50mg viagra

Թայվան. ասիական որբի դասերը Լեռնային Ղարաբաղի համա՞ր

Դաֆիդ Ֆել
Քաղաքագետ
Լոնդոն

Առաջին հայացքից, Թայվանն ու Լեռնային Ղարաբաղը միմյանց հետ համեմատելը կարող է ծիծաղելի թվալ: Թայվանը գտնվում է շուրջ հարյուր մղոն Չինաստանի հարավ-արեւելյան ծովափից հեռու: Այն հայտնի է որպես ասիական տնտեսական վիշապներից մեկը, որը հուժկու թռիչքով 1950-ականների համեմատական աղքատությունից հասել ու դասվել  է ասիական ամենահարուստ երկրների շարքին:

Ավելին, այն կարողացել է հաջողության հասնել հարստության համեմատաբար արդար բաշխման միջոցով՝ խուսափելով ասիական այլ զարգացող երկրներում  տարածված անհավասարության բարձր չափերից: Տնտեսական էներգիայի այս կծիկը խոշորագույն արտահանող երկրների ցանկի 16-րդ, իսկ խոշորագույն ներկրող երկրների ցանկի 17-րդ  տեղում է: Սակավաբնակ Լեռնային Ղարաբաղի համեմատ ունենալով աշխարհագրորեն ընդամենը երեք անգամ ընդարձակ տարածք` Թայվանը 23 միլիոնի հասնող բնակչությամբ հանդերձ աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից մեկն է:

 

Ես զբաղվում եմ համեմատական քաղաքագիտությամբ՝ մասնագիտանալով Հյուսիս-արեւելյան Ասիայի եւ, մասնավորապես, Թայվանի հարցերի շուրջ: Իմ համալսարանն ակադեմիական ծրագրի մեջ է մտցրել նաեւ հայկական հետազոտությունները: Ուստի, ես կամեցա պարզել` արդյո՞ք հիմքեր կան Թայվանն ու Կովկասի նախկին կոմունիստական պետությունները միմյանց հետ համեմատելու համար: Այսպիսով, անցած տարի առաջին անգամ ես այցելել եմ Լեռնային Ղարաբաղ:  Ինձ շատ է զարմացրել այն փաստը, որ նմանություններն անչափ ավելի շատ էին, քան ես կարող էի սկզբնապես ենթադրել:

 

Լեռնային Ղարաբաղը Թայվանի նման համարվում է վիճելի տարածք: Պեկինը պնդում է, որ Թայվանը Չինաստանի Ժողովրդական հանրապետության (ՉԺՀ) նահանգն է, իսկ Թայբեյի վարչակազմը՝ սոսկ տեղական ինքնակառավարման մարմինն է: Մշտական հիմունքներով ձեռնարկվում են հսկայական դիվանագիտական ջանքեր Թայվանի՝ Չինաստանի մաս լինելու դիրքորոշումն այլ պետություններին ճանաչել տալու համար: Լեռնային Ղարաբաղի նման Թայվանը միջազգային ասպարեզում մեկուսացված վիճակում է: Նրան անվանել են «Ասիայի որբ», քանի որ վերջինիս հետ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ են պահպանում ընդամենը շուրջ 20 երկրներ: Թայվանը դուրս է մղված միջազգային կազմակերպությունների մեծ մասից, օրինակ՝ ՄԱԿ-ից, եւ ապրում է Չինաստանի կողմից հնարավոր ռազմական հարձակման հարատեւ վտանգի ներքո:  Չինաստանը հաճախ հանդես է գալիս հայտարարություններով, որոնք չեն բացառում թայվանական հարցի հանգուցալուծման համար ռազմական ուժի կիրառում՝ ներկայացնելով մի շարք սցենարներ, որոնք, Չինաստանի պնդմամբ, արդարացնում են Թայվանի վրա հնարավոր հարձակումը: Հարձակման համար Չինաստանը նախապատրաստել է համապատասխան ռազմական կառույց. ավելի քան 1800 բալիստիկ հրթիռներ ուղղված են հենց Թայվանի վրա:

 

Ի հեճուկս ասիական ռազմական գերտերության ստվերում ապրելու եւ դիվանագիտական մեկուսացման մեջ գտնվելու հանգամանքի՝ Թայվանը Չինաստանից փաստացիորեն անկախ է 1949 թվականից ի վեր:  Ինչպե՞ս է Թայվանին հաջողվում պահպանել Չինաստանի կողմից վիճարկվող միջազգային կարգավիճակը եւ արդյո՞ք նա կարող է որեւէ հնարավոր դաս ընծայել Կովկասյան տարածաշրջանի չճանաչված պետությունների համար:

 

Թայվանից պահանջվում է բացառիկ հնարամտություն՝ Չինաստանի դիվանագիտական ճիրաններից դուրս պրծնելու համար: Այսպես, Թայվանը հարկադրված էր ստեղծել ամենատարբեր անուններով գործող ներկայացուցչությունների համաշխարհային ցանց, որոնք գործում են որպես վերջինիս փաստացի դեսպանատներ: Թայվանի ԱԳՆ-ն հատուկ ուշադրություն է դարձնում ԱՄՆ, Ճապոնիայի եւ ԵՄ անդամ-երկրների հետ սերտ դե-ֆակտո դիվանագիտական հարաբերություններ զարգացնելու վրա: ԱՄՆ-ի հետ ամուր հարաբերությունների պահպանումն ունի կարեւորագույն նշանակություն, որովհետեւ դա միակ պետությունն է, որ Թայվանին ժամանակակից զենք է վաճառում եւ առաջարկում անվտանգության լայն երաշխիքներ:

 

Թայվանը ստիպված է ճկունություն դրսեւորել միջազգային կազմակերպություններին անդամագրվելու հարցում. դրա համար նա գործածում է ոչ պաշտոնական անվանումներ: Օրինակ՝ մասնակցելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության աշխատանքներին կամ օլիմպիական խաղերին՝ Թայվանը հանդես է գալիս պաշտոնականից տարբեր՝  Չինական Թայբեյ  անվամբ: 1990-ականների սկզբներից Թայվանը մեծ ջանքեր է գործադրում ՄԱԿ-ում եւ վերջինիս մարմիններում իր մասնակցությունը վերականգնելու համար: Թեեւ այդ հայտերը բուն նպատակակետին չեն հանգեցրել, դրանց շնորհիվ ողջ աշխարհում աճել է Թայվանի մասին տեղեկացվածության եւ իր դրության հանդեպ ըմբռնման մակարդակը: Մինչդեռ Չինաստանի վարքագիծն, ընդհակառակը, շատ ապակառուցողական է. միջազգային ասպարեզում  նա «կռվարար» է դիտվում:

 

Թայվանն աշխուժորեն օգտագործում է իր տնտեսական հզորությունն իր հետ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրների հետ: Թեեւ երկրների մեծամասնությունը խոսքով հարգում է Թայվանին վերաբերող Չինաստանի դիրքորոշումը, բայց այս հանգամանքը չի խանգարում նրանց մեծ շահույթներ ակնկալել Թայվանի հետ առեւտրից: Թայվանն այդօրինակ հարաբերություններ է զարգացնում Հարավ-արեւելյան Ասիայի պետությունների հետ՝ առաջարկելով տարածաշրջանային երկրների քաղաքացիներին  իր տարածքում պայմանագրային հիմունքներով աշխատելու հնարավորություն եւ խրախուսելով տարածաշրջանում թայվանցի գործարարների ներդրումները: Թայվանն օգտագործում է ենթակառուցվածքների զարգացման պետական նախագծերը որպես խթան՝ ԵՄ տնտեսապես առաջատար երկրների ու Ճապոնիայի հետ հարաբերությունները բարելավելու համար: Բացի դրանից, թայվանցի զբոսաշրջիկներն արտերկրում առավել քան ցանկալի են, եւ կառավարությունը հաջող բանակցություններ է վարում աշխարհի առավել քան 100 երկրների հետ՝ վիզային կարգից հրաժարվելու վերաբերյալ: Հարկ է ավելացնել, որ առաջատար արեւմտյան երկրներն իրար հետ նույնպես խստորեն մրցակցում են՝ արտերկրում ուսանել կամեցող թայվանցի ուսանողներին ընդունելու հնարավորության համար:

 

Միջազգային ասպարեզում Թայվանը ներկայանում է որպես հաջողված ժողովրդավարության մոդել՝ ազատ ԶԼՄ-ներով եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գերազանց վարկանիշով: Թայվանում ուղիղ նախագահական եւ խոհրդարանական ընտրություններն անցկացվում են 1990-ականներից սկսած, իսկ «Ֆրիդոմ Հաուսը» նրան դասում է քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների ոլորտում Ասիայի առավել ազատ երկրների շարքը: Թայվանական դիվանագետներն անընդհատ մատնանշում են սեփական ժողովրդավարության մակարդակի եւ մարդու իրավունքների պահպանման հարցում իրենց եւ Չինաստանի դրության միջեւ առկա ահռելի տարբերությունը:  Նրանք հաճախ ներկայացնում են Թայվանը որպես աշխարհի առաջին եւ միակ չինական ժողովրդավարություն: Այդ վարկանիշը վայելում է  մեծ ընդունելություն ոչ միայն բուն Չինաստանում, այլեւ աշխարհով մեկ սփռված չինական սփյուռքի համայնքներում: Սեփական երկիրը որպես ժողովրդավարության մոդել ներկայացնելու փորձերից բացի կղզում ստեղծվել է նաեւ «Ժողովրդավարությունների թայվանական հիմնադրամը»՝ արտերկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար պայքար մղելու համար: Թայվանն անգամ ներգրավված է այսպես կոչված «կապույտ» դիվանագիտության մեջ՝ վաստակելով համասեռամոլության նկատմամբ Ասիայում ամենահանդուրժողական երկրի համբավ: Ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում Թայվանում օրինականացվելու են համասեռամոլ քաղաքացիական միությունները: Պատահական չէ, որ հենց Թայվանն է հյուրընկալում Ասիայում ամենախոշոր գեյ-շքերթը: Թայվանի ազատ, հանդուրժողական եւ լիբերալ ժողովրդավարության կարգավիճակը կարեւորագույն գործոն է, որը երկրին թույլ է տալիս վայելել միջազգային աջակցություն եւ դրական վարկանիշ, մասնավորապես՝ Ճապոնիայի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի կողմից: Իրականում, թայվանական ժողովրդավարությունն անվտանգության ամենահզոր աղբյուրն է, որը շատ ավելի զորեղ է, քան բոլոր ամենազարգացած պաշտպանական համակարգերը:

 

Թայվանը իր կարգավճակը միջազգային ասպարեզում առաջ մղելու հարցում բավականին հաջողակ է նաեւ սեփական «մշակութային արտադրանքի» շնորհիվ: Կղզու ազատ հասարակությունը սեփական ստեղծարար արտադրության ծաղկման համար շատ լայն հնարավորություններ է ապահովում, որի շնորհիվ Թայվանը ձեռք է բերում վճռական առավելություն ավտորիտար վարչակարգերի կողմից կառավարվող չինական մյուս հասարակությունների նկատմամբ: Թայվանը հասել է իր կշռին անհամեմատ ավելի մեծ ձեռքբերումների, ինչն արտացոլվել է իր կինեմատոգրաֆիական արտադրանքի շահած հեղինակավոր պարգեւների եւ կոմերցիոն հաջողության մեջ:  Այս ֆիլմերը, ինչպես եւ միջազգային ասպարեզում Թայվանի վայելած հռչակը լավագույնս գովազդում են Թայվանի պատմության եւ հասարակության բացառիկությունը:  Այս ամենը մեծ ազդեցություն է գործում նաեւ այն երկրի վրա, որը Թայվանի անվտանգության համար դիտվում է որպես գլխավոր սպառնալիք: Թայվանական երաժշտությունը եւ ֆիլմերն ի չիք են դարձնում Չինաստանի պաշտոնական ԶԼՄ-ների քարոզչական ճիգերը՝ ստեղծելով Թայվանի շատ ավելի իրապաշտական պատկերը մայրցամաքային Չինաստանում:

 

Վերջին չորս տասնամյակների ընթացքում արտերկիր աշխատելու կամ ուսանելու համար մեկնող թայվանցիների թվային աճի շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում ձեւավորվել են չինական խոշոր համայնքներ, որոնք կարեւոր դեր են խաղում Թայվանի միջազգային հարաբերությունների համակարգում: Մեծաթիվ ու ազդեցիկ համայնքներ կան ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Ավստրալիայում եւ Հարավ-արեւելյան Ասիայում: Այդ համայնքները կարեւոր դեր ունեն իրենց բնակության երկրներում Թայվանի պատշաճ ընկալումն ապահովելու եւ տեղի կառավարությունների՝ Թայվանի հանդեպ առավել բարենպաստ քաղաքական գիծը խթանելու համար: Նրանք ներգործում են քաղաքական եւ հասարակական գործընթացների վրա՝ նպաստելով քաղաքական վերնախավի եւ բնակչության շրջանում Թայվանի բացառիկ պատկերի ձեւավորմանը՝ ի հեճուկս Թայվանը՝ Չինաստանի կամ Թայլանդի հետ շփոթելու տարածված թյուրըմբռնման: Ներկայումս թայվանական ամենախոշոր համայնքը գտնվում է հենց Չինաստանում՝ հետզհետե ավելի մեծ ազդեցություն գործելով Թայվանի ու Չինաստանի միջեւ առավել խաղաղ հարաբերությունների հաստատման վրա: Կարճ ասած՝ թայվանական սփյուռքն ազդեցիկ իրողությունն է:

 

Սեփական փաստացի անկախության ամրապնդման համար Թայվանի կատարած վերջին քայլը՝ առաջին հայացքից իր գլխավոր թշնամի դիտվող պետության հետ առավել սերտ հարաբերությունների հաստատումն էր:  Անցած դարի 80-ական թվականների վերջից Թայվանն իրականացնում է հետզհետե զարգացող տնտեսական ինտեգրումը Չինաստանի հետ՝ վերջինիս նկատմամբ շարունակելով պահպանել  քաղաքական պատշաճ հեռավորություն:  Անգամ այն ժամանակ, երբ քաղաքական հարաբերությունները բավական թշնամական էին, թայվանցի գործարարները  Չինաստանում լայնածավալ ներդրումներ էին կատարում՝ ձգտելով օգուտ քաղել չինական անծայրածիր շուկայից: Այսօր Չինաստանը Թայվանի խոշորագույն առեւտրային գործընկերն է: Չինաստանի հետ Թայվանն ունի առեւտրային նշանակալից առողջ սալդո: 2008 թվականից ի վեր այդ կապերն անգամ ավելի սերտ են դառնում: Քանի դեռ կողմերն ի վիճակի չեն ճանաչելու միմյանց կառավարությունները, փաստացի ուղիղ բանակցություններն ընթանում են կիսապաշտոնական մարմինների միջեւ: Նրանք կարողացել են հասնել մի շարք նշանակալից տնտեսական պայմանավորվածությունների ձեռքբերման՝ առեւտուրն ազատականացնելու, ուղիղ թռիչքներն ու բեռնափոխադրումները կազմակերպելու, զբոսաշրջիկների եւ ուսանողների փոխադարձ այցերը թույլատրելու վերաբերյալ: Այսպիսով, երկու կողմերը, շրջանցելով առկա խորը քաղաքական տարաձայնությունները, զբաղվում են փոխշահավետ տնտեսական հարաբերությունների խորացմամբ: Չինաստանը հույս ունի, որ այս ինտեգրումը նպաստելու է Թայվանը վերամիավորելու նպատակին, մինչդեռ վերջինս, ընդհակառակը, շատ զգուշավոր է՝ բանակցությունները քաղաքական հարցերի քննարկմանը չուղորդելու եւ Թայվանի ինքնիշխանությունը հարցականի տակ չդնելու առումով: Այլ կերպ ասած՝ Թայվանը հույս ունի, որ Չինաստանի հետ առավել սերտ տնտեսական հարաբերությունները գործնականում կամրապնդեն իր փաստացի անկախությունը:

 

Աշխարհի յուրաքանչյուր երկիր յուրովի բացառիկ է: Միշտ էլ կլինեն սահմանափակումներ՝ մեկ երկիրը մյուս երկրի համար որպես մոդել դիտարկելու հարցում: Կարծում եմ, որ ճկուն ու մեղմ դիվանագիտություն վարող եւ հանդուրժողական ժողովրդավարության վարկանիշը հաջողությամբ օգտագործող Թայվանը, որն իր մշակութային արտադրանքն է արտահանում եւ առեւտուր անում  իր հնարավոր թշնամու հետ, կարող է լավ օրինակ հանդիսանալ միջազգային ճանաչման ձգտող երկրներին: Հնարավոր է նաեւ, որ Թայվանն էլ ուսանելու բան գտնի Կովկասյան տարածաշրջանից: Թայվանական դիվանագետների հետ իմ ունեցած զրույցներից պարզ է դարձել, որ իմ զրուցակիցներից ոչ ոք Լեռնային Ղարաբաղի մասին երբեւէ ոչինչ չի լսել:

 

Հեղինակը խնդրել է հոդվածի հոնորարը փոխանցել Արցախի պատմաերկրագիտական թանգարան: