Ինչպես թուրքական մամուլը մատուցեց 2020-ի Արցախյան պատերազմը


Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան

Արցախում 2020 թվականի պատերազմը պետք է ուսումնասիրել ամենատարբեր կողմերից ու անկյուններից, ճիշտ հետևություններ անել, ճիշտ գնահատականներ տալ և վերլուծել տեղի ունեցածի ցանկացած բաղադրիչը՝ ամենակարևորից մինչև առաջին հայացքից պակաս նշանակալին։ Այս համատեքստում խիստ կարևոր է նաև ուշադրության կենտրոնում պահել այս պատերազմում Թուրքիայի համակողմանի աջակցությունն Ադրբեջանին՝ ռազմական բաղադրիչից մինչ դիվանագիտական, քարոզչական և մեդիա աջակցություն։ Հատկապես վերջին կետը կլինի մեր այս հոդվածի մանրադիտակի տակ, որտեղ կկենտրոնանանք թուրքական լրատվամիջոցներում Արցախյան վերջին պատերազմի լուսաբանման մոտեցումների և քաղաքականության վրա։

2020-ի Արցախյան պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմն ի սկզբանե աչքի չէր ընկնում լրատվության թափանցիկ աշխատանքով, ինչպես նաև զգալիորեն սահմանափակ էին միջազգային լրատվամիջոցների գործունեության հնարավորություններն ու աշխարհագրությունը։ Սակայն այս արգելքները, կարելի է ասել, ընդհանրապես չէին գործում թուրքական կողմի լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Թուրքական կողմը ոչ միայն անխոչընդոտ տեղաշարժվելու հնարավորություն ուներ Ադրբեջանում, այդ թվում՝ ռազմաճակատի երկայնքով, այլ հաճախ հանդիսանում էր նաև ադրբեջանական աղբյուրներին հավասար, հաճախ նաև ավելի հարուստ և արագ տեղեկության աղբյուր։ Ակնհայտ էր նաև այն, որ ի սկզբանե թուրքական պետական և իշխանամերձ լրատվամիջոցների ներկայացուցիչներն արդեն իսկ դեպքի վայրում էին մինչ բուն ռազմական գործողությունների մեկնարկը, ինչը ցույց էր տալիս թուրքական կողմի ներգրավման բարձր աստիճանն ու կողմերի՝ պատերազմին նախապես պատրաստված լինելը։

Ռազմական գործողությունների առաջին իսկ րոպեներից թուրքական լրատվամիջոցները սկսեցին լուսաբանել տեղի ունեցողը, ընդ որում՝ սպասելիորեն ամբողջությամբ ադրբեջանական (կարելի է ասել նաև ադրբեջանա-թուրքական) մոտեցումների համատեքստում և խիստ միակողմանի,  վերապահումներով և քարոզչության հսկա չափաբաժնով։

Պատերազմի ամբողջ ընթացքում գործի էր դրված ոչ միայն թուրքական պետական մամուլը՝ «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալության ընդգծված առաջնորդությամբ, այլ նաև Թուրքիայի գործող իշխանություններին հարող լրատվամիջոցների զգալի ներուժը։ «Անադոլու» գործակալությունն աշխատում էր ոչ միայն թուրքական և ադրբեջանական լսարանի համար, այլ նաև անգլերեն և ռուսերեն լեզուններով բաժիններում պատերազմի ակտիվ լուսաբանումը վկայությունն էր նաև հայկական, ռուսական, ինչպես նաև անգլալեզու լսարանների հետ ակտիվ աշխատանքի։ Թուրքական կողմը բավական հաճախ ռուսերեն թարգմանություններով ներկայացնում էր հայկական կողմի՝ Ադրբեջանի համար ձեռնտու բացթողումներն ու խնդիրները, ինչպիսի օրինակ էր առաջնագծում պայմաններից խիստ դժգոհող հայ զինվորականների տեսագրած տեսանյութը։

Միևնույն ժամանակ, պատերազմի օրերին իր ակտիվ աշխատանքներով աչքի էր ընկնում թուրքախոս լսարանի համար ստեղծված ադրբեջական «Հաբեր գլոբալ» (Haber Global) լրատվամիջոցը, որն ուղիղ եթերներով, հարցազրույցներով, ֆոտոռեպորտաժներով և տեքստային նորություններով մշտական լուսաբանում էր իրականացնում։ Եվ որ կարևոր է՝ ադրբեջանական այս նախագծի գլխավոր խմբագրությունը Ստամբուլում է։

Ուշագրավ էր նաև Թուրքիայի ոչ իշխանական և ոչ պետական լրատվամիջոցների կողմից պատերազմի լուսաբանման ուսումնասիրությունը։ Պետք է նշել, որ անգամ համեմատաբար ազատական և ձախակողմյան կողմնորոշմամբ լրատվամիջոցներում տեսանելի էր ընդհանուր թուրք-ադրբեջանական կաղապարների ներգործությունը, ադրբեջանամետ եզրերի կիրառումն ու թուրքական պետական լրատվության ազդեցությունը։ Իհարկե, այս դեպքում կար որոշակի պաշտոնականություն և ընդհանուր զսպված մոտեցում, որը հաճախ շրջանցում էին իշխանամերձ լրատվամիջոցները։ Իշխանամերձ մամուլում ուշագրավ էին,  մասնավորապես, վերնագրերի ընտրությունը, հոդվածագիրների անդրադարձները, որտեղ ոչ միայն ակնհայտ միակողմանիություն էր երևում, այլ նաև հաճախ կարելի է գտնել հեգնական, ծաղրական, վիրավորական տոնայնությամբ գրառումներ ինչպես բուն պատերազմական օրերին, այնպես էլ դրան հաջորդած շրջանում։ Այստեղ պետք է նաև հավելել, որ թուրքական պետական/իշխանամերձ լրատվամիջոցներում Արցախյան պատերազմի լուսաբանումը զգալի ծավալ և առաջնայնություն էր ապահովում, ինչի հետևանքով գրեթե ստեղծվում էր տեղեկատվական մենաշնորհ պետական լրատվամիջոցների կողմից։ Այլ կերպ ասած, Թուրքիայի շարքային քաղաքացին ստանում էր միանման, խիստ ադրբեջանամետ, հակահայ երանգներով տեղեկություններ Արցախից։

Առանձին պետք է խոսել նաև հայկական կողմին որպես գործողությունների նախաձեռնող և ագրեսոր ներկայացնելու թուրք-ադրբեջանական քաղաքականության հստակ արտացոլմանը թուրքական լրատվամիջոցների աշխատանքում։ Այս հարցում թուրքական լրատվամիջոցներն առանձնակի ակտիվ էին աշխատում տարբեր լեզուներով այն լուրերի դեպքում, երբ, ըստ վերջիններիս, հայկական կողմը թիրախավորում էր Ադրբեջանի խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական անձանց։ Ընդ որում, բացարձակ որևէ անդրադարձ չկար Ադրբեջանի ամենատարբեր ռազմական հանցագործություններին՝ ի հակառակ նրա, որ հայկական կողմը մշտապես ներկայացվում էր որպես ռազմական հանցագործություններ կատարող։

Միևնույն ժամանակ, հետաքրքիր էր, որ թուրքական լրատվամիջոցներն առանձնակի ակտիվ էին ռազմական գործողությունների սկզբում, իսկ արդեն հաջորդող օրերին, երբ ադրբեջանական կողմը չուներ ակնհայտ հաջողություններ, թուրքական կողմում հարաբերական անդորր էր, թեև թեման դուրս չէր գալիս օրակարգից։ Եվ ադրբեջանական հաջողություններին զուգընթաց նաև թուրքական մամուլն առավել ակտիվ էր անդրադառնում թեմային։

Թուրքական լրատվամիջոցների պատերազմական քաղաքականության շրջանակներում էին նաև սոցցանցերում ատելություն սերմանող և հայերի նկատմամբ թշնամանք հրահրող գրառումներն ու մեկնաբանությունները, որոնք ուղեկցվում էին լրատվակայքերի լուրերին։ Բացի այդ, թուրքական լրատվամիջոցների կայքերում, ինչպես նաև սոցցանցերի էջերում մեկնաբանությունները գրեթե չէին խմբագրվում, ինչի հետևանքով մեծ թիվ էին կազմում ադրբեջանամետ, հաճախ այլատյաց և վիրավորական գրառումներն ու մեկնաբանությունները։

Այսպիսով, թուրքական լրատվամիջոցները ռազմական գործողությունների առաջին վայրկյանից ակտիվ աշխատել են Ադրբեջանում, ընդ որում՝ առանց սահմանափակումների, որոնք այլ երկրների լրագրողների դեպքում էր։ Թուրքական մամուլն աչքի էր ընկնում թուրք-ադրբեջանական քարոզչական բոլոր թեզերը տարածելու ակտիվ աշխատանքով, ընդ որում՝ աշխատելով ոչ միայն թուրքերենով, այլ նաև ռուսերենով, անգլերենով, այլ լեզուներով։ Ակնհայտ էր, որ թուրքական կողմն իր բազմակողմանի աջակցության շրջանակներում նախապես առանձին մեծ ուշադրություն էր դարձրել նաև մեդիա աջակցությանը, ինչն ակնհայտ էր պատերազմի առաջին օրվանից մինչ վերջին օրը, ինչպես նաև հետպատերազմական ամբողջ ժամանակահատվածում, ընդհուպ մինչ այս հոդվածի լույս տեսնելը։

Share

Comments are closed.