ու մոտիվացիայի բացակայություն է առաջացնում պետական համակարգում։ Ֆորմալ առումով հեղափոխությամբ իշխանություն ձևավորած «Քաղաքացիական պայմանագիրն» իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ միասին չի կարողացել ու չի կարողանում պետական համակարգի ներսում ինչ-ինչ պատճառներով հեղափոխությունից կամ դրա ընթացքից  դժգոհ հատվածի հետ ընդհանուր դաշտ ձևավորել ու  բերել սեփական խաղի կանոնների դաշտ, իսկ այդ հատվածն էլ, որ տարբեր թելերով կապված է նախկին իշխանությունների հետ, իր հերթին հարմար պահի է սպասում՝ պետական մեքենայի գործունեությունն ամբողջապես կաթվածահար անելու և իշխանության նախաձեռնությունները տապալելու համար (որոշ դրվագներով դա հիմա էլ առկա է)։

Վերը նշվածի ցայտուն օրինակներից է դատական իշխանությունը, որն անթաքույց ձեռնոց է նետել քաղաքական իշխանությանը։ Հանրությանը հայտնի տարբեր անձանց հետ կապված դատական  վճիռները ոչ միայն ի ցույց են դնում դատական իշխանության վերաբերմունքն առ քաղաքական իշխանությունը, այլ մի քանի հեռահար նպատակներ ևս հետապնդում են՝ օրինակ, հանրային լայն շերտերի աչքում օդիոզ կերպարներին  պատասխանատվության ենթարկելու՝ իշխանության անկարողության ցուցադրում, մինչդատական մարմինների (քննչական մարմինների) առանց այն էլ շատ դեպքերում անբավարար աշխատանքի իմաստազրկում,  այսինքն՝ փորձ է արվում իրավիճակը հասցնել այնպիսի մի հանգրվանի, երբ որևէ կոռուպցիոն գործի քննությունը կհամարվի անիմաստ և դատական ատյանում անարդյունք։

Ընդդիմությունն ու փողոցի պասսիվությունը

Հայաստանում 17 կուսակցությունների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ սկսված փողոցային հավաքները, չնայած ներդրված մեծ ռեսուրսներին, հաջողություն այս փուլում չունեցան։ Տարատեսակ պատճառներից ամենապարզն այն էր, որ այդ ուժերի և անհատների մեծամասնությունը լայն հանրության աչքում  շատ վարկաբեկված էր, ինչն էլ ժամանակին «պատճառ» էր դարձել հեղափոխության։ Բացի այս, հետպատերազմյան շոկը և 2  տարի առաջ փողոցում պարպված հանրային ահռելի էներգիան ուղղակի աշխատեցին այս քաղաքական ուժերի դեմ, և հայ ժողովրդի համար ամենազգայուն հարցերից մեկում իշխանության գլխովին ձախողումը մարդկանց չստիպեց միանալ այդ ուժերին։ Խոչընդոտների ցանկում պետք է նշել նաև 17 ուժերի ներկայացուցիչներից ոմանց զգուշությունը, ռեսուրսներն ամբողջությամբ «մարտի» մեջ չմտցնելն ու գործող իշխանության հետ կամուրջները չայրելու մարտավարությունը։ Որոշ իմաստով այս ուժերն իրենք իրենց փակուղի են մտցրել՝ փողոցոմ կրիտիկական զանգվածի բացակայությանը զուգահեռ արտահերթ ընտրությունների հնարավորությունից հրաժարվելով (թեև այս դիրքորոշումը վերջնական չէ ու կարող է փոփոխվել): Այս ուժերը որպես արտահերթ ընտրության պայման են առաջ քաշում գործող իշխանության՝ արտահերթի  կազմակերպումից հրաժարվելու պահանջը, որը, հավանաբար, չի կատարվի։

Ընդդիմության մյուս հատվածը՝ հանձին «Լուսավոր Հայաստան» կուսակցության, ավելի կառուցողական է տրամադրված արտահերթ ընտրությունների մասնակցության հարցում։ Կուսակցությունն արդեն ընտրական հանձնաժողովներում իր ներկայացուցիչների համալրման մասին է հայտարարել՝ միևնույն ժամանակ պայման առաջ քաշելով, որ ընտրություններ չպետք է կայանան այն պայմաններում, երբ Փաշինյանը վարչապետ է։ Սա, սակայն վերջնական ու անբեկանելի պահանջ չէ, և ինչպես իրադարձություններն են ցույց տալիս՝ «Լուսավոր Հայաստանն» ավելի հակված է մասնակցել արտահերթին։

Իշխանությունը

Թեև իշխանությունն արցախյան պատերազմում ծանր պարտության պատասխանատու ինքն իրեն է համարում, սակայն պատասխանատվության ձևերն ու ընթացքը իշխող ուժը հնարավորինս աղավաղում է։ Այսպես, արտահերթ ընտրությունները դիտարկելով որպես քաղաքական պատասխանատվության միջոց, իշխող ուժի խոսնակներից մեկը՝ Ալեն Սիմոնյանը, հայտարարում է, որ «իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների, պայմանով, որ խորհրդարանական ընդդիմությունը վարչապետի թեկնածու չառաջադրի»։

Ընտրությունների կազմակերպման համար պայմաններ առաջ քաշելով և որպես սեփական քաղաքական պատասխանատվության միջոց համարվող արտահերթից փախչել փորձող «Քաղաքացիական պայմանագիրն» ի՞նչ խնդիր է, ուրեմն, լուծում այս պայմանի առաջքաշմամբ։ Այս հարցի պատասխաններից առաջինն այն է, որ իշխող ուժը, արտահերթի կազմակերպման առաջին բացասական ազդակները ընդդիմությունից ստանալով, փորձում է դա խաղարկել՝ ցույց տալով ընդդիմության ապակառուցողական դիրքորոշումը ընտրությունների նկատմամբ ու այդպիսով խուսափել նոր ընտրություններից։ Սա հնարավորություն կտա պահպանել ԱԺ-ում ունեցած մեծամասնությունը՝ 83 մանդատները, հաշվի առնելով, որ առաջիկա ընտրություններում, երբ էլ դրանք լինեն, իրատեսական չէ «Իմ քայլի» 70 տոկոս ձայն հավաքելը, հետևաբար՝ ինչու՞ չպահպանել արդեն իսկ ունեցած ավելի շատ մանդատները, մանավանդ, երբ փողոցում չկա կրիտիկական զանգված։ Ըստ էության, իշխանությունը հանրային դժգոհությունը որոշել է չափել փողոցում 17 կուսակցությունների թույլ ներկայացվածությամբ. այս մոտեցումը, սակայն, ոչ միայն ցույց չի տալու հանրային դժգոհության իրական պատկերը, այլ նաև քաղաքական պրոցեսը դարձյալ տեղափոխում է «հեղափոխականների և նախկինների պայքարի տիրույթ»՝ քաղաքական բովանդակային մրցակցությունից դուրս մղելով տարբեր առողջ ուժերի։

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, միևնույն ժամանակ, ի ցույց է դնում իշխանության ներսում խորհրդարանական մեծամասնության նկատմամբ վստահության անկման փաստը։ Որպես պայման ձևակերպելով ընդդիմության թեկնածուի չառաջադրումը որպես վարչապետ՝ իշխանությունը փորձում է վերացնել մեծամասնությունից այդ հնարավոր վարչապետի թեկնածուի օգտին ձայներ տալու ռիսկը։ Արտահերթ ընտրությունները միգուցե առաջացնում են «Իմ քայլը» խմբակցությունից վարչապետի այլ թեկնածուի կողմ քվեարկելու ռիսկ, սակայն սա չի նշանակում, որ ընդդիմության հետ վարչապետի թեկնածու չառաջադրելու որոշումից հետո խմբակցությունից «արտահոսքի» ու անցանկալի քվեարկության ճանապարհը փակվում է: Ի վերջո, անհրաժեշտ ձայների ու թեկնածուի առկայության  դեպքում կարելի է նաև վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց սկսել, իսկ «Իմ քայլ»-ից որոշ պատգամավորների այդ գործընթացին միանալու համար ուղղակի շահագրգռել ֆինանսական միջոցներով։

Ընդդիմության  համար կարող է  ընդունելի լուծում լինել որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարինումը քաղաքական թիմի մեկ այլ ներկայացուցչով։ Այս սցենարը, սակայն, իրատեսական չէ՝ հանրության մի մեծ հատվածի մոտ Փաշինյանի կերպարի շուրջ դեռևս պահպանվող դրական վերաբերմունքի, խարիզմայի և բացի Փաշինյանից այդ թիմից այլ գործչի անընդունելի լինելու  պատճառով։

Որպես լուծում կարելի է դիտարկել նաև սահմանադրական փոփոխությունների անցկացումը, երկրում կառավարման խորհրդարանական մոդելի փոփոխությունն ու վերադարձը կիսանախագահական մոդելի, որից հետո նախագահական ընտրությունների կազմակերպումը։ Սա թույլ կտա վերացնել խորհրդարանական մեծամասնությունից քաղաքական լուծումների կախումն ու խմբակցությունից արտահոսքի վախը և ձևավորել նոր իշխանություն։ Քաղաքական ճգնաժամի «լուծում» կարող է դիտարկել որևէ գործողություն չձեռնարկելն ու ներկա քաղաքական դասավորությունը պահպանելը՝ նույն կառավարությամբ (կամ կոսմետիկ փոփոխություններով), նույն խորհրդարանով, նույն «ընդդիմությամբ» ու հերթական ընտրությունների պատրաստությամբ։ Սա ամենավատ տարբերակը կլինի. առանձապես գործընթացները կառավարել չկարողացող իշխանության ու ահռելի ֆինանսական ու մեդիա ռեսուրսների տիրապետող ընդդիմության միջև պայքարը դանդաղ գործող ռումբի պես կքայքայի առանց այն էլ անգործունակ, հետպատերազմյան շոկի միջով անցնող պետական ինստիտուտները, բազմաթիվ փոփոխություններ կարգելակվեն՝ Հայաստանը գցելով միևնույն անձանց ու խմբերի միջև իշխանության համար անվերջանալի պայքարի շրջապտույտի մեջ։

Ընդդիմադիր շրջանակները նոյեմբերի 9-ից հետո հետևողականորեն ազդակներ են հղում նաև ուժային կառույցներին՝ բանակի գեներալներից մինչև շարքային ոստիկանների կոչ անելով «վերցնել իշխանությունը» կամ չկատարել իշխանության հրահանգները։ Հետևելով ընդդիմության բառապաշարին՝ կարելի է նկատել, որ ուժայինների հետ հույսերը փոխակերպվել են վերջիններիս նկատմամբ կոշտ քննադատության ու զայրույթի, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այս սցենարը կենսունակ չէ, իսկ թե ինչու՝ բոլորովին այլ ու ծավալուն թեմա է։

Հայաստանում ներքաղաքական լարվածության հաղթահարումը կարևոր գործոն է նաև արցախյան կարգավորման համատեքստում։ Նոր ձևավորված իշխանությամբ բանակցութուններին նոր շունչ կհաղորդվի, հնարավոր կլինի նոր գաղափարներ ու ազդակներ փոխանցել, այնինչ քանի դեռ ներքաղաքական անկայունության փաստը կա, այն խանգարելու է նաև բանակցություններում հասնել վերջնական որոշումների ու պայմանավորվածությունների՝ հետագայում ձևավորվելիք իշխանության կողմից քաղաքական կուրսի փոփոխության վախով պայմանավորված։ Գործող իշխանությունները, սակայն, բանակցություններում կարող են նաև խուսափել անցանկալի պայմանավորվածություններից՝ դա բացատրելով իշխանության ձևավորված չլինելու հանգամանքով։ Չնայած այս ամենին՝ որքան էլ արագ ու հնարավորինս ներառական լուծում տրվի քաղաքական ճգնաժամին, հայաստանյան քաղաքական մթնոլորտը դեռ երկար ժամանակ չի ձերբազատվելու արցախյան պատերազմի հետևանքների ու արդյունքների շուրջ վեճերից, մեղավորների փնտրտուքից, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հայհոյանքներից ու անեծքներից։

Share

Comments are closed.