Պատերազմի կամ իրավունքի երկընտրանքը ղարաբաղյան հակամարտության համատեքստում

 

Լուսանկարը՝ Ստեփանակերտի մամուլի ակումբի

Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Ստեփանակերտ

2020 թ․ արցախյան պատերազմի շրջանակներում ակնհայտորեն դրսևորվել է տարածաշրջանային խնդիրը լուծելու համար պատերազմի արդյունավետությունը։ Հայաստանը նույնպես կարող էր լուծել ղարաբաղյան խնդիրը լայնածավալ ռազմական գործողությունների միջոցով 90-ական թվականներին, երբ Ադրբեջանը գահավիժող պետություն էր, իսկ ադրբեջանական բանակն անկանոն նահանջում էր։ Սակայն, հայկական կողմը համաձայնվել է անցնել կարգավորման դիվանագիտական մեթոդներին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ 1994 թ․ համաձայնվելով անժամկետ հրադադարի կնքմանը։ Ընդ որում, հակամարտության կարգավորման փիլիսոփայության սկզբունքներից մեկը եղել է ռազմական ուժի բացառումը և բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդների կիրառումը։

Որոշ իմաստով կարելի է խոսել Հայաստանի անհեռատեսության մասին, որը տվյալ սկզբունքն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երաշխիքները որպես մշտական գործոն էր դիտում։ 1994 թվականից հետո Հայաստանն իրեն թույլ է տվել խնդրին վերաբերվել որպես՝ թեև ռազմական փոխհավասարակշռության վրա կառուցված, բայց, ըստ էության, դիվանագիտական գործընթացի՝ թույլ տալով իրեն կիրառել բացառապես իրավունքի կատեգորիաները։ Հայաստանի համար Ադրբեջանի ռազմական զսպման մեթոդները լրացնում և օժանդակում էին խնդրի կարգավորման հիմնական քաղաքական-դիվանագիտական գործընթացին։

Ադրբեջանի և նրա ռազմավարական դաշնակից Թուրքիայի համար ղարաբաղյան խնդիրը դիտվում էր բացառապես ռազմական ռևանշի տեսանկյունից։ 1994 թ․ ձեռք բերված հրադադարը դիտվում և գնահատվում էր հենց որպես սոսկ հրադադար, այսինքն մի ժամանակահատված, որի ընթացքում երկիրը պատրաստվում է ռազմական գործողությունների վերսկսմանը։ Ադրբեջանն ընտրել է պատերազմի փիլիսոփայությունը և ռազմական ռևանշին միտված ազգային ռազմավարությունը, երբ քաղաքական-դիվանագիտական մեթոդները հակամարտության լուծման համար որպես լոկ օժանդակ և ոչ առաջնային էին դիտվում։

Իրավիճակը վատթարանում էր կողմերի հանդեպ արհեստականորեն հավասարակշռություն պաահպանելու՝ համանախագահների ջանքերով, երբ հակամարտությունը դիտվում էր որպես էությամբ սիմետրիկ՝ առանց ագրեսիվ ռևանշի ռազմավարության հակված կողմին առանձնացնելու։ Գնահատականների սիմետրիկության ապահովման համար խեղաթյուրվում էր հակամարտության գոտում եղած իրավիճակը, երբ կողմերի մտադրություններն ու հայտարարությունները մեկնաբանվում էին քաղաքական-դիվանագիտական մեթոդների շրջանակում։ Տվյալ շրջանակում չտեղավորվող Ադրբեջանի քայլերն ու գործողություններն անտեսվում էին որպես ոչ էական։ Որո՞նք էին համանախագահող երկրների դրդապատճառները, ինչո՞ւ էին անտեսվում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունն ու գործողությունները՝ ռազմական մեթոդներին դիմելու նրա մտադրությունները։ Սա հետաքրքիր հարց է, որը թերևս կդառնա նորագույն քաղաքական պատմության հետազոտողների ուսումնասիրության առարկա։

Ամեն դեպքում՝ կարելի է ասել, որ երկու արցախյան մեծ պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում կողմերից յուրաքանչյուրն իր քաղաքականությունն ու ռազմավարությունը կառուցում էր միջազգային խնդիրների լուծման տարբեր մոտեցումների հիման վրա։ Այս իմաստով կարելի է ասել, որ հակամարտության կողմերը կանգնած էին յուրօրինակ երկընտրանքի առջև՝ ռազմական ո՞ւժ, թե՞ խնդիրների կարգավորում քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։

Ադրբեջանն, օգտվելով ածխաջրածնային հումքի պաշարների և համաշխարհային տնտեսությունում եղած բարենպաստ միտումների հաշվին շուտափույթ հարստանալու ընձեռած հնարավորություններից, արագորեն մեծացնում էր իր հարձակողական ռազմական ներուժը։ Դա չէր կարող վրիպել համանախագահող երկրների տեսադաշտից, որոնցից մեկն ակտիվորեն մասնակցում էր հակամարտության կողմերի վերազինմանը։

Հայաստանն ընկել է պատերազմ հաղթածների դասական թակարդը, երբ երկիրը հույս է դնում իր ձեռք բերած հզորության վրա՝ չդիմելով սեփական զինված ուժերն արդիականացնելու ակտիվ քայլերի։ Հայաստանն իրականացնում էր զինված ուժերի շինարարությունը հաղթած, բայց ո՛չ ապագա պատերազմի շրջանակներում։

Որպես հետևանք՝ հետխորհրդային շրջանի ավարտին հակամարտության կողմերը հասել են զինված ուժերի և հասարակությունների տարբեր  վիճակում։ Եթե հայ հասարակությունը պատրաստ էր խնդրի կարգավորման խաղաղ ուղուն, ապա հայատյացությամբ և ողջ հայկականի հանդեպ ատելությամբ լի ադրբեջանական հասարակությունը կողմնորոշված էր բացառապես ռազմական ռևանշի օգտին։ Եթե հայկական կողմի համար ռազմական ուժը լրացնում և օժանդակում էր դիվանագիտական ու քաղաքական ջանքերին, ադրբեջանական դիվանագիտության համար միջազգային իրավունքը հիմնավորում էր հակամարտության լուծման ռազմական մեթոդները։

2020 թ․ արցախյան պատերազմի արդյունքները պատերազմի կամ իրավունքի երկընտրանքի տեսանկյունից և անվտանգության միջազգային միջավայրը

2020 թ․ արցախյան պատերազմը ցույց է տվել Ադրբեջանի փիլիսոփայության և ազգային ռազմավարության ադեկվատությունն ու հայկական կողմի դիրքորոշման սնանկությունը, որը բազում ներքին և արտաքին գործոնների հետևանք էր։ Արտաքին գործոններից հիշատակելի են անվտանգության միջազգային միջավայրի փոփոխությունը և ուժի կենտրոնների գործունեությունը։ Միաբևեռ աշխարհի ձևավորումը և նորապահպանողականության ու ժողովրդավարության տարածման գաղափարախոսության շրջանակում Միջին Արևելքը վերաձևելու ԱՄՆ փորձերը հանգեցրել են Մերձավոր Արևելքի անվտանգության համակարգի դեգրադացմանը և տարածաշրջանային խնդիրները ռազմական մեթոդների գերակայությամբ լուծելուն։

Ընդսմին՝ հատուկ դեր և կշիռ են ձեռք բերել իշխանության փոփոխության ոչ ռազմական եղանակները (գունավոր հեղափոխությունները) և ռազմական գործողությունները վարելու անկանոն ու հիբրիդային մեթոդները։ Դրանք դադարել են լինել սոսկ ռազմական մարտավարության մեթոդներ՝ վերաճելով տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ասպարեզներում խնդիրների լուծման գործիքի։ Հենց ԱՄՆ քաղաքականության ու ռազմավարության հետևանքով ռազմական գործիքը դարձել է տարածաշրջանային խնդիրները լուծելու ընդունելի միջոց՝ հանգեցնելով անվտանգության միջավայրի դեգրադացմանը և նոր՝ ավելի սաստիկ մարտահրավերների և սպառնալիքների առաջացմանը։ Բավական է հիշել Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում պատերազմների հետևանքները, երբ քաղաքական-դիվանագիտական մեթոդների փոխարեն ռազմական ուժի չմտածված կիրառումը հանգեցրել է խրոնիկական և ներկայումս անլուծելի խնդիրների ծագման։  

ԱՄՆ-ի ժամանակի և պաշարների վատնումը՝ Մեծ Մերձավոր Արևելքում իր իսկ վարած անկանոն և հիբրիդային պատերազմների հետևանքով առաջացած անվտանգության միջավայրի խնդիրների լուծման համար, թույլ է տվել Չինաստանին և Ռուսաստանին, ինչպես նաև Թուրքիային և Իրանին ուժի կուտակման ու մեծացման ուղղությամբ «լուռ ճեղքում» կատարել, որի շնորհիվ նրանք կարողացել են սկսել սեփական նորակայսերական նախագծերի իրականացումը։

Հետխորհրդային տարածությունում Ռուսաստանը կարողացել է մասնակիորեն վերականգնել իր ռազմական ներուժը, որը նրան թույլ է տվել անցնել ռևիզիոնիստական քաղաքականությանն ու ռազմավարությանը՝ հետխորհրդային տարածությունը որպես Ռուսաստանի առանձնահատուկ շահերի գոտի ամրագրելու և ԽՍՀՄ 2.0 հիբրիդային կայսրության շինարարությունը սկսելու նպատակով։ Եթե ավելի վաղ փուլում Ռուսաստանին հաջողվում էր անվտանգային միջավայրում գործել առանց ռազմական գործիքակազմի լայն կիրառության, ապա հետագայում ռազմական հզորությունն օգտագործվում էր աճող հաճախականությամբ և ծավալմամբ։ 2008 թ․ ռուս-վրացական պատերազմից սկսած մինչև Ղրիմի բռնազավթումն ու Արևելյան Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում ռազմական գործողությունների ծավալումը, ինչպես և արցախյան պատերազմում, Ռուսաստանը ցուցադրել է տեղային և տարածաշրջանային խնդիրները հիբրիդային պատերազմի մեթոդներով լուծելու իր հնարավորությունները։

Այսպիսով, Սառը պատերազմում հաղթողների քաղաքականությունն ու ռազմավարությունը հանգեցրել են անվտանգության միջավայրի փոփոխությանը, երբ միջազգային խնդիրների լուծման գերազանցապես երկու գերտերությունների դիմակայության երկբևեռ ժամակաշրջանում օգտագործված դիվանագիտական և քաղաքական մեթոդները տեղը զիջել են ռազմական և հիբրիդային մեթոդներին։ Որպես հետևանք՝ անվտանգության միջավայրը հետզհետե դառնում էր ավելի քաոտիկ՝ գորշ գոտիների ձևավորմամբ և միջազգային խնդիրների լուծման համար ազգային հզորության կոշտ գործիքների լայն օգտագործմամբ։

Անվտանգության միջավայրի որակական փոփոխությունների հետևանքով Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերել Արցախի խնդիրը ռազմական ուժի միջոցով իրենց օգտին ապահովաբար լուծելու մասին համոզվածություն։ Անվտանգության միջավայրն այլափոխվել է և ռազմական գործիքի կիրառումը հնարավոր և մինչև իսկ առօրեական է դարձել աշխարհի շատ տարածաշրջաններում, իսկ Հայաստանը դրան պատրաստ չէր։ 2020 թվականի արցախյան պատերազմին հակամարտության գլխավոր մասնակիցները հասել են զինված ուժերի և պետության տարբեր պատրաստվածությամբ և մոտիվացմամբ, ինչպես նաև հակամարտությունը կարգավորելու մեթոդների հանդեպ տարբեր տեսակետներով։ Ադրբեջանն իր բնական դաշնակիցների՝ Թուրքիայի և Իսրայելի օգնությամբ կառուցել է հիբրիդային պատերազմներ վարելուն ունակ արևմտյան բնույթի զինված ուժեր և պատերազմին հասել ռևանշիզմով և հայատյացությամբ ներծծված մոբիլիզացված հասարակությամբ։ Նրան հաջողվել է նաև ստեղծել պատերազմը սատարող երկրների լայն դաշինք՝ ներառյալ Ռուսաստանը, Իսրայելը, Պակիստանը և ապահովել այլ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ուժի կենտրոնների չեզոքությունը։ 

Հայաստանը մնացել է խորհրդային շրջանի զինված ուժերի կաղապարի շրջանակում, որոնք, ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո իրենց արդյունավետությունը ցուցադրելով հանդերձ, ընդունակ չէին նոր պայմաններում ապահովել ռազմական խնդիրների պատշաճ լուծումը։ Խնդիրները կապված էին նաև տեսական և դոկտրինային պատրաստության մեջ եղած ձախողումների հետ՝ հաշվի առնելով ռուսաստանյան ռազմական գիտության և օպերատիվ արվեստի՝ ժամանակի պահանջներից ակնհայտ հետ մնալը։ Ռուսաստանյան ռազմական ակադեմիաների շրջանակներում պատրաստված սպայակազմը պատրաստ չի եղել 21-րդ դարի ռազմագործողություններին և դրանցում կիրառված ցանցային ուժերի, գերճշգրիտ և ինքնավար սպառազինությունների գործածության հեղափոխական նորարարություններին։ 

2018 թ․ քաղաքացիական-ժողովրդավարական հասարակության կառուցման ուղի ընտրած Հայաստանը 2020 թ․ պատերազմին հասել է հին տիպի բանակով և միջազգային ասպարեզում քաղաքական ու դիվանագիտական մեթոդների արդյունավետության հանդեպ հավատով ու համոզվածությամբ։ Թույլ տված սխալները և տասնամյակների իներցիան, որոնք համարժեք գնահատվել են այլ երկրների և տարբեր ուժային կենտրոնների կողմից, հանգեցրել են վերահաս պատերազմին ընդառաջ Հայաստանի միայնակ լինելուն․ Հայաստանին չի աջակցել անգամ իր միակ ռազմական դաշնակից Ռուսաստանը, որը Թուրքիայի և Ադրբեջանի հետ գործարքի է գնացել։ 

Եզրակացություն․ պատերազմի կամ իրավունքի երկընտրանքը ձևավորվող անվտանգության միջավայրի համար

Այսպիսով, ռազմական մեթոդների կիրառումը միջազգային խնդիրների լուծման համար ցույց է տվել իր արդյունավետությունն ու առավելությունը դիվանագիտական և այլ ոչ ռազմական մեթոդների համեմատ։ Դա մարտահրավեր է ստեղծում աշխարհաքաղաքական ուժի կենտրոնների և ՄԱԿ Անվտանգության Խորհրդի մշտական անդամների համար։ Անհրաժեշտ է կա՛մ ընդունել ձևավորված միտումները զսպելու անկարողությունը, կա՛մ պատասխան արձագանք ձևավորել միջազգային խնդիրները ռազմական մեթոդներով լուծելու առաջնահերթության նկատմամբ։

Առաջին դեպքում միջազգային քաղաքական համակարգը գլորվելու է խնդիրների ուժային լուծման ուղղությամբ, իսկ աշխարհը դառնալու է ավելի ու ավելի վտանգված և ենթակա տարածաշրջանային ու համաշխարհային պատերազմների։ Անվտանգության միջավայրում նախապատվությունը տրվելու է պատերազմին և միջազգային խնդիրների լուծման համապատասխան փիլիսոփայությանը։ Համաշխարհային քաղաքական համակարգը վերջին տասնամյակներում խաղաղության և պատերազմի միջև լղոզված սահմանների հետևանքով թեքվելու է անվերջանալի պատերազմի և խաղաղության դրության շարունակական վերացման ուղղությամբ։

  Երկրորդ տարբերակը ենթադրում է այնպիսի քայլերի մշակում, որոնք թույլ կտան կանգնեցնել անվտանգության միջավայրի քայքայումը, երբ միջազգային ասպարեզում հակասությունների լուծման հիմնական գործիք են դառնում խնդիրների կարգավորման դիվանագիտական և քաղաքական մեթոդները։ Ոչ ռազմական մեթոդների օգտին ընտրության հաստատումը պահանջելու է ԱՄՆ և այլ եվրոպական երկրների համաշխարհային քաղաքականության և ռազմավարության փոփոխությունը։ Թե արդյո՞ք ԱՄՆ-ն կկամենա ջանքեր գործադրել անվտանգության միջավայրի այլափոխումը կանխելու ուղղությամբ՝ ցույց կտա ժամանակը։

Ներկայումս Ֆրանսիան և մի շարք այլ եվրոպական երկրներ ակտիվ քայլեր են ձեռնարկում՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական մեթոդների կիրառությունը կանգնեցնելու նպատակով։ Սակայն 2020 թ․ պատերազմը բացահայտել է միջազգային հանրությանը մարտահրավեր նետող ոչ միայն հակամարտության տեղական (հայ-թուրքական/ադրբեջանական)և տարածաշրջանային (Թուրքիա-Ռուսաստան-Իրան), այլև համաշխարհային հայեցակետերը։

Այս տեսանկյունից 2020 թ․ արցախյան պատերազմը կարելի է համարել միջազգային անվտանգության միջավայրի զարգացման ներկա շրջանի յուրօրինակ ցուցիչ։ Գրեթե բոլոր փորձագետներն ու դիտորդները նշում են արցախյան պատերազմի ծավալն ու դաժանությունը, նրա տևականությունը, ինտենսիվությունը և տեղային հակամարտության համար կորուստների բարձր մակարդակը։ Արցախյան պատերազմը կարող է դիտվել որպես յուրօրինակ շեմ և բիֆուրկացիոն կետ, որում աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները որոշում կընդունեն, թե որ համակարգային հետագծով է զարգանալու անվտանգության միջավայրը և համաշխարհային քաղաքական համակարգը. պատերազմի՝ որպես առօրեականությա՞ն, թե՞ որպես վերադարձ խնդիրների լուծման ոչ ռազմական եղանակին։ Եթե միջազգային հանրությունը և ուժային կենտրոնները կեզրակացնեն, որ բացառապես ռազմական ուժի և դրա տրամաբանության կիրառությունը հակամարտությունների լուծման համար անթույլատրելի է, ապա ծագելու է անվտանգության միջավայրի այլափոխման նկատմամբ պատշաճ արձագանքի ձևավորման խնդիր։ Այս տեսանկյունից արցախյան հակամարտության լուծման միջոցները կարող են դիտվել որպես քայլ հնարավոր արձագանքը ձևավորելու ուղղությամբ։

Ջանալով գտնել արցախյան խնդրի կարգավորման ոչ ռազմական միջոցներ՝ միջազգային հանրությունը կարող է սկսել փոքր երկրի դեմ ուժի կենտրոնների կողմից ճնշող ռազմական հզորության կիրառումը զսպող մեթոդների մշակումը։ Ինչպե՞ս 21-րդ դարում հնարավոր է միջազգային հարաբերություններում ապահովել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի և այլ մեծ հումանիստների ու քաղաքական գործիչների ներդրած արդարության սկզբունքի կատարումը։     

Պատասխանն, ամենայն հավանականությամբ, ընկած է զսպման ռազմավարությունից ոչ սոսկ դիվանագիտական, այլև դեպի ազգային հզորության բոլոր տարրերի օգտագործմամբ հարկադրման ռազմավարությանն անցնելու հարթության վրա։ Արդյո՞ք միջազգային հանրությունը, Արևմուտքի երկրներն ունեն ոչ միայն դիվանագիտական, այլև ազգային հզորության այլ գործիքներ կիրառելու միջոցով Ռուսաստանին ու Թուրքիային Արցախում և Հայաստանում ռազմական մեթոդներից հրաժարում պարտադրելու մտադրություն։ Սա այն մարտահրավերն է, որի նկատմամբ արձագանքն ազդելու է ոչ միայն Հարավային Կովկասում և Մեծ Մերձավոր Արևելքում ծավալվող գործընթացների, այլև միջազգային ողջ անվտանգության միջավայրի վրա։

Share

Comments are closed.