«Հայերի փրկությունը հենց հայերի ընտրությունն է»․ քաղաքագետ

 

Լուսանկարը՝ Ռաֆայել Իշխանյանի

Արմինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ,

Երևան
14.01.2021

Արցախում պատերազմը դադարեցվել է, սկսվում է 2020 թ․ նոյեմբերին Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների ստորագրած եռակողմ հայտարարության կետերի իրականացման գործընթացը։ Պլանների հստակեցման և այդ համաձայնագրի իրականացման նպատակով հունվարի 11-ին նոր բանակցություններ են կայացել նույն ձևաչափով, և նոր փաստաթուղթ է ստորագրվել։ Այն լարվածություն և քննադատություն է առաջացրել թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, քանի որ շատ հարցեր չլուծված են մնացել։

Հայկական կողմի համար առավել կարևոր հարցերից մեկն այն է, թե ինչ ձևաչափով է շարունակվելու խաղաղ գործընթացը։

Ի՞նչ եղավ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակում էին ընթանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները մինչև 2020 թ-ի աշնանը պատերազմի մեկնարկը։ Ի՞նչ դեր կարող են խաղալ դրա մյուս երկու համանախագահներ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, ի՞նչ սպասել բանակցություններից, որոնք այժմ անցկացվում է Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով։ Արդյո՞ք կարող է փոխվել Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը։

Հայ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքը։

Բանակցությունների նոր, եռակողմ ձևաչափ

Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան նոր ձևաչափի նպատակը բանակցային գործընթացը ձգձգվող և ապարդյուն դարձնելն է։

Դրա բովանդակությունն արտահայում է Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե «հակամարտությունը հաղթահարված է, և այն անցյալում է, իսկ հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև թշնամանքի այլևս ոչ մի պատճառ չկա»։

Այս հայտարարության էությունը երկար ժամանակով Լեռնային Ղարաբաղի հետաձգված կարգավիճակն է ու տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը, որպեսզի տարածաշրջանում հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև հաշտության նախադրյալներ հայտնվեն։

Այսպես են իրավիճակը տեսնում Մոսկվայում։ Եվ ակնհայտ է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարները ենթակա են այս նախագծի իրականացմանը։

Իսկ ես ոչ մի պատճառ չեմ տեսնում, թե ինչու Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ապրեն՝ իրավական կարգավիճակ չունենալով, ինչու նրանք չեն կարող իրենց կառավարումը, իրենց համար կարևոր խնդիրների վերաբերյալ ինքնիշխանություն ունենալ։ Այն գաղափարը, որ, հետաձգելով կարգավիճակի հարցը, հնարավոր է հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև խաղաղ հարաբերություններ ձևավորել, կեղծ նախադրյալ ունի, և այն չի բերի տարածաշրջանում կայուն խաղաղության։

Կրկնակի ստանդարտներ

Ռուսաստանը կրկնակի ստանդարտներ է կիրառում։ Որովհետև վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտությունների դեպքում այն չի գնացել կարգավիճակի հարցն ապագային թողնելու ճանապարհով։ Ընդհակառակը, ՌԴ-ն ճանաչել է այդ հանրապետությունները, իսկ Վրաստանի կողմից դրանց ճանաչումը հակամարտությունների կարգավորման պարտադիր պայման է դարձրել։

Ղարաբաղյան հակամարտության հարցում Ռուսաստանն առաջնորդվում է իր աշխարհաքաղաքական շահերով՝ ի վնաս հայերի ազգային շահերի։ Դա կապված է, նախևառաջ, հենց Ռուսաստանի ազգային անվտանգության հարցերի հետ։

ՌԴ-ն կտրականապես դեմ էր տարածաշրջանում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը։ Եվ գլխավոր աշխարհաքաղաքական խնդիրը, որը դրված էր Ռուսաստանի առաջ, այդ հարցը քաղաքական օրակարգից հանելն էր։ Դա հաջողվեց անել պատերազմ սանձազերծելու և հայկական կողմի պարտության ճանապարհով։

Ռուսաստանի կողմից Արցախի ճանաչումը կհանգեցներ Ադրբեջանին կորցնելուն։ Իսկ այն Ռուսաստանի համար ավելի կարևոր գործընկեր է, քան Հայաստանը։

Հայաստանը պետք է ընտրություն կատարի

Հայաստանը Ռուսաստանի համար առանց այլընտրանքի երկիր է, որն իր ազգային անվտանգության հարցում ամբողջությամբ նրանից է կախված։ Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանին կարելի է փաստի առաջ կանգնեցնել, որպեսզի այն ճանաչի ռուսական ազգային շահերի առաջնահերթությունն իր շահերի նկատմամբ։

Այդ պատճառով էլ Հայաստանի համար կարևորագույն խնդիր է Ռուսաստանից անկախանալն իր ազգային անվտանգության հարցերում։ Քանի դեռ այս խնդիրը չի լուծվել, մեր արտաքին քաղաքականությունը ենթարկվելու է ՌԴ արտաքին քաղաքական շահերին։

Այս տարի Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրություններին պետք է որոշել երկրի աշխարհաքաղաքական ուղղությունը։ Պետք է որոշել, թե արդյո՞ք մենք շարունակելու ենք ՌԴ-ի հետ համագործակցությունն ու դաշնակցային հարաբերությունները, թե դիմելու ենք եվրոպական պետությունների ռազմական օգնությանը՝ ազգային անվտանգության սեփական անկախ համակարգ ստեղծելու համար։

Սա չի նշանակում, որ մենք պետք է ճամբարը փոխենք և փորձենք ՆԱՏՕ-ին կամ արևմտյան այլ ռազմական դաշինքների անդամակցել, հատկապես, որ այդպիսի քաղաքական ռեսուրսներ մենք չունենք։ Սակայն Հայաստանը կարող է օգտագործել արևմտյան երկրների օգնությունն՝ իր անկախ ազգային բանակը ստեղծելու և իր անվտանգության համար ինքնուրույն պատասխանատվություն կրելու համար։

Սա նշանակելու է հայ-ռուսական միացյալ զորախմբավորումի և ՀՕՊ միացյալ համատեղ խմբավորման մասին համաձայնագրերի դադարեցում, նաև այն պայմանագրի արձանագրության վերանայում, որի համաձայն՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման ժամկետը նախնական 25 տարվա փոխարեն երկարաձգվեց մինչև 49 տարի։

Այս անհրաժեշտությունը թելադրված է նրանով, որ շատ համաձայնագրեր խախտվել են։ Ռուսաստանն Ադրբեջանին ռազմական օգնություն է ցուցաբերել՝ նրան զենք վաճառելով, այսինքն՝ գործողություններ է կատարել, որոնք հակասում են Հավաքական անվտանգության մասին պայմանագրին։ Ըստ այդ պայմանագրի 1-ին հոդվածի՝ ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի մասնակիցները չպետք է կատարեն գործողություններ, որոնք ուղղված են անդամներից որևէ մեկի դեմ։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը գործում է Ռուսաստանի հովանու ներքո։ Այս տարածաշրջանային միջազգային կառույցը հիմնվել է 1992 թ-ին՝ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո։ Վրաստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը շատ արագ լքեցին ՀԱՊԿ շարքերը։ Այժմ դրա անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։

Ադրբեջանին վերջին երկու տասնամյակների ընթացքում Ռուսաստանի ցուցաբերած օգնությունը մեծ դեր խաղաց այն առումով, որ Ադրբեջանը 1994-ի հրադադարից հետո ժամանակաշրջանն օգտագործեց ռեսուրսների կուտակման և արցախյան խնդրի ռազմական լուծման համար։

Այս փաստը մենք չենք կարող անտեսել, և այն պետք է իր իրավական հետևանքներն ունենա։ Նման հետևանքներից մեկը ռազմաբազայի մասին պայմանագրի վերանայումն է, որովհետև այն չի կատարել Հայաստանում իր առաքելությունը։ Սակայն ռուսական զորքերի դուրսբերումը կարող է իրականացվել միայն արդյունավետ զինված ուժերի և երկրի պաշտպանության սեփական ներուժի ստեղծմանը զուգահեռ։

Եվ դրա համար, նախևառաջ, պետք է քաղաքական կամք, բոլոր ազգային ռեսուրսների, այդ թվում՝ սփյուռքի, մոբիլիզացիա։ Հակառակ դեպքում մենք պետք է ընդունենք այն փաստը, որ մեր ռազմական դաշնակիցը սատարում է մեր թշնամուն, համակերպվենք դրա հետ և ընդունենք իրականությունը, որում ապրում ենք։

Ֆրանսիան և ԱՄՆը դեռ իրենց դերը կխաղան

Ֆրանսիան ակնհայտ արտահայտել է իր հետաքրքրությունը Լեռնային Ղարաբաղի ճակատագրով։ Ֆրանսիայի Սենատի երկու պալատների ընդունած բանաձևերը ԼՂ ճանաչման անհրաժեշտության մասին՝ աննախադեպ են։ Ընդ որում, դրանցում հստակ նշված է, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը դեպի շփման գիծ, որը հաստատվել է 1994 թ-ին։ Սրանից ավելի ի՞նչ կարող է լինել։ Նույնիսկ այն դեպքում, որ կառավարությունն այս փաստաթղթերն ի գիտություն է ընդունել և չի կատարել դրանք։

Ակնհայտ է նաև հենց նախագահ Էմանուել Մակրոնի շահագրգռվածությունը, որն արտահայտվել է և՛ Փաշինյանի, և՛ Պուտինի հետ հեռախոսազրույցներում։ Ղարաբաղյան հարցում Ֆրանսիայի ավելի բաց և ինտենսիվ ներկայություն, քան սա է, չէր կարող լինել։

Այլ հարց է, որ Հայաստանի ղեկավարությունը մերժում է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի առաջարկները։

Իսկ դրանք Ռուսաստանից անկախ անվտանգության համակարգ ստեղծելու, նրանցից անհրաժեշտ ռազմական օգնություն ստանալու առաջարկներն են։

Այս մասին խոսվել է 2018 թ-ի հեղափոխությունից հետո Ջոն Բոլթոնի Հայաստան կատարած այցի ժամանակ։ Այն ժամանակ նա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էր։ Այս մասին բավականին թափանցիկ խոսվել է նաև ֆրանսիական լրատվամիջոցներում Ֆրանսիայի հայ համայնքի հետ Մակրոնի հանդիպումից հետո։

Սակայն Հայաստանը պահպանում է հավատարմությունը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին։

Ռուսաստանի դաշնակիցը մնալով՝ ինչ-որ բան փոխել հնարավոր չէ։ Ղարաբաղը Ռուսաստանի համար Ադրբեջանի մաս է, և ոչ մի կարգավիճակ այն չի կարող ունենալ։ Իսկ արցախցիներն, ըստ Ռուսաստանի պլանի, ապագայում դառնալու են Ադրբեջանի լիարժեք քաղաքացիներ։

Նման քաղաքականությունը չի կարող հանգեցնել հակամարտության կարգավորման, սակայն Ռուսաստանում այլ կերպ են մտածում։ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը՝ ի դեմս նախկին իշխող Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» և «Դաշնակցություն» կուսակցությունների, ռուսամետ դիրքորոշում ունեն։

Սակայն այսօր ստեղծվում է ճակատ, որը հակակշռելու է այդ քաղաքական ուժերին։ Հայ ժողովուրդը, վստահ եմ, որ կամք ունի՝ որպես ինքնիշխան պետություն գոյություն ունենալու։ Եվ եթե 30 տարի շարունակ Հայաստանի անվտանգությունը Ռուսաստանի «պաշտպանության» տակ էր, չի նշանակում, որ այս իրավիճակը չի փոխվելու արցախյան երկրորդ պատերազմից հետո։

Մինսկի խումբը դեռ կա

Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներն իրենց հայտարարություններում հղում են անում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ հույս ունենալով, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան նույնպես պարելու են Ռուսաստանի դուդուկի տակ։ Սրանք ավելի քան միամիտ պատկերացումներ են Մինսկի գործընթացի ապագայի մասին։

Իհարկե, տեսանելի ապագայում մենք հազիվ թե տեսնենք, որ Պուտինը, Բայդենն ու Մակրոնը միասին քննարկեն Արցախի հարցը։ Բայց մենք կտեսնենք ԼՂ կարգավիճակի հարցում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ավելի քան կտրուկ և հստակ դիրքորոշում։ Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Ֆրանսիան անհրաժեշտ ռեսուրսներ ունեն՝ Ադրբեջանի, Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։

Աշխարհը փոխվում է, և դա պետք է հաշվի առնել։ Այսօր որոշակի դադար կա, սակայն հայկական նոր ղեկավարության վերջնական ձևավորումից հետո կհնչեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության հստակ թեզերը։ Նրանից, թե ինչ նշանակումներ են արվել ԱՄՆ Անվտանգության խորհրդում և իշխանության մյուս մարմիններում, արդեն երևում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի համար ԱՄՆ քաղաքականությունն անբարենպաստ է լինելու։

Արդյո՞ք Հայաստանն ունակ է դա ի շահ իրեն օգտագործելու։ Իհարկե, ի վիճակի է։ Բայց Հայաստանում դրա համար պետք է իշխանափոխություն լինի։ Պետք է նոր կառավարություն ձևավորվի, որը կախված չի լինի Ռուսաստանից, կկարողանա անկախ արտաքին քաղաքականություն վարել և կապիտալացնել այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որը ստեղծվել է Արևմուտքում և բարենպաստ է  մեր երկրի համար։

 

JAMnews

Share

Comments are closed.