Հայ-իրանական հարաբերությունների մարտահրավերները և հնարավորությունները

 

Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ
Իրանագետ
Երևան

Հայերը և իրանցիները՝ որպես վաղեմի հարևաններ, ունեն քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների ու շփումների բազմահազարամյա պատմություն, իսկ Հայաստան-Իրան սահմանը որևէ երկու երկրի միջև երբևէ գոյություն ունեցած հնագույն սահմաններից է։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային սահման ունեցող հարևաններից Հայաստանի Հանրապետությունը միակ քրիստոնեական երկիրն է, ինչը բազմիցս հատուկ կերպով ընդգծվել է նաև բարձրաստիճան իրանցի քաղաքական գործիչների պաշտոնական հայտարարություններում։

1991 թ․ դեկտեմբերի 25-ից՝ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության պաշտոնական ճանաչումից և 1992 թ․ փետրվարի 9-ից՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջև ստորագրվել է ավելի քան 80 երկկողմանի փաստաթուղթ, իսկ հայ-իրանական քաղաքական հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ապրել՝ հիմնվելով բոլոր ուղղություններով ակտիվ երկխոսության և սերտ համագործակցության վրա։ 

Իրավաբանորեն չձևակերպված, բայց շատ հարցերում փաստացի դաշինքի ձգտող շիայական իսլամի պատվար պետության և աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկրի միջև հարաբերությունները կարող են որոշակիորեն տարօրինակ կամ առեղծվածային թվալ, եթե հաշվի չառնվեն երկու կողմերի ներքին, տնտեսական և աշխարհաքաղաքական յուրահատուկ շահերը։  

Հայաստանի համար այսպիսի հարաբերությունները մեծապես կարևոր են հատկապես 2020 թ․ աշնանն Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո, հաշվի առնելով սեփական անվտանգության բարդ համակարգի վերականգնման անհրաժեշտությունը, որը ենթադրում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից թշնամական գործողությունների (այդ թվում նաև փափուկ ուժի կիրառմամբ) հաղթահարման արդյունավետ մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաև Ռուսաստանի հետ ռազմավարական կապերին ի դեմս Իրանի կարևոր լրացում ապահովելը։               

Տնտեսական տիրույթում Իրանի հետ համագործակցությունը, ճանապարհ հարթելով դեպի հարավային ջրեր, Երևանը դարձնում է կարևոր առանցքի խաղացող, որը Պարսից ծոց – Սև ծով միջանցքի շնորհիվ կարող է բացել ռազմավարորեն կարևոր ամենակարճ երթուղին՝ Եվրոպայից դեպի ասիական շուկաներ (և հակառակ ուղղությամբ) դուրս գալու համար։

 Թեհրանի տեսանկյունից Երևանի հետ հարաբերությունները բավականին արդյունավետ են թե՛ միջազգային մեկուսացումը հաղթահարելու, թե՛ իսլամական պետականության կերտման իրանական մոդելի դիվականացման քաղաքականությունը չեզոքացնելու համար՝ ի ցույց դնելով Իրանի բարեդրացիական համագործակցությունը քրիստոնեական հնագույն երկրի հետ։ Բացի դրանից, տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդումն Իրանի շահերից է բխում, հաշվի առնելով Թեհրանի և Անկարայի միջև երբեմն սուր բնույթ կրող տարածաշրջանային մրցակցությունը, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության հետ հակամարտային չլուծված կնճռոտ հարցերի գոյությունը, հատկապես, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանի նկատմամբ ադրբեջանական իրրեդենտիզմը, որին սատարում է նաև պանթուրանականության քաղաքականության մեջ խորացող էրդողանյան թուրքական վերնախավը։

Ի հեճուկս այն հանգամանքի, որ թե՛ տարածաշրջանային և թե՛ միջազգային ասպարեզում համագործակցության համարյա բոլոր ոլորտներում Հայաստանն ու Իրանը փորձում են ոչ միայն հաշվի առնել փոխադարձ շահերը և չմասնակցել կողմերից որևէ մեկի դեմ ուղղված գործողություններին, այլև հարատևորեն ջանում են հնարավորինս ամրապնդել և ընդլայնել երկկողմանի հարաբերությունները բոլոր հնարավոր տիրույթներում, Հարավային Կովկասում ստեղծված նոր աշխարհաքաղաքական պայմաններում առկա են օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթի մի շարք հնարավոր վտանգներ ու սպառնալիքներ, որոնք անտեսվելու կամ ոչ ճիշտ կառավարվելու դեպքում կարող են բացասաբար ազդել երկու երկրների միջև ընդհանուր առմամբ բարեկամական-գործընկերային հարաբերությունների օրակարգի վրա։

    Հնարավոր մարտահրավերները և ռիսկերը, որոնք կարող են ուղղակի կամ անուղղակի ապակայունացնող ազդեցություն գործել թե՛ ողջ տարածաշրջանի կացության, թե՛, մասնավորապես, Հայաստանի և Իրանի հարաբերությունների վրա, ձևավորվում են ոչ միայն Հարավային Կովկասում գոյություն ունեցող որոշ առարկայական գործոնների, օրինակ՝ խորը պատմական արմատներ ունեցող դեռևս չլուծված արցախյան էթնոքաղաքական հակամարտությունն Իրանի սահմաններին կից, այլև երրորդ տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային խաղացողների՝ տեղի գործընթացներին սուբյեկտիվ միջամտության միջոցով, օրինակ՝ Սիրիայից ահաբեկիչների՝ որպես Թուրքիայի արբանյակների ներգրավումն Իրանին սահմանակից մերձարաքսյան հատվածում ընթացած ռազմական գործողություններում, Իրանի հյուսիս-արևմտյան նահանգների թուրքախոս իրանցիներին հակահայկական գործունեության դրդելու՝ Ադրբեջանի քաղաքական շրջանակների ջանքերը, արևմտյան երկրների կողմից Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումն ու հավանական պատերազմի սանձազերծումը, Ադրբեջանում Թուրքիայի և Իսրայելի զգալի ներկայությունը, Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացումը և այլն։ Հայ-իրանական հարաբերությունների վրա անմիջական ուղիղ ազդեցության ներուժ ունեցող հիմնական հնարավոր ռիսկերից կարելի է առանձնացնել հետևյալը․

  • Չնայած վերջին պատերազմին՝ դեռևս չլուծված Արցախի, հատկապես՝ նրա կարգավիճակի խնդիրը, որն ունի Իրանի սահմանների անմիջական մերձավորությամբ զինված հակամարտության հերթական նոր թեժ փուլին անցնելու մեծ ներուժ, ինչպես նաև Բաքվի և Անկարայի ջանքերով դրանում համապատասխանաբար թուրքախոս իրանցիների և մերձավորարևելյան ահաբեկիչների ներգրավման վտանգ,
  • Երևանի վրա Մոսկվայի մեծապես աճած ազդեցությունը, որը Հայաստանում Ռուսաստանի զգալի քաղաքական և ռազմական ներկայությամբ հանդերձ իրական ռիսկ է ստեղծում, որ Թեհրանի հետ հետագա հարաբերությունները կառուցելիս Երևանն ավելի շատ է Մոսկվային հետադարձ հայացք նետելու՝ խոսավարման համար ունենալով փաստացի շատ նեղ միջանցք,
  • Հայաստանի քաղաքական համակարգի բարձրագույն և մասամբ վճռորոշ օղակներում 2018 թվականից ի վեր ամերիկամետ և արևմտամետ անձանց ներկայությունը, որն իրանցի գործընկերների մոտ լուրջ անվստահություն է հարուցում,
  • Իրանի ներկայիս կառավարության բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող «իրապաշտները», որոնց Ադրբեջանում քաղաքական և տնտեսական հեռանկարներն ավելի գրավիչ են թվում․ նրանց կարծիքով՝ Թեհրանի և Բաքվի միջև տնտեսական համագործակցությունը կարող է հարթել երկու երկրների միջև առկա լուրջ քաղաքական խնդիրները,
  • Ամերիկյան պատժամիջոցների հարատևման և խստացման հավանականությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից հնարավոր ռազմական սպառնալիքը, որը ոչ միայն կտրուկ կսահմանափակի հայ-իրանական համագործակցության հնարավորությունները, այլև կարող է հանգեցնել Հայաստանի հարավային սահմանի լուրջ վտանգնմանը՝ արտաքին աշխարհ դուրս գալու համար Հայաստանին թողնելով ընդամենը մեկ՝ Վրաստանով անցնող ճանապարհը,
  • Հայաստանի Սյունիքի մարզով՝ հայ-իրանական սահմանի անմիջական մերձավորությամբ Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան ցամաքային «միջանցքի» ստեղծման ծրագիրը և Երևանի ու Թեհրանի միջև ուղիղ և անմիջական տրանսպորտային հաղորդակցության համար հնարավոր ռիսկերի ի հայտ գալը՝ Իրանից Հայաստան Նախիջևանով ճանապարհի բացման հնարավորությամբ հանդերձ,
  • Հայաստան-Իրան միջպետական մայրուղու Սյունիքի մարզի Գորիս-Կապան հատվածում ադրբեջանական զինված ուժերի տեղակայումից հետո ստեղծված սպառնալիքներն այս կարևորագույն հաղորդակցային ուղու անարգել գործունեության համար,
  • Երկու երկրներում էլ որոշակի լոբբիստական շրջանակների առկայությունը, որոնք տարբեր՝ տեղեկատվական, խորհրդարանական և հասարակական շրջանակների մակարդակներում առաջ են մղում Հայաստանի և Իրանի հարաբերությունների խորացմամբ չշահագրգռված երրորդ ուժերի շահերը։

Հայ-իրանական փոխհարաբերությունների հիմնական և երկարաժամկետ հնարավորության տեսանկյունից հատկապես կարելի է քննարկել քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում եռակողմ՝ Հայաստանը, Ռուսաստանն ու Իրանը ներառող հարթակի ստեղծման հեռանկարը։ Երևանի և Մոսկվայի միջև դաշնակցային հարաբերություններն առանց բացառության բոլոր ուղություններով երկու կողմերի համար էլ ունեն ահռելի ռազմավարական և տարածաշրջանային կարևորություն։ Աշխարհաքաղաքական հարթությունում տվյալ դաշինքն ապահովում է Հայաստանի անվտանգության պահանջարկի զգալի բաժինը՝ հատկապես ռազմական բաղադրիչի մասով, իսկ ռուսական կողմի համար պահպանում է ոչ միայն Հարավային Կովկասում լայն ներկայության հնարավորությունը, այլև կենսականորեն ոչ պակաս կարևոր մերձավորարևելյան տարածաշրջանում սեփական շահերը պաշտպանելու կարողությունը։ Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի, իսկ այժմ նաև Արցախում ռուս խաղաղապահների առկայությունը զսպում են ռազմական վտանգը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, իսկ ռուս սահմանապահների ներկայությունը Մեղրիում՝ հայ-իրանական սահմանին վերջինիս որոշակիորեն ռուս-իրանական սահմանային գոտու կարգավիճակ է շնորհում։

Հաշվի առնելով Ռուսաստանի հետ ունեցած բարդ պատմական հարաբերությունների փորձը՝ իրանական կողմը թեպետև ըմբռնումով է մոտենում Հայաստանում օբյեկտիվորեն զգալի ռուսական ներկայությանը և հաշվի է առնում տարածաշրջանում Ռուսաստանի ունեցած շահերը, այսուհանդերձ, որոշ դեպքերում նաև պատմական կարծրատիպրով պայմանավորված մտավախություններ ունի։ Այս առումով հենց Հայաստանն ունի մեծ հնարավորություն՝ Ռուսաստանի և Իրանի միջև փոխվստահության ավելի բարձր մակարդակի ապահովման համար հաջողակ միջնորդ կամ կամուրջ դառնալու՝ «մեղմելով» կողմերի բոլոր մտավախությունները Մոսկվա-Երևան-Թեհրան փաստացի աշխարհաքաղաքական առանցքի ստեղծման միջոցով, որը փոխլրացման միջոցով կարող է ոչ միայն չեզոքացնել հիմնական ընդհանուր սպառնալիքները, այլ նաև դրական օրինակ ծառայել այլ շահագրգիռ կողմերի համար։            

Share

Comments are closed.