Արդյունավետ պետություն` հանուն ճանաչման

Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ
«Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ
Ստեփանակերտ

Ներկայիս աշխարհակարգում մեծ տեղ է տրվում ֆորմալիզմին: Դեռեւս մեծ ժամանակ չի անցել միապետների դարաշրջանից, եւ այսօրվա աշխարհն իներցիայով պահպանում է մեր օրերին ոչ հարիր մտածելակերպ: Թեեւ մարդուն հռչակել ենք այսօրվա աշխարհի հիմք, շատ հաճախ ենք տեսնում, որ հենց այդ նույն մարդու իրավունքները ոտնահարվում են ամեն վայրկյան: Եվ սա ավելի նկատելի է չճանաչված կամ մասամբ ճանաչված երկրների բնակիչների պարագայում:

Իրավունքների խախտումը կարող է տեղի ունենալ, ասենք, նախկին մետրոպոլիայի  միջին կարգի մի պաշտոնյայի շանտաժի պատճառով, իրավունք խախտողն էլ կարող է լինել համաեվրոպական կազմակերպություն, որի գլխավոր նպատակը… եվրոպական տարածքում մարդու իրավունքների պաշտպանությունն է:

Թեեւ ըստ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի երկրորդ հոդվածի՝ բոլոր մարդիկ ունեն նույն իրավունքներն անկախ իրենց բնակված երկրի կարգավիճակից, սակայն այդ նույն կարգավիճակը շատ հաճախ պատճառ է բերվում` չճանաչված երկրների քաղաքացիների իրավունքները սահմանափակելիս:

1933թ. Մոնտեվիդեոյի կոնվենցիայով ընդունվել են պետության չորս բնութագրիչները` մշտական բնակչություն, որոշակի տարածք, սեփական կառավարություն,  այլ պետությունների հետ հարաբերվելու կարողություն: Չճանաչված կամ մասամբ ճանաչված պետությունների մեծ մասը, եթե ոչ բոլորը, ունեն այս բնութագրիչները եւ, հետեւաբար, այս առումով որեւէ տարբերություն չճանաչված կամ ճանաչված պետությունների միջեւ չկա: Միակ տարբերությունը հենց այդ ճանաչումն է: Թեեւ ճանաչումն ունի միջազգային իրավական եւ քաղաքական մեծ նշանակություն, սակայն դրա բացակայությունը չի ենթադրում պետության իրավունքների եւ պարտականությունների սահմանափակում: Վերջիններս առաջանում են պետության հռչակման, այլ ոչ թե ճանաչման պահից:

Ներկայիս ճանաչված պետությունների մեծ մասը, որոնք հանդիսանում են ՄԱԿ-ի անդամ, ինչպես նաեւ հենց ինքը` ՄԱԿ-ը, հետպոտսդամյան աշխարհակարգի արդյունք են, աշխարհակարգ, որի կենսունակությունը վիճարկում են տարբեր ուղեղային եւ քաղաքական կենտրոններ: Հետաքրքիր են ամերիկյան նեոպահպանողականների տեսակետներն այս հարցի կապակցությամբ: Մասնավորապես, ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը 2007թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, որ Միավորված ազգերի կազմակերպությունն իրեն սպառել է եւ որ  հարկ է նոր միջազգային կազմակերպություն ստեղծել, որը կմիավորի ԱՄՆ-ին եւ նրա ժողովրդավարական դաշնակիցներին, կազմակերպություն, որի անդամների համար կլինի մեկ կարեւորագույն չափանիշ` լինել ժողովրդավարական պետություն: Սա է ամերիկյան նեոպահպանողականների մոտեցումը նոր աշխարհակարգի վերաբերյալ, եւ տվյալ պարագայում նոր հնարավորություններ են բացվում նաեւ չճանաչված, բայց ժողովրդավարական երկրների համար:

Համաձայն Freedom House-ի «Ազատությունն աշխարհում 2011 թվականին» զեկույցի` չճանաչված կամ մասամբ ճանաչված երկրներից ամբողջովին ազատ կամ ժողովրդավարական են միայն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը եւ Թայվանը:

Աշխարհակարգը փոխելու ամերիկյան նեոպահպանողականների ձգտումներն ինչքան էլ ոչ իրատեսական լինեն, այնուամենայնիվ` հստակ է, որ ժողովրդավարական լինելով պետություններն ավելի մեծ շանսեր են ունենում միջազգային հարաբերություններում: Սա առավել կարեւոր է չճանաչված երկրների համար՝ որպես կարեւոր փաստարկ ճանաչման ճանապարհին:

Մի կողմ թողնելով ժողովրդավարության բերած արտաքին-քաղաքական դիվիդենտները` պետք է գիտակցենք, որ արդյունավետ երկիր կառուցելու համար ամենահարմարը հենց այդ արժեքները դավանելն է: Եթե տեղայնացնենք ու վերցնենք Արցախի օրինակը, ապա կտեսնենք, որ վերջին տարիներին մեր երկրում ժողովրդավարությունն աննախադեպ անկում է ապրել, սահմանափակվել են ազատությունները, ինչն արտահայտվում է  մի շարք միտումներով, մասնավորապես՝ ընդդիմության բացակայության, անկախ մամուլի չգոյության, քաղաքացիական հասարակության թուլության, սեփականության անձեռնմխելիության իրավունքի ոտնահարման, երկրում այլընտրանքի բացակայության, կրթության մակարդակի անկման, իշխանության վերնախավի կոռումպացվածության միտումներով, ինչպես նաեւ այլ բացասական երեւույթներով:

Արցախով զբաղվող գրեթե բոլոր փորձագետները նման վիճակի մեղավորներ փնտրում են նաեւ հայաստանյան ղեկավարության մեջ: ՀՀ իշխանությունների եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի ջանքերով է այսօր Արցախում ստեղծվել մի վիճակ, երբ գոյություն ունի անարդյունավետ կառավարում` կապված Արցախի բարձրագույն իշխանությունների ոչ կոմպետենտության հետ: Երեւանում վախենում են Արցախի` ՀՀ ներքաղաքական կյանքի վրա ազդելու ներուժից եւ դրա համար էլ մեկուսացնում են արցախյան գործոնը:

Առավել քան հստակ է, որ մեր գլխավոր խնդիրը պետք է լինի արդյունավետ պետության ստեղծումը: Օրինակ կարող է ծառայել Թայվանը, որը նույնիսկ համաշխարհային գերտերության` Չինաստանի հետ հակամարտության պարագայում կարողանում է արդյունավետորեն զարգանալ, ավելին` իր արտադրանքով հեղեղում է այնպիսի զարգացած եւ մրցակցային շուկաներ, ինչպիսին Եվրամիության եւ ԱՄՆ-ի շուկաներն են:

Նման երկիր կառուցելու համար ընդամենը քաղաքական կամք է հարկավոր: Կամք` հարգելու մի քանի հիմնարար իրավունքներ: Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ երկրների զարգացման գործում առավելապես կարեւոր է եղել երկու իրավունքի հարգումը` սեփականության անձեռնմխելիության եւ ազատ ձեռնարկատիրության: Սրանց հարգումը ձեռներեց ու նախաձեռնող անձանց մղել է հարստության ստեղծման` այդպիսով հարստացնելով նաեւ իրենց հասարակությանը: Ցավոք, Արցախն արտերկրին եւ հատկապես հայկական սփյուռքին է ներկայանում կարիքավորի կերպարով: Աղքատ ազգականի կարգավիճակը որոշ ժամանակ անց առաջացնում է հիասթափություն: Այս տարիների ընթացքում մենք հսկայական ներուժ ունեցող հայությանը չկարողացանք ներկայանալ որպես մի երկիր, որտեղ հարգում են բիզնես ծավալելու համար անհրաժեշտ իրավունքները, որտեղ բացի հայրենասիրական ներդրումներից կարելի է նաեւ լուրջ ու շահավետ բիզնես-ծրագրեր իրականացնել: Ավելին` մեր ապաշնորհ կառավարմամբ ու վարքով ավելի հեռացրինք սփյուռքը մեզնից` այն դարձնելով տարեկան մի քանի միլիոն դոլար պոկելու գործիք` ամբողջովին իջեցնելով նրա դերը:

Անկախության այս տարիներին Արցախը սփյուռքահայերի համար նաեւ հայրենիք չդարձավ, մի վայր, որտեղ կձգտեին զանգվածաբար բնակվելու, աշխատելու, կայանալու: Սրա մեղքը նույնպես մեր մեջ պետք է փնտրենք: Երբ ընդունում ես մեղքդ, նաեւ ուղիներ ես որոնում խնդրի լուծման համար:

Միջազգային ճանաչումը հստակ աշխատանքի արդյունք է: Հատկապես հակամարտության առկայության դեպքում: Սակայն շատ ավելի կարեւոր է արդյունավետ պետության ստեղծումը: Եթե ճանաչման գործում կարող են դեր խաղալ այլ երկրներ եւ միջազգային հարաբերություններում ստեղծված տարբեր իրավիճակներ, ապա արդյունավետ երկիր ստեղծելու միակ պատասխանատուն մենք ենք` Արցախի բնակիչներս: Ավելին` արդյունավետ պետության ստեղծումը մոտեցնելու է մեր երկրի միջազգային ճանաչումը:

Share

Comments are closed.