Արցախում զրո վերջնարդյունքով յուրաքանչյուր խաղ նոր պատերազմի դուռ է բացում


Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ
Լրագրող
                                               Երևան                                                

Արցախում զրո վերջնարդյունքով (zero-sum game) յուրաքանչյուր խաղ նոր պատերազմի դուռ է բացում հերթական հայ-ադրբեջանական արյունահեղության, էթնիկ զտումների, փախստականների ալիքի և ավերածությունների համար: Արցախը հայերի և ադրբեջանցիների միջև կռվախնձոր է դարձել 1918-ի կեսերին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հռչակեցին իրենց անկախությունը: Այդ ժամանակից ի վեր հակամարտությունը երբեք չի լուծվել փոխզիջումով. կողմերից մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել, ստեղծվել է նոր ստատուս-քվո, և հաղթող կողմին թվացել է, որ հարցը լուծել է:

Հայերի և ադրբեջանցիների միջև չորս պատերազմ է տեղի ունեցել, որին զոհ է գնացել մինչև 100 հազար մարդ: 1905-1906 թվականներին հայ-թաթարական բախումներ բռնկվեցին Բաքվում, Շուշիում, Նախիջևանում և Երևանում, ինչպես նաև Անդրկովկասի գրեթե բոլոր վայրերում, որտեղ համատեղ բնակվում էին հայեր և մահմեդականներ: Հայ-ադրբեջանական պատերազմներից միակը 1905-1906 թթ. բախումներն էին, որոնք Ղարաբաղի պատկանելության համար չէին և չունեին տարածքային պահանջների աստառ: Այդ ժամանակ Արցախը Ռոմանովների Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի մաս էր կազմում:

Հայ-թաթարական բախումներին, ըստ տարբեր հաշվարկների, զոհ է գնացել մինչև 10 հազար մարդ: Բաքվում և Նախիջանում ավելի շատ տուժել են հայերը, Շուշիում ու Երևանում՝ հիմնականում թաթարները:

Մյուս երեք պատերազմները եղել են Արցախին տիրելու համար:

Հայ-ադրբեջանական երկրորդ պատերազմը ընդգրկեց 1918-1920 թվականները: Բրիտանացիները, որոնք այս ժամանակաշրջանում գերտերություն էին նաև Անդրկովկասում, Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վիճելի հարցերը փոխանակման ճանապարհով կարգավորելու առաջարկ արեցին կողմերին: Բրիտանացիները ոչ միայն տարածքների, այլև մարդկանց փոխանակում էին առաջարկում: Նրանք Հայաստանին առաջարկում էին հրաժարվել Արցախից, բոլոր արցախցիներին բնակեցնել Արարատյան դաշտավայրում, իսկ այստեղ բնակվող բոլոր թաթարներին, իմա՝ ադրբեջացիներին, տեղափոխել և բնակեցնել Արցախում:

1918-1920 թթ․ Ադրբեջանը հավակնություններ ուներ Արցախի, Զանգեզուրի, Նախիջևանի, ինչպես նաև Կարսի նկատմամբ: Առաջին Հանրապետության շրջանում նրանք ստեղծել էին տեղական խորհուրդներ՝ շուրաներ, և հրաժարվում էին ենթարկվել կենտրոնական իշխանություններին: Ամենաըմբոստը Զանգիբասարի, այսօր՝ Մասիս, և Վեդիբասարի՝ Վեդիի շրջաններն էին:

Արցախը 1920 թվականի մայիսին, ըստ էության, անցավ խորհրդայնացված Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ 1921-ի ամռանը, արդեն բոլշևիկների քաղաքականության արդյունքում, որպես ԼՂԻՄ, Խորհրդային Ադրբեջանի մաս կազմեց:

1918-1920 թվականներին Անդրկովկասի բազմաթիվ վայրերում տեղի ունեցան հայ-ադրբեջանական բախումներ ու ջարդեր, որոնցից հատկապես չորսը կրում էին զանգվածային և համակարգված բնույթ: 1918թ գարնանը, նախքան Հայաստանի և Ադրբեջանի անկախության հռչակումը, Բաքվում տեղի ունեցած բախումներին հիմնականում զոհ գնացին մահմեդականներ: Բաքվի Սովետի և նրա առաջնորդ Ստեփան Շահումյանի տվյալներով, զոհվել է մոտ 3000 մահմեդական: Ադրբեջանական տվյալներով՝ զոհերի թիվը 9000-ից ավելի էր:

1918-ի սեպտեմբերի կեսերին, երբ թուրք-ադրբեջանական ուժերը Ստեփան Շահումյանից և նրան աջակցող հայկական ուժերից գրավեցին Բաքուն և այն հռչակեցին Ադրբեջանի մայրաքաղաք (մինչ այդ Ելիզավետպոլն էր՝ Գյանջա-Գանձակը), հայկական կոտորածին զոհ գնաց, համաձայն Բաքվի Հայոց ազգային խորհրդի, շուրջ 10 հազար հայ:

1919-ի դեկտեմբերին հայկական ջարդեր իրականացվեցին Նախիջևանի Ագուլիս և հարևան բնակավայրերում: Մինչև հազար և ավելի հայեր կոտորվեցին: Այդ ողբերգական դեպքերի նկարագրությունն է տեղ գտել Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմում:

1920 թվականի մարտին հայկական ջարդեր տեղի ունեցան Շուշիում: Հազարավոր հայեր սրի քաշվեցին, հայկական թաղամասերը ամբողջովին ավերվեցին և հայ կյանքը բերդաքաղաքում մարեց մինչև 1992-ի մայիս:

1918-1920 թվականներին էթնիկ զտումներով հայ-ադրբեջանական ջարդեր են տեղի ունեցել Ադրբեջանի ու Հայաստանի բազմաթիվ վայրերում: Հստակ դժվար է ասել, թե որքան մարդ է զոհվել այդ տարիներին: Վերոնշյալ չորս խոշոր ջարդերին զոհ գնացածների նվազագույն թիվը կազմում է մինչև 30 հազար մարդ:

Հայ ժողովուրդը լուռ, երբեմն՝ բարձրաձայն, ինչքանով դա թույլ էր տալիս խորհրդային տոտալիտար համակարգը, առաջ էր քաշում Ղարաբաղի խնդիրը: Գորբաչովի վերակառուցումն ու հրապարակայնությունը հնարավորություն տվեցին Ղարաբաղի պայքարը դուրս բերել հրապարակ:

Ադրբեջանցիներին թվում էր, թե 1921-1923 թվականներին ԼՂԻՄ-ի ձևավորումով հարցը լուծվել է: Հայերը համարում էին, որ դա արդար լուծում չէ և սպասում էին հարմար պահի ու հնարավորության: 1988-ին բռնկված Շարժումը երեք տարի անց վերաճեց զինված հակամարտության, շուրջ 1000 օր տևած պատերազմի արդյունքում հայերի վերահսկողության տակ անցավ ոչ միայն ԼՂԻՄ-ն ամբողջապես, այլ հարակից յոթ շրջան, որոնցից երկուսը՝ մասնակի: 1994 թ. մայիսին Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվեց անժամկետ զինադադար: Դա զրո վերջնարդյունքով խաղ էր: 1991-1994 թվականներին հայերը տվեցին մինչև 6 հազար, ադրբեջանցիները՝ մինչև 12 հազար զոհ: Եվս մի քանի հազար զոհեր արձանագրվեցին 1994-ի մայիսյան զինադադարից մինչև 2020-ի սեպտեմբեր՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակի 26 տարիներին:

Այժմ էլ հայերին էր թվում, թե ղարաբաղյան հարցը լուծված է: Մինչդեռ ադրբեջանցիները համոզված էին, որ 1994-ի մայիսյան վերջնարդյունքը արդար չէ: Նրանք սպասում էին հարմար պահի ու հնարավորության, բայց ձեռքները ծալած չէին նստել: Զինվում էին, այդ թվում՝ տեխնոլոգիապես, հայատյացությունը բարձրացրել էին պետական քաղաքականության մակարդակի, երկրի ներսում ձևավորել էին հրեշ հայի կերպար, որին պետք է վերացնել: Ավելի քան 26 տարի անց Ադրբեջանը Թուրքիայի և ջիհադիստ վարձկանների գործուն մասնակցությամբ սկսեց հարձակում և 44 օրերի ընթացքում հետ բերեց 1000 օրերի ընթացքում կորցրած տարածքների շուրջ երեք քառորդը:

Այսօր արդեն հայերն են պարտվածի ու կորցնողի ողբերգական դերում: Կողմերը տվեցին մինչև 10 հազար զոհ, առնվազն մեկուկես տասնյակ հազար մարդ խեղվել է: 2000 և 2001 թվականներին ծնված մի ողջ սերունդ ուղարկվեց մահվան դուռ: Երեսուն տարիների ընթացքում կառուցածի մեծ հատված ավերվեց և կամ անցավ Ադրբեջանին:

Այսօր հայերը տեսնում են, որ 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը, եռակողմ հայտարարությունները միակողմանի են և բխում են Ադրբեջանի ու միջնորդ Ռուսաստանի և Թուրքիայի շահերից, իսկ Հայաստանի/Արցախի շահերը ոտնատակ են:

Հայ ժողովուրդն այսօր կոտրված մեջքով է ու կոտրված սրտով, բայց կանցնեն տարիներ, կստեղծվի նոր վիճակ և առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք կփորձեն վերականգնել պատմական արդարությունը, ինչպես փորձել են անել 1918-1920-ին և ապա 1988-ին՝ 70-ամյա լռությունից հետո:

Արցախում որևէ լուծում, մեծ հաշվով, չի բավարարելու կողմերին: Բայց գոնե պետք է ունենալ այնպիսի վիճակ, երբ չափավոր հայերն ու ադրբեջանցիները իրենց մեջ ընդունեն, որ այդ նոր լուծումն արդարացի է, իրատեսական և համապատասխանում է երկրի կարողություններին ու շահերին:

Կլինի՞ արդյոք հինգերորդ հայ-ադրբեջանական պատերազմը, ե՞րբ, և այս անգամ կողմերից ո՞ր մեկի կատարյալ հաղթանակով կամ պարտությամբ կավարտվի այն:

Քանի դեռ չկա արդարացի լուծում և երկու ժողովուրդների արյունալի հակամարտություններն ավարտվում են զրո վերջնարդյունքով, նոր պատերազմը թվում է անխուսափելի:

Արժանապատիվ փոխզիջումների վրա հիմնված կարգավորումն է, որ կարող է երկարատև խաղաղության ու համագործակցության արահետ բացել: Այլապես, պատերազմի դուռը միշտ բաց է մնալու, և հայերն ու ադրբեջանցիները ապրելու են նոր պատերազմի սպառնալիքի տակ:

Թաթուլ Հակոբյանը Սիվիլնեթի լրագրող է և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող: Նա հեղինակն է «Արցախյան օրագիր. Կանաչ եւ սև» և «Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը» գրքերի: Փետրվարին լույս կտեսնի հեղինակի «44-օրյա աղետ. Լրագրողի օրագրից» հատորը:

Share

Comments are closed.